***

Ես կորել եմ անվերադարձ վշտերի մեջ խելահեղ,-
վայրկյանները ծաղիկներ են՝ ցողուններով ճմրթված,
սրտիս միջից սիրտս թռել՝ մոլորել է հանդ ու ձոր,
ժանյակներ են հյուսվում ծանոթ ու անծանոթ փշերից.
թախծալուր է նորից ճամփան, ճամփից հեռուն մի՛ խլեք։

Պահը զարկվեց... Փետուրներ է տանում քամին մայրամոռ,-
ես ո՞ւմ դուռը բախեմ հիմա, ես ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ,
ծաղկի թելով ժայռն է կախվել խոր, անհատա՛կ անդունդին,
մութն իր ունկին օղ է արել վառվող խոսքը մոմիկի.
ի մի բերեմ գրեր ու խաչ, քարի վրա ամբողջվեմ։

Սիրե՜մ, անվերջ, խաբվեմ, ընկնեմ։ Անվերջ մեռնեմ ու հառնեմ,
քո անարատ, զուլալ, մաքուր, արդար լույսին ընձյուղվեմ,
գլուխ-գլխի, կտուց-կտցի՝ թող ղունղունեն սուրբ ու սեր,
ճամփան ծաղիկ պարզի աստղին, թեւը երկնին շունչ բերի
եւ ձեռքերիս տաք գորովում իմ երազը շուշանվի։

Անհուններում՝ հեռու, անհայտ, ծիլվորվում է մի կանթեղ,-
իմ հայացքում, իմ արյան մեջ, ընթացքի մեջ կանչ կա հեռվի,
այս ու՞մ սիրտն է պողին ընկել... Ու վառվում է...Ո՞ւմ համար,
դարձն անուշ է բայց ավելի՝ վերադարձը մաքրաշունչ.
մեկնիր աջդ, Աստվածուհիս, թող կուտ վերցնի աղավնին։
                                                16.11.96թ.