Երկու խոսք (Իմ անգլերեն գրքի շնորհանդեսի առիթով)

Խոսքի շեշտադրությունը հուշում է այն հողը, որը կրում ես ոտքիդ տակ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Երկու խոսք (Իմ անգլերեն գրքի շնորհանդեսի առիթով))

Վարդան Հակոբյան

Երգն ու երկիրը

Խոսքը հնարավոր է թարգմանել, կարծում եմ, ձայնը՝ երբեք։ Երբ Արտեմ Հարությունյանը իմ անգլերեն ժողովածուն ձեռքն առած թարգմանաբար կարդում էր ուղղակի՝ հայերեն, ես զգացի, որ Տաթեւիկը ոչ թե իմ խոսքն ու միտքն է թարգմանել, այլեւ՝ ձայնը։ Ձայն, որ իմ ժողովրդինն է, ձայն, որ Արցախինն է։ Ամեն բանաստեղծ գիտե մի գաղտնիք, մի բան, որ միայն ինքն է իմանում։ Տաթեւիկը պարզապես թարգմանել է իմ իմացած հենց այդ «մի բանը»։

Իհարկե, ես միշտ էլ այն մտքին եմ, որ պայքարելու միակ ձեւը պայքարելը չէ, ինչպես բանաստեղծելը, որովհետեւ տառերը չիմացող մեր նախնիները մարդկանց մտքերը եւ սիրտը վարժ կարդում էին՝ նրանց դեմքին ու ձեռքերին նայելով անգամ։ Եվ ես տեսնում եմ հիմա, որ Տաթեւիկ Խուրշուդյանը թարգմանելով իմ խոսքն ու ձայնը, միանգամից հայտնվել է արցախյան գոյամարտի ամենաթեժ գծում։ Իսկ Արցախն այսօր ժողովրդավարության փայլուն հաղթանակ է տանում՝ ժողովրդավարության ձեռնոց նետելով ամենահզոր իրավական պետություններին, Արցախ, մի երկիր, որի համար խորհրդային 70 տարիների խաղաղությունը նույնպես պատերազմ էր։ Եվ ավելի ծանր։ Թվում է, թե իմ անգլերեն գրքով ես եւս սեղմում եմ Բայրոնի՝ հայ ժողովրդին մեկնած բարեկամական ձեռքը՝ նրան Մխիթարյան միաբանությունից բերելով աշխարհի ամենաթեժ կետերից մեկը՝ ուղիղ Արցախ, որովհետեւ առանց այդ տաք կետում լինելու ոչ ոք չի կարող սովորել, առավել եւս՝ հասկանալ հայերենը։

Ես երազում եմ, որ աշխարհին իմ «Հարյուրմեկ բանաստեղծության» միջոցով լսելի լինի հայոց քարերի շնչառությունը, ռազմադաշտում թափված մեր տղաների արյան ձայնը։ Ահա թե ինչու երախտապարտ եմ ե՛ւ թարգմանչուհուն, ե՛ւ այդ գրքի թարգմանության ակունքում կանգնած իմ գրչեղբորը՝ Հովհաննես Գրիգորյանին, որը խմբագրել ու գրել է գրքի առաջաբանը, եւ այս շնորհանդեսի կազմակերպման գործում էական դեր կատարած Կարինե Մեսրոպյանին, եւ վերջապես, ՀՀ Գրողների միության սիրելի նախագահին՝ մեր եռանդաշատ ու անխոնջ Լեւոն Անանյանին, գրքի հրատարակիչներին, ելույթ ունեցողներին, բոլոր նրանց, ովքեր հարկ համարեցին այսօր ներկայանալ ու իմ կողքին լինել։

Ես ուզում եմ իմ խոսքը՝ լինի անգլերեն, ռուսերեն թե մի այլ լեզվով, հնչի իմ ոգու հայերենով։ Եվ ամենակարեւորը՝ իմ տողերը գնան այն ուղղությամբ (սա ես կրկնում եմ ամենուրեք), ինչ ուղղությամբ հոսել է արցախյան գոյամարտում զոհված մեր քաջորդիների արյունը։