Ելույթ Հայոց համազգային շարժման 7-րդ համագումարում



[էջ]

ԵԼՈՒՅԹ ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ 7-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ

խմբագրել
(23 դեկտեմբերի, 1995թ.)

Մեծարգո նախագահ,

Մեծարգո պատվիրակներ,

Ես առանձնակի հաճույքով եմ հանդես գալիս ՀՀՇ համագումարներում՝ դա դիտելով ընկերների ու համախոհների առջեւ պատասխանատվությունից բխող անկեղծ խոստովանության բնական միջավայրը։

Պատասխանատվությունը՝ պատասխանատվություն, սակայն այսօրվա իմ ելույթը ո՛չ հաշվետվություն է, ո՛չ էլ գործունեության ծրագիր։

Պարզապես ես ուզում եմ համառոտակի անդրադառնալ մի քանի հարցերի, որոնք շոշափում են ազգի եւ պետության կենսական շահերը՝ հետեւաբար մշտապես հուզելով մեր հասարակական միտքը։ Դրանք են. - Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակի գնահատականը, - Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ներկա վիճակը, - Հայաստան – Սփյուռք հարաբերությունների առանձնահատկությունները, - Հայաստանում քաղաքական ինստիտուտների ձեւավորման, մասնավորապես ՀՀՇ եւ «Հանրապետություն միավորման» կառույցների ամրապնդման հեռանկարները։

Թեեւ հարցերը քիչ կարող են թվալ, բայց ես պատրաստվում եմ դրանց անդրադառնալ հանգամանորեն, ուստի խնդրում եմ լցվել համբերությամբ։
[էջ]
* * *

Հայաստանի տնտեսական իրավիճակի գնահատման տեսակետից 1990–1995 թթ. ժամանակահատվածում պետք է նկատի ունենալ իրարից հստակ տարբերվող երեք փուլ.

1. Տնտեսության գահավիժման փուլ, որն ընդգրկում է 1990թ. հունվարից մինչեւ 1993 թ. նոյեմբերն ընկած ժամանակաշրջանը, այսինքն՝ մինչեւ Խորհրդային Միության՝ որպես տնտեսական համակարգի կազմալուծումը, որը խորհրդանշվեց միասնական ռուբլու գոտու քայքայմամբ եւ ազգային դրամների ներդրումով։

2. Տնտեսության կայունացման փուլ, որը տեւեց 1993թ. նոյեմբերից մինչեւ 1994 թ. դեկտեմբերը, երբ բացառապես հանրապետության ներքին ռեսուրսների եւ հումանիտար օգնության շնորհիվ հաջողվեց կասեցնել տնտեսության հետագա անկումը, մեղմացնել սղաճը եւ կայունացնել ազգային դրամը։

3. Տնտեսության վերելքի փուլ՝ սկսված 1994թ. դեկտեմբերի 1-ից՝ հանրապետության կառավարության եւ Միջազգային արժութային հիմնադրամի մշակած մակրոտնտեսական հավասարակշռության վերականգնման եւ տնտեսության զարգացման նախադրյալների ստեղծման համատեղ ծրագրի հիման վրա։

Ի դեպ, այս պարբերաբաժանումը լիովին հաստատվում է ոչ միայն վերլուծական տվյալներով, այլ նաեւ Հայաստանի տնտեսության դինամիկայի թվային ցուցանիշներով։ Ես ամենեւին չեմ պատրաստվում ձեզ ծանրաբեռնել մակրոտնտեսական կամ վիճակագրական տվյալներով, որոնք գուցեեւ հասկանալի են մասնագետներին, բայց հասարակ մահկանացուների համար չինական հիերոգլիֆներից չեն տարբերվում։

Կան, սակայն, մի քանի պարզ, բոլորին հասկանալի ցուցանիշներ, որոնք լիակատար պատկերացում կարող են տալ իրերի իրական վիճակի մասին։ Բավարարվենք մի քանիսով։

- Հայաստանի Հանրապետության բյուջեի եկամուտները 1993թվականին կազմել են 44 մլն, 1994 թվականին՝ 94 մլն, իսկ 1995-ին՝ 216 մլն դոլար, այսինքն՝ բյուջեի եկամտային մասը երեք տարվա ընթացքում աճել է 4,9 անգամ։ Բյուջեի հարկային մուտքերը 1993 թվականին կազմել են 23 մլն, իսկ 1994 եւ 1995
[էջ]
թվականներին համապատասխանաբար՝ 66 եւ 134 մլն դոլար, ըստ այդմ՝ երեք տարում ավելանալով 5,9 անգամ։

- Միջին ամսական անվանական աշխատավարձը 1993 թվականին կազմել է 7,5 (բյուջետային ոլորտում՝ 6,1, ոչ բյուջետային ոլորտում՝ 8,3), 1994 թվականին՝ 6,0 (բյուջետային ոլորտում՝ 3,0, ոչ բյուջետային ոլորտում՝ 8,0), իսկ 1995-ին՝ 15,6 (բյուջետային ոլորտում՝ 8,9, ոչ բյուջետայինում՝ 19,2) դոլար։

- Սղաճը 1993թ. դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ կազմել է 3727 տոկոս (այսինքն՝ 37,27 անգամ), 1994 թվականին՝ 1884,5 տոկոս (շուրջ 19 անգամ)։ Նույն տարիներին սպառողական գները բարձրացել են համապատասխանաբար՝ շուրջ 110,19 եւ 1,2 անգամ։ - Դրամի կուրսը ամերիկյան դոլարի համեմատ 1993թ. Նոյեմբեր – 1994թ. Մայիս ամիսների ընթացքում ընկել է 22 անգամ, 1994 թ. հաջորդ ամիսների ընթացքում տատանվել է 350 դրամի շուրջ, իսկ 1995թ. բոլոր ամիսներին՝ պահպանվել գրեթե անփոփոխ (405–406 դրամ)։ - Մի պերճախոս թիվ էլ՝ եւ վերջ. 1995 թվականին Հայաստան է ներմուծվել ավելի շատ բենզին, քան նախորդ երեք տարիներին միասին վերցրած։ Ի դեպ, չար գուշակություններին հակառակ, բենզինի հոսքը նույն ծավալներով շարունակվում է նաեւ ակցիզային հարկի սահմանումից հետո, օրական շուրջ 1000 տոննայի սահմաններում։

Նշելով այս ամենը, ես բոլորովին միտք չեմ հետապնդում գունազարդել պատկերը եւ հավակնոտ եզրակացություններ կատարել։ Հակառակը, կարծում եմ, որ նշված փաստերը ո՛չ լուրջ նվաճումներ համարելու, ո՛չ էլ ավելորդ էյֆորիայի հիմքեր դեռեւս չեն տալիս։ Նրանք ընդամենը վկայում են տնտեսության կայունացման հանդարտ գործընթացի եւ հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման հարաճուն դրական միտումների մասին, որոնք, վստահ եմ, մենք կպահպանենք նաեւ առաջիկա տարիներին՝ ձգտելով հետեւողականորեն իրականացնել «Հանրապետություն միավորման» նախընտրական ծրագիրը։
[էջ]
Դրականի հետ մեկտեղ, հարկ եմ համարում նաեւ նշել այն բոլոր հիմնական թերացումներն ու սխալները, որոնք անցյալ տարիների ընթացքում թույլ են տվել Հայաստանի ներկա իշխանությունները։ Իհարկե, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կարելի է գտնել թերացումների ու սխալների տրամաբանական բացատրություններ կամ արդարացումներ, սակայն ես կխուսափեմ նման մոտեցումից, բավարարվելով միայն չոր փաստերով։

Առաջին լուրջ սխալը, որն ունեցավ չափազանց ծանր հետեւանքներ, ես համարում եմ ազգային դրամի ներդրման հարցում մեր դրսեւորած հապաղումը 1993 թվականին։ Ճիշտ է՝ այդ հապաղումն ուներ ծանրակշիռ քաղաքական պատճառ, այն է՝ վտանգի չենթարկել Հայաստանը՝ ռուբլու գոտու քայքայման եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման նախաձեռնողը լինելու մեղադրանքով, բայց հետին հաշվարկով, կարծում եմ, մենք պարտավոր էինք գործել ավելի համարձակ։ Դրանով եթե անգամ չկարողանայինք խուսափել 1993 թ. Աշնանն արձանագրված անկառավարելի արժեզրկումից, ապա, անկասկած, գոնե զգալիորեն կմեղմեինք այն։

Երկրորդ սխալն, իմ կարծիքով, սեփականաշնորհման գործընթացի դանդաղեցումը, իսկ ավելի խիստ արտահայտված՝ ըստ էության նրա կասեցումն էր 1993–1994 թվականների ընթացքում։ Այստեղ նույնպես, ցանկության դեպքում, կարելի է փնտրել եւ գտնել բազում բացատրություններ, բայց արդարացում չեմ տեսնում։ Սեփականաշնորհման գործընթացի դանդաղեցումն, իմ խորին համոզմամբ, առնվազն մեկ տարով ետ գցեց տնտեսական բարեփոխումների իրականացումը Հայաստանում։ Չեմ կարող չնշել նաեւ սեփականաշնորհվող օբյեկտների գնահատման մեթոդիկայում եւ սեփականաշնորհման պրակտիկայում տեղ գտած լուրջ թերությունները, որոնք հասարակության մեջ տեղիք են տալիս ավելորդ կասկածների եւ ասեկոսեների։

Իշխանությունների երրորդ լուրջ թերացումը, եթե կուզեք՝ սխալը, անցած տարիներին իրավապահ եւ տնտեսական վերահսկողական մարմինների գործունեության նկատմամբ պատշաճ պահանջկոտության անտեսումն էր։ Ոչ ոք չի կարող հերքել, իհարկե, հարկային տեսչության, մաքսային վարչության, ներքին գործերի նախարարության, դատախազության եւ դատարանական համակարգերում տարածված
[էջ]
կաշառակերության, անօրինական գործողությունների աղաղակելի երեւույթները։ Միջոցներ, անշուշտ, ձեռք են առնվել, այդ մարմինների բազմաթիվ ծառայողներ ենթարկվել են պատիժների, բայց վիճակը դեռեւս շատ հեռու է մխիթարական համարվելուց։

Եւ վերջապես, հաջորդ կոնկրետ սխալներն եմ դիտում կառավարության կողմից 1995 թ. բյուջեի եկամտային մասում թույլ տված կոպիտ հաշվարկը եւ գազի ներմուծման դիմաց Թուրքմենստանին շուրջ 50 միլիոն դոլարի պարտքի գոյացումը։

Նկատի ունենալով Հայաստանի տնտեսական կյանքում առկա դրական միտումները եւ հաշվի առնելով թվարկված սխալներն ու թերացումները, կարծում եմ, ինքնըստինքյան ենթադրելի են մեր առաջիկա հրատապ խնդիրները.

ա) Շեշտակիորեն արագացնել ու կանոնավորել սեփականաշնորհման գործընթացը։ Ճիշտ է՝ ասեկոսեներն ու բամբասանքները դրանով չեն վերանալու։ Երկնքից հրեշտակ էլ իջնի եւ սեփականաշնորհում իրականացնի, միեւնույն է, այն լինելու է քաղաքական շահարկման մշտական առարկա։ Անկախ ամեն ինչից, սակայն, ակնհայտ է, որ սեփականաշնորհման գործընթացում անհրաժեշտ է իրականացնել հետեւյալ հրատապ միջոցառումները.

- սեփականաշնորհվող օբյեկտների գնահատման մեթոդիկայի ճշգրտում, - փակ բաժնետիրական ընկերությունների սեփականաշնորհման խիստ կանոնակարգում, - Ազգային ժողովի կողմից սեփականաշնորհման գործընթացի նկատմամբ մշտական վերահսկողության մեխանիզմների ձեւավորում։

բ) Ուժեղացնել պայքարը իրավապահ եւ տնտեսական վերահսկողության մարմինների համակարգում, ինչպես նաեւ նախարարությունների եւ գերատեսչությունների ապարատում դրսեւորվող կաշառակերության, անօրինական գործողությունների, քաղաքացիների իրավունքների ոտնահարման երեւույթների դեմ։ Հարկային տեսչության, մաքսային վարչության եւ ներքին գործերի նախարարության համակարգում անցկացնել ծառայողների պարբերական ատեստացիաներ եւ ազատվել անմաքուր տարրերից։ Ձգտել հասնել այնպիսի ներդաշնակության,
[էջ]
որպեսզի այդ մարմինները մի կողմից կարողանան պայքարել ստվերային տնտեսության դրսեւորումների դեմ, իսկ մյուս կողմից՝ իրենց անհարկի, ինչո՞ւ չէ՝ հաճախ նաեւ հանցավոր միջամտություններով չխոչընդոտեն ազատ ձեռներեցության զարգացումը։

գ) Շուտափույթ միջոցներ ձեռնարկել գազի ներմուծման դիմաց Թուրքմենստանի նկատմամբ գոյացած պարտքի մարման ուղղությամբ։ Ապահովել էլեկտրաէներգիայի մատակարարման, կոմունալ ծառայությունների, ոռոգման գծով վճարումների կարգապահությունը։

Բացի այս կոնկրետ քայլերից, հանրապետության առջեւ մշտապես ծառացած են նաեւ ավելի լայն, ստրատեգիական բնույթի խնդիրներ՝ կապված կապիտալ ներդրումների մեծացման, արտադրության ոլորտի տեխնոլոգիական վերազինման, մասնավոր ներդրումների խթանման, ինչպես նաեւ շրջափակումների հաղթահարման հետ։ Ի դեպ, շրջափակումների մասին։ Ոմանց թվում է, թե շրջափակման գործոնը դիտավորությամբ շահարկվում է Հայաստանի իշխանությունների կողմից՝ իրենց անհաջողություններն արդարացնելու նպատակով։ Ասվում է նաեւ, թե իբր Հայաստանն իրականում շրջափակված չէ, քանի որ սեւծովյան նավահանգիստների եւ Իրանի միջոցով ազատ հաղորդակցվում է արտաքին աշխարհի հետ։ Սակայն ի՞նչ արժե այդպիսի հաղորդակցությունը՝ ոչ ոքի չի հետաքրքրում։ Բերեմ միայն երկու փաստ, որոնք, իմ կարծիքով, հստակ պատկերացում են տալիս շրջափակումների իրական հետեւանքների մասին.

- 1 տոննա վառելիքի տեղափոխման ծախսերը Տուապսեից Երեւան՝ նավահանգիստ – ծով – նավահանգիստ – երկաթուղի սխեմայով այսօր կազմում են 34 ամերիկյան դոլար։ Աբխազական երկաթուղով տեղափոխման դեպքում դրանք կկազմեին 24 դոլար, այսինքն՝ կունենայինք շուրջ 30 տոկոսի խնայողություն։

- Եթե, Աստված մի արասցե, մեկ շաբաթով դադարի Հայաստան – Իրան կամրջի գործունեությունը, ապա գները հանրապետությունում կաճեն երկու անգամ, այսինքն՝ տեղի կունենա բնակչության կենսամակարդակի 100 տոկոսանոց անկում։

Ահա թե ինչ է նշանակում շրջափակումը, եւ որքանով է այն խոչընդոտում Հայաստանի տնտեսության նորմալ զարգացմանը։ Ուստի, քանի դեռ չեն վերացել շրջափակումները՝ խոսել տարածաշրջանային եւ
[էջ]
միջազգային տնտեսական համակարգ երում Հայաստանի լիարժեք ինտեգրացման մասին, պարզապես ծիծաղելի պետք է համարել։
* * *

Գաղտնիք չէ, որ շրջափակումների վերացումը համարյա բացառապես կախված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումից, որը, անկախ նույնիսկ շրջափակումների պարագայից, ինքնին հանդիսանում է Հայաստանի առջեւ ծառացած կարեւորագույն քաղաքական խնդիրը։

Հակամարտության կարգավորման ներկա փուլը բնութագրվում է ավելի քան մեկուկես տարի տեւող կայուն զինադադարով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող ինտենսիվ բանակցություններով, որոնց Լեռնային Ղարաբաղը մասնակցում է որպես լիարժեք կողմ։

Հայաստանն այդ բանակցություններում հանդես է գալիս հետեւյալ հստակ դիրքորոշմամբ. հակամարտությունը պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման սկզբունքի հիման վրա եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության քաղաքական ու ֆիզիկական երաշխիքների ապահովման պայմանով։

Ադրբեջանն ու միջազգային հանրությունը այդ դիրքորոշմանը հակադրում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության սկզբունքները՝ ընդունելով հանդերձ Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխիքների ապահովման անհրաժեշտությունը։

Բանակցությունների արդյունավետությունն առայժմ ամենեւին համարժեք չէ նրանց ինտենսիվությանը, որը բացատրվում է նախ եւ առաջ կողմերի դիրքորոշումների կոշտությամբ, ապա այն հանգամանքով, որ միջազգային հանրությունը մինչ այժմ հիմնականում զբաղված էր բոսնիական խնդրի կարգավորմամբ։

Այդ հարցի լուծումից հետո միջազգային հանրությունը, բնականաբար, ավելի շատ ուշադրություն է դարձնելու ղարաբաղյան հակամարտությանը, եւ մենք դրա միտումներն արդեն իսկ զգում ենք։

Քաջ գիտակցելով, որ միջազգային հանրությունը երկար չի հանդուրժի Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ տիրող ո՛չ պատերազմ – ո՛չ խաղաղություն իրավիճակը, Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը
[էջ]
բանակցություններում պետք է հանդես գան ավելի ճկուն եւ կառուցողական մոտեցումներով։

Ես համոզված եմ, որ 1996 թվականը լինելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում եթե ոչ վճռական, ապա առնվազն լուրջ առաջընթաց նշանավորող տարի։

Բոլոր դեպքերում Հայաստանն առաջնորդվում է եւ այսուհետեւ էլ առաջնորդվելու է հարցի կարգավորման եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման պատասխանատվության գիտակցությամբ։

* * *

Ղարաբաղի խնդրից հետո ազգային միտքը հուզող երկրորդ կարեւոր հարցը Հայաստան – Սփյուռք հարաբերությունների ներկա վիճակն է։

Հայաստանի եւ Սփյուռքի ընդդիմադիր մամուլում հարցը ներկայացվում է այնպես, թե իբր այդ հարաբերություններում առկա է խոր ճգնաժամ, թե իբր Հայաստանի իշխանությունները Սփյուռքի նկատմամբ կիրառում են խտրական, պառակտողական քաղաքականություն, ավելին՝ նույնիսկ վերարծարծվում է արեւելահայ – արեւմտահայ ժամանակավրեպ հակադրությունը (որ ընդհանրապես ծիծաղելի է, եթե նկատի ունենանք, որ Արեւելահայաստանը Նախագահ է ընտրել արեւմտահայի)։

Խորին գոհունակությամբ պետք է հայտարարեմ, որ, բարեբախտաբար, սա խաբուսիկ տպավորություն է, որն ստեղծվում է որոշ ուժերի կողմից բացառապես քաղաքական շահարկումների նկատառումով, իսկ եզակի դեպքերում՝ զուտ հոգեբանական բարդույթներով։

Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ իրականում ոչ միայն որեւէ լուրջ հակասություն գոյություն չունի, այլեւ նրանց հարաբերությունները երբեք այնքան սերտ, ջերմ ու գործնական չեն եղել, քան այսօր։

Անկախ Հայաստանն առաջին իսկ օրից Սփյուռքում փնտրեց իր զորացման լրացուցիչ մտավոր, քաղաքական եւ նյութական կարողություններ, եւ բոլոր այդ բնագավառ ներում արձանագրեց համագործակցության՝ եթե ոչ դեռեւս լիովին բավարար, բայց միանգամայն արդյունավետ իրողություններ, իսկ Սփյուռքն իր հիմնական զանգվածով եւ
[էջ]
համարյա բոլոր ծանրակշիռ կառույցներով ձգտեց այդ կարողություններն ի սպաս դնել Հայաստանի շենացման ու զորացման գործին։

Խոսենք փաստերով։

Աշխարհում այսօր գոյություն ունի համասփյուռքյան, կամ ավելին՝ համահայկական, ինը հաստատություն.

- Հայ Առաքելական Եկեղեցու Էջմիածնական աթոռը, - Հայ Առաքելական Եկեղեցու Կիլիկիո աթոռը, - Հայ Կաթողիկե Եկեղեցին, - Հայ Ավետարանական Եկեղեցին, - Հայ հեղափոխական դաշնակցությունը, - Ռամկավար-ազատական կուսակցությունը, - Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, - Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, - եւ վերջապես՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը։

Սրանց պետք է գումարել թերեւս նաեւ «Ամերիկայի հայկական համագումարը», որը թեեւ համասփյուռքյան կառույց չէ, բայց լուրջ քաղաքական կշիռ ունի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Այս տաս հաստատություններից ինը գրեթե անվերապահորեն պաշտպանում են Հայաստանի ներկա իշխանությունների գործունեությունը արտաքին քաղաքականության, տնտեսական բարեփոխումների եւ ժողովրդավարության հաստատման բնագավառներում։ Միակ կազմակերպությունը, որ չի հաշտվում այս իրականության հետ, Հայ հեղափոխական դաշնակցությունն է, իսկ ավելի ճիշտ՝ դաշնակցական նոմենկլատուրան, որը չի արտահայտում անգամ ոչ միայն կուսակցու- թյան համակիրների, այլեւ շարքերի ամբողջական տրամադրությունը։

Հայաստանի իշխանությունների եւ դաշնակցական նոմենկլատուրայի հակասությունը մատուցել որպես հակասություն Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ՝ ոչ միայն մոլորություն է, այլեւ կեղծարարություն, որովհետեւ դաշնակցության ազդեցությունը տարածվում է սփյուռքահայության հազիվ մեկ-երկու տոկոսի վրա, եւ որքան հակասությունը սրվի, այնքան այդ ազդեցությունը նվազելու է։

Ժխտելով Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ գոյություն ունեցող հորինածո հակասությունը, չեմ կարող չնշել, սակայն, որ ներդաշնակության
[էջ]
պակաս, երկխոսության մեխանիզմի անկատարություն, որոշակի շփոթիրոք գոյություն ունի։

Դա առաջին հերթին բացատրվում է Սփյուռքի առանձնահատկությամբ։ Հայաստանն իսկապես լուրջ դժվարություն ունի սփյուռքահայության կամքն արտահայտող խոսակից գտնելու հարցում, որովհետեւ Սփյուռքը չունի ոչ միայն որեւէ համասփյուռքյան ներկայացուցչական մարմին, այլեւ այդպիսիք գոյություն չունեն անգամ ներգաղութային մակարդակում։ Նման ներկայացուցչական մարմնի ստեղծումը, սակայն, ժամանակի հարց է, եւ վստահ եմ, որ այն երբեւէ իրականություն կդառնա։

Որոշակի շփոթ է առաջացնում նաեւ Հայաստանի Հանրապետությունում կրկնակի քաղաքացիության իրավունքի բացակայության փաստը՝ դիտվելով որպես սփյուռքահայության նկատմամբ խտրական վերաբերմունքի արտահայտություն կամ ավելի խիստ՝ որպես ազգի միասնությանը սպառնացող ահավոր վտանգ։ Այս գնահատականը ես նույնպես համարում եմ մոլորություն կամ չարամտություն։

Առաջին հայացքից կարող է իսկապես հիմնավոր թվալ այն հարցը, թե ինչն էր խանգարում՝ սփյուռքահայերին օժտել կրկնակի քաղաքացիության իրավունքով։ Չէ՞ որ դրանով կխորհրդանշվեր ազգի միասնությունը։

Իրականում, սակայն, դա իսկապես կունենար միայն խորհրդանշական նշանակություն։ Հոգեբանական առումով, թեեւ, այդ նշանակությունն անգամ չպետք է թերագնահատել, բայց մենք պարտավոր էինք հարցին մոտենալ պետականության ամրապնդման գործնական նկատառումներով։

Նախ, ոչ մի սփյուռքահայ զրկված չէ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունքից, ավելին՝ նա ազատված է օտարերկրացիների համար սահմանված բոլոր պայմաններից։

Երկրորդ, բազմաթիվ երկրներում, որտեղ գոյություն ունեն հոծ հայկական գաղութներ, կրկնակի քաղաքացիությունն ինքնին արգելված է, ուստի այդ իրավունքը կունենար վերացական նշանակություն։

Երրորդ, կրկնակի քաղաքացիության ձեռքբերմամբ սփյուռքահայությունը շատ երկրներում կկորցներ իր քաղաքական ազդեցությունը՝ դիտվելով որպես օտար տարր։
[էջ]
Եւ չորրորդ, սփյուռքահայությանը կրկնակի քաղաքացիության իրավունք շնորհելու դեպքում նույն իրավունքը պետք է շնորհվեր նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որ հղի էր, սակայն, ազգային անվտանգությանն սպառնացող լուրջ հետեւանքներով։ Այսօր արդեն մենք ականատեսն ենք այն իրողության, որ Հայաստանի բազմաթիվ բնակիչներ, օգտվելով իրենց կրկնակի քաղաքացիության հանգամանքից, խուսափում են պետության նկատմամբ իրենց պարտավորությունների կատարումից, մասնավորապես զինապարտությունից։

Հայաստան – Սփյուռք հարաբերությունների ներկա վիճակն, այսպիսով, ո՛չ լուրջ անհանգստության, ո՛չ էլ առանձնակի ոգեւորության հիմք չի տալիս։ Այդուամենայնիվ, գիտակցելով այդ հարաբերությունների կարեւորությունը, Հանրապետության Նախագահի աշխատակազմում շուրջ մեկ տարի առաջ ստեղծվել է հատուկ աշխատախումբ, որում ընդգրկված են Հայաստանի եւ Սփյուռքի լավագույն մասնագետները։ Աշխատախմբի նպատակն է մշակել Հայաստան – Սփյուռք հարաբերությունների զարգացման համալիր ծրագիր եւ ձեւավորել նրա իրականացման համար անհրաժեշտ կառույցներ։ Աշխատախումբն արդեն կազմակերպել է մի շարք սեմինարներ եւ առանձին խորհրդակցություններ։ Առաջիկայում մեր հասարակությունը հնարավորություն կունենա ծանոթանալու կատարված աշխատանքի արդյունքներին։

* * *

Իսկ այժմ ուզում եմ անդրադառնալ իմ ելույթի վերջին հարցին. այն է՝ Հայաստանում քաղաքական ինստիտուտների ձեւավորման գործընթացին։

Հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրությամբ մենք փաստորեն ամրագրեցինք պետական եւ տնտեսական ինստիտուտների համակարգը, սահմանեցինք օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների լիազորություններն ու գործունեության ոլորտները, ինչպես նաեւ մասնավոր սեփականության, ազատ ձեռներեցության իրավունքները։

Սակայն պետության պարտքն է հոգալ ոչ միայն պետական ու տնտեսական կառույցների, այլեւ հասարակական եւ քաղաքական ինստիտուտների ստեղծման մասին։ Ըստ այդմ, կուսակցությունների՝ որպես ժողովրդավարության հիմնական հաստատությունների ձեւավորումը մտնում է պետության կարեւորագույն խնդիրների մեջ։
[էջ]
Այս տեսակետից ես հատկապես ուզում եմ կարեւորել «Հանրապետություն միավորման» ձեւավորման փաստը՝ ո՛չ սոսկ որպես նախընտրական համագործակցության արտահայտություն, այլ որպես Հայաստանի հիրավի ազգային, ազատական ժողովրդավարական ուժերի ապագա լայն դաշինքի ստեղծման հեռանկար։

Ըստ այդմ, ՀՀՇ-ն պարտավոր է ոչ միայն ամրապնդել այդ միավորումն ու նրա խորհրդարանական խմբակցությունը, այլեւ քայլեր ձեռնարկել՝ նրա շարքերն ընդլայնելու ուղղությամբ։

Այդ առումով, կարծում եմ, ժամանակն է, որպեսզի «Հանրապետություն միավորումը» բանակցություններ սկսի գաղափարակից այլ հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների հետ՝ ՀՌԱԿ, «Շամիրամ», Ժողովրդական կուսակցություն, Երկրապահների միություն եւ այլն։

Բայց դա քիչ է, անհրաժեշտ է ընդլայնել նաեւ ազատական, ժողովրդավարական ուժերի սոցիալական բազան։ Ե՛ւ ՀՀՇ-ն, ե՛ւ «Հանրապետություն միավորման» մեջ մտնող մյուս կուսակցություններն այսօր, կարծեք, զուտ վերնաշենքային կառույցներ են։ Թեեւ նրանք ունեն իրենց սոցիալական բազան, թեեւ արտահայտում են հասարակության որոշ խավերի, որոշ շերտերի՝ սեփականատերերի, ազատ ձեռներեցների, արդյունաբերողների շահերը, բայց այդ սոցիալական բազան դեռեւս ձեւավորված կառույցների չի վերածված։

Մինչդեռ մենք այսօրվանից արդեն պետք է մտածենք ոչ թե եւ ոչ միայն մարտավարական խնդիրների, այլեւ Հայաստանի՝ որպես ժողովրդավարական, իրավական պետության ապագա կայուն քաղաքական կառույցների մասին։

Որքան էլ լավ Սահմանադրություն կամ պետական իշխանության հզոր կառույցներ ունենանք, եթե չունենանք նաեւ լուրջ քաղաքական ինստիտուտներ, այդ ամենը վտանգի կարող ենք ենթարկել։

Մենք այսօր ուրախանում ենք մեր բազմակուսակցականության իրողությամբ, ժողովրդավարական ավանդույթների ձեւավորման հանգամանքով, ունեցել ենք երեք ազատ ընտրություն, երկու հանրաքվե, առաջացել են հայտնի կուսակցություններ, քաղաքական խմբավորումներ, բայց խոսել դրական առումով Հայաստանում կուսակցություննե
[էջ]
րի կայացման մասին, կարծում եմ, դեռեւս շատ վաղ է։ Բայց նաեւ ուշացնել այդ գործընթացը՝ մենք իրավունք չունենք։

Իմ խորին համոզմամբ, Հայաստանում, մեր կամքից անկախ, տեղի են ունենալու այն բոլոր քաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունենում ժողովրդավարության ուղին բռնած մյուս երկրներում։ Ձեւավորվելու է, ըստ էության, երեք քաղաքական ուղղություն՝ աջ ուժեր, որոնք պաշտպանում են մասնավոր սեփականության, ազատ ձեռներեցության շահերը, ձախ ուժեր, որոնց շեշտադրումը ժողովրդի սոցիալական կարիքների բավարարումն է, եւ լուսանցային (մարգինալ) ուժեր, որոնք մշտապես ուղեկցելու են ժողովրդավարությանը, բայց վերջինիս ուժեղ լինելու դեպքում երբեք չեն վտանգելու պետության կենսագործունեությունը. դրանք ծայրահեղ ազգայնական (նացիոնալիստական) ուժերն են, որոնք կան աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում եւ Հայաստանում չլինել չեն կարող։

Այս երեք քաղաքական ուղղություններից կամ ուժերից այսօր վերջնական ձեւավորմանն ամենամոտը աջ ուժերի դաշինքն է, որի ամենապերճախոս վկայությունը «Հանրապետություն միավորման» առկայությունն է։ Ազգի միասնությունից, ազգային համերաշխությունից խոսում էինք ոչ թե մենք, այլ խոսում, աղաղակում էր ընդդիմությունը։ Բայց նա չկարողացավ փոքրիշատե միավորվել անգամ մի այնպիսի փոքրիկ հարցում, ինչպիսին ընտրությունների միջոցով որպես հրեշ ներկայացվող իշխանություններից ազատվելու հարցն էր։ Եթե այս նպատակի շուրջ անգամ չկարողացան միավորվել, էլ ո՞ր հարցում են նրանք միավորվելու։

Մենք չխոսեցինք այդ մասին, մենք չաղաղակեցինք, բայց գործով իրականացրինք։ Եւ բնական էր, որ առաջին հերթին հենց աջ ուժերին հաջողվեց միավորվել։ Որովհետեւ հանրապետությունում այսօր հիմնականում ընթանում են դրան նպաստող գործոնները՝ ժողովրդավարության խորացում, սեփականաշնորհման ծավալում, սեփականատերերի խավի ձեւավորում, ազատ ձեռներեցության հնարավորությունների ընդլայնում եւ այլն։

Մենք ժողովրդից թաքցնելու բան չունենք. մեր գաղափարախոսությունը հիմնված է ժողովրդավարության, ազատ շուկայական տնտեսության, սեփականատերերի, ազատ ձեռներեցների իրավունքների
[էջ]
պաշտպանության սկզբունքների վրա, որովհետեւ համոզված ենք, որ դրանից է կախված ժողովրդի բարեկեցության եւ պետության բարգավաճման ապահովումը։ Եւ բոլոր այն ուժերը, որոնք Հայաստանում դավանում են այս գաղափարներն ու սկզբունքները, վաղ թե ուշ, անգամ հակառակ մեր կամքի, միավորվելու են։

Ուստի գտնում եմ, որ մենք պարտավոր ենք այդ գործընթացը դնել կառավարելի հունի մեջ՝ «Հանրապետություն միավորման» շուրջ ձեւավորելով աջ ուժերի ավելի լայն կոալիցիա։

Դրանում, բացի վերը թվարկված կազմակերպություններից, պետք է ընդգրկվեն Արդյունաբերողների միությունը, Գործարարների միությունը եւ Գյուղացիական սեփականատերերի միությունը, որոնք դեռ պետք է կազմակերպական ձեւ ստանան։

Սկզբնական շրջանում այդ կոալիցիան, պահպանելով «Հանրապետություն միավորում» անվանումը (կրճատ՝ հանրապետականներ), ըստ երեւույթին, կունենա դաշնության կամ համադաշնության բնույթ (ֆեդերացիա կամ կոնֆեդերացիա)։ Կոալիցիայի մեջ մտնող յուրաքանչյուր կազմակերպություն կպահպանի իր ինքնավարությունը, միաժամանակ ստեղծելով համակարգող կենտրոնական մարմիններ։ Իսկ ժամանակի ընթացքում, չեմ կասկածում, որ տեղի կունենա նրանց համաձուլում՝ ԱՄՆ Հանրապետական կամ ՄեծԲրիտանիայի Պահպանողական կուսակցության տիպի մի հզոր կազմակերպություն ստեղծելու նպատակով։

Ես պատրաստ եմ գլխավորել այդ շարժումը եւ հանդես գալ որպես աջ ուժերի առաջնորդ կամ կոալիցիայի նախագահ։ Եւ եթե դուք ինձ լիազորում եք, համարեք, որ այդ աշխատանքը ես այսօրվանից սկսել եմ։

Այստեղ, իհարկե, ես պարտավոր եմ նշել մի վտանգ. կարող է ստեղծվել այն տպավորությունը, որ ձեւավորվում է մի գերկուսակցություն, որն ապագայում կունենա ամբողջատիրական կամ մենատիրական հավակնություններ։ Ավելին, ես տեսնում եմ նաեւ ներքին վտանգ. հակակշիռների բացակայության դեպքում մենք, որպես քաղաքական կազմակերպություն, կարող է դառնանք սեփականատերերի գերին, նրանց պատանդը։

Իհարկե, սեփական շահերից բացի, նրանք էլ ստիպված են հաշվի նստել ժողովրդի սոցիալական պահանջների հետ, որովհետեւ աշխարհ
[էջ]
ում չկա կապիտալիստ, որ դրա հետ հաշվի չնստի, բայց այս ներքին գիտակցումից բացի անհրաժեշտ են նաեւ արտաքին հակակշիռներ։ Այսինքն, նման գերկուսակցության կողքին անհրաժեշտ է նաեւ սոցիալիստական տիպի կուսակցության գոյությունը։ Եւ այդ կուսակցությունն էլ, մեր կամքից անկախ, վաղ թե ուշ ստեղծվելու է։ Սոցիալիզմի գաղափարը հավերժական գաղափար է եւ մշտապես ուղեկցելու է մարդկությանը. Հայաստանը չի կարող այս հարցում եւս օրիգինալ լինել։

Ես առայժմ չգիտեմ, թե ովքեր են այն մարդիկ, որ դա իրականացնելու են, բայց որ ուժեղ սոցիալիստական կուսակցություն Հայաստանում ստեղծվելու է, չեմ կասկածում։ Եւ անհրաժեշտ է, որ ստեղծվի։ Այլապես կառաջանա մի վիճակ, երբ կգերակայեն սեփականատերերի շահերը՝ ի հաշիվ ժողովրդի սոցիալական կարիքների բավարարման։

Ահա, եթե կուզեք, օգտվելով կոմունիստական տերմինոլոգիայից, կուսակցական շինարարության այն մոտավոր ծրագիրը, որը ես համարում եմ հրամայական եւ իրականանալի, միաժամանակ, ինչպես վերը նշեցի, նույնքան կարեւոր, որքան պետական եւ տնտեսական կառույցների ձեւավորումը։

«Հայաստանի Հանրապետություն», 26 դեկտեմբերի, 1995 թ.։
Հրատարակված՝ «Ժողովրդի բարեկեցությունն ու պետության բարգավաճումը ապահովենք միասին» վերնագրով։

ՀՀԱՆԱ, 28/23.12.95։ Բնագիր։ Ինքնագիր։