Երբ էս հին աշխարհը մտա...

Եղիշե Չարենց


Երբ էս հին աշխարհը մտա...


Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով-քամանչով
Ի՞նչ պիտի անե աշխարհում էս անմիտ-անճարը, ասին։

Սակայն երբ խալխի քեֆերին ես անուշ տաղերս ասի՝
Ամառվա մրգերի նման անո՛ւշ է քո բառը, ասին։

Բայց խալխի անսիրտ քեֆերին ես տխուր, մենակ մնացի,
Ուզեցի թողնեմ-հեռանամ՝ հպարտ է ու չար է, ասին:

Եվ սրտիս ցավից հուսահատ ես մե թաս օղի խմեցի,—
Չարենցը ցնդած-գինեմոլ, հարբեցող-հիմար է, ասին։

Ու ձմռան բուքերի միջին ես բոբիկ ու մերկ մնացի.
Դուրսը ցուրտ, ձմեռ է, սակայն հոգուդ մեջ ամառ է, ասին:

Ասի թե՝ մա՛րդ եք ախար դուք, չե՞ք տեսնում մարմինս ծվատ.
Չարենցի հոգին տաղերում աննկուն[1], համառ է, ասին։

Խնդացին, քրքջացին միայն, որ այդպես մնացել եմ մերկ,—
Դարերի հիացմունքը վսեմ տաղերիդ համար է, ասին։



  1. աննկուն — ոչ նկուն, չընկճվող, դիմացկուն, անպարտելի: