Երգ: Ալեմտաղըն այն գեցեցիկ․․․

Երգ: Ալեմտաղըն այն գեցեցիկ․․․

Մկրտիչ Պեշիկթաշլյան


Երգ: Ալեմտաղըն այն գեցեցիկ․․․


Ալեմտաղըն այն գեցեցիկ
Գացի ժուռ գալ անհոգ մոլար,
Ուր բյուր վըտակ բյուրեղ ծոցիկ
Մատուցանեն տնկոց դալար։

Երբ փայլփըլուն ծագե արև,
Ոսկի ցանվի լեռանց վերա,
Շաղ արձըկե ամեն տերև,
Զեփյուռ թփոց հետ կըխաղա։

Բայց քան զամեն հովիկ քնքնուշ
Հրեշտակ մի անդ կը թևածեր,
Ու քան զամեն երգերն անուշ
Այն նազելվույն ձայնիկն հնչեր։

Թըռի՛ր ինծի, ահա մռայլ
Անտառին մեջ իջավ գիշեր,
Կանչե պըլպուլ լուսնին ի փայլ,
Բայց անոնցմե չունինք ընկեր։

Սա հովանիքն անուշաբույր
Տեսնեն ըզմեզ թև ընդ թևով
Ասդիս ծաղիկ, անդին համբույր
Փունջ-փունջ սիրո ընծայելով։

Պարանոցիս մարգրիտ մանյակ
Կախե՛ սպիտակ քուկին թևեր,
Մազերդ գլխիս իմ հովանյակ,
Ու լուռ մնջիկ սահին ժամեր։

Երբ բնություն անխոս կենա,
Մահկանացուք ձայն չեն հաներ․
Լուռ է ամեն ինչ որ շուրջ կա,
Ավելի տաք խոսին սրտեր։

Շուշանափայլ բարձր մի փափկիկ
Ըլլա քու ծոցդ ինձ առ ի քուն․
Բայց թե այն սերդ է խաբուսիկ,
Լավ է չտեսնամ ըզլույս առտուն։