Երգ: Եղբայր եմք մեք

Մկրտիչ Պեշիկթաշլյան


Երգ: Եղբայր եմք մեք


Ի բյուր ձայնից բնության շըքեղ
Թե երգք թռչին սիրողաբար,
Մատունք կուսին ամենագեղ
Թե որ զարնեն փափուկ քընար.
Չունին ձայն մի այնքան սիրուն,
Քան զանձկալի Եղբայր անուն:

Տու՛ր ինձ քու ձեռքդ, եղբա՛յր եմք մեք:
Որ մըրըրկավ էինք զատված.
Բաղդին ամեն ոխ չարանենգ
Ի մի համբույր ցրվին ի բաց.
Ընդ աստեղոք ի՜նչ կա սիրուն,
Քան զանձկալի Եղբայր անուն:
 
Երբ ալևոր Մայրն Հայաստան
Տեսնե զորդիս յուր քովե քով,
Սըրտին խորունկ վերքըն դաժան
Քաղցր արտասված բուժին ցողով.
Ընդ աստեղոք ի՜նչ կա սիրուն,
Քան զանձկալի Եղբայր անուն:
 
Մեկտեղ լացինք մենք ի հընում...
Եկեք դարձյալ հար անբաժան
Խառնենք զարտոսը և ըզխնդում,
Որ բազմածնունդ ըլլա մեր ջան.
Ընդ աստեղոք ի՜նչ կա սիրուն,
Քան զանձկալի Եղբայր անուն:

Մեկտեղ հոգնինք, մեկտեղ ցանենք,
Մեկտեղ թափին մեր քրտինքներ,
Ըզհունձ բարյաց յերկինս հանենք,
Որ կյանք առնուն Հայոց դաշտեր,
Ընդ աստեղոք ի՜նչ կա սիրուն,
Քան զանձկալի Եղբայր անուն: