Ես նստում եմ մենակ, մեն-մենակ

38

***

Ես նստում եմ մենակ, մեն֊մենակ,
Եվ անվերջ երազում, ու կրկին
Այս կյանքի աշխարհում դժգունակ
Իր զարդերն է փռում իմ հոգին։

Ես գիտեմ լուսեղեն մի երկիր,
Ես գիտեմ դյութական մի հովիտ,
Ուր հոգին թափում է վշտակիր
Իր թևերն ու հագնում է ժըպիտ։

Ես գիտեմ մի թովիչ առասպել,
Ուր ողջ կյանքը հրաշք է դառնում.
— Քո անուշ անունով միշտ արբել,
Եվ երգով, որ բնավ չի մեռնում...

[1909]