Դրսում խաղում են երկու երեխա,
մեկը... մայրս է։
Բալիկս բռնում ձեռքը մայրիկիս
եւ ցույց է տալիս իր իսկ կառուցած
խաղատնակը,
ապա զարմանում՝
տես որ տատիկը որքան... մանուկ չէ,
նույնիսկ դժվար է ուզում հավատալ,
որ... իսկական է
տնակն այս քարե։
Բայց համոզում է թոռնիկը նրան,
համոզում է նա, որ իր տատիկը
տատիկ դառնա եւ... խաղատնակում։
Ես պատուհանից նայում եմ նրանց
եւ տեսնում եմ, որ մորս չի թվում,
թե... երեխա չէ։
Խաղում են նրանք,
խոսում են,
վիճում,
հետո թոռնիկի «դու ճիշտ չես ասում»
խոսքից նեղսրտում է տատիկը մեկեն,
մատով «ջնջում» է արցունքը աչքի.
- Կսա՞զի սուտն ինձ...
Թոռնիկը նրա աչքերին նայում
եւ լացակումած,
պռոշ է անում...
ՈՒ մայրս հանկարծ դառնում է տատիկ,
ու մայրս հանկարծ հիշում է ասես,
որ երեխա չէ
ու երեխային իր գիրկն է առնում,
սիրում,
գուրգուրում.
- Վո՜ւյ, ես քոռանամ...
Դրսում խաղում են երկու երեխա,
ցրտերն ընկնում են, գնամ՝ տուն կանչեմ...