Երկաթակեր մուկն ու աղքատ հարուստը

Մոլլա Մասրադնի ճաշը Պարապ վախտի խաղալիք (Երկաթակեր մուկն ու աղքատ հարուստը)

Խաչատուր Աբովյան

Հացակեր փեշը
ԵՐԿԱԹԱԿԵՐ ՄՈՒԿՆ ՈՒ ԱՂՔԱՏ ՀԱՐՈՒՍՏԸ

                      Փո՛ղն ա բանում էս մեր աշխարքումն։
                      Գեղըցու խոսք ա, հո ես չեմ ասում,
                             Բայց խի՛ստ հեսաբի,
                             Ով բանը չափի։

Մահն էկավ դուռը մեկ հարուստ մարդի,
Խեղճն ուներ հենց մեկ բեդովլաթ որդի։
Կանչեց նրան մոտն, խելք դըրեց գլխին.
«Գիտեմ, որ ասեց՝ իմ դատած մալին
Ռադրը չե՛ս անիլ, կուտես, կմարսես.
Վերջն դռնեդուռ՝ հաց պետք է ուզես։
Արի, խրատըս գետինն մի՛ քցիր,
Երբ էս օրին դու հասնիս, գոմն մտի՛ր,
Պարանը քցի՛ր էն մեծ սնի արանքն,
Կախվի՛ր, ու խեղդվի՛ր, թե ատես քո կյանքն»։―
Շաբաթ չքաշեց, որ հերը թաղեց.
Մեկ մարդ աշխարքումս էլ նա չըթողեց։
Սազանդար ասես, դմբակ ու դայրա.
Էլ դափ ու զուռնա, չմընաց, մոյդա,
Բարեկամներին գլխին հավաքած,
Փորի հետն ընկավ, քեֆ արեց, ցնծաց։
Էս անիրավներն էլ էնպես էին
Նրա ղուղը քամել ու նըստել ուսին,
Օրը հազար անգամ գլխովը երդվում,
Ու անուշ խոսքով հետն էլ լավ եղում,
Որ հենց էր կարծում էն ողորմելին,
Թե ի՛ր ձեռին ա նրանց սուրբ հոգին.―
Բայց ո՞ւմ չի էսպես փորի բարեկամ
Ռաստ էկել՝ որ նոր ես բանը շուռ տամ։
Հենց դանը հատավ, ջաղացն էլ կանգնեց,
Ով էլ հաց ուներ, իր դարդը քաշեց։
Փորի տակն ընկավ հենց ջուլ ու փալանն,
Էլ ո՞վ էր գիժ՝ որ մոտիկ գա նրան։
Բարեկամները տաշտաքերանքն էլ
Որ լավ մարսեցին, պարկը թափ տվին,
                Տիկը մզեցին, ջանը հանեցին,
Բերանն ու միրուք թամուզ սրբեցին,
Խաչակնքելով ղըրաղ քաշվեցին,
                Ձեռը լվացին։
Ո՛չ թե բարով տալ, կամ կշտովն անցնիլ
Նրանք լայաղ չէին անում, կամ խոսիլ։
Մեկ բան ասելիս էլ հըռհռում էին,
Ծափ տալիս, խնդում, ծաղր անում խղճին։
    Մեկ օր էլ տեսան, մաշիքը ծակ էր.
    Մյուս շորերն հո ձեռից ընկել էր։
    Որ չասեց՝ թէ մուկն ա մաշիքն ծակել,
    Գելը կատաղեց, էնպես ծաղր անիլ՝
    Քա՛րը կը պատռեր, ի՞նչ թե նըրա սիրտը,
    Որ էլ տեղ չուներ, ծածկի իր դարդը։
Դանակն ոսկորին եկել էր, հասել
Մեկ անուն ուներ, էն էլ նա կոտրել։
Հոր տըված խըրատն իսկույն միտքն ընկավ,
Սիրտն արնով լիքը հենց որ տուն եկավ.
Մեկ թոգ վեր առավ ու գոմը վազեց,
Հոր հոգին հիշեց, իր օրն անիծեց,
Էլ հոգի, հավատ ի՞նչ միտքը կը գար,
Որ մեղա ասեր, յա իր մեղքը լար։
Թոկի ծերը որ նա չի՛ բարձրացրեց,
Գերանի արանքն ուժով որ խրեց,
Հանկարծ մեկ տոպրակ էնպես շրխկաց
Առաջին, որ աչքն վրեն մնաց սառած։
Ոսկի էր մեջը լիքն ու պինդ կապած.
Ո՞ւմ էն հադաղին պատահի հանկարծ
Էսպես բան, որ խելքն էլ վըրեն մնա,
Նո՛ր հոգի չառնի, նոր սիրտ չըստանա։
    Բարի հոր միտքը նա նոր իմացավ,
    Վեր առավ փողը, հետը տուն տարավ։
    Օրեցօր էլ եդ ոտն ու գլուխն դըզեց։
    Բարեկամների տուտն էլ եդ բացվեց։
    Բայց էն շատ վաղ էր, որ էշը կաղ էր,
    Էս մահվան գին էր, իշտահի բան չէր։
Նոր շենացածը մկան հիշատակը
Մըտքումն պահելով, ու իր առակը.
Մեկ օր էլ նրանց եդ ղոնաղ արեց,
Հազար բաբաթ բան պատրաստիլ տվեց։
Որ կերան, խմեցին, քեֆներն չաղացավ,
«Պատվելի իշխանք՝ բերանն բաց արավ,
Աշխարքումս հրաշք շատ է պատահել
Բայց աստծու խաթեր՝ ինձ՝ խնդրեմ ասել,
Ո՞վ է լըսել՝ թե անիրավ մուկը
Թողած հավի միսն, շաքարն ու ձուկը,
Երկաթի խոփի կեսը էնպես կըրծի,
Որ տեսնողի աչքն բաց մընա, սառչի»։―
    — «Կըլի, շատ կըլի Աղա՛»՝ ձեն տվին
    Նրանք հազար տեղից, խոսքը ղորդեցին,―
    — «Երկաթ ու մո՞ւկը»։ – Տղե՛րք՝ դուս եկե՛ք,
    Մուկը որ մաշիք կարող չի ծակիլ,
    Նա ի՞նչպես կարաց երկաթը ծակիլ»։―
    Դուռը փակած էր, տղերքը կանգնած,
    Կետի, դագանակը ձեռներին բռնած։
    Ղորդ ա, կերած հացն նա հարամ արեց,
    Որ հալալ տեղ չէր, խիստ շատ լավ արեց։
Հիմիկ մարդիկ որ իրանց խերն ուզեն,
Էսպես բարեկամ չուզեն, ռադ անեն,
Քա՞նի էսպես ճաշ պետք է պատրաստած,
Քանըսի՞ մաշիքն առաջը դրած։
Քանի փող ունիս, մուկդ երկաթ կուտի,
Ձեռըդ պակսելիս՝ մաշկիդ չի՛ դիպչի»։―