Ելույթ Ազգային եկեղեցական ժողովում՝ կաթողիկոսական ընտրության առիթով
ԵԼՈՒՅԹ ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՄ՝ ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ
խմբագրել
Վեհափառ Տեր,
Սրբազան եւ հոգեշնորհ հայրեր,
Ազգային եկեղեցական ժողովի մեծարգո պատգամավորներ,
Խորին հարգանքի եւ երախտագիտության որդիական տուրքը մատուցելով Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի լուսավոր հիշատակին, այսօր դուք գումարվել եք մասնակիցը դառնալու Եկեղեցու եւ ազգային կյանքի պատմական իրադարձության, որը վերջին վեց հարյուր տարիների ընթացքում առաջին անգամ տեղի է ունենում Հայոց անկախ պետականության գոյության պայմաններում։
Այս հանգամանքը եւ Ազգային եկեղեցական ժողովի աննախադեպ ներկայացուցչությունը ինքնին արդեն ամենապերճախոս ապացույցն են այն կարեւորության, որով դրոշմված է ձեր սուրբ առաքելությունը։
Ազգային եկեղեցական ժողովը կայանում է նորանկախ Հայոց պետականության ամրապնդման լավատեսություն ներշնչող մթնոլորտում։
Չնայած Հայաստանին բաժին ընկած դաժան փորձություններին եւ անհաղթահարելի թվացող դժվարություններին՝ մեր ժողովրդի դրսեւորած անօրինակ տոկունության, համբերության, աշխատասիրության, մարտունակության եւ բարձր պետական մտածողության շնորհիվ հանրապետությունը դուրս եկավ ճգնաժամային իրավիճակից՝ թեւակոխելով պետականության ամրապնդման, արցախյան խնդրի քաղաքական լուծման, տնտեսության կայունացման եւ զարգացման պատասխանատու հանգրվանը։ Այսօր մենք ամենայն հպարտությամբ եւ արժանապատվությամբ կարող ենք ազդարարել. - Հայաստանն ամենակայուն,ամենաժողովրդավարական եւ ամենաազատական պետությունն է նախկին Խորհրդային Միության հանրապետությունների շարքում։ - Հայաստանն այդ նույն շարքում նաեւ միակ պետությունն է, որտեղ կասեցված են տնտեսության անկումը եւ դրամի արժեզրկումը, որտեղ իրականացվում են համակարգված տնտեսական բարեփոխումներ, որոնց շնորհիվ արդեն դրսեւորվում են նաեւ տնտեսական աճի հուսադրող միտումներ։ - Հայաստանն իր հավասարակշռված արտաքին քաղաքականությամբ, միջազգային կազմակերպություններում ներդրած կառուցողական ջանքերի եւ բազմաթիվ երկրների հետ հաստատած փոխշահավետ հարաբերությունների շնորհիվ ոչ միայն կարողացավ հաղթահարել քաղաքական եւ տնտեսական ճգնաժամային երեւույթները, այլեւ էականորեն ամրապնդել ազգային անվտանգությունը։ Այս տեսակետից մենք այսօր շատ ավելի ապահով ենք, քան անկախության ձեռքբերման սկզբնական շրջանում։ - Ավելի քան երբեւէ ամուր, ապահով եւ հզոր է նաեւ հերոսական Արցախը, որի իղձերի վերջնական իրականացումը կախված է միայն ու միայն ողջ հայ ժողովրդի միասնական կամքի ու կորովի անմնացորդ դրսեւորումից։
Այս ամենը թույլ է տալիս ամենայն պատասխանատվությամբ հայտարարել՝ թե՛ ապահովական, թե՛ քաղաքական եւ թե՛ տնտեսական տեսակետից մեր բոլոր դժվարություններն արդեն մնացել են ետեւում, իսկ առջեւում թեեւ դեռ մեզ սպասում է տքնաջան աշխատանք, բայց՝ հստակ ճանապարհ եւ կանխատեսելի հեռանկար։ Ուստի միանգամայն վստահ եմ, որ այս ոգեւորիչ պայմաններում գումարված Ազգային եկեղեցական ժողովը, լիովին համահունչ դառնալով ներկա մթնոլորտին, պատվով կկատարի իր առջեւ դրված պատասխանատու խնդիրը, որը պատմական հանգամանքների բերումով ակնհայտորեն վաղուց դուրս է եկել զուտ եկեղեցական սահմաններից՝ վերածվելով հիրավի համազգային բախտորոշ խնդրի։ Վաղը Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն գահին բազմելու է Ամենայն հայոց 131-րդ կաթողիկոսը, որի ընտրության պատիվն ու պատասխանատվությունը վիճակված է ձեզ։
Չեմ կասկածում, որ դուք վեր կկանգնեք մանր ու երկրորդական խմբակային շահադիտություններից, քարացած հարաբերությունների ավանդական դիրքորոշումներից՝ առաջնորդվելով բացառաբար ձեր խղճի թելադրանքով եւ Հայ Առաքելական Եկեղեցու առջեւ կանգնած գերխնդրի՝ նրա միասնության վերականգ նման անհրաժեշտության գիտակցությամբ։
Պատմությունը բացառիկ պատեհություն է ընձեռել ձեռնարկելու Եկեղեցու միասնության վերականգնման համազգային գործը, եւ ես կարծում եմ, որ Ազգային եկեղեցական ժողովը չի կորցնի այս պատեհությունը։
Ես հավատում եմ ձեր ողջախոհությանը եւ հաջողություն մաղթում ձեր աշխատանքին։
«Հայաստանի Հանրապետություն», 4 ապրիլի, 1995 թ.։
Հրատարակված՝ «Չկորցնենք Եկեղեցու միասնության վերականգնման պատեհությունը» վերնագրով։
ՀՀԱՆԱ, 28/03.04.95։ Բնագիր։ Ինքնագիր։