Երբ կյանքին

Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի

Երբ կյանքին


Երբ կյանքին վերջին հըրաժեշտ տալիս,
Այստեղ, մարդկանցում կը թողնեմ միայն
Լոկ հիշողություն մոլար կըրքերիս,
Փոխանակ շըքեղ, փառավոր անվան.

Երբ ցուրտ հողի տակ կը նիրհե հանգիստ
Այն սիրտը, ուր ջերմ արյունն էր եռում.
Ուր այնպես իզո՜ւր, ուր այնպես անմի՜տ
Սերն ու թըշնամանք կռիվ էին մըղում.

Երբ հասարակաց վըճռով մեղապարտ,
Դու գլուխ խոնարհած՝ կը լըռես իսպառ
Եվ անմեղ քո սերն, այղ սերն անարաատ,
Ամոթ, նախատինք կլինի քեզ համար,—

Նա՛, ով կըրքերով ու արատներով
Քո պայծառ կյանքը մատնեց խավարին,
Օ՜հ, աղերսում եմ, կըծու խոսքերով
Նորան մի՛ հիշիր այդ տըխուր ժամին։

Բայց երբ կը կոչե քեզ ամբոխն ատյան,
Ասա — մեզ դատող կա մի ա՛յլ էակ,
Որից գընել ես հանցանքիս ներման
Սուրբ իրավունքը՝ կըրելով տանջանք…