Ելույթ հայկական հեռուստատեսությամբ՝ ազգային դրամի ներդրման առթիվ



[էջ]

ԵԼՈՒՅԹ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ՝ ԱԶԳԱՅԻՆԴՐԱՄԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՌԻԹՈՎ

խմբագրել
(19 նոյեմբերի, 1993 թ.)

Սիրելի հայրենակիցներ, Վերջին օրերին հանրապետության առանց այն էլ ծանր սոցիալ-տնտեսական կացությունը նոր փորձության ենթարկվեց` կապված դրամաշրջանառության կազմալուծման եւ հիպերինֆլյացիայի նոր դրսեւորումների հետ։ Նման իրավիճակներ ստեղծվեցին բոլոր այն նորանկախ երկրներում, որտեղ դեռեւս պաշտոնական շրջանառության մեջ էին ԽՍՀՄ պետբանկի եւ ՌուսաստանիԴաշնության կենտրոնական բանկի 1961–1992 թթ. նմուշի դրամանիշերը։

Ձեզ քաջ հայտնի է, որ Հայաստանը նախկին Խորհրդային Միության մի շարք հանրապետությունների եւ Ռուսաստանի Դաշնության հետ դեռեւս այս տարվա սեպտեմբերին համաձայնագիր ստորագրեց միասնական ռուբլու գոտի ստեղծելու վերաբերյալ։ Ստորագրվեց նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմանի համաձայնագիր։

Միասնական ռուբլու գոտու ստեղծումը եւ դրա նկատմամբ մեր դիրքորոշումը թելադրված էր ինչպես ընթացիկ խնդիրների լուծման անհրաժեշտությամբ, այնպես էլ երկարաժամկետ տնտեսական, սոցիալական, քաղաքական ու աշխարհաքաղաքական նկատառումներով։

Մենք արեցինք մեզանից կախված ամեն ինչ՝ միասնական ռուբլու գոտու ձեւավորման խնդիրը քաղաքակիրթ, փոխհամաձայնեցված քայլերով իրականացնելու համար։
[էջ]
Ռուսաստանի կոշտ դիրքորոշման եւ անջատ գործողությունների պատճառով, սակայն, ֆինանսական համակարգի փլուզման գործընթացը դուրս եկավ վերահսկելի հունից, եւ պահանջվեց ընթացքից մոտեցումների վերանայում։

Արդյունքում` Ռուսաստանն ինքը դուրս մնաց ռուբլու գոտուց. օրերս նրան հետեւեցին Ղազախստանն ու Ուզբեկստանը, եւ մենք նույնպես պետք է կատարենք մեր ընտրությունը։ Ռուբլու գոտու ձեւավորման նման հեռանկարը, որքան էլ անցանկալի, այնուամենայնիվ, մեր կողմից կանխատեսվում էր, ու դրան համապատասխան ձեռնարկվում էին անհրաժեշտ քայլեր։ Մասնավորապես՝ ամբողջությամբ տպագրվեց եւ հանրապետություն փոխադրվեց ազգային դրամանիշը` Դրամը։ Ակտիվ բանակցություններ ծավալվեցին Միջազգային վալյուտային ֆոնդի, տարբեր երկրների հետ` ազգային դրամի հնարավոր ներդրման դեպքում դրա կայունությանն օժանդակող քայլեր ձեռնարկելու ուղղությամբ։

Դրամաշրջանառության կարգավորման համալիր միջոցառումներ մշակելու եւ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից 1993 թ. հոկտեմբերի 13-ին ստեղծվեց հատուկ պետական հանձնաժողով։ Եւ ահա, համակողմանիորեն գնահատելով ստեղծված նոր կացությունն ու առաջնորդվելով օրենքով իրեն վերապահված իրավասություններով, Դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովը որոշել է 1993 թվականի նոյեմբերի 22-ի 00 ժամից Հայաստանի Հանրապետության տարածքում դադարեցնել ԽՍՀՄ պետբանկի եւ ՌուսաստանիԴաշնության կենտրոնական բանկի 1991–1992 թթ. նմուշի հազար, հինգ հազար եւ տաս հազար ռուբլիանոց դրամանիշերի շրջանառությունը։

Նման քայլը ենթադրում է.

նախ` կանխել այլ վայրերից շրջանառությունից դուրս եկող դրամանիշերի ներհոսքը Հայաստանի Հանրապետություն, երկրորդ` կառավարելի դարձնել դրամաշրջանառության ամբողջ համակարգը եւ այն ծառայեցնել մեր տնտեսության կայունացման ու բնակչության սոցիալական պաշտպանվածության խնդիրների լուծմանը,
[էջ]
եւ երրորդ` տնտեսական ինքնուրույնության նոր հիմքի վրա փնտրել Ռուսաստանի ու նախկին Խորհրդային Միության մյուս հանրապետությունների հետ համագործակցության հետագա ծավալման առավել գործուն ու փոխշահավետ ուղիներ։

Հանձնաժողովի որոշումը միաժամանակ ենթադրում է 1993 թ. նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1993 թվականի նմուշի 10, 25, 50, 100, 200 եւ 500 դրամանոց բանկային տոմսերը։ Դրանով իսկ շրջանառության մեջ է դրվում հայկական դրամը` ռուբլու հետ 1-ը 200-ի հարաբերությամբ (այսինքն` 1 դրամը հավասար կլինի 200 ռուբլու)։ Այս որոշումն ունի սկզբունքային նշանակություն եւ մեզանում ստեղծում է հասարակական-տնտեսական հարաբերությունների որակապես նոր միջավայր։

Նման քայլը ոչ միայն ենթադրում է հաղթահարել այն բոլոր բարդությունները, որոնք առաջացել են հիպերինֆլյացիայի ու դրամաշրջանառության քաոսի հետեւանքով, այլեւ նախադրյալներ ստեղծել տնտեսության կայունացման ու տնտեսական վերափոխումների իրականացման համար։ Նոր իրավիճակը թելադրում է հստակ, վճռական ու հետեւողական աշխատանք բոլոր օղակներում։ Այլընտրանք այլեւս գոյություն չունի։ Ամբողջ հանրապետության եւ մեզանից յուրաքանչյուրի աշխատանքով է պայմանավորված, թե ինչպիսին կլինի հայկական դրամի կայունությունը, գնողունակությունը, փոխարկելիությունը։ Այս խնդրին պետք է ծառայի մեր ամբողջ տնտեսության աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպումը։ Մեզ համար, անտարակույս, նախընտրելի կլիներ ազգային դրամ մտցնել շրջափակման աղթահարման, ձմռան հետ կապված բազմաթիվ հիմնահարցերի լուծման, տնտեսության որոշակի կայունության ու մարդկանց սոցիալական պաշտպանվածության թեկուզ նվազագույն երաշխիքների ստեղծման պայմաններում։

Սակայն նման ընտրության հնարավորություն մեզ տրված չէ։ Որքան էլ դժվարին ու բարդ լինի իրավիճակը, մենք պարտավոր ենք ոչ միայն շրջանառության մեջ դնել մեր ազգային դրամանիշը, այլեւ դրա
[էջ]
վարկը հավուր պատշաճի պահելու խնդիրը համարենք մեզանից յուրաքանչյուրի արժանապատվության հարցը։

Խիստ կարեւոր է դրամանիշերի փոխանակության գործի հստակ կազմակերպումը։ Պետական հանձնաժողովն այս ուղղությամբ ձեռնարկել է անհրաժեշտ քայլեր։ Ստեղծվել են փոխանակային հանձնաժողովներ բոլոր հիմնարկ-ձեռնարկություններում, բանկային բաժանմունքներում, տեղական խորհուրդներում։ Հանրապետության ներքին շուկանարժութային հնարավոր ներխուժումից պաշտպանելու համար նախատեսվում է հանրապետության յուրաքանչյուր չափահաս քաղաքացու հնարավորություն տալ ուղղակիորեն փոխանակել 50 հազար ռուբլի` ստանալով 250 դրամ։ 50 հազար ռուբլուց ավելի 1991–1992 թվականների հազար, հինգ հազար եւ տաս հազար դրամանիշով գումարներն անհրաժեշտ է մինչեւ նոյեմբերի 26-ը ներառյալ ձեւակերպել որպես ավանդ խնայբանկի հատուկ հաշիվներում։

Հանրապետության բոլոր քաղաքացիները, մասնավորապես խոսքս ուղղում եմ մեր գյուղացիությանը, ովքեր իրենց վաստակած եկամուտները կձեւակերպեն որպես ավանդ, կարող են վստահ լինել, որ դրանք կգտնվեն ապահով վիճակում, եւ կարճ ժամանակից հետո նրանք ազատորեն կարող են տնօրինել իրենց հաշիվները։ Ձեռնարկված քայլը միայն ու միայն հանրապետության ներքին շուկան պաշտպանելու նկատառումներից է դրդված։ Այո, կլինեն նաեւ մարդիկ, որոնք ստեղծված վիճակից սեփական շահ կորզելու նպատակով կփորձեն դիմել տարբեր ձեռնածությունների ու նաեւ խուճապային տրամադրություններ ստեղծել։ Ուստի ցանկանում եմ ամենայն որոշակիությամբ նշել. մեր քաղաքացիների վաստակած բոլոր եկամուտները ամենահուսալի ձեւով կպաշտպանվեն ու կփոխանակվեն (թե՛ ուղղակի եւ թե՛ ավանդների ձեւով), իսկ տարաբնույթ ոտնձգությունները կկասեցվեն օրենքի ամբողջ խստությամբ։

Ես ցանկանում եմ շեշտել նաեւ շրջանային խորհուրդների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարության, բանկային հիմնարկների ու փոխանակային հանձնաժողովների ողջ պատասխանատվությունը։ Այս գործում որեւէ թերացում կամ զանցանք հավասարազոր է ուղղակի դավաճանության։
[էջ]
Դրամի փոխանակման կազմակերպումը զուտ տեխնիկական խնդիր է, եւ Պետական հանձնաժողովը, հանրապետության կառավարությունն ամեն ինչ պետք է անեն այն հա ջողությամբ եւ հանրապետության բնակչության համար նորմալ ու կազմակերպված պայմաններում իրականացնելու ուղղությամբ։

Սակայն գլխավոր հարցը դեռեւս առջեւում է։

Անհրաժեշտություն է առաջանում լրջորեն սրբագրել ամբողջ տնտեսական քաղաքականությունը, էապես շտկել բանկային համակարգը, բարձրացնել հարկերի խթանիչ դերն ու հարկային եւ բյուջետային քաղաքականության արդյունավետությունը, լրջորեն բարելավել կառավարման ամեն մի օղակի գործունեությունը։

Կառավարման ամբողջ համակարգը պետք է նպաստի տնտեսության աշխուժացման, արտաքին առեւտրի խթանման, ներմուծումների ծավալների մեծացման, դրամաշրջանառության վերահսկելիության գործին։ Սա հանրապետության օրենսդիր ու գործադիր իշխանություններից պահանջում է նախկին մի շարք որոշումների վերանայում եւ համակարգված աշխատանք։

Միաժամանակ ամենաակտիվ աշխատանքներ պետք է տարվեն դրամի արժութային ապահովման խնդրի հետագա լուծման ուղղությամբ։

Սիրելի հայրենակիցներ, ցրտի ու կարիքի ծանր բեռի տակ կքած` մեզանից յուրաքանչյուրի համար նոր փորձություն, նաեւ անխուսափելի քայլ է դրամաշրջանառության այս վերափոխումը։ Պետք է հուսալ, որ այն հնարավորություն կտա ավելի ներգործուն դարձնել տնտեսության կայունացմանն ուղղված քայլերը եւ ավելի ընդունելի ու հեռանկարային ձեւեր գտնել նորանկախ պետությունների տնտեսական ինտեգրացիայի ու համագործակցության հետագա խորացման ուղղությամբ։ Բոլոր պարագաներում մեր ազգի ու ժողովրդի համար պատմական ու արժանահիշատակ իրադարձություն է ազգային դրամի շրջանառությունը, եւ եկեք այն ընդունենք լավատեսությամբ ու հաստատակամությամբ` վստահությամբ տոգորված վաղվա օրվա հանդեպ։

«Հայաստանի Հանրապետություն», 20 նոյեմբերի, 1993 թ.։
Հրատարակված՝ «Ազգային դրամի շրջանառությունը մեր ժողովրդի համար արժանահիշատակ իրադարձություն է» վերնագրով։

ՀՀԱՆԱ, 28/19.11.93։ Բնագիր։ Մեքենագիր – ձեռագիր։