Երախտագիտությունը պետության հիմքերն ամրապնդող արժեք է

Պետության ղեկավարը [Բակո Սահակյանը] թանկարժեք նվերներ և դրամական պարգևավճարներ հանձնեց կառավարությանն առընթեր ոստիկանության և ազգային անվտանգության ղեկավարներին և մի խումբ աշխատակիցների:
Armenia Today, 23.06.2010


Անհասկանալի է: Նախ անհասկանալի է, թե ինչո՞ւ են մարդիկ «թանկարժեք նվերներ և դրամական պարգևավճարներ» ստանում իրենց ծառայողական պարտականությունները կատարելու համար: Դրա համար նրանք աշխատավարձ են ստանում: Հետո, եթե ինչ-որ մեկը պիտի դրամական պարգևավճար ստանար, ապա դա սահմանամերձ գյուղում ապրող գյուղացին պիտի լիներ, քանզի նախ նա՛ դրա կարիքն ունի, հետո նրա նվիրումն ու վաստակն անհամեմատելի են քաղաքաբնակ պաշտոնյայի արածի հետ:

Սակայն իմ բուն խոսքը դրա մասին չէ: Եթե այս օրերին Արցախի նախագահի կողմից ինչ-որ մարդիկ պիտի պարգևատրվեին, ապա դրանք Արցախի պաշտպանության ժամանակ զոհված 4 և վիրավորված ևս 4 զինվորականները պիտի լինեին: Ես առաջին հերթին նկատի ունեմ մարտական շքանշաններով պարգևատրելը, քանի որ, ինչպես գրել էր ԼՂ պաշտպանության նախարարությունը, նրանք զոհվել են մարտի ժամանակ: Անկախ այն բանից, թե ի՞նչ կբացահայտի հետագա անաչառ քննությունը (հուսանք, որ այդպիսինը կլինի) պարզելու համար, թե ինչպե՞ս եղավ, որ հակառակորդը մեր դիրքերը հանկարծակիի բերեց, միևնույն է այս մարդիկ տվել են իրենց կյանքը կամ արյունը, հետևաբար նրանք արժանի են Արցախի երախտագիտությանը:

Առանց երախտագիտության չի կարող լինել լիասիրտ նվիրում: Երախտագիտությունը մեծ խորհուրդ ունի իր մեջ, որ ավելի շատ ողջերին և ապագա մարտիկներին է պետք: Երախտագիտությունը պետության հիմքերն ամրապնդող արժեք է:


23 հունիսի, 2010թ.