Ելույթը Երևանում Ֆրանսիայի հրապարակի բացման առթիվ

Ելույթը Երևանում Ֆրանսիայի հրապարակի բացման առթիվ

Ռոբերտ Քոչարյան

Մեծարգո պարոն Նախագահ, Հարգարժան Տիկին Շիրակ,

Բարի գալուստ Հայաստան, բարի գալուստ Երևան։

Տիկնայք և պարոնայք, սիրելի բարեկամներ,

Այսօր խորհրդանշական օր է։ Երևանի սրտում բացվում է Ֆրանսիայի հրապարակը։ և այս ամենը կատարվում է Ֆրանսիայում Հայաստանի Տարվա մեկնարկին, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի և իր Տիկնոջ ներկայությամբ։

Հազար տարի է անցել այն ժամանակներից, երբ ֆրանսիացի իշխաններն առաջին անգամ ոտք են դրել Կիլիկյան Հայաստանի հողի վրա, որտեղ նրանց ընդունել են բարեկամի ու հարազատի նման, ուր նրանք ապրել, աշխատել և պայքարել են ուս-ուսի։

Ահա այդ հին ժամանակներից հյուսվել է մեր ժողովուրդների բարեկամությունը և հարազատությունը։ Ֆրանսիական թագավորները խրախուսել են Հայաստանի մասին գիտական ուսումնասիրությունները, հայկական ձեռագրերի հավաքումը և հայերենից թարգմանությունները։ Հայ վաճառականներին արտոնություններ են տվել Արևելքի ու Արևմուտքի միջև առևտուր ծավալելու համար։ Չի եղել պատմական մի շրջան, որ այդ բարեկամությունը խամրի, այլ ընդհակառակը՝ դարերի հետ այն խորացել ու նոր իմաստ է ստացել։

Ֆրանսիացի մեծ լուսավորիչների գաղափարները խոր հետք են թողել ժամանակի հայկական մտքի զարգացման վրա։ 19-րդ դարում հայկական մշակույթի զարթոնքը իր վրա կրում է ֆրանսիական հզոր մշակույթի ազդեցությունը։ Հայ հասարակական, քաղաքական-մշակութային գործիչներից շատերն իրենց կրթությունը ստացել կամ զարգացրել են Ֆրանսիայում։ Վերադառնալով՝ Հայաստանում և ողջ տարածաշրջանում նրանք տարածում էին մշակութային նոր հոսանքները և ազատության ու մարդասիրության վեհ գաղափարները։

Մեր բարեկամությունը կոփվել է մեծ փորձությունների պահին։ Ֆրանսիական հասարակության լավագույն ներկայացուցիչները հիմնեցին արմենոֆիլ շարժումը։ Դատապարտելով հայերի դեմ կազմակերպված ոճրագործությունը` նրանք մարդասիրական օգնություն էին կազմակերպում Եղեռնը վերապրածներին։ Ֆրանսիական ռազմական նավերը հասան Հայկական Կիլիկիայի ափերը և փրկեցին կոտորածներից խուսափած հազարավոր հայերի։

Ֆրանսիական հողում ապահով տանիք և մարդկային ջերմություն գտան մեծաթիվ գաղթականներ։ Ահա այդ հայերն իրենց ողջ կարողությունն ու տաղանդը ներդրեցին նոր հայրենիքում՝ իրենց զավակներին ներարկելով անվերապահ նվիրվածություն Ֆրանսիային։

Մենք հպարտանում ենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հայերը պատվով մասնակցեցին Դիմադրության շարժմանը և Ֆրանսիայի ազատագրմանը։ Նրանցից ոմանք փառքով պսակեցին իրենց անունը, որով խորհրդանշվում է մեր ժողովուրդների եղբայրությունը։

Պարոն նախագահ,

Դուք բազմաթիվ առիթներով նշել եք ֆրանսահայերի մեծ ներդրումը Ֆրանսիայի տնտեսության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում։ Երեկվա գաղթականների զավակները, լիիրավ ֆրանսիացի լինելով, հավատարիմ են նաև հայկական ինքնությանը։ Շառլ Ազնավուրի անունը փայլուն բնորոշում է այդ զույգ պատկանելությունը։ Ազնավուրի, Եղեռնից փրկված ծնողների զավակի, ճակատագիրը հայ ժողովրդի պատասխանն է ցեղասպանություններին։

Այդ իմաստով մենք կարևորում ենք 2001 թվականին Ֆրանսիայի կողմից օրենքի ուժով Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Դա ծանրակշիռ ներդրում է ինչպես հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների պաշտպանության, այնպես էլ մարդկության դեմ այդ սպառնալիքի կանխարգելման գործում։

Հայաստանի անկախացումից հետո Ֆրանսիան դարձյալ առաջիններից մեկը կանգնեց մեր երիտասարդ պետության կողքին, շարունակաբար աջակցում է մեր պետականության կերտմանը, տնտեսության, մշակույթի ու կրթության զարգացմանը։

Ֆրանսիան մեր հուսալի գործընկերն է եվրոպական և միջազգային հարթակում։ Մեր երկրների միջև ծավալվում է հագեցած և օգտակար երկխոսություն բազմաթիվ ուղղություններով։

Հատկապես բարձր գնահատանքի է արժանի Ֆրանսիայի աջակցությունը եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցության խորացման ուղղությամբ։ Հատուկ կուզենայի շեշտել Ֆրանսիայի կառուցողական դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։

Հարգելի բարեկամներ,

Վերջին տարիներին մեր տնտեսական կապերն զգալի առաջընթաց են ապրել, ֆրանսիական խոշոր ընկերությունները հաջողակ ներդրումներ են անում մեր տնտեսության զանազան ճյուղերում։ Ես կուզենայի ողջունել այդ ընկերություններից մի քանիսի ղեկավարներին, որոնք ներկա են այստեղ։

Կուզենայի ընդգծել նաև մեր երկրների տասնյակ եղբայրացած քաղաքների և շրջանների միջև ծավալվող կապերը, որին նպաստում է խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունը։

Մենք մեծ նշանակություն ենք տալիս և խրախուսում գիտահետազոտական, կրթության ու մշակույթի բնագավառներում ծավալվող աշխույժ համագործակցությունը։ Այդ առումով կարևոր ձեռքբերումներից մեկը Երևանում Ֆրանսիական համալսարանի գործունեությունն է։ Համալսարանը ոչ միայն որակյալ կադրերի պատրաստման հաստատություն է, այլև Հայաստանում ավանդաբար առկա ֆրանսախոսության խթանման կենտրոն։

Այս ամենը խոսում է մեր երկրների բացառիկ հարաբերությունների մասին, որի ամենաթարմ վկայությունը Ֆրանսիայում Հայաստանի Տարվա անցկացումն է։ Այն մեր երկրի համար լավ հնարավորություն է ստեղծում իր մշակույթն ու տնտեսությունը, անցյալն ու ներկան լայնորեն ներկայացնելու Ֆրանսիային և նրա միջոցով՝ աշխարհին։

Պարոն նախագահ,

Ֆրանսիայում ամենուր կարելի է հանդիպել հայկական հիշատակների՝ հուշարձաններ, հայկական անվանումներով հրապարակներ և փողոցներ, հայկական տներ ու հաստատություններ։ Ֆրանսիայի տարբեր վայրերում այսօր կանգնեցված են հայերին և Հայոց ցեղասպանությանը նվիրված հարյուրից ավելի հուշարձաններ։ Դրանք հայ ժողովրդի հանդեպ հարգանքի և համակրանքի վկայություններ են, որի համար մենք շնորհակալ ենք Ֆրանսիայի ժողովրդին։

Ուրախ եմ, որ Ձեր այցը Հայաստան հնարավորություն է ստեղծել արժանին մատուցելու Ֆրանսիային, նրա անունով կոչելով այս գեղեցիկ հրապարակը։ Հրապարակը շրջապատում են թատրոններ, երաժշտական հաստատություններ, թանգարաններ, ժողովրդական հանդիպման վայրեր։ Սա իրոք մեր քաղաքի ամենասիրված վայրերից է, Երևանի տարբեր թաղամասերն իրար կապող հանգույցը, Երևանի սիրտը։ Եվ այդ սրտի վրա այսուհետ դրոշմված է Ֆրանսիայի անունը։

Ուրեմն թող այդ անունը հավերժ լինի, ինչպես հավերժ է մեր բարեկամությունը։

Կեցցե Ֆրանսիան։

Կեցցե Հայաստանը։

Կեցցե հայ-ֆրանսիական բարեկամությունը։

30 սեպտեմբեր, 2006