Եզդի ժողովրդի սխրանքը/Եզդի և հայ ժողովուրդների բարեկամության տարեգրությունից

Եզդի և հայ ժողովուրդների բարեկամության տարեգրությունից
2. ԵԶԴԻ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Հայերի և եզդիների բարեկամությունը դարերի պատմություն ունի։ Դեռևս 1828 թվականին, Իրաքի Հանրապետության հյուսիսային մասում գտնվող Ռնդովանի մոտերքում, Մուսուլից ոչ հեռու, եզդի Միրզա աղան և հայ քեշիշ Պոլոն (Պողոս քահանան) 10-հազարանոց հայ-եզդիական զորքով կռվեցին թուրք-քրդական 30-հազարանոց բանակի դեմ, անհավասար և ահեղ մարտերում նրանք անձնական օրինակով ոգևորեցին հայ և եզդի մարտիկներին, կենաց և մահու պայքարում հաղթեցին եռակի անգամ գերազանցող հակառակորդին, ոչնչացրին թշնամու գրեթե ողջ բանակը՝ քաջության հրաշքներ ցույց տալով։ Իր հայ բարեկամների՝ Ռնդովան քաղաքի ուսուցիչ Պետրոս Խազարովի և Կիրակոս Առաքելյանի միջոցով Միրզա աղան նույնիսկ կապեր հաստատեց Կովկասյան առաջին կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-ֆելդմարշալ կոմս Պասկևիչի հետ։

Եզդի ժողովրդի վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ ավելի վառ դրսևորվեց 1915 թվականին, երբ եղեռնից փրկված, թուրքական յաթաղանից մազապուրծ 6 հազար հայերի Իրաքի եզդիները պատսպարեցին իրենց օջախներում, ապահովեցին հագուստով ու սննդով։ Շանգալ լեռան բոլոր բեկերն ու իշխանները սուրբ գրքի վրա երդվեցին ոչ մի հայի չհանձնել թուրքերին և քրդերին, թեև նրանք բազմիցս պահանջում էին հանձնել բոլոր փախստականներին։ Եզդիները բնակավայրերից փախչում են Սինջարի լեռներ, շարունակում կռիվը թուրքերի դեմ։ Այդ կռիվներում զոհվեցին են 75 եզդի և շատ հայեր նահատակվեցին։ 35 օր տևած կռիվներում բոլորը սնվում էին ոչխարի մսով։ Կռիվներում սպանվեցին 285 թուրքեր ու քրդեր, շատերը վիրավորվեցին։ Ավերվածությունները մեծ էին. հրդեհվեց 50-ից ավելի եզդիական գյուղ, 100 հազար ոսկու չափ ապրանք կողոպտվեց։ Միր Իսմայիլի և Համե Շարոյի խնդրանքով անգլիացիները վերջապես 35-րդ օրը եկան, թուրքերը վռնդվեցին և հաստատվեց խաղաղություն։

1918 թ. տեղի ունեցած բախտորոշ իրադարձությունները ևս խոսուն վկայություն են հայ և եզդի ժողովուրդների բարեկանության ամրապնդման։ Այդ բարեկամության խորհրդանիշ էր Զորավար Անդրանիկի և եզդի ժողովրդի արժանավոր զավակ Ջահանգիր աղայի ռազմական համագործակցությունը թուրքերի դեմ մղած կռիվներում։ Սարդարապատի ճակատամարտի օրերին Ջահանգիր աղան և նրա հեծյալները անգնահատելի օգնություն ցույց տվեցին հայոց բանակին և աշխարհազորայիններին՝ նպաստելով հաղթանակի գործին։

Արցախյան հերոսամարտերում իրենց սխրանքներով փառաբանվեցին նաև եզդի ժողովրդի զավակները։ Դեռևս փետրվարյան օրերին կազմակերպվեցին տասնյակ ու տասնյակ հանրահավաքներ, որոնց մասնակցեցին հազարավոր եզդիներ։ Այդ հանրահավաքների ընթացքում հավաքագրվեցին հարյուրավոր կամավորներ Արցախի հերոսական ժողովրդին սատարելու համար։ Ստեղծվեց ոարաբաղյան շարժմանը նպաստող կազմկոմիտե Ազիզ Թամոյանի ղեկավարությամբ։ Պետական համալսարանում ստեղծվեց ռազմական շտաբ, որի անդամները եղան ռազմաճակատի գրեթե բոլոր հատվածներում։ Եզդի երիտասարդները ամենուրեք կռվում էին քաջաբար։ Կռվում էին ոչ միայն տղաները, այլև կամավոր աղջիկները։ Շատերն էին ճանաչում Ասյա Խատոյանին, որը ռազմաճակատից վերադարձավ հաշմանդամ դարձած, մի ոտքը թողած մարտերում։

Արցախի ազատագրման մարտերում հաղթանակի համար իրենց կյանքը զոհաբերեցին 30-ից ավելի եզդի ազատամարտիկների։ Նրանցից երեքի՝ համայիլ Շարոյանի, Թեմուր Զեյդինյանի, Գագիկ Հաջոյանի աճյունները ամփոփված են Եռաբլուրում։ Պատերազմի ընթացքում Եզդիների ազգային միությունը հայտարարեց դրամական միջոցների հանգանակություն, և եզդի ժողովուրդը հավաքեց 6 միլիոն ռուբլի, որը հանձնվեց ՀՀ Պաշտպանության նախարարությանը և Արցախի օգնության հիմնադրամին։

Պայքարի ժամանակահատվածում էր, որ տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը։ Եզդիների համախմբումը հայ ժողովրդին սատար կանգնելու իսկական փորձաքար եղավ։ Եզդիները ոչ միայն հարյուր– հազարավոր ռուբլիների դրամական և նյութական օգնություն ցույց տվեցին, այլև հարյուրավոր եզդի երիտասարդներ կազմակերպված ու միասնաբար մասնակցեցին աղետի գոտու փրկարարական աշխատանքներին։ Զովունի գյուղի Ամո թաղամասի գրեթե բոլոր երիտասարդները Սպիտակում և Գյումրիում էին։ Ավելին, Ամո թաղամասի եզդիները 250000 ռուբլի փոխանցեցին աղետյալների համար բացված հատուկ հաշվին։

Հայաստանի անկախության հռչակումից հետո հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր վիճակն ապրեցին նաև եզդի բոլոր ընտանիքները։ Նրանք հայերի հետ միասին տարան բոլոր դժվարությունները, իրենց ակտիվությամբ ու համերաշխությամբ նպաստեցին ազատ և անկախ Հայաստանի կայացմանը։ Սակայն ինչպես հայերի և Հայաստանի մյուս ազգությունների մեջ, այնպես էլ եզդիների շրջանում նկատվեց արտագաղթի երևույթ։ Ցավով պետք է նշել, որ Հայաստանից հեռացան նաև մեծ թվով եզդիներ (ըստ որոշ այլ աղբյուրների՝ այդ թիվը հասնում է եզդի բնակչության մոտ 50%-ի)։

Թեև որոշ դժվարությունների առկայությանը, որը վերաբերվում է հատկապես հեռագնա արոտավայրերից զրկվելուն, եզդիները շարունակում են իրենց ավանդական աշխատանքը՝ անասնապահությունը, մեծ նպաստ բերելով Հայաստանի տնտեսության զարգացմանը։

Եզդիների ազգային միությունը լայնամասշտաբ գործողություններ է ծավալել եզդի ժողովրդի միասնությունն ապահովելու, հայ և Հայաստանի մյուս ազգությունների հետ բարեկամությունն ամրապնդելու, ազգային մշակույթը զարգացնելու, ազգային ավանդույթները պաշտպանելու ուղղությամբ։ Հատուկ ուշադրություն է նվիրվում եզդիերեն դասագրքերի ստեղծման հարցերին։ Ազգային արժանապատվության բարձրացմանը նպաստում է եզդի մտավորականությանը օրենսդիր և գործադիր պետական մարմիններում ընդգրկելը, որի համար Եզդիների ազգային միությունը տանում է հետևողական աշխատանք։ Առաջարկություններ են ներկայացվել Հայաստանի Հանրապետության նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը և համապատասխան կազմակերպությունների՝ ընտրական համակարգում բարեփոխումներ կատարելու, Ազգային ժողովում եզդի ներկայացուցիչ ունենալու համար։ Եզդիներին մտահոգում են նաև եզդիների մշակույթային կենտրոն հիմնելու, Գիտությունների ազգային ակադեմիայում եզդիագիտության բաժին ունենալու, Հայաստանի գրողների միությունում եզդի գրողների բաժանմունք ունենալու, Հանրային հեռուստատեսությամբ եզդիերեն հաղորդումների ժամ տրամադրելու, զոհված եզդի ազատամարտիկների հիշատակը փողոցների կամ դպրոցի անվանակոչումներով հավերժացնելու և բազմաթիվ այլ հարցեր։

Եզդի ժողովուրդը հայ ժողովրդի հետ ձեռք-ձեռքի տված գնում է դեպի նոր և պայծառ հորիզոններ, գնում է դեպի հավերժություն։ Ահա եզդի ժողովրդի հավատամքը։