ԵՐԿՈՒ ԲԱՌ՝ ՉԱՐԵՆՑԻՆ


Թող ոչ մեկը չզոհվի,
բացարձակապես,
առավել եւս՝ ես։

Երկիրը - ափից՝ ափ,
Երկինքը - ծայրից՝ ծայր,
մրջյունը քանի լուսային
տարում է անցնում։ Վերջն
ասում է՝ ամեն ինչ
սկզբնավոր է, սկիզբն
ասում է՝ ամեն ինչ վերջավոր է։

Հայոց եղեռնի նահատակները
մի հարցում ունեն՝ չլինի՞
գաղթում են եւ ոգիները։

(Իսկ Էպիկուրի գինու
գավաթում, ահա,
մերկ աղջիկները
խավարից լույս են քաղում)։

Խավարը բոզ է։
Մի թող բառ՝ բառի վրա,
մի թող տող՝ տողի վրա,
ամբողջովին ջնջիր,
ջարդիր, ոչնչացրու
դանթեական առասպելը։

Եվ ելիր Լյառը՝ գիշերով
ճրագը բարձր բռնած, ու,
տես, ինչ որ մեկը պիտի
անպայման մնացած լինի
Տապանում.
ամեն իրիկուն այնտեղ
մի մենավոր
լույս է վառվում։