Եզդի ժողովրդի սխրանքը/Արցախյան հերոսամարտի նվիրյալները

Արցախյան հերոսամարտի նվիրյալները
ԱՐՑԱԽՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ
ԱԶԻԶ ԹԱՄՈՅԱՆԻ ՄԵԾ ԱՎԱՆԴԸ

Անցնում են օրեր, ամիսներ, տարիներ, սակայն չի խամրում այն փոթորկոտ օրերի հուշերը, երբ ոտքի ելավ մի ողջ ժողովուրդ` պաշտպանելու իր հողն ու ազատությունը, արժանապատվությունն ու ազատ ապրելու իրավունքը։

… Երբ սկսվեց Արցախյան հերոսամարտը, տեղի ունեցան ճակատագրական իրադարձություններ, սրբագրվեց պատմությունը, վերականգնվեց ճշմարտությունը, ծնունդ առավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Հաղթանակը ձեռք բերվեց զոհերի և զոհողությունների, անօրինակ սխրանքների ու նվիրումի փառավոր էջերով։ Ու այդ էջերից կրկին ու կրկին հառնում են սիրելի դեմքեր ու անմոռաց դեպքեր, որոնց փառքն ու անմահությունը կապրեն պատմության պայծառ էջերում։

Այդպիսի նվիրյալ դեմքերից է Ազիզ Թամոյանը, եզդի ժողովրդի արժանավոր զավակը, որն իր գործունեությամբ նոր էջ բացեց եզդի և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության տարեգրության մեջ, դարձավ այդ մեծ բարեկամության նորօրյա խորհրդանիշը։

Այս ամենն ասվում է այն փոթորկոտ օրերի ականատեսի վկայությամբ, երբ իմ բարեկամ, անվանի հայ արևելագետ, պրոֆեսոր Գ. Ասատրյանի հետ կազմակերպվում էին տարբեր միջոցառումներ, տեղի էին ունենում հանրահավաքներ, հնչում էին կոչեր՝ կանգնել հայ եղբայրների կողքին, սատարել արցախցիներին, մեկնել ռազմադաշտ՝ զենքով պաշտպանելու հայոց հողն ու հայ և եզդի ժողովուրդների ազատ ապրելու իրավունքը։

Երբեք չեն մոռացվի Ազիզ Թամոյանի ելույթները Կոտայքի մարզի Զովունի գյուղում տեղի ունեցած հանրահավաքներում, երբ նա արտահայտեց իր ժողովրդի կամքը՝ կանգնել հայ եղբայրների կողքին, միասին կռել հաղթանակը։ Հանրահավաքները շարունակվում էին, դրանց մասնակցում էին հազարավոր եզդիներ, և Ազիզ Թամոյանն իր կրակոտ ելույթներով, եզդի ժողովրդի իղձերն արտահայտելով, ժողովրդին ոգևորելով՝ փաստորեն դարձավ ժողովրդի նվիրյալ առաջնորդը։

Զովունի գյուղից, ուր տեղի ունեցավ հարյուրից ավելի հանրահավաք, ոգևորության ալիքն անցավ հանրապետության մյուս շրջանները։ Եվ ամենուրեք՝ Արտաշւսւոում ու Արմավիրում, Արարատյան դաշտի եզդիաբնակ գյուղերում, Երևանի պետական համալսարանում, ուր տեղի էին ունենում հանրահավաքներ, ելույթ էր ունենում Ազիզ Թամոյանը, ոգևորում, ոգեկոչում էր եզդի երիտասարդներին, նրանց մղում պայքարի և հերոսության։ Եվ ոչ միայն հանրահավաքներում։ Այդ ժամանակ էր, որ ստեղծվեց Ղարաբաղյան շարժմանը նպաստող կազմկոմիտե, որում ընդգրկվեցին շարժման ակտիվիստները։ Կազմկոմիտեի նախագահ ընտրվեց Ազիզ Թամոյանը։ Նրա մեծ ջանքերով էր, որ այդ օրերին եզդի ժողովուրդը համախմբվեց, ստեղծվեց կազմ կոմիտեին կից ռազմական շտաբ, որի պետ ընտրվեց Քյարամ Ավդոյանը։ Եզդի կամավորականները շատ էին, ուստի ռազմական շտաբն ուղղորդում էր եղբայրական եզդի ժողովրդի զավակների բուռն շարժումը, ընտրում առավել տոկուն ու գործիմաց երիտասարդներին։ Ռազմական շտաբի անդամները Ազիզ Թամոյանի ղեկավարությամբ և պրոֆեսոր Գ. Ասատրյանի մշտական աջակցությամբ բազմիցս եղան ղարաբաղյան ռազմաճակատների գրեթե բոլոր հատվածներում։ Նրանք եղան Ստեփանակերտում, Լաչինում, Մարտակերտում, Երասխավանում, Ոսկեպարում, Մեղրիում … Այդ ճակատամարտերի, նրանց մասնակիցների, մասնավորապես Ազիզ Թամոյանի մասին ուղղակի մարտի դաշտերում եզդի ազատամարտիկները երգեր էին հյուսում, երգում էին կռվի մեկնելիս։ Պատերազմն ամենուրեք անակնկալներ էր մատուցում, որոնք կարող էին ճակատագրական լինել, խլել մարդկային կյանքեր։ Այդպիսի արտակարգ դեպք պատահեց Ազիզ Թամոյանի հետ, երբ նա ֆիդայիների հետ գնում էր դեպի Նոյեմբերյան։ Ոսկեպար չհասած նրանց ճանապարհը կտրեցին ավտոմատներով զինված խորհրդային զինվորները և ադրբեջանցի օմոնականները, կոպտորեն վերաբերվելով՝ նրանց տարան շտաբ, խուզարկեցին, հարցաքննեցին։ Գերությունը տևեց հինգ ժամ, և միայն Ազիզ Թամոյանի հնարամտությունը փրկեց նրանց։ Ավելին, վերադարձի ճանապարհին, ոլորանից դուրս եկած զրահամեքենան խոյացավ նրանց վրա, փորձելով շրջել մեքենան։ Խուսափելով ընդհարումից ավտոմեքենան անցավ վտանգավոր հատվածը։ Մի այլ անգամ Երասխավանի ճանապարհին, Ազիզ Թամոյանը և նրա մարտական ջոկատը հայտնվեց թշնամու կրակի տարափի տակ։ Ազիզ Թամոյանը հրամայեց պատասխան կրակ բացել, որից հետո միայն թշնամին լռեց։ Մարտերին մասնակցելուց, եզդի ազատամարտիկների հետ հանդիպելուց բացի, Ազիզ Թամոյանը ծավալում էր հայրենասիրական, կազմակերպչական այլ աշխատանքներ ևս։ Նրա աջակցությամբ Եզդիների ազգային միության նախագահությունը հայտարարեց դրամական միջոցների հանգանակություն, և եզդի ժողովուրդը արձագանքելով Ա. Թամոյանի կոչին, հավաքեց 6 միլիոն ռուբլի, որը հանձնվեց ՀՀ պաշտպանության նախարարությանը և Արցախի օգնության հիմնադրամին։ Եզդի ժողովուրդը ևս Արցախյան հերոսամարտերում մեծ կորուստներ կրեց։ Նահատակվեցին երեք տասնյակից ավելի եզդի ազատամարտիկներ։ Նրանցից երեքի Իսմայիլ Շարոյանի, Թեմուր Զեյդինյանի և Գագիկ Հաջոյանի աճյունները հանգչում են Արցախյան ազատամարտի հերոսների կողքին Եռաբլուրում։ Ազիզ Թամոյանի շնորհիվ եզդի ազատամարտիկների շիրիմները միշտ ծածկված են լինում թարմ ծաղիկներով՝ վառ պահելով ընկածների հիշատակը։

Անուշադրության չեն մատնվում նաև զոհված եզդի ազատամարտիկների ընտանիքները։ Եզդիների ազգային միությունը, որի պրեզիդենտն է Ազիզ Թամոյանը, հոգատարությամբ է շրջապատել նրանց, ծանոթ է նրանց հոգսերին և մտահոգություններին, աշխատում է միշտ օգտակար լինել զավակներ կորցրած ընտանիքներին։

Դեռևս 1992 թվականին Եզդիների ազգային միության նախագահությունը սահմանել էր «Եզդի ժողովրդի ազգային հերոս» պատվավոր կոչումը։ Եվ Ազիզ Թամոյանը առաջիններից էր, որ արժանացավ այդ պատվավոր կոչմանը։ Նա ոչ միայն արժանացավ այդ կոչմանը և հերոսի ոսկե աստղին, այլև դրանով ստանձնեց նոր պարտավորություններ, դարձավ իր հերոս նախնիների արժանավոր ժառանգորդը և օրինակ գալիք սերունդների, եզդի երիտասարդության համար։

Ազիզ Թամոյանի մասին ասվածը թերի չլինելու համար մեջ բերենք Եզդիների ազգային միության պաշտոնաթերթ «էզդիխանայում» տպագրված հաղորդագրությունը. «Եզդի ժողովրդի դարավոր պատմությանը նվիրված «Մենք եզդի ենք» պատմավավերագրական, «Անմահ է քո սխրանքը, եզդի ազատամարտիկ» գրքերի, մամուլում եզդիների կյանքին ու ճակատագրին նվիրված հրապարակային հոդվածների, ռադիոյով և հեռուստատեսությամբ ունեցած հանրամատչելի զրույցների, եզդի ժողովրդի պատմությանը, կրոնին և աստվածաբանության հարցերին առնչվող հոդվածների և ելույթների, անբասիր մանկավարժական գործունեության համար Ազիզ Թամոյանին շնորհել եզդի ժողովրդի պատմագիտության և աստվածաբանության պատվավոր դոկտոր-պրոֆեսորի կոչում»։ Պատահական չէ, որ Ազիզ Թամոյանի մարտական ընկեր, դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանն ասել է. «Ազիզ Թամոյանի անունը պետք է դրվի ոչ միայն եզդի, այլև հայ հերոսների հետ միևնույն շարքում»։

Ազիզ Թամոյանին լավ գիտեն եզդիաբնակ բոլոր գյուղերում, բոլոր համայնքներում։ Եզղիները գիտեն, որ իրենց թիկունքում կանգնած է Եզդիների ազգային միությունը, նրա նախագահությունը, անձամբ Ազիզ Թամոյանը։ Իսկ դա և՛ պատվաբեր է, և՛ պարտավորեցնող։ Ամփոփելով՝ կարելի է ասել, հիրավի, Ազիզ Թամոյանի կյանքն ու գործը հայ և Եզդի ժողովուրդների դարավոր եղբայրության և զինակցության լավագույն առհավատչյան են:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՖԱՐՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ,
Աշխարհի ժողովուրդների «Էլիտա» ակադեմիայի անդամ Երևանի
պետական համալսարանի թուրքագիտության ամբիոնի վարիչ