Ելույթ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անդրանիկ նիստում




ԵԼՈՒՅԹ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏՈՒՄ

խմբագրել
(27 հուլիսի, 1995թ.)

Վեհափառ Տեր,

Մեծարգո պարոն նախագահ,

Մեծարգո պատգամավորներ,

Տիկնայք եւ պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է՝ այս բարձր ամբիոնից ողջունել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավորներին, ովքեր օրերս կայացած ընտրություններում արժանացել են ժողովրդի վստահության քվեին։

Ուզում եմ նաեւ, հանձինս ձեզ, շնորհավորել մեր ողջ ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման պատմական իրողության առթիվ, վստահություն հայտնելով, որ տասնամյակների հեռանկարով այն կդառնա Հայոց պետականության կայունության ապահովման վճռական գործոն, ինչպես նաեւ ժողովրդավարական հաստատությունների ձեւավորման, քաղաքացիական հասարակության ստեղծման եւ շուկայական տնտեսության զարգացման իրավական երաշխիք։

Սահմանադրության հռչակումով փաստորեն իր տրամաբանական հանգուցալուծմանը հանգեց 1988թվականի հուժկու ազգային-ազատագրական շարժմամբ սկսված անկախ պետականության կայացման գործընթացի առաջին, բախտորոշ հանգրվանը, որի դաժան քննությանը պատվով դիմացավ հայ ժողովուրդը՝ խուսափելով ետկոմունիստա կան հասարակություններից շատերին բաժին ընկած ներքին ցնցումներից եւ դառը փորձություններից։ Պետության կայացման առաջնահերթ խնդրի կողքին ես ուզում եմ հավասարապես կարեւորել նաեւ Սահմանադրության մեջ համամարդկային արժեքների, մարդու իրավունքների եւ ազատությունների գերակայության ամրագրումը, որը մեր ժառանգած իրականության խորքային շերտում հիմնովին փոխում է պետություն – քաղաքացի, հասարակություն – անհատ հարաբերությունների ողջ փիլիսոփայությունը։ Պետաիրավական այս կտրուկ շրջադարձը ենթադրում է, անշուշտ, նաեւ պատմականորեն ձեւավորված հոգեբանական պայմանա կանությունների հաղթահարման մի ծանր շրջան, որը կարող է տեւել երկար տարիներ։

Սահմանադրության ընդունումն, այսպիսով, ավարտը դառնալով մեր պատմական զարգացման մի կարեւոր հանգրվանի, միաժամանակ սկիզբն է մարմնավորում թերեւս ոչ պակաս կարեւոր, գուցե եւ ավելի պատասխանատու ժամանակաշրջանի։

Մեր ազգային պարտքն է՝ լիովին կյանքի կոչել Սահմանադրության հիմնարար սկզբունքները՝ ի կերտումն հիրավի ինքնիշխան, իրավական պետության, արդար, քաղաքացիական հասարակության եւ ապահով, բարեկեցիկ կյանքի։

Գալով Ազգային ժողովի ընտրության առիթին, նախ եւ առաջ պարտք եմ համարում մեր ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության առաջին խորհրդարանի բոլոր անդամներին, ովքեր անցման շրջանի դժվարագույն տարիներին քայլ առ քայլ դրին նորանկախ պետության հաստատուն հիմքերը, ստեղծեցին օրենսդրական այն անհրաժեշտ դաշտը, որն ապահովեց հանրապետության կայունությունն ու բնականոն կենսագործունեությունը։

Բոլոր հայտնի վերապահումներով ու թերակարծություններով հանդերձ, այսօր իսկ, սակայն, արդեն ակնհայտ է, որ առաջին խորհրդարանին վիճակված էր պատմական դեր խաղալ Հայոց պետականության վերականգնման, ժողովրդավարական կարգերի հաստատման եւ տնտեսական բարեփոխումների իրականացման գործում՝ մի դեր, որն, ըստ էության եւ ամբողջ տարողությամբ դեռեւս գնահատվելու է հետագայում՝ քաղաքական կրքերի հանդարտումից եւ կոնյունկտուրային նկատառումների վերացումից հետո։ Ազգային ժողովի մեծարգո պատգամավորներդ, ըստ այդմ, բարեբախտությունն ունեք ձեր գործունեությունը հիմնելու նախորդ խորհրդարանի կատարած հսկայածավալ օրենսդրական աշխատանքի եւ կուտակած հարուստ փորձի վրա, դրանով իսկ հնարավորություն ունենալով ապահովելու խորհրդարանական գործունեության ժառանգականությունը, մանավանդ որ ձեզանից շատերը եղել են Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորներ։

Շուտով դուք կհաստատեք ձեր օրենսդրական գործունեության քառամյա ծրագիրը, որի էությունն է լինելու Սահմանադրությամբ նախատեսված օրենքների փաթեթի ընդունումը։ Իհարկե, այսօր դեռեւս վաղ է խոսել ողջ փաթեթի մասին, բայց թերեւս ավելորդ չէ ընդգծել օրենսդրական հրատապ կարգավորում պահանջող երկու բնագավառների առաջնահերթությունը։ Կարծում եմ, դժվար չէ գուշակել, որ խոսքը վերաբերում է տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման, ինչպես նաեւ դատական համակարգի բարեփոխման բնագավառներին, որոնց կարգավորմանն ուղղված օրենքները կոչված են ամբողջացնելու պետական իշխանության կառույցն երի վերջնական ձեւավորումը։

Անդրադառնալով ընտրությունների քաղաքական արդյունքներին՝ կուզեի ձեր ուշադրությունը հրավիրել մի քանի հանգամանքների վրա։ Ընտրությունների ամենակարեւոր, կարելի է ասել պատմական նշանակություն ունեցող արդյունքը, ես համարում եմ այն, որ Հայաստանը փաստորեն դարձավ նախկին կոմունիստական համակարգի երկրներից միակը, որտեղ կոմունիստները չկարողացան ռեւանշ վերցնել, ավելին՝ նրանք իրենց դիրքերը զգալիորեն զիջեցին անգամ նախորդ խորհրդարանում ունեցած ներկայության համեմատ։

Սա լրացուցիչ եւ թերեւս ամենապերճախոս ապացույցն է պատմական այն անհերքելի ճշմարտության, որ կոմունիստական գաղափարախոսությունը Հայաստանում ոչ թե հիմնված է եղել ազգային արմատների վրա, այլ բռնությամբ պարտադրվել է օտար ուժերի կողմից եւ ծառայել բացառապես նրանց նպատակներին։

Ընտրությունների երկրորդ կարեւոր արդյունքը ազատական-ժողովրդավարական աջ ուժերի համոզիչ հաղթանակն էր, որը նշանակում է. - կառավարության որդեգրած սոցիալ-տնտեսական ծրագրի իրականացման քաղաքական երաշխիք, - ժողովրդավարության խորացման եւ ժողովրդավարական հաստատությունների վերջնական ձեւավորման պատեհություն, - Լեռնային Ղարաբաղի հարցի քաղաքական կարգավորման գործընթացի շարունակում, - կառուցողական մասնակցություն տարածաշրջանային եւ միջազգային ինտեգրացիոն գործընթացներին, - հավասարակշռված, խաղաղասիրական արտաքին քաղաքական կուրսի պահպանում, - կարճ ասած՝ Հայաստանի իշխանությունների մինչ այժմ իրականացրած քաղաքական եւ սոցիալ -տնտեսական գործունեության շարունակականության[1] ապահովում՝ հիմնված հստակ, իրագործելի ծրագրի եւ զարգացման կանխատեսելի հեռանկարի վրա։

Եւ վերջապես, ընտրությունների երրորդ նշանակալից արդյունքը պետք է համարել Հայաստանի կանանց, մասնավորապես՝ «Շամիրամ» միության հաջողությունը, որը հասարակական կյանքում կանանց դերի բարձրացման պերճախոս վկայությունն է։ Բավական է նշել, որ եթե նախորդ խորհրդարանում կանայք կազմում էին պատգամավորների միայն 2,5 տոկոսը, ապա Ազգային ժողովում նրանք ներկայացված են արդեն 5,5 տոկոսով։ Չեմ կասկածում, որ հարգելի տիկնայք ոչ միայն արդյունավետ կերպով կզբաղվեն օրենսդրական աշխատանքով, այլեւ խորհրդարանում կստեղծեն նուրբ եւ գեղեցիկ քաղաքական մթնոլորտ։

Վերջում եւս մեկ անգամ շնորհավորելով ձեզ՝ ժողովրդի վստահության բարձր պատվին արժանանալու եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման առթիվ, մաղթում եմ ձեզ առողջություն եւ անձնական երջանկություն, հանդարտ, շինարար, ստեղծագործական աշխատանք։

«Հայաստանի Հանրապետություն», 28 հուլիսի, 1995 թ.։
Հրատարակված՝ «Մաղթում եմ հանդարտ, շինարար, ստեղծագործական աշխատանք» վերնագրով։
ՀՀԱՆԱ, 28/27.07.95։ Բնագիր։ Ինքնագիր։

  1. Տպագրում՝ շարունակության, ըստ ձեռագրի ուղղում ենք շարունակականության։