Երիվարը մտածումիդ

ԵՐԻՎԱՐԸ ՄՏԱԾՈՒՄԻԴ


Երիվարը մտածումիդ
Սանձահարե պահ մը միայն.
Ու տեսքին դեմ ահագնացած,
Արձանացած այդ մրրիկին
Թող որ դողան խելագարված
Մայր ուրացող, որդեհալած
Ասպետները պատերազմին։

Պահ մը միայն, բայց այնուհետ
Ասպանդակե ու խթանե
Երիվարը մտածումիդ
Ու գրավե արշավասույր
Հանգրվաններ խաղաղության,
Ստեղծագործ աշխատանքի
Անհունին մեջ դուն թևածե…

Հրեղեն ձին մտածումիդ
Ալ հավիտյան կանգ թող չառնե։

Սոֆիա