Երկերի լիակատար ժողովածու (հատոր 3-ին, Խաչատուր Աբովյան)/«Վերք Հայաստանի» վեպի ակադեմիական հրատարակության առթիվ

«Վերք Հայաստանի» վեպի ակադեմիական հրատարակության առթիվ

Խաչատուր Աբովյան

Հատորում կիրառվող պայմանական նշանները
[ 9 ]
«ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՎԵՊԻ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ

«Ամենալավ «Վերք Հայաստանի»-ն դարձյալ մնում է հինը, մինչև մի նոր լավը կտպվի»,-գրել է Հ. Թումանյանը «Վերք Հայաստանի»-ի 1908 թ. հրատարակության առթիվ իր հայտնի գրախոսականում։[1] Հ. Թումանյանի այդ գնահատականից հետո, նախասովետական շրջանում «Վերք Հայաստանի»-ն նոր հրատարակություն չունեցավ։ Ասել է թե հայ գրականության այդ խոշորագույն երկերից մեկի անթերի հրատարակության դժվարագույն, բայց պատվավոր գործը ընկնում էր սովետական գրականագիտության վրա։

Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի սույն հրատարակությունը 6-րդ հրատարակությունն է։

Առաջին անգամ «Վերք Հայաստանի»-ն լույս տեսավ 1858 թ., հեղինակի մահից 10 տարի անց և 18 տարի անց այն բանից հետո, երբ այն արդեն գրված, պատրաստ էր։ «Վերք»-ի հրատարակությունը մի խոշոր իրադարձություն էր այն ժամանակվա մեր գրական-կուլտուրական և քաղաքական հասարակական կյանքում։ Այդ երկին վերապահված էր կատարելու պատմականորեն հասունացած չափազանց խոշոր խնդիր, որը մի կողմից արտահայտվեց մեր նոր գրականության և կուլտուրայի ժողովրդականացման և աշխարհականացման սկզբունքի հաղթանակով, իսկ մյուս կողմից մեր ժողովրդի քաղաքական վիճակի միանգամայն ճիշտ և ռեալիստական վերլուծումից հանած առողջ եզրակացությամբ։ Աբովյանը մատնացույց արեց Ռուսաստանը, ռուս մեծ ժողովրդին, իբրև իր ժողովրդի միակ անկեղծ բարեկամի և նեցուկի։

«Վերք Հայաստանի»-ն իբրև մեր ժողովրդի քաղաքական ու կուլտուրական բազմամյա որոնումների արգասիք, էպոխայի առաջացրած հիմնական հարցերին պատասխանող մի երկ, պետք է ուղենիշ հանդիսանար հայ նոր գրականության հետագա ընթացքի համար։ [ 10 ]

Ի՞նչ վիճակում սակայն հրապարակ եկավ էպոխայի գրական-գեղարվեստական և քաղաքական-հասարակական այդ խոշորագույն դոկումենտը։

Նախ և առաջ «Վերք Հայաստանի»–ն լույս տեսավ ցենզուրական զգալի աղճատումներով։ Վեպից հանված էին հոգևորականության՝ իբրև մեր ժողովրդի կուլտուրական առաջընթացն արգելակող խավի վերաբերյալ Աբովյանի մերկացումները, հանգամանք, որ թուլացնում էր երկի իդեական սրությունը, հարված հասցնում վեպում զգալի արտահայտություն գտած քննադատական ռեալիզմին։ Սակայն, խնդիրը սրանով չէր սպառվում։ Վեպը լույս տեսավ առանց իր հավելվածի՝ «Զանգի»–ի, որի նշանակությունը չգիտակցելը որպես «Վերք Հայաստանի»–ի անհրաժեշտ մասի, ինքնըստինքյան վատ ցուցանիշ էր անցյալի մեր բանասիրության համար։ «Զանգի» հավելվածը, որ ոչ պատահական կերպով «Վերք Հայաստանի» վեպի ինքնագրի մեջ նրա անմիջական շարունակությունն է կազմում, հիրավի, ի՞նչ հարաբերություն ունի բուն վեպի հետ։

«Զանգի»֊ում նկարագրվող Նազլուի սուգը և մահը Աղասու գերեզմանի մոտ և ապա սրանց որբ մնացած երեխաների վիճակի տնօրինումը Աբովենց Հարությունի կողմից՝ պետք է դիտել որպես վեպի օրգանական անհրաժեշտ մասը։ Հեղինակը ևս այդպես է հասկացել «Զանգի» հավելվածի հարաբերությունը բուն վեպի հետ։ Հավելվածի վերջում Աբովյանի արած այն արտահայտությունը, թե՝ «Աղասու սուքն արինք պրծանք» և ապա դրան հաջորդող տողերը, որտեղ հեղինակի կողմից իր ողջ երկի գնահատականն է տրվում, այդ են ապացուցում։ Համարելով այդ երկը արդեն ամբողջացած և ավարտված, վերոհիշյալ հատվածում Աբովյանը իբրև ամփոփում գրում է․ «Աղասու սուքն արինք պրծանք, ախ՝ նրա պես հայազգի հիշատակը, նրա պես աննման հսկայի պատմությունը՝ ես չպետք է գրեի։ Երանի էն սհաթին, որ մեկ ազնիվ հայի ծնունդ, իմ անպիտան լեզվի վրա բարկանա, իմ անպիտան գրությունը դեն քցի ու ինքը նորեն էնպես գրի մեր քաջ հայերի պատմությունը, որ լսող, կարդացող վառվի, բորբոքվի, զարմանա, հիանա ու էն գրողի ղալամն ու գիրքը, ինչպես Պետրարքինը՝ մասունքի տեղ պաշտի, ծոցումը պահի։ Սերն էր, որ ինձ համարձակություն տվեց՝ որ գրեցի, թող՝ կարդացողը պակասությունս երեսովս չտա»։

Եվ վերջապես, նկատենք, որ ինքնագիր բանաստեղծությունների մի տետրում (№ 58) զետեղված «Զանգի»–ի հատվածը Աբովյանը վերնագրել է «Հատված ի րոմանե (վիպասանութենե ) «Վերք Հայաստանի, վիշտ հայրենասիրի»։ [ 13 ]

Ոչ միայն վեպի սյուժետային գիծն է իր բնական ավարտն ստանում «Զանգի»-ում, իդեական իմաստով էլ «Վերք Հայաստանի»-ն վերջավորվում է Զանգիով։ Այստեղ, մի վերջին անգամ, վիպասանը բնութագրում է իր հերոսին իբրև անձնազոհ հայրենասերի, և այդ առնչությամբ երիտասարդությանը ոգեշունչ խոսքեր է ուղղում հայրենասիրության, հասարակական անձնվեր գործունեության և մարդկային բարձր մորալի մասին։

Այս նույն տեղում է ահա, որ կրկին անգամ Աբովյանը նոր ու ավելի բարձր ոգևորությամբ վերադառնում է հայ ժողովրդի պատմական հեռանկարի և քաղաքական ճակատագրի հարցին ու այս կապակցությամբ նորից ու նորից շեշտում վեպում կարմիր թելի պես անցնող ռուս-հայ բարեկամության գաղափարը, այդ բարեկամության մեջ տեսնելով իր ժողովրդի մշտական բարօրության երաշխիքը։ Աբովյանի այդ եզրակացությունը հետևանք էր հայ ժողովրդի քաղաքական որոնումների դարավոր փորձի։

«Վերք Հաաստանի»-ի հաջորդ երկու հրատարակություններում ևս «1897-1908 թթ.) «Զանգի» հավելվածը տեղ չի գտնում, իսկ ինչ վերաբերում է ցենզուրական կրճատումներին, հապա, թեև 1858 թ. հրատարակության կրճատումները վերականգնվում են, սակայն այս անգամ էլ ցենզուրայի կողմից կատարվում է նոր կրճատում, նորից խաթարելով «Վերք»-ի ամբողջական և անթերի հրատարակության գործը։

Հիշյալ թերությունների վրա ավելանում են այդ երկի տարբեր հրատարակոթյուններում տեղ գտած բազմաթիվ տեքստային աղավաղումները։ Խնդիրը այն է, որ այդ աղճատումների քանակը «Վերք»-ի առաջին հրատարակությունից մինչև երրորդ հրատարակությունը ոչ միայն չի նվազել, այլ և բազմապատկվել է, դրանով իսկ Թումանյանին հիմք տվել «Վերք»-ի 1908 թ. հրատարակության առթիվ գրած գրախոսականում եզրակացնելու՝ «Ամենալավ «Վերք Հայաստանի»-ն դարձյալ մնում է հինը», 1858 թ. հրատարակությունը։

«Վերք Հայաստանի» վեպի հրատարակիչներին և խմբագիրներին[2]) խիստ դատապարտած չլինելու համար ասենք, որ այդ հրատարակություններում տեղ գտած սխալների մի որոշ մասի համար աղբյուր է հանդիսացել հեղինակի ինքնագիրը։ Սևագիր վարիանտի վերամշակման և արտագրության միջոցին մաքուր օրինակի մեջ սպրդել են մի շարք վրիպակներ, որոնք կվերանային [ 14 ] անշուշտ, եթե Աբովյանին բախտ վիճակվեր անձամբ հսկելու իր գործի հրատարակությանը։ Քանի որ այդ տեղի չի ունեցել, հապա արտագրության միջոցին վեպի վերջնական վարիանտում մեկ անգամ մուտք գործած վրիպակները այդպես էլ մնացել են և անցել վերոհիշյալ բոլոր հրատարակություններին։

Սակայն և այնպես կարելի է և պետք է մեղադրել «Վերք»-ի հրատարակիչներին այն բանում, որ նրանք Աբովյանի տեքստը վերարտադրել են մեխանիկորեն՝ հաշվի չառնելով, որ մեխանիկական ընդօրինակությամբ անհնարին է վերարտադրել հեղինակի կողմից վերջնականապես չստուգված և չճշտված այդպիսի մի բացառիկ բարդ տեքստ։ «Վերք»–ի ինքնագրում տեղ գտած սխալները հնարավոր էր վերացնել և կամ դրանցից գոնե մասամբ խուսափել միայն մի միջոցով՝ այդ տեքստը, յուրաքանչյուր հրատարակության դեպքում, ուշադիր կերպով ուսումնասիրելու, տարակուսելի և անհասկանալի թվացող ամեն մի բառ ու արտահայտություն հատուկ հետազոտության առարկա դարձնելու միջոցով։

Մեր կարծիքով, նման աշխատանք թափելու պարագայում «Վերք»-ի հրատարակիչները կարող էին ինքնագրում տեղ գտած որոշ լյապսուսներից խուսափել։ Բերենք մի քանի օրինակ։ Նկարագրելով ռուս-պարսկական պատերազմի նախօրյակին Երևանի և նրա շրջակայքի հայ ազգաբնակության տեղահան լինելը, Աբովյանը գրում է․ «Էջմիածնի միաբանքն էլ ցրվեցան... Երկու ջանից հինգն էլ ա չմնացին, որ սուրբ տաճարին ու աթոռին պահպանություն անեն»... Այս բացահայտ թյուրիմացությունը, որ կրկնվել է «Վերք»-ի բոլոր հրատարակություններում, թվում է թե կարելի էր հեշտությամբ վերացնել։ Նախ դժվար չէր կռահել, որ այստեղ խոսք կարող էր լինել ոչ թե երկուսի, այլ երկու հարյուրի մասին, երկրորդ՝ չէ որ որոշ հրատարակիչներ հնարավորություն ունեին այդ արտահայտությունը ճշտել «Վերք»-ի սևագրի միջոցով։ Եվ կամ այսպիսի փաստ. Աղասին գերի վերցրած Հասան խանին ասում է. «Հլա քանի Երևան չես առել, քեզ հետս շան պես քաշ կտամ, սարեսար կքցեմ»։ Եթե «Վերք»-ի հրատարակիչները մի փոքր ուշադիր աչքով նայեին այդ նախադասությանը, հապա թվում է թե պիտի հասկանային, որ «չես առել» արտահայտությունը ձեռագրում անիմաստ է, և որ այդտեղ կհամապատասխաներ «չեն առել» արտահայտությունը։ Այդ միջոցին դեռևս Երևանը պարսիկների ձեռքին էր, և ռուսական բանակն էր, որ պարսիկներից պիտի վերցներ այդ քաղաքը, ուստի այստեղ կարող էր խոսք լինել միայն ռուսների կողմից Երևանը վերցնելու մասին. «Հլա քանի Երևանը չեն առել»... Որքան և տարօրինակ է, «Վերք»-ի նախորդ հրատարակիչներից [ 15 ] և ոչ մեկը այս բանը չի կռահել։ Մի այլ օրինակ. «Ղոչաղ» բառի «չ»–ն տողի վերևում գրված լինելու պատճառով «ղոնաղ» ձև է ստացել, որի հետևանքով «ղոչաղ տղերքը» արտահայտությունը վերծանվել է «ղոնաղ տղերքը»։ Այստեղ դարձյալ դրությունը կարող էր փրկել ուշադիր ընթերցումը, որպեսզի հասկացվեր, որ տվյալ կոնտեքստում կարող էր խոսք լինել միայն «ղոչաղ տղերքի» և ոչ «ղոնաղ տղերքի» վերաբերյալ:

Սակայն հազիվ թե հնարավոր լինի ասել, որ «Վերք»-ի տեքստի մեխանիկական ընդօրինակությունը առանձին հոգատարությամբ և բարեխղճությամբ է եղել կատարված։ Հակառակ դեպքում ի՞նչպես կարող էր պատահել, որ ձեռագրում միանգամայն ընթեռնելի կերպով գրված «թաղերն» վերծանվեր «բաղերն», «փիանդազ» բառը փոխարինվեր ոչինչ չնշանակող «քյանդազ», «կես սհաթ չքաշեց» արտահայտությունը դառնար «կես սհաթ անց չքաշեց», այն դեպքում, երբ ինքնագրում «անց» բառը միանգամայն պարզ և տեսանելի կերպով ջնջված է, ի՞նչպես կարող էին «դժար» և «ատամ» բառերը միանալ, կազմելով «դժարատամ» անիմաստ բառը և այլն։

Այնուամենայնիվ հեղինակի տեքստը «ուղղելու» որոշ փորձեր արվել են, սակայն այդ փորձերը ոչ միայն դրական արդյունքի չեն հանգեցրել, այլև եղած թերությունների վրա ավելացրել են նոր թերություններ։ Այսպես, օրինակ, իրենց տեղում միանգամայն ճիշտ գործածված՝ «շուչը» (մեղք) բառը փոխարինվել է «շունչը» բառով, «բիրադի» բառը «բիրդան» բառով, «անհոգի» բառը՝ «ահագին» բառով, «թուրքը» փոխարինված է եղել «թուրը» բառով, «դուք միշտ պաշտելիք» արտահայտությունը՝ «դուք միշտ պաշտել էք» արտահայտությամբ և այլն, բազմիցս խեղաթյուրելով հեղինակի մտքերը։

Առանց վերացնելու «Վերք Հայաստանի» վեպի հրատարակության ասպարեզում անցյալից եկող այս ակնառու թերությունները, անհնարին էր իրականացնել այդ երկի անթերի հրատարակությունը։ Որքան էլ այդ տարօրինակ է, բայց և այնպես փաստ է, որ «Վերք Հայաստանի» վեպի վերջին երկու՝ 1939, 1940 թ.թ. հրատարակությունների ժամանակ բոլորովին էլ հաշվի չեն առնված անցյալ հրատարակությունների այդ աղաղակող թերությունները։ Հետևանքը եղել է այն, որ «Վերք»-ի նոր հրատարակություններում համարյա նույնությամբ կրկնվել են նախկին հրատարակությունների սխալները։ Դեռ ավելին, ոչ միայն նոր հրատարակությունների մեջ չեն հաղթահարվել տրադիցիայի ուժ ստացած այդ սխալները, այլև եղածների վրա ավելացել են մի շարք նորերը։ [ 16 ] Այսպես, օրինակ. «աղլուխը» վերծանվել է «գլուխը», «զոհը»՝ «հող», «լացին»՝ «բացի», «բուրջը՝ «շուրջը», «միջոցումը»՝ «միջումը», «ծով»-ը՝ «ձոր», «հրեշտակ»–ը՝ «հիշատակ... այլն, և այլն...

Անցյալից եկող տրադիցիայի հանդեպ անքննադատ վերաբերմունքի արդյունք է նաև «Վերք»–ի նոր հրատարակությունների մեջ «Զանգի»-ին՝ իբրև այդ երկի անհրաժեշտ մասի՝ տեղ չտալը։

Սովետական նախորդ երկու հրատարակությունների շատ կարևոր առավելությունն այն է, որ այդ հրատարակություններում վերացվել են անցյալի ցենզուրական բոլոր աղճատումները։

Այժմ երկու խոսք «Վերք Հայաստանի» վեպի սույն հրատարակչության մասին։ Ի տարբերություն բոլոր նախորդներից, ի՞նչ առանձնահատկություններ ունի այս հրատարակությունը։

ա) Այս հրատարակության մեջ վերջապես առաջին անգամ «Վերք Հայաստանի»-ն լույս է տեսնում լիակատար կերպով՝ «Զանգի» հավելվածով հանդերձ։

բ) Այստեղ առանձին բաժին է կազմում վեպի սևագիր վարիանտը, որը «Վերք»-ի մինչ այժմ հայտնի տեքստի համեմատ, պարունակում է բազմաթիվ հետաքրքրական նորություններ։

գ) Բացի լիակատար լինելուց, «Վերք»-ի սույն հրատարակության տեքստը գիտականորեն ստուգված և ճշտված է։ Տեքստը պատրաստելիս նախապես ուսումնասիրվել են ինչպես վեպի երկու ինքնագրերը, այնպես էլ բոլոր նախորդ հրատարակությունները, հանգամանք, որ հնարավոր է դարձրել խուսափելու ամեն կարգի սխալներից և շեղումներից։

դ) Հատորն ունի գիտական ապարատ, որտեղ ըստ անհրաժեշտության և հնարավորության ծանոթագրված են ինչպես տեքստային փոփոխությունների հետ կապված հարցերը, այնպես էլ երկում հիշատակված պատմական դեպքերն ու դեմքերը։

Պիտի կարծել, որ «Վերք Հայաստանի» վեպի սույն հրատարակությունը այդ երկի բոլոր հրատարակությունների մեջ այն նոր լավն է, որի անհրաժեշտությունը և կարևորությունը վաղուց զգացվում էր։

Մ. ԱԲԵՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
  1. «Ուղղված «Վերք Հայաստանի» («Թումանության քննադատ», էջ 147-148)։
  2. 1858 թ. հրատարակիչ-խմբագիր Հ. Փոնդոյան, 1897 թ. խմբագիր Ս. Տեր-Սարգսյան, 1908 թ. հրատարակություն Բաքվի Հայոց Կուլտուրական Միության։