Ես ինձանից հեռացել եմ
Եվ իմ հեռվից նայում եմ ինձ,
Բայց տեսնում եմ
Առուն շուրթին սրինգ արած
ծանոթ մի ժայռ՝
Ի՛նձ չեմ տեսնում,
Խորունկ մի ձոր,
Ուր պապերիս շշուկները
թարմ են մնում՝
Խոտին իջած ցողը ինչպես։
Ես տեսնում եմ անմահ քարեր,
Որ ուր-որ է պիտի ելնեն,
Հսկեն տունը հայրենական։
Նայում եմ ինձ
ՈՒ տեսնում եմ մեր Թառամնի
աղբյուրն, ահա,
Որ վազում է
Իր կարկաչի ետեւն ընկած,
Իմ մանկության ետեւն ընկած-
Հասվեհաս է
Ու չի հասնում։
Ես ինձանից հեռացել եմ
Նայում եմ ինձ աչքով հեռվի: