Եզդի ժողովրդի սխրանքը/Հավերժության ուղեկիցները

Հավերժության ուղեկիցները
ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԿԻՑՆԵՐԸ

Ազգային–ազատագրական շարժումներն ունենում են իրենց հերոսները, իրենց նվիրյալները, որ հանուն իրենց սուրբ նպատակի պատրաստ են զոհաբերելու ամենաթանկը՝ կյանքը, որ գնում են դեպի ստույգ մահը… և անմահանում, լուսավոր ու պայծառ էջեր թողնելով հարազատ ժողովրդի պատմության հերոսամատյանում։

Եզդի ժողովրդի զավակներն իրենց սխրանքով ապացուցեցին այդ ճշմարտությունը։ …1988 թվականն էր։ Հայ ժողովուրդն այլևս չտանելով պատմական անարդարությունը՝ պոռթկաց ցասումով։ Սկսվեց Ղարաբաղյան շարժումը, որը փաստորեն ազգային-ազատագրական պայքարի նոր փուլ էր հանուն արդարության, հանուն հայոց հողերի միավորման, հանուն ժողովրդի հարատևության։ Եվ Հայաստանում ապրող եզդիները, որ հայոց հողը համարում են նաև իրենց հայրենիքը, չէին կարող անտարբեր լինել այղ հուժկու շարժման նկատմամբ և, Ղարաբաղյան շարժմանը զուգընթաց, սկսվեց նաև եզդիների ազգային զարթոնքը։

1988 թվականի փետրվարյան օրերն էին։ Ես, որ ականատեսն եմ այդ օրերի իրադարձությունների, հիշում եմ հատկապես այն ոգևորությունը, որ ապրում էր եզդի երիտասարդությունը։ Դա չտեսնված մի երևույթ էր, որ վաղուց չէր զգացվել եզդիների կյանքում։

Կազմվեցին ռազմական ջոկատներ, որոնք ուղարկվեցին ռազմաճակատների գրեթե բոլոր տեղամասերը, եղան ամենաթեժ հատվածներում՝ Երասխավանում, Ոսկեպարում, Ստեփանակերտում, Շուշիում, Լաչինում, Մարտակերտում և այլուր։ Ամենուրեք եզդի տղաները կռվում էին անձնուրաց կերպով։ Նրանք տեղաբաշխված էին ոչ թե առանձին խմբերով, այլ հայ ազատամարտիկների հետ միասին, ու շտաբի անդամները իրենց սրտի խոսքն էին ասում ոչ միայն եզդիներին, այլև հայ տղաներին, ոգևորում ու քաջալերում էին նրանց։ Հպարտության զգացում էին ապրում շտաբի անդամները, երբ մարտական դիրքերում տեսնում էին ոչ միայն եզդի տղաների, այլ նաև եզդի աղջիկների, որոնք իրենց եղբայրների նման կռվում էին քաջաբար, պատրաստ էին իրենց կյանքը զոհւսբերել հանուն հաղթանակի։ Նրանցից մեկը՝ Ասյա Խատոյանը, կռվում էր լեգենդար Մոնթեի ջոկատում։

Եզդի ազատամարտիկները կռվում էին ղարաբաղյան բոլոր ռազմաճակատներում, նրանց անունները և գործած սխրանքները հաճախ էին հիշատակվում մարտական ամփոփագրերում, նշվում էին նրանց խիզախությունը, հերոսությունը, անձնուրացությունը, իսկ դրա ապացույցն այն իրողությունը, որ եզդի երիտասարդությունը միշտ բարձր է պահել իր արժանապատվությունը, միշտ արժանացել է իր հայ եղբայրների, հայ ազատամարտիկների, նրանց մարտական ջոկատների հրամանատարների խրախուսանքին ու բարձր գնահատականին։ Եվ պատահական չէ, որ եզդի շատ ազատամարտիկներ արժանացան մարտական պարգևների, մեդալների։

Եզդի ազատամարտիկները գիտեին, որ իրենց թիկունքին կանգնած է եզդի ժողովուրդը, գիտեին, որ իրենց յուրաքանչյուր սխրանք հպարտությամբ է լցնում մայր ժողովրդի սիրտը։ Գիտեին, որ ոչ միայն բարի խոսքով, այլ նաև նյութական մեծ օգնությամբ են եզդիները նպաստում հաղթանակի գործին։ Պետք է հպարտությամբ հիշել, որ Արցախյան պատերազմի ընթացքում Եզդիների միության ջանքերով հանգանակվեց վեց միլիոն ռուբլի, որն այն ժամանակ հսկայական գումար էր և մեծ օգնություն։ Այդ գումարը հանձնվեց Ղարաբաղի օգնության հիմնադրամին, ՀՀ պաշտպանության նախարարությանը, ազատամարտիկների ընտանիքներին։

Պատերազմն ամեն օր անակնկալներ էր մատուցում, որոնք կարող էին ամեն վայրկյան ճակատագրական լինել ու արժանանալ մարդկային կյանքեր։

Բայց կային նաև այլ իրավիճակներ, երբ մոռացած թշնամու կրակն ու մահվան վտանգը, հաղթում էր կյանքը, ծնվում էին երգեր, որ ոգևորում ու կռվի էին տանում բոլորին։

Ահա մի գեղեցիկ ու սրտամոտ երգ, որ հանպատրաստից հորինեցին եզդի մարտիկները մի մարտից հետո։ Ուզում եմ երգն ամբողջությամբ մեջ բերել եզդիերեն խոսքը ներկայացնելով հայերեն տառերով։

Ահա այն.

ՇԸՌԷ ԵՐԱՍԽԵ
ճըմե ըրըզ տեյը լըմը-լըմը,

էվարդա սըր կավըլա գընդե Երասխեդա գըրտիէ ջըրդա ըջըմը,
Ըրաֆե մըիդանե խուն դըքըշը վակը ճըմը.

Ազիզե Ամար-բավե Սըհիդ ժը Ռըվանէ–
Դըկը գազի։ Գըլի բըրա, իրո Ռավընը վե մըիդանե,

Ըմ գըրըկե սըրե խվը դաինըն բոնա Ռըհինա ըրմինստանէ.

Ճըմե ըրըզ վէ դըքըշը խըլը-խըլը,
Սեվդինէ Ալի դըկը գազի։ Ազիզ բավե մըն կըրըվի, բըդը սըր խվը
խորտէ էզդիա-չընդ կըբիլը,
Պըշտի խըդե նըֆըրէ էզդիա գընդե Երասխէ դըստե դըժմըն
դըրխըն հեսիրե-դիլը.

Ճըմե ըրըզ վե դըգըշը, դորը-գըզը,
Գընդե դորե թըմամ գըրտիե բախ ու ռըզը
Ազիզե Ամար դըկը գազի, գըլի էզդիա, իրո ըջըմա հըլդըն հըիֆա
կըվըն ու թըզը.

Վե բահարե գընդե Երասխե գըրտիը չընգը,
Ազիզե Ամար, Օմըր, Ալո, Ահիդ, Գառնիկ, դաիը դընգը։
― Բավե մընվըն, չեվըն, չէ բըխըվտըն, իրո էզդիա, ըրմընիա դըրխըն դըրե տընգը.

Սըվըբու, բըրե սըվե լը մը չալ բու,
Դընգե ճըկ, սիլհե էզդիա, ըրմընիա հըվդը լալբուն,
Ջըրդա ըջըմա ըրաֆե մըիդանե բեփըրգալբու։

Այն օրերին, երբ Արցախի հողն այրվում էր արկերի պայթյուններից, երբ օդում հռնդում էին թշնամու ինքնաթիռները և մահաբեր արկեր էին նետում ազատամարտիկների դիրքերի վրա, ուրախ լուրը, թե եզդիների ղեկավարությունը եկել է ռազմաճակատ, թե եզդիների հերթական օգնությունն է տեղ հասել, հպարտությամբ էր լցնում եզդի ազատամարտիկների սրտերը, նրանք զգում էին, որ իրենց թիկունքին կանգնած էին իրենց ժողովուրդը, ընկերներն ու բարեկամները։ Մեր հայրենակիցները մեզ տեսնելով ոգևորվում էին, խոստանում էին լավ ծառայել, բարձր պահել եզդի անունը։ Այո՜, հայոց հողի պաշտպանությունը ինչպես յուրաքանչյուր հայի, այնպես էլ եզդիների սուրբ պարտականությունն էր այղ ծանր ու դժվարին օրերին։

Բայց պատերազմն առանց կորուստների չի լինում։ Ու հանկարծ տխուր լուրն էր տարածվում ողջ ռազմաճակատում.

― Ագիտը վիրավորվել է…

― Թեմուրը զոհվել է…

― Բըրոն անհետ կորել է…

Դեռ չէին մեղմանում ցավն ու կսկիծը անդառնալի կորուստների համար, երբ նորից ռազմաճակատով մեկ ու մինչև Երևան, մինչև հեռավոր մարզերը հասնում էր բոթը.

― Ընկել է Սահիդը… ― Չկա Բարզանին…

― Զոհվել է Տիտալը…

Ու գնում, գնու՜մ էին լավագույնները, իրենց ջահել կյանքն էին նվիրաբերում Արցախին, սուրբ նպատակին.

― Զոհվել է Ուսըվը…

― Չկա Սաբրին…

― Զոհվել է Ռաշիդը…

― Անհետ կորել է Կոտիևը…

― Ղուլիխանը չկա այլևս…

Ու այսպես շարունակ…

Եզդի ժողովրդի երեսունից ավելի զավակներ իրենց կյանքն ավարտեցին ջահել հասակում, նրանցից շատերը չհասցրին ամուսնանալ, զավակներ ունենալ, տուն ու տեղ դնել…

Ճակատագիրն անողոք գտնվեց նրանց նկատմամբ, կռիվը խլեց նրանց մատաղ կյանքը։

Արցախից Հայաստան էին բերվում զոհված ազատամարտիկները։ Նրանցից երեքի՝ Իսմայիլ Շարոյանի (Իսո), Թեմուր Զեյդինյանի, Գագիկ Հաջոյանի աճյունները հողին հանձնվեցին Եռաբլուրում Արցախամարտի զոհերի պանթեոնում։ Հետագայում, Հայաստանի անկախության 7-րդ տարեդարձի առթիվ, դեպի Եռաբլուր գնացող ճանապարհին կառուցվեց Հաղթակամար, որ խորհրդանշում էր զոհված ազատամարտիկների հաղթանակը, անմահությունն ու փառքը։

Եզդի ժողովուրդն այղ Հաղթակամարը իրավամբ համարում է նաև իր զավակների հաղթանակի ու հերոսության վկայականը, որի կամարի տակով անցնելով այցի է գնում հերոսների շիրիմներին, որոնց վրայից չեն պակասում անթառամ ծաղիկները։

Իհարկե, Արցախյան հերոսամարտից հարյուրավոր եզդիներ վերադարձան հաղթանակով, յուրաքանչյուրը շարունակեց իր գործը՝ պարտքը կատարած մարդու վստահությամբ։ Նրանցից շատերը տուն վերադարձան հաշմանդամ դարձած, խեղանդամված, վիրավորված։

Վիրավորված տուն վերադարձան Ուսուբե Աթերը, Մշիրե Խուդեդան, Ալիկ Թամոյանը և շատ ու շատ ուրիշներ։ Ասյա Խատոյանը տուն վերադարձավ մի ոտքը ռազմաճակատում կորցրած։ Մի ձեռքը վիրավորված ռազմաճակատից տուն վերադարձավ նաև Թոսուն Ասոյանը։ Ո՞րը թվել։

Դեռևս 1992 թվականի հոկտեմբերի 24-ին Եզդիների ազգային միության նախագահությունը սահմանել էր «Եզդի ժողովրդի ազգային հերոս» պատվավոր կոչումը։ Մինչև 2000 թվականը այդ կոչմանն արժանացավ Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը։ Հետագայում այդ պատվավոր կոչմանն արժանացան նաև Հայաստանի ազգային ռադիոյով եզդիների համար տրվող հաղորդումների գլխավոր խմբագիր Հասան Թամոյանը, Արցախյան ազատամարտի ամենաակտիվ մասնակիցներից մեկը Մշիրե Խուդեդան (Մշիր Նադոյանը), ինչպես նաև Սուտո բեգ Ամարյանը։

Մշիր Նադոյանին Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին որոշումը սիրով ընդունվեց բոլորի կողմից։ Որոշման մեջ ասված էր. «Հաշվի առնելով եզդի ժողովրդի արժանավոր զավակ Մշիր Խուդոյի Նադոյանի հայրենանվեր աշխատանքը, այն մեծ ծառայությունը, որ նա ցուցաբերել է Արցախյան հերոսամարտում, նրան շնորհել Ազգային հերոսի պատվավոր կոչում և պարգևատրել «Ոսկե մեդալով»։ Մշիր Նադոյանն, իրոք, ժողովրդի հպարտությունն է, որի մասին լեգենդներ են հյուսվել, որը բոլորի համար իր սխրանքներով օրինակ է դարձել։

Մշիր Նադոյանը ծնվել է Երևանում 1958 թվականին։ Ունի միջնակարգ մասնագիտական կրթություն։ Ամուսնացած է, ունի վեց երեխա։ 1989 թվականին Մշիրն արդեն Հայաստանի սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական ջոկատների կազմում էր։ Նա փառքով պսակվեց Նոյեմբերյանի, Տավուշի, Իջևանի, Երասխավանի, Լեռնային Ղարաբաղի Գետաշենի և Շահումյանի բնակչության գաղթի անվտանգությունն ապահովելու և պարտիզանական կռիվներում, այնուհետև Մալիբեյլիի, Խոջալուի պաշտպանական ու նաև ազատագրման մարտերում։ Ու այս մեծ երթուղում բոլորը սիրով ու ակնածանքով էին արտասանում իրենց հավատարիմ ու քաջ եզդի ընկերոջ անունը։ Եվ պատահական չէ, որ հայոց բանակի հրամանատարությունը ի դեմս Մշիր Նադոյանի, գիտեր, որ եզդի ժողովուրդն իր կողքին է, իր մարտական զինակիցն է։

Անգնահատելի են Հասան Թամոյանի ծառայություններն իր ժողովրդին։ Մի կողմ թողնելով նրա մյուս ծառայությունները, հիշենք, թե երկար ու ձիգ տարիների ընթացքում Հասան Թամոյանը ինչպես էր իր մասնակցությունը բերում շարժմանը, հավաքներում և մարտերում իր հաղորդումներով ինչպես էր ոգևորում եզդի ժողովրդին, ինչպես էր ներկայացնում եզդի քաջորդիների սխրանքները, ինչպիսի ցավով էր պատմում ընկած ռազմիկների մասին։

Անմոռաց են նաև Սուտո բեգ Ֆայզոյի Ամարյանի ծառայությունները, որոնց համար նա արժանացավ Եզդի ժողովրդի ազգային հերոսի կոչմանը։

Սուտո բեգ Ամարյանը ծնվել է 1959 թվականին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում։ 1988 թվականի ավերիչ երկրաշարժը խորապես ցնցեց նաև Սուտո բեգ Ամարյանին։ Նա կազմակերպեց հանգանակություններ և իր հայրենակիցներից հավաքված գումարներով, իր անձնական միջոցներով մեծ օգնություն ցույց տվեց աղետյալներին, հատկապես Գյումրիի և Սպիտակի բնակիչներին, ակտիվորեն մասնակցեց աղետի գոտու հետևանքների վերացման գործին։

Արցախյան հերոսամարտի օրերին Սուտո բեգ Ամարյանը կազմակերպեց կամավորական ջոկատներ, որոնք մեկնեցին Արցախ և աչքի ընկան իրենց խիզախությամբ ու արիությամբ։ Նրանց թվում էին Զադա Թամոյանը, Ռաշիդ Խուդոյանը, Ամո Ամարյանը, Տոսուն Ամարյանը, Արագ Ամարյանը, Սիաբանդ Բրոյանը, Աֆո և Արագ Հաբոյանները և ուրիշներ։ Սուտո բեգ Ամարյանը պարբերաբար այցելում էր Արցախ, բարձրացնում ազատամարտիկների մարտական ոգին։

Եզդիների ազգային միության նախագահությունը հաշվի առնելով Սուտո բեգ Ամարյանի մեծ ավանդը Արցախյան հերոսամարտի հաղթական ավարտի գործում, նշանակալից ավանդ երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներում, նրա մեծ ծառայությունները եզդի ժողովրդին, նրան շնորհել է Եզդի ժողովրդի ազգային հերոսի պատվավոր կոչում։

Անցնում են օրե՜ր, ամիսնե՜ր, տարինե՜ր…

Սակայն չի խամրում հերոսների փառքը։

Այս գրքույկի յուրաքանչյուր էջից մեր առջև հառնում են զոհված ջահելների կերպարները, միշտ ուրախ, ժպտուն, միշտ կենդանի։ Այդպիսին էլ կմնան նրանք բոլոր դարերում, բոլոր ժամանակներում։

Ազիզ Թամոյան
Աշխարհի և Հայաստանի եզդիների ազգային
միության պրեզիդենտ,
եզդի ժողովրդի ազգային հերոս,
Արցախյան ազատամարտի եզդիների ղեկավար և
առաջնորդ