Եվ այսպիսի ճակատագիր
Աղբյուր՝ Եվ այսպիսի ճակատագիր (ակնարկ), Ստեփանակերտ, «Պոլիգրաֆ» հրատ., 1998, 64 էջ, տպ.՝ 350։

ԵՎ ԱՅՍՊԻՍԻ ՃԱԿԱՏԱԳԻՐ

Աբգար Դանիելյանի կյանքն ու գործունեությունը


ԾՆՈՒՆԴ, ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆ, ՊԱՏԵՐԱԶՄ

Տարեց մարդիկ մինչև հիմա էլ հիշում են. 1918-ի գարնանը սով էր լեռնային Կոճողոտ գյուղում։ Ամենից շատ մահանում էին փոքր երեխաները։ Գրեթե ամեն օր թաղման արարողություն էր։ Երիտասարդ կանայք խուսափում էին ծննդաբերելուց և տատմերների օգնությամբ ոչնչացնում իրենց արգանդում ձևավորվող պտուղները։ Այդպես էր որոշել նաև հարևան Վաղուհաս գյուղից Կոճողոտ հարս եկած Վարդի Դանիելյանը, ով արդեն երկու աղջիկ երեխա ուներ՝ Եսթերն ու Մարիամը։ Վախենում էր երրորդն էլ աղջիկ ծնվի։

- Այդպիսի բան չանես, երեխայից վնաս չկա, ո՞վ գիտի, գուցե տղա է ծնվելու,- զգուշացնում է սկեսուրը՝ Ջավահիր տատը։

- Չգիտեմ՝ ինչպես վարվեմ, սկեսուր, վախենում եմ տունս աղջիկներով լցնեմ ու կրակի մեջ գցեմ բոլորիդ։

- Մի վախեցիր, աղջիկս, վերևում Աստված կա, տեսնում է, այդ մեկը պիտի տղա ծնվի։

Հարսը հավատաց սկեսրոջը և նրա խոսքից դուրս չեկավ։

Այդպես էլ եղավ. Սուրբ Համբարձման տոնին հարսը տղա բերեց։ Դա 1918-ի մայիսի 15-ին էր։

- Դե, որ Համբարձման տոնին է ծնվել՝ անունն էլ Համբարձում դնենք,- ասում է հայրը՝ Սարգիսը, ում, գեղեցիկ տղամարդ լինելու համար, ընկերները կատակով Սիրական էին անվանում։

Այդպես էլ որոշում են ծնողները՝ Համբարձման ծնունդ է, թող անունով էլ Համբարձում լինի։

- Չէ,- առարկում է Վան քաղաքից 1916-ին ներգաղթած քահանա Տեր-Օհանեսը,- Համբարձում անունով տղաներ շատ կան Արցախում։ Եկեք այս երեխայի անունը Աբգար դնենք՝ հայոց երևելի թագավորներից մեկի անունով, ով խելոք էր ու խաղաղասեր և շատ մտերիմ՝ Աստծո որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ, որի ժամանակակիցն էր ինքը։

Ոչ ոք չի առարկում ուսյալ քահանային, ասել է՝ Աբգար, ուրեմն՝ Աբգար էլ պիտի լինի...

Մեծանում է Աբգարը հայրենի Կոճողոտ գյուղում, չիմանալով, թե ինչ կյանք ու ճակատագիր է սպասում իրեն։ Դեռ գյուղի յոթնամյակում սովորելու տարիներին էր, երբ մահանում է հայրը։ Ընտանիքի ծանրությունն ընկնում է պատանի Աբգարի ուսերին։ Հայրը բժշկական խնամքից զուրկ էր, որովհետև գյուղում ոչ բժիշկ կար, ոչ բուժակ ու բուժքույր, ու մտածում էր պատանի Աբգարը, որ եթե ինքը բժիշկ լիներ՝ անպայման կկանխեր հոր մահը։

- Ես անպայման բժիշկ պիտի դառնամ,- ինքն իրեն մխիթարում է նա,- գնամ Ստեփանակերտի բժշկական տեխնիկում, սկզբում՝ բուժակ կդառնամ, հետո կշարունակեմ ուսումս բարձրագույնում և ինձանից լավ բժիշկ կստացվի։ Պետք է շտապել, մորս օգնել է պետք։

Գնաց ու ընդունվեց տեխնիկում և ուսմանը զուգընթաց սկսեց աշխատել այն ժամանակ Ստեփանակերտում լույս տեսնող <<Երիտասարդ բոլշևիկ>> թերթում։ Եվ ի զարմանս շատերի՝ նա լիովին արդարացնում էր ինչպես խմբագրի, այնպես էլ բժիշկ-ուսուցիչների հույսերը։ Սակայն պատանի Աբգարին վիճակված չէր ուսումն ավարտին հասցնել. 1939-ին զորակոչվում է Կարմիր բանակի շարքերը։ Լենինգրադյան զինվորական օկրուգի կարմիրբանակային Աբգար Դանիելյանը մասնակցում է խորհրդաֆիննական պատերազմին՝ կապավոր էր, գնդակների տարափի տակ հեռախոսագիծ էր անցկացնում հրամանատարական կետերը, հսկում կապի անխափան աշխատանքը։ Բայց պատերազմի ավարտին տասն օր մնացած, 1940-ի մարտի 3-ին, նա վիրավորվում ու տեղափոխվում է զինվորական հոսպիտալ։

Ապաքինվելուց հետո կրկին շարք է վերադառնում և շարունակում ծառայությունը սահմանային Բրեստ քաղաքում։ 1941-ի ամռանը լրանում էր Աբգարի զինվորական ծառայության ժամկետը։ Ինչքա՜ն էր ցանկանում շուտ վերադառնալ տուն և շարունակել ուսումը։ Այս անգամ էլ չի ստացվում. 1941-ի հունիսի 22-ի առավոտը արյունով է բացվում աշխարհի վրա։ 447-րդ հրետանային գնդի կազմում, պատերազմի հորձանուտում հայտնված Ա.Դանիելյանը՝ որպես շարքային հրետանվոր ու, միաժամանակ, սանհրահանգիչ, անցնում է բազում փորձությունների միջով, ապրում նահանջի ողջ դառնությունը, մասնակցում Մոսկվայի ու Տուլայի պաշտպանությանը, ապա արևմտյան շատ շրջանների ու քաղաքների ազատագրման համար մղված մարտերին։ Պատերազմը նրա համար ավարտվում է Մերձբալթյան հանրապետությունների ազատագրումից հետո։ Նա հպարտանում է, որ կռվել է այն ժամանակ՝ գեներալ, իսկ հետագայում՝ մարշալ Հովհ. Բաղրամյանի զորամասերից մեկի կազմում։ Նա կրում է Կարմիր աստղի ու Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշաններ և մեկուկես տասնյակ տարբեր մեդալներ։ Գրեթե յոթ տարի Աբգար Դանիելյանը մնում է ծառայության մեջ, հաղթահարում բազում դժվարություններ ու փորձություններ։

1942-ի հուլիսյան մարտերից մեկի ժամանակ Ա.Դանիելյանն ընդունվում է ԽՄԿԿ շարքերը։ Երաշխավորողներից մեկը՝ գնդի կոմիսար Իվան Ստեպանովիչ Կովալևը, ով անչափ սիրում էր կովկասցի տղային, իմանալով երիտասարդ զինվորի գրական ձիրքի մասին, նրան կուստոմս հանձնելիս պատգամում է.

- Ես ցանկանում եմ, որ դու ողջ մնաս և հաղթանակը նվաճելուց հետո սերունդներին պատմես մեր բանակի, քո մարտական ընկերների մասին։

...Նախկին զինվորը հետագայում սրբությամբ է կատարում կոմիսարի այդ պատգամը։

Պատերազմի հաղթական ավարտից հետո Աբգար Դանիելյանն առաջին հերթին լրացնում է ուսման պակասը՝ ավարտում է միջնակարգը, հետո՝ Բաքվի կուսակցական դպրոցը, իսկ որոշ ժամանակ անց՝ հեռակա կարգով՝ Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Մի շարք տարիներ աշխատում է որպես Մարտակերտի շրջանային <<Սոցիալիզմի ուղիով>> թերթի խմբագիր, կուսշրջկոմի երկրորդ քարտուղար, իսկ այնուհետև վերջնականապես հաստատվելով Ստեփանակերտում՝ մոտ չորս տասնամյակ <<Սովետական Ղարաբաղ>> թերթի խմբագրությունում էր (բաժնի վարիչ ու խմբագրի տեղակալ), կարճ ընդմիջումով՝ նաև ռադիոհաղորդումների մարզային կոմիտեի նախագահ։ Այդ ամբողջ ընթացքում լրագրող Աբգար Դանիելյանը չի մոռանում գնդի կոմիսարի պատգամը՝ գրել մարտական ընկերների սխրագործությունների ու նրանց հետագա ճակատագրերի մասին։ Աշխատանքը ոչ թե խանգարում, այլ, ընդհակառակը, օգնում է լրագրողին՝ գրողական որակներ ձեռք բերելու և ի բարին օգտագործելու ուղղությամբ։ Հարուստ կենսափորձը հնարավորություն է տալիս նրան թափանցել կյանքի երևույթների մեջ և <<հավաքել>> հետագա ստեղծագործությունների <<նեկտարը>>։


ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Աբգար Դանիելյանը գրում է հանգիստ, առանց շտապելու, ամեն կերպ ձգտելով ճշմարտացիորեն արտացոլել կյանքի առաջադրած հիմնախնդիրներն ու մտահոգությունները, և, ինչպես ինքն է ասում, գրում է <<ուղիղ քայլող մարդկանց>> մասին, նրանց միջոցով բացահայտում մեր կյանքի խոցելի կողմերը, նրանց միջոցով էլ փորձում ելք գտնել բարդ կացությունից։

Բազմաբնույթ ու բազմերանգ են գրողի ստեղծագործական ոլորտները՝ պատերազմական արհավիրք, ետպատերազմյան խաղաղ շինարարություն, խեղված ճակատագրեր և այլն։ Ստեղծվող երկերն էլ ըստ ամենայնի կրում են իրենց խաչը։ Հեղինակին ճանաչում են բերում հատկապես <<Գոհար>> վիպակը, <<Այրվող պատիվ>> պիեսը, բազում պատմվածքներ։ Արցախի գյուղաշխարհից վերցված ու գրական տեսքի բերված դրվագները, որ հետագայում Աբգար Դանիելյանի գրչի տակ պատմվածք են դառնում, վիպակ կամ պիես՝ ամենուր ընդունվում են հարազատորեն. մարդիկ տեսնում ու ճանաչում են այդ ստեղծագործությունների գործող անձանց, պաշտպանում կամ դատապարտում նրանց արարքները։


«Գոհար» վիպակը

Գոհարը և Արամը («Գոհար»), երկուսն էլ՝ Սարալանջ գյուղից են։ Իրար սիրել են դպրոցական նստարանից, բայց կյանքը նրանց տարբեր ճանապարհներով է տարել, Արամը մեկնել է ռազմաճակատ, վերադառնալուց՝ գյուղատնտեսական կրթություն է ստացել, իսկ Գոհարը միջնակարգն ավարտելուց հետո ամուսնացել է հարևան Լուսաշեն գյուղում և ամուսնու ճակատ մեկնելուց հետո փոքրիկ դստրիկի հետ ամբողջ կյանքում մնացել դաշտում։ Իմանալով Գոհարի ճակատագրի մասին, Արամը խնդրում է իրեն, որպես գյուղատնտես,աշխատանքի ուղարկել Լուսաշենի կոլտնտեսություն։ Հենց առաջին հանդիպումներից Գոհարին հայտնի է դառնում Արամի նպատակը. նրա հոգում չի մարել Գոհարի հանդեպ ունեցած սերը։ Գոհարն արտակարգ գեղեցիկ, խելոք, առաքինի կին է, և Արամը, հաշվի չառնելով նրա ամուսնացած լինելն ու երեխա ունենալը, որոշում է կյանքը կապել նրա հետ։ Գոհարն էլ, իր հերթին, սիրում է Արամին, բայց այլ կարծիքի է. Արամը պետք է ամուսնանա իրեն համապատասխան, այսինքն՝ չամուսնացած աղջկա հետ, որ ամբողջ կյանքում երջանիկ լինի։ Արամին գերում է Գոհարի պարզամտությունը, անկեղծությունը, համեստությունը, կանացիությունը։ Ամեն անգամ տեսնելով նրա սլացիկ հասակը, ուսերին թափված մազերի խուրձը, լսելով չափված-հավասարակշռված դատողությունները՝ այնպես է սքանչանում, որ անկարելի է համարում մեկ ուրիշին ընտրելը։

Փոխադարձ սերն ու մարդկային ազնիվ հատկանիշներն Արամին ու Գոհարին այնպես են ջերմացնում, որ բաժանվելն այլևս անհնար է դառնում։ Երկուսն էլ աշխատում են անձնվիրաբար՝ հանուն Լուսաշենի պայծառ ապագայի, բայց, ահա, համարձակ ու նորարար գյուղատնտեսը բախվում է պահպանողական ղեկավարների հետ և, աջակցություն չգտնելով գյուղում, թողնում է Լուսաշենը։ Երբ արդեն խորհրդային երկրի հեռավոր շրջաններից մեկում Արամը փայլում է իր նորարարությամբ, շրջանի ղեկավարությունը նրան պահանջում և գլխավոր գյուղատնտես է նշանակում <<Արևածագ>> խաղողագործական տնտեսությունում։ Նա արդեն ամուսնացած էր, երկրամաս է վերադառնում ընտանիքով։ Աշխատանքի անցնելով՝ կարճ ժամանակաընթացքում փոխում է տնտեսության վիճակը, այն դարձնում է առաջավոր փորձի դպրոց։ Այստեղ, բաց երկնքի տակ, անցկացվում են տնտեսությունների ղեկավարների ու մասնագետների սեմինար-խորհրդակցություններ։ Ու մի օր էլ Արամը ցուցադրում է խաղողի իր ստեղծած նոր տեսակը՝ բարձրացնելով սրտաձև մի ողկույզ, որն ասես ձեռքին բռնկում-շողարձակում է։

- Ինչպե՞ս է կոչվում խաղողի այդ տեսակը,- հարցնում է կուսշրջկոմի քարտուղարը։

- Որոշել եմ անվանել... <<Գոհար>>։

Նրան ակնապիշ նայող Գոհարի աչքերից գլորվում են գոհար-գոհար արցունքները։ Զղջո՞ւմ է, որ մերժել է ամուսնության առաջարկը, թե՞... Երևի՝ ոչ։ Առաջնային է համարել իր՝ առաքինի բնավորության դրսևորումները պահպանելը,հավատարիմ մնալով նահապետական-բարոյական համոզմունքներին՝ կրել առաջին ամուսնության դժբախտ լուծը, թեկուզ՝ անվերադարձ կորստյան ցավի վերապրումներով։ Բայց և՝ ուրախ է Արամի՝ իր առաջին սիրո, աշխատանքային ձեռքբերումներով։


«Այրվող պատիվ» պիեսը

Հուզիչ ու այրող է «Այրվող պատիվ» պիեսի թեման. վարդաբլուրցի Արմեն Ազատյանը կռվում է ճակատում, կինը՝ Զարուհին, ուսուցչուհի է գյուղի դպրոցում։

Տարբեր պատրվակներով զինծառայությունից խուսափած, թիկունքային տաքուկ պաշտոններում տեղավորված մի քանի թափթփուկներ <<մատների վրա պար են ածում>> համագյուղացիներին։

...Խորամանկ ու ճարպիկ պահեստապետ Բուդաղը, աչք ունենալով Զարուհու վրա, գյուղում լուրեր է տարածում, թե նրա ամուսինը դավաճանել է Հայրենիքին ու, զենքը վերցրած, կռվում է յուրայինների դեմ։ Մեկին՝ կաշառելու, մյուսին՝ շանտաժելու, երրորդին՝ քծնելու միջոցով Բուդաղին հաջողվում է Ազատյանների ընտանիքը՝ հարսին, կեսրայրին ու սկեսրոջը լարելով մեկը մյուսի դեմ։ Արդյունքում՝ Զարուհին վռնդվում է Ազատյանների տնից։ Նրանից խլում են անգամ երեխային, որ... չխանգարի մոր <<երջանկությանը>>։ Ամբողջ մի տարի ապրելով խուցի մեջ, Զարուհին սակայն չի ընկրկում դժվարություներից։ Նա համոզված է, որ Արմենը խիզախ տղա է, երբեք ողջ անձնատուր չի լինի թշնամուն, և հավատով սպասում է նրա վերադարձին։

Զրուցելով ամուսնու լուսանկարի հետ, հավաստիացնում է նրան. <<Հանգիստ եղիր, սիրելիս, որքան հողմածեծ եմ լինում, այնքան կարծրանում եմ, որքան խտանում են որոգայթները, այնքան զգուշանում եմ։ Ես քեզ սպասում եմ, սիրելիս>>։ Եվ խոստանում է՝ ցույց տալ իր սերնդին, թե ինչպես պետք է սպասել...

Այդպես սպասելով՝ հաղթում է Զարուհին, թշնամու թիկունքում մարտնչած ամուսինը վերադառնում է հաղթանակով, իսկ Բուդաղն ու մյուս թափթփուկներն իրենք են մերկացնում միմյանց արարքները։ Վերականգնվում է ավերված օջախը, Ազատյանների հարկի տակ կյանքը մտնում է բնականոն հունի մեջ...

Պիեսը բեմադրվել է Ստեփանակերտի Մ. Գորկու (այժմ՝ Վ. Փափազյանի) անվան հայկական պետական դրամատիկական թատրոնում և 207 անգամ ներկայացվել հանդիսատեսի դատին։


Մյուս պիեսները

Աբգար Դանիելյանի գրչին են պատկանում նաև <<Վերադարձիր, Նադյա>> և <<Սերը կրակի տակ>> պիեսները։ <<Վերադարձիր, Նադյա>> պիեսում պատկերված է տանկիստ Ռուբենի և բուժքույր Նադյայի ճակատային կյանքը։ Պիեսը բեմ չի բարձրացվել։

Իր բեմական կյանքին է սպասում նաև <<Սերը կրակի տակ>> պիեսը, ուր Արցախի քաջազուն երիտասարդների՝ արցախյան պատերազմում ցուցաբերած անօրինակ հերոսությունն է նկարագրված և նրանց անաղարտ սերը։


Պատմվածքները

Թեմատիկայի ընտրությամբ ու գեղարվեստական կատարումով ուշադրության են արժանի Ա. Դանիելյանի <<Հայրական դատ>>, <<Պարտություն>>, <<Վթար>>, <<Գործուղում>>, <<Բախում>>, <<Երկրորդ հայրը>>, <<Վերջին բեկորը>> և տասնյակ ուրիշ պատմվածքներ, որոնք ժամանակին տպագրվել են պարբերական մամուլում (<<Գրական Ադրբեջան>> հանդես, <<Կոմունիստ>> (հայերեն) հանրապետական և <<Սովետական Ղարաբաղ>> մարզային թերթեր)։ Ի՞նչն է ուսանելի Ա. Դանիելյանի պատմվածքներում. զննողականությունը, ժամանակաշրջանին բնորոշ երևույթների ընկալումը և դրանց մեկնաբանությունը։


<<Հայրական դատ>>-ում խարազանվում է մի այնպիսի երևույթ, որը բնորոշ է շատ ընտանիքների։ Ամուսինը՝ պատերազմի հաշմանդամ Սեդրակյանը, ազնիվ ու անձնուրաց մարդ է, ապրում է անխոնջ վաստակով, իսկ դա դուր չի գալիս <<Յուվելիրտորգի>> աշխատակցուհի կնոջը՝ Օֆելյային։ Վատ սովորող դպրոցական տղան ևս վարակվում է մոր հոգեբանությամբ, իսկ դուստրը հոր կողմնակիցն է և բոլոր հարցերում պաշտպանում է նրան։ Օֆելյան ապօրինի ճանպարհով փող կուտակելու փորձ ունի, ուստի, որդուն ամուսնու անուն-ազգանունով հերթագրում է մեքենա ստանալու համար, հույս ունենալով, որ հետագայում մեքենայատեր տղային կարող է դյուրությամբ ամուսնացնել գինեկոլոգ-բժշկուհու հետ, որ ապրի ապահով ու երջանիկ։ Երբ Սեդրակյանին կանչում են շրջսպառկոոպ՝ մեքենան ստանալու, ծանոթանալով իր անվամբ ձևակերպված փաստաթղթերին, նա հանում է գրիչն ու խազ քաշում դրանց վրայով։ <<Ինձ առայժմ մեքենա պետք չէ>>,- ասում է ու վերադառնալով տուն՝ դատաստան է տեսնում կնոջ ու տղայի հետ, զգուշացնելով, որ մեքենա պետք է առնել ոչ թե գողացված, այլ ազնիվ ճանապարհով վաստակած փողով։


<<Պարտություն>> պատմվածքում հեղինակը դատապարտում է անանուն նամակներով մարդկանց զրպարտելու, նրանց հետ հաշիվ մաքրելու երևույթը։ Կոլտնտեսության նախագահի և դպրոցի տնօրենի միջև առաջացած բախման հիմքն այն է, որ նախագահի աղջիկը, զրկվելով ոսկե մեդալից, չի կարողացել բուհ ընդունվել։ Տնօրենի դեմ անանուն նամակը հորինել է ինքը՝ նախագահը, և չորս տասնյակ անուն-ազգանուններ շարել դրա տակ, իսկ ստուգումներ անցկացնելու համար գյուղ են ուղարկվել նախագահին <<մոտիկից ճանաչող>> մարդիկ։ Նրանք պետք է ձգտեն հաշիվ մաքրել ավանդույթը խախտել հանդգնող տնօրենի հետ, ով մեդալակիր է <<դարձրել>>... հավաքարարուհու տղային։ Ի դեպ, կուսշրջկոմի բյուրոյում հարցի քննարկման ժամանակ պարզվում է, որ շրջանում նախագահների երեխաները <<տաղանդավոր>> են, իսկ մյուսներինը՝ ապաշնորհ։ Շրջկոմի առաջին քարտուղարը տարակուսանք է ապրում. <<Ուրեմն՝ ի՞նչ է ստացվում, եթե տնտեսության նախագահի ու դպրոցի տնօրենի միջև բախում է առաջացել, անպայման մեղավորը տնօրենն է... Եթե ոսկե մեդալը տրվում է նախագահի երեխային՝ օրինական է, իսկ հավաքարարուհու երեխային՝ անօրեն>>։


ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Աբգար Դանիելյանի ստեղծագործությունների կարևոր առանձնահատկությունն այն է, որ նրա ընտրած թեմաները կրկնություն չեն, գրված են սեփական ոճով, առանց անհավանականությունների, չկան պասիվ ու երկրորդական հերոսներ, յուրաքանչյուրին հատուկ է գործարարությունը։ Եվ բոլոր դեպքերում էլ վճռվում են առաջադրված հիմնախնդիրները։ Մի հանգամանք սակայն, որ ափսոսանք է հարուցում, դա հեղինակի ստեղծագործությունների հրատարակման հարցն է։ Ծերունազարդ արձակագիրն առայժմ չունի պատմվածքների տպագրված ժողովածու։ Նրա շատ ստեղծագործություններ, մեքենագիր վիճակում, շարունակում են <<քնած մնալ>> տարբեր հրատարակչությունների գզրոցներում։ Ի դեպ, և ի զարմանս շատերի, արձակագիր, լրագրող, թատերագիր Աբգար Դանիելյանը մինչև այժմ գրողների միության անդամ չէ։ Իսկ թե ինչու է այդպես ստացվել, չէ՞ որ Արցախում գրողների թիվը մի քանի տասնյակի է հասնում և արդեն կա կայուն գրողական կազմակերպություն, նա մտահոգված է մի քիչ, բայց հանգիստ է ընկալում այս ամենը։ - Գրականության ասպարեզում,- ասում է նա,- հաջողությունները գրողների թվական աճով չի պայմանավորված։ Մի ժամանակ Տուլայի նահանգում ընդամենը մեկ գրող կար՝ Լև Տոլստոյը, բայց նրա ստեղծագործությունները վաղուց համամարդկային հարստություն են դարձել։ Հասկանալի է նրա միտքը, թեև՝ չպարզաբանված։ Եվ չի տրտնջում իր վիճակից. շարունակում է ստեղծագործել, թղթին հանձնել նոր պատմվածքներ, հրատապ թեմաներով հանդես գալիս պարբերական մամուլում։ Չի տրտնջում, որ <<Գոհարն>> առանձին գրքով չի հրատարակվել, բազում պատմվածքները՝ նույնպես, որ հովանավոր է պահանջվում Արցախյան ազատամարտում մեր քաջազուն մարտիկների անօրինակ սխրագործությունները վավերագրող <<Սերը կրակի տակ>> պիեսը բեմ բարձրացնելու համար։ <<Փույթ չէ,- ասում է,- մի օր հովանավոր կգտնվի>>։ Չի տրտնջում՝ հավատալով, որ մի օր, իրոք, արդարությունը դուրս կգա ընդհատակից, կպարզի թևերն ու կպահանջի ճանապարհ տալ իրեն՝ առաջ շարժվելու համար։ Աբգար Դանիելյանի գրչին են պատկանում Բաքվում և Երևանում հրատարակված <<Հանուն կյանքի>> և <<Հարազատ օջախ>> գրքերը, որոնք նվիրված են Ստեփանակերտի բժշկական ուսումնարանի և գյուղատնտեսական տեխնիկումի անցած ուղուն և առօրյա գործերին, հաստատություններ, որոնք անգնահատելի գործ են կատարել Լեռնային Ղարաբաղի բնակավայրերն ու տնտեսությունները մասնագիտական կադրերով ապահովելու գործում և այսօր էլ շարունակում են իրենց պատվավոր առաքելությունը։ Նրա մի շարք ստեղծագործություններ տպագրվել են <<Լեռնային վտակ>> և <<50 գարուն>> գրական ալմանախներում։ Արտաքուստ հանդարտ ու խաղաղաբարո մարդ է Աբգար Դանիելյանը, բայց հոգով ու բնավորությամբ՝ տագնապող ու տառապող։ Նրան խիստ մտահոգում են այն անարդարություններն ու չարաշահումները, որ նկատում է հասարակական կյանքում և առանձին անհատների գործունեության մեջ։ Բայց հավատում է, որ դրանք ժամանակավոր են, անցողիկ, որ Արցախում հաստատված տնտեսական ու քաղաքական կառույցներն ի վիճակի են հաղթահարելու և վերացնելու նաև այդ խոչընդոտները։ Նա հավատում է, որ ազատություն և անկախություն նվաճած Արցախը դուրս է եկել այն ճանապարհը, որի մասին երազել են ավագ սերնդի մարդիկ, բռնել այն ուղին, որ տանում է լուսավոր ափեր։


ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ ՇՐՋԱՆԸ

Հասարակական դիրքորոշումն ու ճակատագրի դաժան հարվածները

Աբգար Դանիելյանը հասարակական կյանքում ունեցել է առողջ ու կայուն կենսադիրք, հանձնարարված բոլոր տեղամասերում բարեխղճորեն կատարել իր պարտականությունները։ Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում նա՝ որպես հասարակության անդամ, ծնող՝ երեխաների հայր։ Չնայած ճակատագրից կրած արհավիրքներին՝ չի շեղվել ճանապարհից։ Արու զավակ չի ունեցել, բայց չորս դուստրերը լիովին արդարացրել են ծնողների սպասելիքները։ Ավագ դուստրը՝ Նաիրան, բարձրագույն կրթությամբ ռուսաց լեզվի և գրականության մասնագետ ուսուցչուհի է, Սիլվան՝ բժշկուհի, Սվետլանան՝ տնտեսագետ էր աշխատում, Նվարդը՝ հանրակրթական դպրոցի բարձրագույն կրթությամբ ուսուցչուհի լինելով հանդերձ, որպես երաժիշտ՝ դաշնամուրի դասեր է վարում արվեստի դպրոցում։

Ամեն ինչ լավ էր ստացվում և հայրը միայն հպարտանալ կարող էր իր խելոք և ընդունակ դուստրերի հաջողություններով։ Սակայն ճակատագիրն այս անգամ էլ կատարեց իր խարդախ միջամտությունը։

1990-ի մարտի սկզբին Մոսկվայում քննարկվում էր Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը, և Գորբաչովը համառորեն ձգտում էր Արցախը պատանդ պահել ԽՍՀՄ ժողովուրդների <<եղբայրական ընտանիքում>>, այն համարելով Ադրբեջանի անբաժանելի մասը։ Աբգար Դանիելյանի կինը՝ տիկին Իզաբելան, հեռուստացույցով դիտեց այդ ապօրինությունը, գիշերը, սրտի կաթվածից մահացավ։ Մի քանի ամիս անց, օգոստոսի 1-ին Լաչինի երկնքում խփվեց <<ՅԱԿ-40>> ինքնաթիռը, որով Սվետլանան ամուսնու՝ Ալեքսեյ Ավետիսյանի և որդու՝ փոքրիկ Հայկի հետ Երևանից վերադառնում էր Ստեփանակերտ։ Ցնորվել կարող էր մարդը, բայց դա տեղի չունեցավ, Ա. Դանիելյանը դիմացավ, որպեսզի շարունակի պառապել ճակատագրի հասցրած հարվածներից։

Կարծես՝ դա էլ քիչ էր. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի վերջին օրերին, մարտի դաշտում, զոհվեց Նվարդի ամուսինը՝ Լավրենտ Սաղյանը։ Տեղեկանալով այս ամենի մասին՝ ակամայից ուզում ես անիծել այն ճակատագիրը, որ վիճակվել է Դանիելյանների ընտանիքին։ Բայց տեսնելով սենյակում միամիտ խաղացող թոռնիկներին՝ Արմենին ու Բելային, սթափվեցի նման մտքից, համոզված, որ այս փոքրիկներին գոնե կվիճակվի նոր ճակատագիր. նրանք կապրեն նոր Արցախում, ազատ ու խաղաղ երկրամասում։

1998 թ.

ՀԳ

Աբգար Սիրականի Դանիելյանը մահացել է 2002-ի ապրիլի 9-ին, կյանքի 84-րդ տարում։



ԱԲԳԱՐ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ՝ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ, ԳՐԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՆԵՐՈՒՄ ՈՒ ԱԼՄԱՆԱԽՆԵՐՈՒՄ ՏՊԱԳՐՎԱԾ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՉ ԼՐԻՎ ՑԱՆԿԸ

(1950-1988)

Վիպակ

Գոհար


Պատմվածքներ

Ակունք

Ապոլդայի կապիտանը

Արտաշեսի լորենին

Գիշերամարտ (չհորինված պատմվածք)

Գործուղում

Դատ սեփական հարկի տակ

Երկրորդ հայրը

Զինվորի լռությունը

Զինվորի սիրտը

Իմ շքանշանը

Ինֆարկտ

Լեհուհին

Լուսանկարը

Կոծոծը

Տարիներ հետո (չհորինված պատմվածք)

Հայրական դատ

Հայրական իղձ

Ճերմակ պատիվ

Միջնորդ Սողոն

Որդիները

Պարտություն

Ռուս մարդը

Սանմաքրում

Սիրտը չի սխալվում

Վարպետի դասը

Վերջին բեկորը

Վթար

Ուղիղ քայլիր, մարդ


Հոդվածներ և ակնարկներ

Ամեն ինչ կիսատ թողած

Ամեն ինչո՞ւմն է անցյալը մեղավոր

Այդպես, մեր քաջազուններ (հոդվածաշար)

Այդպես պատգամել են անմահները

Այսօր էլ՝ առաջին գծում

Բարի գործեր

Դասը շարունակվում է

Եվ Տուլան աներեր մնաց

Երեք հանդիպում Հրաչյա Քոչարի հետ

Երիտասարդական խոյանքով

Երկուսը՝ նույն գյուղից

Զինվոր էլ մնում է

<<Թե ուզում ես երգդ լսեն...>>

Խաչունց Անդրին

Խիզախ կապավորը

Կուրծքը զրահ դարձրած

Համեստ ու հասարակ

Հայաստանի կենացը

Հարազատ հանգրվան

Հողի դուստրը

Մեծ պայքարի մարդիկ (հոդվածաշար)

Մեր անուշ, մեր վիրավոր հող

Նա պարտք չմնաց կյանքին

Ներիր, խիղճ իմ

Ներսես քեռին հիշում է

Նրան ճախրելու թևեր էին տրված

Նրանք պաշտպանել են մայրաքաղաքը

Նևան՝ աչքերի առաջ

<<Չմոռանաք մեզ, մարդիկ>>

Սիրտ այրող տողերով

Փառքի ճանապարհով


Չափածո

Այդպես էլ չգտա իմ տեղը

Ժամանակակից մարդը

Նամակը

Վերադարձ


ԱՆՏԻՊ ԳՈՐԾԵՐ

(Ոչ լրիվ ցանկ)


Պիեսներ

Այրվող պատիվ (բեմադրվել է Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնում, 1969-ին)

Սիրտը չի սխալվում (չի բեմադրվել)

Սերը կրակի տակ (չի բեմադրվել)

Վերադարձիր, Նադյա (չի բեմադրվել)


Վիպակներ

Գիշերային ստուգարք

Զգույշ, մարդը թևեր ունի

Խոշտանգված սեր

Սառը գիշերներ

Ցատկ սեփական գերեզմանի վրայով

Ուռուցք


Չափածո

Քայլերգ ազատամարտիկների