Ճանապարհը գնում է այնքան, մինչեւ դուրս է գալիս
մառախուղից։ Առուն քաշում, լեռանը տանում է
իր ետեւից։ Իսկ սեւը սատանայի սանրվածքից ընկած
մութ մազափունջ է։ Ձնծաղիկը բուսել է հակառակ
ուղղությամբ՝ արմատները դեպի վեր, կապույտի մեջ խրած։
Ցուրտ խոսքեր՝ աղջկա տաք մարմնի վրա։ Ձյունի հարդարանքներ՝
քամու մատներով։ Սաղարթախիտ աչքերի մեջ՝
քնած փետուրներ։ Անտառապահի կինը գժվում է
երազների մեջ իրեն սիրահետող Պանի համար։ Ձին կանգնել
ետեւի ոտքերին, ժայռի խուլ ականջին ինչ որ բան է խրխջնում։
Կենտրոններն անվերջ դառնում են արվարձաններ։ Մելիքները գիշերը
կրծում են ծառի արմատները, ցերեկները՝ սաղարթներին թառած, երգում։
Գիրքը, որ ընթերցել եմ հազար անգամ, դեռ երբեք չեմ բացել։
Մեր օրը ինչ որ մեկի մղձավանջոտ երազն է։
Թարթիչները կապարե ծառեր են՝ կոպերի վրա։
Բարձր բերդի տակով ջրի նման գալիս, ջրի նման գնում է
վայրկյանը, որ մերը չէ։ Իսկ այն ինչ ունենք, անընդհատ
կորցնում ենք։ Ես «հոտից դուրս» եմ, որ հոտը
իմ ներսում պահեմ։ Ժենգյալով հացի մեջ մանուշակներ գցեք անկտրել։
Ճանապարհից արյուն է հոսում։ Եվ երգող աղբյուրը չգիտե, որ ինքը երգում է։