ԵԼՆՈՒՄ ԵՄ


Ելնում եմ ժայռը՝
Նրա լանջերին ցիր ու ցան եղած
                Արեւակտոր
Իմ կարոտները փնջելու համար...
Ելնում եմ ժայռը,
Որ իմ հողակոշտ ձեռքերն երկարեմ
                Դեպի քո հեռուն
Ու մի գիրկ կրակ կամ այրում առնեմ...

Ելնում եմ ժայռը,
Այնտեղ՝ արեւից մոտիկ հալվելու,
                Ձուլվելու ժայռին
Եվ բողբոջելու պատվաստի նման...

Ելնում եմ ժայռը,
(Ձեր աչքին բարձրից ես երեւալու
                 միտումներ չունեմ),
Որ ժայռը քիչ էլ ինձնով բարձրանա...