Ես քո որդին եմ նորից լինելու...

Ես քո որդին եմ նորից լինելու...
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 170-171։

Ես քո որդին եմ նորից լինելու...


               2008-ի մայիսի 21-ին դաժան մահով նահատակված սիրասուն մորս` Ելենա (Լենա) Ներսեսի Գրիգորյանի (Մակյանի) անմար հիշատակին, անամոք ցավով

Ես կհամբուրեմ, մայր իմ, ձեռքերդ`
Երբ հորիզոնը աչքիս դեմ մթնի,
Երբ հոգնած միտքս հանգիստն իր գտնի`
Ես կհամբուրեմ, մայր իմ, ոտքերդ։
Ամեն ինչ ունայն, դատարկ է, թերի,
Անգամ… ածխացած ակնախորշերդ,
Ես կհամբուրեմ, մայր իմ, աչքերդ`
Երբ հորիզոնը աչքիս դեմ մթնի։

Երբ հորիզոնը աչքիս դեմ մթնի`
Ես ո՞ւմ որդին եմ, ասա, լինելու,
Ե՞րբ ես ինձ նորից անուշ ժպտալու,
Երբ հորիզոնը աչքիս դեմ մթնի՞...
Մթության միջով երբ քայլեմ հեռու`
Ինձ քո երազը նորից կգտնի՞,
Երբ հորիզոնը հանգիստն իր գտնի,
Մայր իմ, բա ինձ հետ ի՞նչ է լինելու։

Մայր իմ, բա ինձ հետ ի՞նչ է լինելու,
Նորից կվազեմ գիրկդ երևի`
Կորչեմ օղակում քո գիրգ ձեռքերի,
Այնպե՜ս ամուր ես դու ինձ գրկելու...
...Էլ մեզ ոչ մի ուժ չի բաժանելու`
Քո գրկի մեջ թող մանկանամ կրկին,
Կարոտ չմնամ մայրական գրկի,
Ես քո՛ որդին եմ նորից լինելու...

Ես քո որդի՛ն եմ նորից լինելու...
Ինչքան էլ բախտը մեր լինի դաժան,
Ինչքան էլ, մայր իմ, Աստված անարժան
Հնար որոնի կրկին պատժելու։
Վաղ թե ուշ, մեկ է, քո գիրկն եմ գալու,
Կտեսնե՞մ նորից աչքերդ բարի,
Որ գգվի խինդդ ինձ մայրավարի,
Թե՞ մենք այլևս... չենք հանդիպելու...

Թե մենք այլևս չենք հանդիպելու`
Էլ չե՞մ նայելու աչքերիդ թովիչ,
Ինձ աչքերիդ մեջ փնտրելու եմ միշտ`
Թեև էլ երբեք քեզ չեմ տեսնելու։
Ափսոս, քեզ երբեք էլ չեմ տեսնելու,
Կպահվեք տարբեր պարունակներո՞ւմ...
...Առանց քեզ, մայր իմ, ինչպե՞ս եմ ապրում,
Ե՞րբ եմ քեզ կրկի՛ն որդի լինելու...

14.04.2012 թ.,Ստեփանակերտ