* * *


Դրեք սիրտըս դարավոր
Հարազատ օրրան,
Օրորեցեք վիրավոր
Սիրտըս նաիրյան
Նվագներով պարզ ու նուրբ
Գգվեցեք նրան…
Հայրենական երգով սուրբ
Սգացեք վրան…
Ոսկե թևեր ուներ նա,
Ուներ բոցեր բորբ,
Արյունաներկ է հիմա
Ու երկրիս պես որբ։
Դրեք սիրտըս դարավոր
Հարազատ օրրան,
Օրորեցեք վիրավոր
Սիրտըս նաիրյան…