ԵՍ ՉԵՄ ՄՈՌԱՑԵԼ
Բանաստեղծություններ
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 33-48։


ՆԱԽԵՐԳ-ԸՆԾԱՅԱԿԱՆ` «ԳԱԼԻՔԻՑ»

խմբագրել

Թող երգերն այս նվիրեմ քեզ,
Իմ սիրասո՜ւն, իմ սիրա՜ծ,
Ու սրտիս փակ դռները ես
Կրկին բացեմ քո առաջ:

Գուցե կարդաս` հուզվես մի քիչ,
Կրծքիդ սեղմես կարոտած,
Իսկ ես` իմ այս անտես հեռվից
Մեղմ ու անուշ քեզ... ժպտա՜մ:

...Հեռավո՜րս, ինչո՞ւ, ասա,
Հոգս դարձար ինձ ցավակեզ...
Դե` ես մենակ չմնացի,
Չմոռացա բայցև քեզ:

Տարիքս ինչքան առաջանում`
Հարբում եմ քո... «հին գինուց»...
Քեզ կարոտիս ցավն է ջանում
Պահել, փայել ինչպես լույս...


ԱՍՈՒՄ ԵՆ...

խմբագրել

Ասում են, թե աղջիկները ծաղիկներ են,
Ծաղիկների նման սիրել-բուրել գիտեն:

Սակայն ինչո՞ւ դու էլ նրանց նման չէիր,
Մի՞թե դու էլ ծաղկային սեր-սիրտ չունեիր...

Ինչո՞ւ նրա՜ երեխային բարուրեցիր,
Ինչի՞ համար ինձ տխրությամբ պարուրեցիր:

1977, Դիլիջան


ՔԱՂՑՐ ՀՈՒՇ

խմբագրել

Մի աղջի՜կ էր նա...
Կապույտ աչքերով մի աղջի՜կ էր նա...
Սևսաթ վարսերով մի աղջի՜կ էր նա...
Սևսաթ վարսերը թափել ուսերին`
Ջրվեժ էր ասես, հրդե՜հ բռնկված:

...Ասում են` սերը գարնանն է ծնվում,
Աշնանը սեր չի լինում, ասում են:
Ճշմարտությո՞ւն է դա, թե՞...
Չգիտեմ:

Աշնանը ծնվեց մեր սերը սակայն:
Աշնան հազարգույն
Ու հազարերանգ զուգսերում
Կանա՜չ մնաց սերը մեր,
Ինչպես անտառի կանաչությունը`
Անմեղ, կուսական:
Կանաչ էր մեր սերն` աշուն էր սակայն...

Մի աղջի՜կ էր նա...
Կապույտ աչքերով մի աղջի՜կ էր նա...
Սևսաթ վարսերով մի աղջի՜կ էր նա...
Աշունը սևսաթ վարսերի մասին
Տխուր հուշ թողեց,
Թե սեր չի լինում աշնանը,
Ինչո՞ւ...
Ինչո՞ւ է սերը գարնանը ծնվում...

26.10.81, Մարտակերտ


Ո՞ՒՐ ԵՆ ԻՄ ՍԻՐՈ...

խմբագրել

Ո՞ւր են իմ սիրո երազ-օրերը,
Արդյոք ես նրանց որտե՞ղ եմ թողել,
Անցե՞լ են... Հանգիստ չեն տալիս հուշերը...

ՔՈ ԱՉՔԵՐԸ

խմբագրել

Քո աչքերը առանց կրակ ինձ վառո՜ւմ են,
Մոխրանո՜ւմ եմ,
Ու... աշխարհից վերանո՜ւմ եմ:
Բայց և` լույս են սփռում ճամփիս,
Որ մթան մեջ չմոլորվեմ,
Ու չփնտրեմ... ուրիշների`
Իմ գտածը դու լինես լոկ:

...Բայց երա՜զ են, ա՜խ, ինձ համար
Քո աչքերը,
Անհա՜ս երազ,
Ու չգիտեմ` ինչպե՞ս հայտնել քեզ հույզերս,
Ապրումնե՜րս,

Երազնե՜րս...

26.03.77, Դիլիջան


ԱՐԻ ԿԱՄԱ՜Ց ՔԱՅԼԵՆՔ...

խմբագրել

Արի կամա՜ց քայլենք,
Թող երկարի՜ ճամփան,
Շատ բան ասենք իրար,
Շատ բան լսենք:

Ու թող կողքանց նայեմ,
Որ գծերը դեմքիդ
Մարմնավորվեն իմ մեջ,
Իմ մեջ... ապրեն:

1981, Մարտակերտ

ԿԱՆԳՆԵԻ ՔՈ ԴԵՄ...

խմբագրել

Կանգնեի քո դեմ ու իմ սերը
Ես քեզ լռությա՜մբ խոստովանեի...
(Բառերն ի՜նչ են որ):

ՔԵԶ ՀԵՏ ԵՎ ԱՌԱՆՑ ՔԵԶ

խմբագրել

Երբ քեզ հետ եմ ես`
Ամեն ինչ այնպե՜ս ջինջ է թվում ինձ
Ու երազ անբիծ...

Երբ քեզ հետ եմ ես`
Կարծես ամեն ինչ
(Այս ծով աշխարհը իր ծով էությամբ)
Ինձ են նվիրել...

Բայց երբ ինձանից հեռո՜ւ ես լինում,
Թեկուզ հազարնե՜ր լինեն իմ կողքին`
Առանց քեզ ինձ միշտ մենակ եմ զգում:

Առանց քեզ կյանքում ես ոչինչ չունեմ:
Բայց մի՞թե ոչինչ ես չեմ ունեցել
Քեզանից առաջ...

1977, Դիլիջան


ՊԱՏԱՍԽԱՆ

խմբագրել

-Ի՞նչ կլինի,-
Ասում ես,-ինձ
Մի երգ ձոնես լուսե...

-Ոչ թե մի երգ,
Այլ մի լույս կյա՜նք
Քեզ կձոնեմ, իմ սե՜ր...

1978, Կոճողոտ


ՎԵՐՀՈՒՇ

խմբագրել

Դու հիշո՞ւմ ես, որ երկուսով
Իջանք ձորի աղբյուրը...

Ջո՜ւր խմեցի քո կուլայից
Եվ զգացի քո բո՜ւյրը:

Ես խնդրեցի, սակայն դու ինձ
Չտվիր քո համբույրը:

... Դու ի՜մ սիրտը պղտորեցիր,
Իսկ քո կուլան` աղբյուրը:

1978, Կոճողոտ

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ...

խմբագրել

Առաջին անգամ, երբ քեզ տեսա՜ ես`
Դու ամբողջովին մտար սի՜րտը իմ,
Կուզեի անվերջ, անվերջ սիրել քեզ,
Ու քե՜զ նվիրվել ես ամբողջովին:

Բայց ահա մո՜տ է բաժանումը մեր.
Չենք տեսնի կյանքում այլևս իրար,
Ուզում եմ անվերջ, անվերջ քե՜զ նայել,
Որ էլ մոռանա՜լ չկարողանամ...

1977, Դիլիջան

ՇԱ՜Տ ՄԱՆ ԱՐԻ...

խմբագրել

Շա՜տ ման արի ու ինձ տես,
Միշտ մտածիր քեզ ու քեզ,
Որ դու իմն ես, ես` քոնը,
Որ սիրում եմ միայն քե՜զ:

1977, Դիլիջան


ՉԷ ՈՐ ԵՍ ՔԵԶ...

խմբագրել

Չէ որ ես քեզ սիրում էի
Սիրով մի անմար,
Քեզ ասացի` մի՜ հեռացիր,
Ինչո՞ւ հեռացար:

Ու մնացի տխուր, մոլոր`
Իմ կյանքի ճամփին,
Սպասելով միշտ, ամեն օր`
Քո վերադարձին:

...Ինձ մոռացե՞լ, թե հիշում ես`
Ես դա չգիտեմ,
Բայց իմ հոգով, ինձ լսո՞ւմ ես,
Ես միշտ քեզ հետ եմ:

1977, Դիլիջան


ԵՍ ԳԻՏԵՄ...

խմբագրել

Ես գիտեմ, աշխարհում կլինի և մի օր,
Որ ես էլ չեմ լինի աշխարհում,
Բայց էլի կերգի այն առվակը ամեն օր,
Որ մեղմիկ երգում է ձորակում:

Եվ նորից լեռները ծաղկունքով կզուգվեն,
Ու կյանքը կհոսի իր հունով,
Բայց, ասա՜, սիրելիս, իմ մասին կխորհե՞ս,
Կհիշե՞ս իմ մասին դու արդյոք:

Դո՜ւ գիտես, ոնց կուզես, բնավ չե՜մ առարկում,
Մոռացիր, կամ հիշիր, ոնց կուզես,
Մոռանալ քե՞զ, գիտե՞ս, քանի կամ աշխարհում`
Մոռանալ չեմ կարող երբեք քեզ...

1977, Մարտակերտ

ԿԳՆԱ՜Մ...

խմբագրել

Կգնա՜մ,
Կգնա՜մ,
Կմնաս դու մենակ,
Կթախծե՞ս, կտխրե՞ս`
Չգիտեմ...

Եվ զուր ես
Դու այդպես համառում, որ գնամ`
Չե՜մ մնա...
Կգնամ,
Բայց հավետ կմնաս իմ հոգում,
Փույթ չէ, որ քեզ համար... ոչինչ եմ,
Փույթ չէ, որ կյանքում ինձ
Էլ երբեք չես հիշի,
Սակայն ես կսիրեմ քեզ անվերջ,
Եվ սակայն... կգնա՜մ...

1977, Դիլիջան


ԴՈՒ ԵԿԱ՞Ր...

խմբագրել

Դու եկա՞ր...
Իմ ծով սրտի ծով կարոտով,
Սրտիս կանչո՜վ դու եկար,
Լցրիր սիրտս քո ջերմ սիրով
Ու հավատով անսպառ...

1978, Մարտակերտ


ՄԵԿԻ ՍԻՐՈՎ...

խմբագրել

Մեկի սիրով ե՜ս եմ վառվել,
Մեկին թողել կարոտով...


ՔՈ ՄԱՍԻՆ...

խմբագրել

Քո մասին ոչ-ոք ինձ մոտ չի խոսում,
Ոչ-ոք քո մասին ոչինչ չի հիշում:
Ինչո՞ւ չգիտեն քո մասին ոչինչ:
Դու ո՞վ ես արդյոք...
Ասե՞մ...
Ոչ այլ ոք,
Եթե ոչ`
Իմ լույս երազը` կյա՜նքս,
Փա՜ռքս,
Տենչա՜նքս,
Ե՜րգս,
Բերկրա՜նքս...

1977, Դիլիջան


ԵՐԱՆԻ, ԹԵ...

խմբագրել

Երանի, թե հասկանայի՜ր
Դու իմ հոգին
Ու իմ հոգում
Պահված բոլոր գաղտնիքները,
Իմ հոգու մեջ պահված բոլոր
Ե՜վ երգերը,
Ե՜վ վերքերը...

Երանի, թե հասկանայի՜ր
Դու իմ սրտի մորմոքները,
Իմ վշտերը,
Ապրումները...

Բոլո՜ր-բոլոր երազներս
Երանի, թե հասկանայիր:

1977, Դիլիջան


ՄԻ՞ԹԵ ՎԱՂՈՒՑ Է...

խմբագրել

Մի՞թե վաղուց է, որ ինձ չես հիշում,
Մի՞թե վաղուց ես դու ինձ մոռացել,
Սիրտս լոկ դրանից է դառնանում
Ու ընկղմվում եմ ես իմ խոհերում...
Մի՞թե վաղուց ես դու ինձ մոռացել:

Քո հոգում անգամ չթողի մի թել,
Գեթ մի ապացույց, որ քեզ սիրել եմ,
Այդ մասին կյանքում ես շատ եմ խորհել,
Կուզեի կյա՜նքս ես քեզ նվիրել,
Գեթ մի ապացույց, որ քեզ սիրել եմ:

Գիտեմ, դրանից շատ ենք տուժելու,
Թեև կյանք մտնենք այլ ճամփաներով,
Մտածելու ենք, երկար խորհելու,
Ո՞վ էր մեղավոր` չենք հասկանալու...
Եվ... կյանք կմտնենք այլ ճամփաներով:

1977, Կոճողոտ


ԱՅԴՊԵՍ ՉԷԻ ՈՐՈՇԵԼ...

խմբագրել

Այդպես չէի որոշել,
Բայց դե` այդպես ստացվեց,

Լսո՞ւմ ես...

Թեկուզ շատ եմ ես թախծել`
Դրությունը չի փոխվել,

Զգո՞ւմ ես...

Ե՜վ լսում ես, և՜ զգում,
Սակայն ինչո՞ւ չես խոսում,

Լռո՞ւմ ես...

1977, Դիլիջան


ՆՈՐԻՑ ԿԳԱՍ...

խմբագրել

Նորից կգաս ու կլցվի
Սիրտս երգերով,
Սիրո համար էլ չեմ թախծի`
Կործանված սիրո:

Ու քո սերը կպարգևի
Ինձ մի մեծ աշխարհ,
Մի մեծ աշխարհ` սիրո, կյանքի
Եվ երջանկության:

Նորից կերգի առվակը լուրթ
Մեր սիրո մասին.
Ու երգերով իր քաղցրաշուրթ
Նա մեզ կհուզի:

Կմոռանանք մեր վիշտը հին`
Լցված երազով,
Կգաս նորից ու կլցվի
Կյանքս քո սիրով...

1978, Կոճողոտ


ԼՈ՜ՒՌ ԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ...

խմբագրել

Լո՜ւռ եմ հավատում քո գալուն ես,
Իսկ դու այդ մասին դեռ... չգիտես..


ՇԻԿԱՆՈՒՄ-ՄԱՐՈ՜ՒՄ ԵՆ...

խմբագրել

Շիկանում-մարո՜ւմ են երգերս,
Ու հանդարտ մխո՜ւմ են վերքերս,
Թեկուզև գարուն է իմ սրտում,
Բայց էլի թոշնո՜ւմ են վարդերս:

1977, Դիլիջան


ԵՍ ՉԵՄ ՄՈՌԱՆԱ, ԻՍԿ ԴՈՒ` ՉԳԻՏԵՄ

խմբագրել
                       Ու Վեներայից  <<եկավ>> մի երկտող.
                       - Ցավում եմ, 
                       Բայց քեզ սիրել չեմ կարող... 

Մի տարի անցավ այդ տխուր օրից`
Սպասման խորին խորհուրդներով լի...

Այդ մի տարվա մեջ մենք իրար մոտով
Շա՜տ ենք անցել լուռ: Ամեն անցնելով
Ուզում էինք միշտ ինչ-որ բան ասել,
Եվ չէինք ասում: Դե` ինչպե՞ս ասել...
Ու տարին անցավ հանդարտիկ ու լուռ,
Եվ բաժանվեցինք իրարից տխուր:

Բայց հրաժեշտի վերջի՜ն պահին էլ
Ոչինչ չասացինք: Կուզեի խոսե՜լ,
Գեթ մի օր սրտանց մի բառ ասել քեզ,
Զգայիր, որ լոկ քե՜զ եմ սիրել ես:
Սակայն... Ի՞նչ անեմ, կանցնեն տարիներ,
Նոր խորհուրդներով կգան նո՜ր օրեր:

Չեմ մոռանա քեզ` ապրում եմ քանի,
Թեև հանդիպեմ կյանքում մեկ... այլի:
Դու կա՜ս մշտապես, իմ սե՜րն ես մաքուր,
Կհիշե՞ս դեռ ինձ, թե՞ հիշելս է զուր...
Եվ անիմա՞ստ եմ թախանձում այսպես,
Աղերսում, որ դու... որ դու ինձ հիշես...

...Ու թե սիրել ես, թեկուզև` մի քիչ,
Դու այդ ժամանակ չես մոռանա ինձ:

1978, Դիլիջան


ՈՒՇԱՑԱԾ... ԿԱՆՉ

խմբագրել

Բաժանման օրից տարիներ անցան,
Չհանդիպեցինք օրից բաժանման,
Ինչո՞ւ, ինչո՞ւ...
Բաժանման համար ո՞վ էր մեղավոր,
Քավե՜լ եմ վաղուց մեղքերս բոլոր,
Արի՜, արի՜...

Տարիներն անցան ինչպես երազում,
Սակայն... քո հինն եմ ես միշտ երազում,
Ինչո՞ւ, ինչո՞ւ...
Դու անպատասխան թողիր սերը իմ,
Կոկոնված սերս քամուն պահ տվիր,
Գնացիր` ո՞ւր...

Պարսպապատված բերդերս առար,
Բայց չմնացիր դու այնտեղ երկար,
Իմ սե՜ր, իմ լա՜վ...
Քեզանից հետո էլ ոչի՜նչ չունեմ...
Բերդերս քամու բերանը գցած
Ինչպե՜ս տարար...

Տարիներ անցան մեր բաժանումից,
Որոնում եմ քեզ բաժանման օրից,
Ո՞ւր ես, իմ սե՜ր...
Կարոտել եմ քո ծով աչքերի՜ն, քե՜զ,
Թե չես կարող գալ` մեղավո՞ր եմ ես,
Արի՜, արի՜...

24.04.82, Մարտակերտ


ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ

խմբագրել

Սեր երգեց նա իր սև դարում,
Ու աշխարհից հեռացավ,
Սակայն պահեց լույսն իր հոգու`
Անկրկնելի մի աշխարհ:

...Սեր երգեցին շատ պոետներ`
Սիրո երգեր հմայուն,
Բայց լոկ նրա՜ սիրո երգն է
Տնավորվել մեր սրտում:

1977, Դիլիջան


ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

խմբագրել

Չսիրերգեց նա իր սիրած աղջկան,
Ու չգրեց սիրո մասին ոչ մի տող:
Հավետ մնաց ազատության ռահվիրան:

1977, Դիլիջան


Ո՞Վ Է ԱՆՑԵԼ...

խմբագրել

Ո՞վ է անցել սրտիս ճամփով,
Ո՞ւր է գնացել,
Դուք չգիտե՜ք,
Քանի որ նա լո՜ւռ է գնացել...

Գոնե հայտնե՜ր
Իր գոյության մասին աշխարհին,
Հետո անցներ` թեկուզ անհետ,
Էլ չտեսնեի թեկուզ կյանքում,
Իմ ողջ կյանքում,
Ինչքան ապրեի...

1977, Դիլիջան


ՀՈՒՅՍԻ ՃՐԱԳ

խմբագրել

Գարուններ են եկել ու նորից հեռացել
Անջատման այն օրից, սիրելի՜ս,
Տխրել եմ այն օրից, քո մասին միշտ թախծել
Ու... հաճախ եմ դիմել երգերիս:

Բայց անցածն անցած է` ետ չի գա էլ նորից,
Կգան նոր գարուններ ու կանցնեն,
Չենք տեսնի էլ իրար, կողք-կողքի չենք քայլի,
Լոկ անհաս երազներ կլինեն:

Իմ հոգու մեջ մնաց մի կարոտ, մի կրակ,
Աղմկող անլեզու մի հառաչ,
Ու թովիչ մի... երգիչ, ու հույսի մի ճրագ,
Ու հույսի մի ճրագ, որ կգա՜ս...

1980, Մարտակերտ

ԵՐԲ ԵԿԱՐ...

խմբագրել

Երբ եկար`
Հոգիս լցվեց երգերով,
Եվ ես վերացա աշխարհից ասես
Ու անէացա...
... Ես ի՞նչ գիտեի,
Թե մի օր էլ դու
Նույն ճանապարհով պիտի հեռանաս:

1977, Դիլիջան

Ի՞ՆՉ ԱՆԵՄ...

խմբագրել

Ի՞նչ անեմ,
Ծո՜վ է սիրտս, ի՞նչ անեմ,
Ծովածավալ մի սիրո
Սո՜վ է սիրտս, ի՞նչ անեմ...

1977, Դիլիջան


ՎԻՇՏՍ ՏՎԻ...

խմբագրել

Վիշտս տվի ուռենուն` լա,
Եվ հյուսեցի քանի՜ տաղ,
Մերժված սրտով լուռ հեռացա,
Չմոռացա քեզ սակայն:

...Տարիք անցան, բայց դու գիտե՞ս,
Ես հիշում եմ ամեն ինչ,
Ի՞նչ փույթ, թե դու ինձ չհիշես,
Թե չհիշես ինձ` ոչի՜նչ...

1980, Մարտակերտ


ԱՍԱ՜, Ո՞ՒՐ...

խմբագրել

Ասա՜, ո՞ւր,
Ո՞ւր գնացիր, ասա՜, ո՞ւր,
Ծիծաղելով հեռացել,
Ինձ թողել ես դու տխուր...

1977, Դիլիջան


ԵՐԿԱ՜Ր ՆԱՅԵՑԻ...

խմբագրել

Երկա՜ր նայեցի ես քո ետևից,
Բայց դու, դու ինչո՞ւ ետ չնայեցիր,
Դու ծիծաղելով անցար, հեռացար,
Իսկ ե՞ս... ինչո՞ւ ինձ վհատ թողեցիր:

1977, Դիլիջան


ՆԱ ԵՐԱԶ ԷՐ...

խմբագրել

Նա երազ էր և երազի պես անցավ,
Չէի ուզում, բայց թողեց ու հեռացավ,
Մոռացության բավիղներում չքացավ,
Գնաց` հոգու խորքում պահած հազար ցավ:


ԴՈՒ ՄՆԱ՜...

խմբագրել

Դու մնա՜,
Անվերջ ուրա՜խ դու մնա,
Երազներով, տխրությամբ
Ես գնում եմ, դու մնա՜:

1977, Դիլիջան

ԷԼ ՄԻ՜ ՏԵՆՉԱ ԻՆՁ...

խմբագրել

-Էլ մի՜ տենչա ինձ,- ասում ես,- մոռացի՜ր,
Դու իմ սրտին արդեն խո՜րթ ես, հեռացի՜ր...
-Ո՞նց չտենչամ ախր ես քեզ, ի՜մ անգին,
Ախր սրտիս մեջ լոկ դո՜ւ ես, իմացի՜ր...

1977, Դիլիջան


ՎԵՐՋԱՑԱ՞Վ...

խմբագրել

Վերջացա՞վ...
Մի՞թե սերը վերջացավ,
Գուցե խաբկա՞նք էր սերդ,
Որ մարեց ու... երազ դարձավ...

1977, Դիլիջան


ՏՐԻՈԼԵՏՆԵՐ ՎԵՆԵՐԱ ԱՂԱՍՅԱՆԻՆ

խմբագրել

1. ԴՈՒ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԵՐԱ՜Զ ԷԻՐ...

խմբագրել
             Իրար համար տենչանք էինք,
             Իրար համար` երազ,
             Երկու աստղ մի երկնքում
             Ու միշտ իրար... անհաս:

Դու ինձ համար երա՜զ էիր,
Տենչա՜նք էիր դու ինձ համար,
Թախի՜ծ էիր, կարո՜տ համառ,
Դու ինձ համար երա՜զ էիր:

Մի աստղ ու մի երկնակամար,
Բայց ինձ` դու միշտ...անհա՜ս էիր,
Դու ինձ համար երա՜զ էիր,
Տենչա՜նք էիր դու ինձ համար...

1977, Դիլիջան

2. ԴՈՒ ՄԻՇՏ ԷԼ ԵՂԵԼ ԵՍ...

խմբագրել
              Ո՞վ ասաց` սերը չկա,
              Ո՞ւր մնաց, ասե՜ք, սիրելը,
              Իմ կորսված սերը վկա`
              Աշխարհում սուրբ է սերը...

Դու միշտ էլ եղել ես իմ հոգում,
Ես երբեք չե՜մ ապրել առանց քեզ,
Իմ մասին դու, արդյո՞ք, թախծել ես,
Դու միշտ էլ եղել ես իմ հոգում:

Իզո՞ւր են տանջա՜նքս, սե՜րս, ե՜ս,
Թե՞ մի քիչ սիրե՜լ ես ինձ կյանքում,
Դու միշտ էլ եղե՜լ ես իմ հոգում,
Ես երբեք չե՜մ ապրել առանց քեզ:

1977, Դիլիջան

3. ԴՈՒ ԳԻՏԵ՞Ս, ԹԵ ԿՅԱՆՔՆ...

խմբագրել
      Աչքե՜ր, մի՜ նայեք անցնող զույգերին,
      Ձեր երազ-սերը սպառա՜ծ աչքեր...

Դու գիտե՞ս, թե կյանքն ինչու է այսպես`
Մերթ տուժում է մեզ, մերթ էլ` հմայում,
Ընթանար այնպես, ոնց դո՞ւ ես քայլում,
Դու գիտե՞ս, թե կյանքն ինչու է այսպես:

Անցնող զույգերին ինչո՞ւ ես նայում,
Երբ քո սերն արդեն դու սպառել ես,
Դու գիտե՞ս, թե կյանքն ինչու է այսպես`
Մերթ տուժում է մեզ, մերթ էլ... հմայում:

1977, Դիլիջան

4. ԴՈՒ ԻՆՁ ԵՍ ՆԱՅՈՒՄ...

խմբագրել
     Դու միշտ գողունի դեպ ինձ ես նայում,
     Նայվածքով քո նուրբ` սիրտս հմայում,
     Բայց ես ինչո՞ւ եմ անտարբեր այսպես`
     Նայում եմ տխուր ու լուռ հեռանում:

Դու ինձ ես նայում անվերջ գողունի,
Ես զգում եմ դա իմ ամեն քայլում,
Այս ի՞նչ է, արդյոք, ինձ հետ կատարվում,
Դու ինձ ես նայում անվերջ, գողունի:

Սակայն քո մոտով միշտ լուռ եմ անցնում,
Կարծես մեր մեջ էլ ոչինչ չի լինի,
Դու ինձ ես նայում անվերջ գողունի,
Ես զգում եմ դա իմ ամեն քայլում:

1977, Դիլիջան

5. ԴՈՒ ԱՍՈՒՄ ԵՍ` ԶՈ՞ՒՐ ՍԻՐԵՑԻ...

խմբագրել
 Ասա՜, ինչո՞ւ քեզ սիրեցի երազներով 
          անսպառ,
 Ես քեզ կյա՜նքս նվիրեցի ու ապրեցի
          քեզ համար, 
 Բայց անհաղորդ մնացիր դու սրտիս 
          անհուն վշտերին,
 Ես` անսահման սիրով լեցուն, 
          ես` մշտապես քո գերին:

Դու ասում ես` զո՞ւր սիրեցի, երազներով անսպառ
Նվիրեցի քեզ իմ սերը ու քեզ համար ապրեցի,
Դրա՞ համար սեր-երազիս դու անհաղորդ մնացիր,
Դու ասում ես` զո՜ւր սիրեցիր, երազներով անսպառ:

Ինչո՞ւ թողիր դու ինձ շվար և ուրիշի սիրեցիր,
Մի՞թե, մի՞թե ուրիշ գրկում շոյանքներս մոռացար,
Դու ասում ես` զո՞ւր սիրեցի, երազներով անսպառ
Նվիրեցի քեզ իմ սերը ու քեզ համար ապրեցի:

1977, Դիլիջան

6. ԴՈՒ ՆԱՅԵՑԻ՜Ր ԱՉՔԵՐԻՍ ՄԵՋ...

խմբագրել
                         Դու նայեցիր աչքերիս մեջ ու անցար,
                         Աչքերիս մեջ  ցավ, տխրություն դու տեսար,
                         Անհուն թախիծ, տանջանք-զղջում դու տեսար,
                         Կարո՜տ տեսար աչքերիս մեջ  ու... անցա՜ր...

Դու նայեցի՜ր աչքերիս մեջ,
Դու նայեցիր ու լո՜ւռ անցար,
Աչքերիդ մեջ տանջանք ու ցավ`
Դու նայեցի՜ր աչքերիս մեջ:

Աչքերիս մեջ` ցավ, տխրություն,
Զղջում, թախիծ` աչքերիդ մեջ`
Դու նայեցի՜ր աչքերիս մեջ,
Դու նայեցիր ու լո՜ւռ անցար...

1977, Դիլիջան


7. ԴՈՒ ԱՏԵԼՈՎ ԱՏՈ՞ՒՄ ԵՍ ԻՆՁ...

խմբագրել
            Դու ատելով ատում ես ի՜նձ,
            Ես` սիրելով սիրում քե՜զ,
            Եվ թախծում է քո կարոտից
            Սիրտս` դառն ու վշտակեզ...

Դու ատելով ատո՞ւմ ես ինձ,
Ես սիրելով սիրում եմ քե՜զ,
Սիրտս դառն է ու վշտակեզ`
Դու ատելով ատո՜ւմ ես ինձ:

Ի՞նչ անեմ ես, ես ի՞նչ անեմ,
Ա՜խ, չգիտեմ ինչպես վարվել,
Դու ատելով ատո՜ւմ ես ինձ,
Ես` սիրելով սիրում եմ... քե՜զ:

1977, Դիլիջան

8. ԴՈՒ ՏԽՐՈ՞ՒՄ ԵՍ ԴԵՌ...

խմբագրել
   Տխո՜ւր եմ միշտ էլ անջատման օրից,
   Ոչ-ոք չի կանչում ինձ սիրո ձորից,
   Այնքա՜ն եմ թախծել քո սիրո համար,
   Որ չեմ հավատում, թե կգաս նորից:

Դու տխրո՞ւմ ես դեռ, թե՞ մեկ է արդեն,
Որ ճանապարհիդ էլ չեմ երևում,
Որ ես, Վեներա՜, ձայնդ չեմ լսում`
Դու տխրո՞ւմ ես դեռ, թե՞ մեկ է արդեն:

Ես քո ետ գալուն էլ չեմ հավատում,
Թեև թախծում եմ մինչև այսօր էլ,
Դու տխրո՞ւմ ես դեռ, թե՞ մեկ է արդեն,
Որ ճանապարհիդ էլ չեմ երևում...

1977, Կոճողոտ

ՎԵՆԵՐԱ... ՍԻՐՈ ԽՈՐՀՈՒՐԴԸ

խմբագրել

Հատվածներ չգրված պոեմից

1

Դու այնպե՜ս ես ալեկոծվում, սիրտ, ու այնպե՜ս ես հուզվում,
Երբ որ կորսված սիրո մասին պատմություններ ես լսում,
Քանզի ոչ-ոք չի ցանկանում, որ իր սերը կործանվի,
Ու կարծում է` իր սիրածը միշտ... իրենը կլինի:

...Ա՜խ, դու խոցված ինձ թողեցիր, իմ Վեներա՜, իմ սիրա՜ծ,
Ես մնացի այդ օրվանից ալեկոծված, փոթորկված:
Դու հեռացար, բայց մնացիր իմ հոգու մեջ հավիտյան,
Որովհետև քե՜զ հանդիպել ու սիրել եմ քե՜զ միայն:
Հասկացե՞լ ես քո սխալը, սակայն, ո՜ւշ է, սիրելի՜ս...
Բայց երբ մեկ-մեկ հանդիպում ենք` այնպե՜ս նայում ես դու ինձ,
Ցանկանում ես քո պատկերը գտնել սրտիս հայելո՞ւմ,
Բայց, Վեներա, ավերակ է հիմա սերդ իմ սրտում:
Ավերակված է արդ սիրտս ու մթագնած` հայելին,
Իզո՜ւր ես դու այդպես երկար նայում խոցված իմ սրտին:
Այնտեղ ոչինչ դու չես տեսնի ու չես գտնի նույնիսկ... քե՜զ,
Թե իմ սրտի հայելու մեջ, իրոք, միայն դո՜ւ լինես:

Թեև ուշ է արդեն, բայց ես միշտ կհիշեմ քեզ, իմ լա՜վ,
Դու չտեսնե՜ս քո օրերում ո՜չ կսկիծ, ո՜չ սիրո դավ...

1977, Դիլիջան

2

Նորից գարնան շունչը ցրեց մորմոքները իմ հոգու,
Մտա պարտեզ` այն աղջկա համար վարդեր փնջելու:

Բայց վարդի տեղ սի՜րտս եմ տալու այն աղջկան լուսերես:
Որ միշտ գարնան շունչը ապրի, ապրեցնի նաև մեզ...

Սերը անմար հո՜ւրն է կյանքի, սերը վարդ է ու ծաղիկ,
Սիրած աղջիկն ինչքան անգեղ` միշտ թվում է գեղեցիկ:

Պետք է սիրով ու սրբությամբ պահել սերը անարատ,
Սերը մարդուն թև է տալիս, մարդը սիրով է անհաղթ:

Սերը հույս է միշտ ներշնչում դժվար պահին քո կյանքի,
Սիրով հեշտ ես հաղթահարում կեռմանները քո ճամփի:

Գուցե ծովը ոչ ալիքներ, կամ ոչ էլ ջուր ունենար,
Եթե սիրո հուրը մարեր ու աշխարհից վերանար:

Բայց սերը կա, կա աշխարհը, որ հիմնված է սուրբ սիրով,
Ու աշխարհը ինչքան էլ մեծ` գեղեցիկ է լոկ... ծովով:

...Կյանքը ծով է մեծ ու անհուն, սկիզբ չունի, ոչ էլ` վերջ,
Մարդը անհույս մի տաշեղ է` ընկած ծովը` խոր ու մեծ:

Օրորվում է ծովը հանդարտ, ալիքներով իր խաղում,
Թփրտում է տաշեղը հեզ ու նորից չի... ընկղմվում:

Փոթորկվում է ծովը հանկարծ. ջրերն իրար դեմ կռվում`
Բարձրանում են` ալիք-ալիք իրար խեղդած գլորվում:

Իսկ տաշեղը, խեղճ տաշեղը ջրերի մեջ մեն-մենակ,
Խենթ ջրերի դեմ մղում է կենաց-մահու մենամարտ:

Ու թվում է, թե չի... հաղթի, թե կկորչի ջրերում,
Բայց իր հեռու ափին հանկարծ սեր-հավատ է նշմարում:

Գոտեպնդված իր մեծ սիրով ու հավատով մարդկային`
Հաղթում է գոռ մենամարտում խենթ-խելագար ջրերին:

Հանդարտվում են ալիքները, ծովն է ասես լուռ մեռնում,
Մակույկ դարձրած հավատ ու սեր` ափ է նորից նա տենչում:

Բայց ցանկալի ափ կհասնի նա ոչ թե ոնց հեզ տաշեղ,
Այլ ծովի մեջ, մենամարտում հաղթած գոռ այր մի զորեղ:

Ու թե ծովում դու մոլորվես` մակույկը ափ կհանի,
Կյանքի ծովում սերը միայն ուղիղ ճամփով կտանի:

Կյանքի մակույկը սերն է հենց, համբույրն է սեր-աղջկա,
Ի՜նչ է, արդյոք, կյանքը մարդու, թե սրտի մեջ սեր չկա:

Ինչպե՞ս կապրեր մարդը կյանքում, եթե սերը չլիներ,
Ինչքա՜ն լավ է, որ աշխարհում և՜ արև կա, և՜ մեծ սեր...

...Նորից գարնան շունչը ցրեց մորմոքները իմ հոգու,
Մտա պարտեզ` այն աղջկա համար վարդեր փնջելու:

Բայց վարդի տեղ սի՜րտս եմ տալու այն աղջկան լուսերես:
Որ միշտ գարնան շունչը ապրի, ապրեցնի նաև մեզ...

19.05.82, Մարտակերտ

3

...Ներշնչանքն է սերը կյանքի` տրված սիրող սրտերին,
Սիրո չքնաղ ներաշխարհի երջանկությունն ու... գերին:

Դառն ու դատարկ մեր կիրք-ցավը իսպառ պիտի վերանա,
Հավերժական այս աշխարհում միայն սերը կմնա:

Թե սեր ունես, պիտի սիրես անհունորեն ու անհագ,
Բայց իզուր է կյանքդ հարկավ, թե չես սիրում նրան շատ:

Մերժված սերը դառն է լինում, բայց պիտ ցավին դիմանալ,
Իսկ երբ փակ է... ճանապարհդ` դու ուզում ես հեռանալ:

Բայց սերն ընկած դու չես տեսնի, սերը հպարտ կտեսնես,
Մի՜ վհատվիր, արի՜ եղիր, երբ մերժում է սերդ քեզ,
Վհատությունը քո սրտին վիշտ կբերի կրկնակի,
Թե ապրում ես` ամբողջ հոգով ատիր դավերն աշխարհի:

Ի՞նչ անենք, որ այդ աղջիկը և՜ անսիրտ էր, և՜ անսեր,
(Գեթ մի անգամ, երանի թե, նա այս խոսքերը լսեր),
Որ քեզ մերժեց, սիրտդ վառեց, թողեց` քեզնից հեռացավ,
Գուցեև իր սրտից հանեց, գուցե վաղուց մոռացավ
Քեզ, քո սերը: Ասա՜, ինչո՞ւ սիրտդ խոցեց ու գնաց,
Բայց տխրածոր քո երգերում նրա կարոտը մնաց:

Գուցե նա էլ հիշում է քեզ, գուցե քեզ չի մոռացել,
Հաճախ էլ քեզ համար գուցե նա աչքերն է իր թացել:

Դու մի՜ տանջվիր երբեք վշտից, երբ մերժում է սիրելիդ,
Թեև մերժված, բայց ունեցիր սիրով լցված մի ջե՜րմ սիրտ:

Եվ` հավատա՜, կգա մի օր` դու երջանիկ կլինես,
Ու քեզ համար մի վառ ծաղիկ, սիրող մի սիրտ կգտնես:

...Լսի՜ր դու միշտ խոսքերը իմ, խորհուրդները իմ բարի,
Որոնք ճամփա ցույց կտան քեզ` ճանապարհը մեծ կյանքի,
Եվ միշտ սիրիր անկեղծ սրտով, մինչև կյանքի վերջ սիրիր,
Ու ջինջ հոգով, ջահել հոգով սիրո խոսքեր անրջիր...

1977, Դիլիջան


ՉՄՈՌԱՆԱ՜Ս...

խմբագրել

Երբ որ գարուն լինի,
Ու ծաղիկներ լինեն`
Ծաղիկներով տարված
Չմոռանա՜ս դու ինձ,
Չմոռանա՜ս...

Չմոռանա՜ս դու ինձ,
Եթե նույնիսկ մեկին
Մի սրբազան սիրով
Հանդիպես քո ճամփին`
Չմոռանա՜ս...

1977, Դիլիջան


ՎԵՐՋԵՐԳ

խմբագրել

Մնա՜ս բարով, ի՜մ անգին,
Սե՜ր իմ առաջին...
Արդեն ուրիշ սիրո՞վ է
Լցվում իմ հոգին:

Էլ չե՞ս գերում, թովում ինձ
Դու քո թովչությամբ,
Բա՞վ է` ինչքան մնացինք
Մենք համբերությամբ:

...Մնաս բարով եմ ասում
Դառնացա՜ծ հոգով,
Ո՜նց կմարի կարոտդ
Իմ սրտում սիրող...

1977, Դիլիջան