Երկու փոթորիկ
ԵՐԿՈՒ ՓՈԹՈՐԻԿ

Այս չարագուշակ, ահավոր ժամում,
Երբ ծովն ալեկոծ քար քարին տալով
Խուլ, դժոխային ձայներ է հանում
Եվ ափեր լիզում սպիտակ փրփուրով.
Եվ հսկայական լեռների նըման
Մերթ բարձրանում են վայրագ ալիքներ,
Եվ մերթ խորտակվում ու ծովի վերան
Բացվում ահռելի, խավար անդունդներ,—

Ես նստած ափին, պղտոր հայացքով
Ահեղ տարերքի խաղին եմ նայում.
Նայում — և տանջված, վշտահույզ մտքով
Հեռո՜ւն, դեպի մյուս եզերք սըլանում։
Ե՛վ այնտեղ ահա մի ա՛յլ արհավիրք.
Սոսկալի՜ մի խաղ անողոք կյանքի.
Այնտեղ տեսնում եմ արյա՜ն փոթորիկ.
Նահատակությո՜ւն մի ամբողջ ազգի։

Ե՞վ այնտեղ արյուն-արցունքի ծովում,
Որպես լեռնացած այս սև ալիքներ,
Իրար են դիզվում փըլատակներում
Կիսամե՜ռ զոհեր, անթա՜ղ դիակներ...
Եվ մտածում եմ — ծովի փոթորկին
Շուտ կը հաջորդե արև փափագած,
Բայց, ա՛խ, ո՛վ գիտե, այն քամբախտ ազգին
Փոթորկից հետո ի՞նչ է վիճակված...
1896, Գուրզուֆ