Երկու քույր

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

Ա

Ես տասներկու տարեկան էի և կարդում էի Շամշուլդա (Սամշվիլդո) գյուղի քահանայի մոտ։ Մեկ ամառնային շոգ օր էր։ Երկու հաստ տանձի ծառեր կային տան հետևը, նրանք մեկի ստվերում տերտերն էր նստել և սաղմոս էր քաղում, իսկ մյուսի տակ, ես՝ տերտերից հեռու նստած, որպես թե դաս էի սերտում. բայց երեսս էր միայն գրքի դիմացը, իսկ աչքերս մի անբնական դիրքով այս կողմ այն կողմ էին նայում, մանավանդ դեպի տերտերը շուտ-շուտ էի գցում, որ տեսնեմ արդյոք քունը չտարա՞վ շատ սաղմոս մրմնջալով, որ վեր կենամ տեղիցս ու փախչեմ դեպի գետը և խառնվիմ լողասեր երեխայոց հետ. բայց այդ ժամանակ ես բոլորովին ուրիշ դեպքի հանդիպեցի, այնպիսի դեպքի, որ մինչև այսօր էլ չեմ կարողանում առանց սարսափելու հիշել։

Նինջն արդեն սկսել էր բռնանալ տերտերիս վրա և հույս կար, որ մինչև նիրհման հասցներ, հանկարծ մի անծանոթ երիտասարդ եկավ, և չգիտեմ ի՛նչ ասաց, ի՛նչ չասաց, տերտերս բոլորովին սթափվեց և սկսեց գունափոխվել։ Այս ժամանսւկ ես արդեն ոտքի էի կանգնել ի պատիվ նորեկ հյուրին, բայց այնքան մոտիկ չէի, որ հասկանայի նրանց ցածր ձայնով խոսիլը։ Տերտերս հրամայեց ինձ, որ երթամ տուն հաց ուտելու։ Ես ճանապարհ ընկա, բայց հիշյալ երիտասարդը այնպես գրավեց ինձ, որ մի անսովոր հետաքրքրություն ստիպեց ինձ հետամուտ լինել և իմանալ, թե ո՞վ է արդյոք այդ պարոնը, և այդ պատճառով սկսեցի բախչի մեջը մլոլ-մլոլ անել։ Սրա վրա շատ ժամանակ չանցավ, երիտասարդը տերտերիս աջը համբուրեց և ճանապարհ ընկավ դեպի այն կողմը, որ կողմով որ ես պետք է երթայի հաց ուտելու։ Ես հասա նրա քամակից և երեխայական հետաքրքրությամբ սկսեցի երեսին նայել, ոտքին նայել, և այսպես գրավվելուս համար մի քանի անգամ էլ ոտքս քարին դիպչելով վեր ընկա և կարմրեցի, բայց չընդհատեցի իմ նկատողությունքս։

Մի վայելչակազմ երիտասարդ էր այս մարդը, նորաբույս բեղերով ու մորուքով, խոշոր աչքերով ու խիտ ունքերով։ Մի գեղեցիկ հրացան ուներ, որ արծաթաբանդ լինելով՝ վառվում էր, անդրադարձնելով արևի ճառագայթները։ Արծաթաբանդ էր և ատրճանակը, որ խրած էր արծաթի քամարի տակ, որից կախ էր արած և արծաթապատ խանչալը։ Այսպիսի զարդարանք չեն ունենում օրական աշխատանքով ապրող գյուղացի երիտասարդները, այլ նրանք միայն, որոնք հնձում են, առանց ցանելու, կամ ոչ ցանում են և ոչ հնձում են, այլ «Յա՛ ղսմաթ» ասելով՝ մի գիշերային ճամփորդություն են անում իբրև զբոսանք և առատ գրպաններ որսում մութ անտառներում։ Երիտասարդը ամենևին ուշք չէր դարձնում ինձ վրա և կարծես չէր տեսնում, որ ես որսկանի շան պես իր չորս կողմովը պտուտ էի անում և քիչ էր մնում ոտքի տակն ընկնիմ։ Այսպես շարունակվեց մեր ճանապարհորդությունը, և ես մոռացա, որ արդեն գյուղից դուրս ենք եկել։ Այս ժամանակ նոր արդեն տեսավ ինձ երիտասարդը և սկսեց հարցնել։

— Դու ո՞ւր ես գնում, բա՛լա ջան։

Ես շփոթվեցի և նոր աչք բացի, տեսա որ հեռացել եմ ճանապարհից, սկսեցի կցկտուր կերպով պատասխանել, թե ես գնում եմ հաց ուտելու։

— Դու ո՞ւմ տղան ես,— հետո հարցրեց։

Ես պատասխանեցի։

— Հա՜... մեր... տղան ես... Դե գնա՛, բալա՛ ջան, գնա հաց կեր։

Մեր... ասելով, ի՞նչ ուզեց ասել, չհասկացա, բայց բնազննությամբ ենթադրեցի, թե սա իմ ազգականը պետք է լինի։ բայց ինչո՞ւ այսպես սառնությամբ է վարվում ինձ հետ, իմանալով, որ ես այստեղ օտար եմ. պետք էր որ գգվեր ինձ, ինչպես իմ մյուս բարեկամներս անում էին պատահած ժամանակը։ Ես սկսեցի ավելի խոր նայել երեսին և անշարժ կանգնել։ Նա դուրս եկավ ճանապարհից, վեր բերավ ուսից յուր արծաթաբանդ հրացանը, աղզոթուն[1] նայեց և գրավ կշտին։ Նա նստած էր։ Հանեց քամակից քաշ արած մաշկեկի միջից ատրճանակը և այն էլ դրավ մոտը։ Հետո կրկին նայեց ինձ և մի խոր հառաչանք արձակեց կրծքից՝ քանի մի կցկտուր խոսքերի հետ, և ապա՝ դառնալով դեպի ինձ, ասաց.

— Բալա՛ ջան, գնա՛ տերտերիդ ասա, գա ինձ հաղորդի։

Ես սկսեցի զարմանալ և անշարժ մնալ։ Այս մարդը հիվանդ չէ, մի բան չէ, ինչի՞ է ուզում հաղորդվիլ, ասացի ինձ։ Բայց նա կրկնեց իր խնդիրը։

— Գնա՛, բա՛լա ջան, գնա՛։ Ես հեռու տեղ պիտի գնամ, կարելի է ի՛նչ պատահի ճանապարհին, դրա համար ուզում եմ հաղորդվել։

Ես հնազանդեցա և հազիվ երկու երեք քայլ հեռացել էի, հանկարծ թնդաց ատրճանակը և գյուղացիք դիմացեն նկատելով, սկսեցին վազել դեպի իմ անծանոթ բարեկամս։ Այս ժամանակ ես ետ նայեցա և երիտասարդի կուրծքը արյունաթաթախ տեսնելով, ուշագնաց ընկա վայր։

Բ

Աշունք էր։ Մի անտառուտ ձորամիջում մեծ խարույկ էին վառել ութ գիշերեզնարած, որոնք, մին քան զմյուսը, հաստաբազուկ և քաջառողջ երիտասարդներ էին։

— Տղե՛ք, ի՞նչ սազ կգա էս կրակին,— ասաց նրանցից մինը, ընդհատելով հասարակաց խոսակցությունը։

— Լավ խո՛զ,— պատասխանեցին մի քանի հոգի միաբերան։

— Դե՛, ո՞վ եք պատրաստ։

— Ե՛ս. ես է՛լ, ես է՛լ,— լսվեցին քանի մի ձայներ։

— Հենց ո՛ւմ որ կհրամայես,— ասաց մեկ ուրիշն էլ։

— Էդ լա՛վ ասեցիր,— պատասխանեց առաջարկողը։— Ես երկուսիդ կհրամայեմ, որ գնաք մեկ լավ խոզ բերեք, երկուսիդ էլ, որ գնաք հաղող բերեք, երկուսիդ էլ, որ գնաք մեկ պցինձ, մեկ ջրաման, աղ, հաց բերեք. երկուսս էլ կմնանք էստեղ; Դե՛, վեր կացեք։ Խոցի դնչիցը կբռնեք ուսուլով ու էն սահաթը ղայիմ կկապեք, որ ձենձուն չհանի ու խոզարածներին զարթացնի։ Հաղողը Ճաղարանց բաղիցը կբերեք. ծոցներդ քարով, հողով լցրեք, որ բաղմանչին պատահի, աչքերը հող ածեք։ Դուք էլ պղի՛նձի գնացողներ, էնպես պետք է մտնեք գեղը ու էնպես դուրս գաք, որ ոչով չտեսնի, ոչ մի շուն չհաչի։ Հասկացա՞ք, թե չէ։ Դե՛, աստված կանչեցեք, գնացեք։

Պարոն կարդացող, հավատալդ կգա՞ արդյոք, որ մեր քաջերը առանց փոքր-ինչ մտածելու և ձանձրանալու ուրիշների սեփականությունը կողոպտելու գնացին և այն էլ աստված կանչելով։ Եթե ես լինեի, ալարս կգար և ամենևին տեղիցս չէի շարժվիլ, բայց նրանք՝ որսորդի շունը քեզ օրինակ։ Որսորդը հրացանը ուսն առնելուն պես, շան աստղը փայլում է, այնպես է ուրախանում ու իսկույն առաջ ընկնում, որ կարծում ես... ի՛նչ կարծես, ոչինչ էլ չկարծես։ Այսքանը ստույգ է, որ ջիրիդի սովոր ու թալիմ առած ձին զուռնի ձիահանգին որ լսում է, ոտքերը գետնին է զարկում, ուզում է կապը կտրել, դուրս ընկնել գոմից և շլինքը ծռմռելով օձապտուտ ձևի արշավանքով զվարճանալ։ Այնպես չե՞ն միթե տանցի ու լեգզինկայի սովոր աղջկունք ու երիտասարդը, երբ այդ եղանակը հնչում է մուզիկան կամ զուռնան։ Այսպես են և փահլևանները և կռվասեր եզ ու գոմեշները, երբ հանում ես իրանց ախոյանի առջև։ Քաջությունը ոչ խելք է և ոչ նյութ, այլ մի ոգեկան ույժ է։ Ում մեջը որ այդ զորությունը կա, գործադրելու հարկավոր դեպքերում ոգևորում է նորան։ Մի խոզի դունչ կապել որ ձայն չհանի, կամ այգեպանի աչքերը հող ածել, որ չճանաչի իր թշնամուն, ավազակների համար դոքա այնպիսի ուրախացուցիչ ու զվարճալի միջոցներ են, ինչպես մեզ համար մի հաջողակ հաճելի խոսք ասելը մի գեղեցկուհու։

— Ի՞նչ ես փիքր անում, Ա՛րզուման,— հարցրեց մնացողներից մեկը մյուսին՝ կրակի վրա նորանոր գերաններ դնելով. թեն առանց էն էլ, ոչ թե մեկ, այլ քսան խոզ էլ կարող էր խանձել: Երբ որ վեց հոգին գնացին և մնացին այս երկուքը. դոքա սովոր լինելով այդպիսի բաների, ոչինչ մտածողության մեջ չընկան, թե արդյոք իրանց ընկերքը հաջողությամբ կվերադառնա՞ն, թե՞ կընկնին թակարդի մեջ և վաղը իրանց անունն էլ նրանցի հետ կխայտառակվի ջահիլությունը մոռացած ծերերի առջև։

— Ես ոչինչ բանի վրա փիքր չեմ անում,— պատասխանեց Արզումանը,— բայց էս գիշեր մեկ երազ եմ տեսել, էս սաղ օրը դրա վրա եմ միտք անում, թե յարաբ ի՞նչ պետք է պատահի։

— Խե՛ր ըլի, ասա տեսնեմ ի՞նչ ես տեսել։

— Մի սիպտակ ձիու վրա նստած էի։ Էնպես մի ձի էր, որ աստղերի հետ էր ուզում խաղա։ Ես էլ յարաղս կապել էի, ամեն սարքուկարգը վրաս էր։ Գեղի առաջին խաղացնում էի ձիս, բոլոր գեղացիք ինձ էին մտիկ տալիս, ինձ էին թամաշա անում ու շատերն էլ կանչում էին — վե՛ր արի, վեր կընկնիս։ Ես նրանց չէի լսում, ես մտիկ էի տալիս, որ տեսնեմ Հերիքնազս էլ ինձ տեսնո՞ւմ է թե չէ։ Հենց էս փքրումն էի, մեկ էլ տեսնեմ մի քանի հարս ու աղջիկ, Հերիքնազս էլ նրանց միջին, ճանապարհի ղրաղին կանգնել, ինձ են թամաշա անում։ Էս որ տեսա, ավելի տաքացա ու ձիուս գլուխը բաց թողի։ Ձին թռավ, էլ չկարացի թե գլուխը բռնել էի...

— Հետո՞, ո՞ւր գնաց ձին։

— Ձին քոռացավ, թե աչքերն արնով լցվեց, չեմ գիդա, ճամփեն ծռեց ու մի բաշ ընկավ էդ աղջկերանց մեջը։ Էրկու հոգի ընկան ձիու տակռ, ձին գլխի վրա տնկվեց, ես էլ բերանաքսվեր գետնին փռվեցի։ Սրա վրա զարթեցի։ Ի՞նչ կասես, սա լա՛վ նշան չի։ Ձիու տակ ընկնողը Մարիամն ու Հերիքնազն էին։ Աշկարա երևում էր, որ ես մուրազիս չպիտի հասնեմ։

— Ի՞նչ ասեմ, օրը գիտե։ Շատ անգամ մարդ փիս երազ էլ տեսնում է, բայց թե օրը բարի է, երազն էլ բարին է կատարում։ Դիփ սուտ, աստված ըղորդ։ Օլաջաղա չարա յոխ։ Ինչ որ լինելու է, կըլի, երազի ըռխին չի մտիկ տալ։

Այս միջոցին կաթսայի գնացողները եկան։ Հացաղ (աղ), ջրաման էլ էին բերել, ու մի ուրիշ կապոց էլ դրին Արզումանի առաջ։ Արզումանը բաց արավ այդ ծրարը և նրա միջից հանեց մի եփած չաղ հավ ու մի քանի հատ գաթա։ Արզումանը իսկույն իմացավ, թե ինչ տեղից պետք է լինի այդ, և թեև շատ ուրախացավ այդպիսի հուսո նշաններ ընդունելով, բայց՝ այսուամենայնիվ, սաստիկ բարկացավ, որ իր հրամանը ճշտիվ չեն կատարել գնացողները։

— Տղե՛ք, դուք մեր անունը պետք է խայտառակեք,— ասաց Արզումանը բարկանալով։— Ես ձեզ ասեցի էնպես պետք է մտնեք գեղը ու էնպես դուս գաք, որ մի շուն, մի կատու էլա չիմանա, ձեզ ինչպե՞ս գտան, որ էս բաներն ուղարկեցին։

— Ա՛ստվա՜ծ, ե՛րկինք, Արզուման, մի հոգի էլա չի իմացել։ Մենք ամեն բան վեր կալած Նեսունց տան կշտովն անց էինք կենում, մեկ էլ տեսնենք մթնումը չափարի տակին մի շվաքի պես բան է երևում․ մոտեցա, տեսնեմ մի հարս։ Ես ասի հրես կփախչի որտեղ որ է, բայց նա փեշիցս բռնեց ու էդ տվավ ինձ լուռ ու մունջ, առանց մի խոսք ասելու։ Հետո ես ճանաչեցի, ասի, դու Մարիամն ես. նա գլխով արավ ու փախավ։

Արզումանը գլուխը քաշ գցեց ու հառաչելով փնթփնթաց քթի տակին․ «Երա՜զ, երա՜զ»։

Այս ժամանակ հրացանների ձայներ լսվեցին։ Տղերքը հանկարծ վեր թռան տեղերիցը և սկսեցին կասկածել՝ թե չլինի իրանց ընկերների վրա հարձակվեցին այդ մարդասպան գործիքները, բայց սրա վրա շատ չանցավ, հաղողի գնացողներն եկան։ Շալվարների լեն փոխկերքը հաղողով ու խնձորով լցրել ու խուրջինի պես ուսներին էին գցել։ Բեռը ցած դրին ու կարմրած երեսներից քրտինքը գտակներովը սրբելով՝ նստոտեցին կրակի ղրաղին։

— Տղե՛ք, ոչով հո չտեսա՞վ ձեզ,— հարցրեց Արզումանը։

— Բաղվանչին տեսավ․․․ վա՜յ էն տեսնելուն, որ տեսավ․․․ իրան մահը տեսավ․․․ աշխարհքը գլխին մթնեց, մեզ չճանաչեց,— ասաց գողերից մինը հոգնածությունից շնչարգելվելով։

— Տղե՛ք, չլինի խեղճի օրը սևացրիք։

— Չէ՛, ծիծաղ էր, ծիծաղ։ Դեռ էսպես խելոք բան չէինք արած։— Մտանք բաղը թե չէ, գնացինք բաղվանչու դագին մտիկ արինք, տեսանք էնտեղ չի։ Դես ու դեն ընկանք, տեսանք վերի մեծ խնձորքի տակին քամակի վրա պառկած խռմփացնում ա։ Մենք էլ էս կուզեինք։ Շալվարս հանեցի տվի Մագոյին, ասի դու գնա արխային հաղող քաղի, ես սրան կպահեմ։ Մագոն գնաց, ես ուսուլով մոտեցա բաղվանչուս, խանչալս հանեցի ու մահվան հրեշտակի նման գլխավերևը կանգնեցի։ Մի խելիմ ժամանակ մեռածի պես խռմփացնում էր, մեկ էլ էրազ տեսա՞վ, խշխշոցն ականջ մտա՞վ, թե մոծակները զոռեցին, մեկ էլ տեսնեմ սա ժաժումաժ ա գալի։ Չէ՛,տեսա, որ սա գլուխն էլ ա ուզում բարձրացնի, ես խանչալս պսպղացրի։ Բաղվանչիս մահն առաջին տեսավ թե չէ, քաղցր քնի մեջ մտավ։ Մագոն իրա բանը որ պրծավ, բաղիցը դուրս եկավ, ինձ շվացրուց։ Մենք կիսաճամփի էինք, որ բաղվանչին նոր վեկացավ, քամակներիցս թվանք գցեց. մեկէլներն էլ նրա ձենի վրա իրանց թվանքները դարդկեցին․․․

Խոզի գնացողները նույնպես եկան։ Սրանք էլ իրանց արածները պատմեցին և շուտով կատարեցին խոզի «աուտոդաֆեն», այսինքն խանձեցին։ Արզումանը ոչինչ բանի ձեռք չէր տալիս, ոչինչ չէր խոսում, միայն երբ որ խոզը մաքրեցին և կտրտելու վրա էին, առաջարկեց, որ մի անդամը (ազդրը) կտրեն, տան իրան և թողնեն երթալու գյուղը։ Տղեքը հասկացան նրա միտքը և իսկույն կատարեցին նրա խնդիրը։ Արզումանն ամեն բանից իր բաժինն առնելով՝ ճանապարհ ընկավ ոտքով դեպի մի աննշան խրճիթ, իսկ երևակայությամբ դեպի Մուհամմեդի յոթներորդ երկինքը։


Գ

Դ․․․ գեղի վերի թաղումը մի տուն կար բոլորովին կղզիացած մյուս տներից։ Այդ տան չորս կողմովը բավականին բարձր չափար էր քաշած, որ պարսպի չափ ամրություն ուներ, և ինչպես ասում են հեքիաթներումը, ղուշն իրա թևովն, օձն իրա փորովը չէր կարող դրա վրայով ներս թափանցել: Ժամանակով մեծ տուն էր այդ տունը: Մի անգամից ութ-ինն օրորոց էր օրորվում այդ տանը, չորս-հինգ թորոն հաց էր թխվում աստծու օրը: Երկու գութան էր դուրս գալի այդ տանիցը, վաթսուն գլուխ կով ու գոմեշ էր կթվում, սուրվով ոչխարներ, բոլուկներով խոզեր, իլխիներով ձիաներ էին պահում: Այդքան ապրանքի կառավարության համար ոչ մի վարձկան ծառա չունեին: Տասն ախպեր էին որդոց ու թոռանց տեր, որոնց թիվը հասնում էր մինչև յոթանասունի: Բայց երբեք չէր պատահում, որ դրանք ամենքը միասին երբևիցե մի սուփրի վրա գտնվին, միասին իրանց նահապետի չորս կողմը ժողովվին: Մի քանի հոգի տարվա մեծ մասը սարերումն էին անցկացնում, ըստ որում ոչխարներ էին պահում. մի քանիսը, որպես տավարած՝ գոմերումն էին մնում, որ մի ավուր չափ հեռու էր գյուղիցը, մնացածներն էլ հեռավոր դաշտերում վարուցանքով էին պարապում: Այս հանգամանքը այն վատ կողմն ուներ, որ վայրենության մեջ էր ձգում նրանց, հեռու պահելով տնական և հասարակական կյանքից. բայց մյուս կողմանե այն լավությունն էլ ուներ, որ տան բոլոր անդամները իրարմե հեռու մնալով միշտ իրարու կարոտ էին քաշում և միմյանց հետ սիրով մնում: Ահագին մեծություն ուներ այդ տան շինությունը, և եթե այդպես շեն չլիներ, մտնողի վրա սարսափ կբերեր, հիշեցնելով հեքիաթների մեջ եղած դևերի բնակարանների:

Հարյուր երեսուն տարեկան էր, որ մեռավ այս տան վերջին նահապետը և ինքը Հոբ Երանելու պես ականատես էր յուր բոլոր ժառանգների և հարստության կարճ միջոցում ոչնչանալուն. և նրա պես աստծու փառքը իր բերնից չպակասեցրեց մինչև մահը: Ես շատ անգամ եմ տեսել այդ նահապետին: Հակոբ էր նորա անունը և միշտ միտս էր գցում հրեից Հակոբ նահապետին: Շատ անգամ եմ համբուրել նրա ձեռքը և նա ինձ օրհնել է: Նրա օրհնությունը մեծ տպավորություն էր գործում իմ մանկական սրտի վերա: Սուրբ էր համարվում դրանց օջախը և սովորություն կար գյուղի մեջ, նորապսակ հարս ու փեսաներին եկեղեցուց դուրս բերելուց հետո, կբերեին դրանց օջախը համբուրելու: Չոքում էին նորապսակները, օջախի քարից համբուրում և ծերունազարդ Հակոբի օրհնությունն ստանալով՝ գնում էին իրանց մուրազին հասնում։

Ահա այս տանից մնացել էին երկու աղջիկ միայն։ Մեծի անունը Մարիամ էր, իսկ փոքրինը՝ Հերիքնազ։ Մարիամին մի ղարաբաղցի մարդ ուզել էր և տան փեսա դառել, Հերիքնազին էլ իրենց մոտ էին պահում։ Հայտնի բան է, այն մեծ տանը չէին բնակում, այլ մի ուրիշ փոքր սենյակում։ Մարիամը շատ սիրուն էր, Հերիքնազն աննման էր, երկու հյուրի-փարի։ Մարիամը ուզում էր Հերիքնազին տալ Արզումանին, հետևելով յուր սիրելի քրոջ սրտի ընտրությանը։ Արզումանը նույնպես մեծ օջախի որդի էր, բայց այժմ յուր մոր մինուճարն էր։ Նա չուներ ոչ հարստություն, ոչ մի ուրիշ բան, բայց միայն մի քաջություն, մի անվեհեր սիրտ, որ շատ անգամ ի չարն էր գործ դնում։ Մի տեսակ ժառանգական հպարտություն կար նրա մեջ, որովհետև նա իր չքավոր տեղովը հարուստ ու կարող մարդու շլինք չէր ծռում և նրանց բոլորին իրան թշնամի, իր հայրական սեփականության հափշտակից համարելով՝ միշտ աշխատում էր վնասել նրանց, որքան որ իր ձեռքիցը կգար։ Արզումանի ահից ոչ ոք չէր կարողանում մի լավ ձի պահել։ Այս տղան ոչինչ բան չէր գողանում բացի ձիուց։ Սրա պատճառը հոգեբաններն ավելի լավ կիմանան. միայն պետք է այս էլ ասեմ, որ այսուամենայնիվ անհնարին բան էր, որ մի անգամ Արզումանին տեսնողը չսիրահարվեր նրա վրա․ իր բարեկազմ և կատարելատիպ հասակի հետ մի գրավող և քարշողական զորություն էլ ուներ այդ տղան։ Այդ հատկությամբը նա կախարդում էր իր բոլոր ընկերներին և ամեն մի խումբ կազմելիս միշտ նրան էին ընտրում իրենց գլխավոր, նա էր լինում տնօրենը, առաջնորդողը, հրամայողը։ Նրան սիրում էին յուր թշնամիներն անգամ ու շատ անգամ տեղը եկած ժամանակ ասում էին․ «Մի ձի չի՞, մենք գիտենք, որ դու ես տարել, բայց քու չարին փոխ ըլի»։ Պետք է այս էլ գիտենալ, որ այս գեղացիքը այն գեղացիներիցը չեն, որոնց մեջ մի քաջ երիտասարդի երևիլը հազվագյուտ բան լիներ, և այդպիսի մեկը երևելուն պես սարսափ գցեր ամբողջ գյուղի վերա։ Գող Եղիկը, որ սարսափեցնում էր ամբողջ Շիրակը, այս գյուղը մտած ժամանակ հավի պես կուչ էր գալիս, գիտեր, որ այս տեղի ամենահետինը անգամ իրան բանի տեղ չի դնիլ։


Դ

Կես գիշերը մոտ էր լրանալու։ Լուսնյակը մի ջիդաբոյ (նիզակաչափ) բարձրացել և արեգակի ճառագայթները գողանալով սփռել էր մի անկողնու վրա։ Այդ անկողինը մի սրահի մեջ էր, որ ուղիղ դեպի արևելք էր նայում։ Նախընթաց գլխում հիշած ցանկապատի մեջն էր այդ սրահը, և Մարիամն ու Հերիքնազն էին նույն անկողնու մեջ պառկած։ Քնո հրեշտակը տարածել էր նրանց վրա իր թևերը և շատ քաղցր երազների մեջ էին նրանք այս րոպեիս։ Մարիամի մարդ Շամիրը, որ իր բոլոր կյանքը որսորդությամբ էր անցկացնում, այժմ քաղաք էր գնացել յուր աշխատությանց պտուղը տնական կարիքների հետ փոխանակելու։ Նա հրացանը երկու գնդակով լցրել, կախել էր իր կնոջ մոտ, խստիվ պատվիրելով, որ մի անհավատարիմ ոտք էդտեղ մտնելուն պես առանց երկար մտածության զոհվի դրան։ Հերիքնազն էլ իր համար մի ատրճանակ ուներ և դրա վրա միշտ փորձ անելով ուզում էր իր սիրածի ունեցածին հասցնել յուր ճարտարությունը։ Երբ իմանում էր այսինչ նշանի խփելու խալաթը Արզումանը ստացավ, նա այդ օրը մի տասն անգամ ավելի էր կրկնում իր փորձերը, որոնց ձայնը լսելով՝ դրացիները կարծում էին, թե Շամիրը կլինի անպատճառ։ Թեև Հերիքնազից ամեն բան կհավատային, բայց այդ բանին ականատես չէին լինում։ Շամիրը միշտ գանգատվում էր, թե բարութս պակասում է, և չէր գլխի ընկնում, որ Հերիքնազն է նրա վառոդի գողը։

Լուսնյակի շողքը ուղիղ Մարիամի երեսին ընկնելով՝ զարթացրեց նրան․ հենց այդ ժամանակ մի ոստյունի ձայն հասավ ականջին։ Արզումանն էր այդ, որ չափարի վրայից թրմփաց։ Մարիամը փոքր-ինչ ահ զգաց և ձեռքը մեկնեց դեպի հրացանը, բայց մեկ էլ մտածեց, որ սա անպատճառ Արզումանը կլինի, որին անհամբեր սպասում էր, թեև չէր պատահած ոչ մի անգամ, որ գիշերով նրան հյուրընկալած լինի։ Ասում են՝ սիրտը սուրբ կըլի ու նախազգալու զորություն ունի։ Ղորթ է թե սուտ այս բանը, ես չգիտեմ, միայն այս անգամ ճշմարտացավ Մարիամի նախազգացմունքը։ Շտապով հագավ նա իր շորերը և նստեց տեղի մեջ։ Արզումանն արդեն գիտեր Շամիրի բացակա լինելը, այդ պատճառով համարձակ առաջ գնաց և Մարիամին տեսնելով՝ «Բարի իրիկուն» ասաց։

— Արզուման, դու ե՞ս,— հարցրեց Մարիամը, որպես թե լավ չճանաչելով։

— Ես եմ,— պատասխանեց Արզումանր։

— Էդ ի՞նչ կա ձեռիդ։

— Ոչինչ, մի քիչ միս է, մի քիչ էլ հաղող է ու խնձոր։

Մարիամը վեր կացավ իսկույն, ձեռքից առավ այդ բաները և իրան համեցեք արավ նստեցրեց, պատվիրելով, որ Հերիքնազին չզարթացնի։

Հերիքնազը զարթել էր և սուտ քունն էր դրել իրան, գլուխը յորղանի մեջ թաղելով։ Բայց Արզումանը նայելով այդ յորղանին, սաստիկ բարկանում ու նախանձում էր, որ իր սիրուհին իր աչքի առաջ այդպես անգթությամբ փաթաթել, անջրպետել է իրանից։ «Ես դեռ մի վերմակի չափ երջանկություն չունիմ», երևի ասում էր նա իր մտքումը։ Նրա երևակայության առաջ այս րոպեիս, յորղանը, դոշակը, բարձը, անկողնակալը և մինչև անգամ շրջակա պատերն ու քարերը ոգի ստացած՝ որն ուրախանում ու համակրություն էր ցույց տալիս իրեն, որն էլ տնազ էր անում և խնդում Արզումանի վրա։ Նրա աչքում յորղանը այս վերջիններից էր անշուշտ։ Մարիամը Արզումանի բերածները տեղավորելուն պես, ետ քաշեց կրակի անթեղը և խանձողների ծայրերն իրար մոտեցնելով, կրակը վառեց։ Մի քանի րոպե չանցած՝ ձվածեղ շինեց և մի քանի շամփուր խորոված։ Արզումանը շատ ասաց, որ իշտահ չունեմ, հաց եմ կերել, ջափա մի՛ քտաիլ, թեև սուտ էր ասում, և Մարիամն էլ թեպետ հավատում էր նրա խոսքին, բայց անկարելի բան էր, որ իր ուզածը չաներ։

— Դե որ էդպես է,— ասաց Արզումանը,— քրոջդ էլ վեր կացրու, թող նա էլ գա հաց ուտի. մինչև նա չվեր կենա, ես թիքա չեմ դնիլ բերանս։

Մարիամը համաձայնության ժպիտ ցույց տվավ ու գնաց, ներսը շոր փռեց, ճրագ վառեց, սուփրա գցեց, Արզումանին ներս կանչեց, նստացրեց ու դուրս եկավ, որ քրոջը զարթացնի։

Արզումանը ներս գնաց թե չէ, սուտ քնած Հերիքնազը գլուխը բարձրացրեց և սկսեց չեմ-չեմ անել քրոջ առաջարկությանը և կամակորվելով՝ չուզեց ներս գնալ։ Մարիամը ներս գնաց ու ուզեց սուտ ու մուտ պատճառներով քրոջ չգալը թույլատրել։

Արզումանը ավելի պարկեշտության վերագրելով այդ բանը, լռեց, բայց հալալ հաց էլ չկերավ։ Նա ավելի լավ էր համարում Հերիքնազից մոտիկ քաղցած նստել, քան թե նրանից հեռու՝ առատ սեղանին։ Շուտով դուրս եկավ իր առաջվա տեղը նստեց։ Մինչև Մարիամը սուփրեն կհավաքեր, ամեն բան իր տեղը կդներ, Արզումանը աչքը գցել էր ճրագին ու տեսնում էր, ինչպես գիշերաթիթեռնիկը ճրագի չորս կողմը պտտվելով՝ այրում էր իր թևերը, որով վերջապես խեղացավ բոլորովին, և ընկնելով ճրագի վրա, այրվեց։ Արզումանը, որի համար այդ րոպեն ամենայն բան սեր էր շնչում, սկսեց կցկտուր խոսել — «ճրագին սիրում է փարվանան, գլխովը պատվում է, բայց անգութ ճրագը նրան չխղճալով՝ էրում է»։

Այս լսեց Հերիքնազն ու սկսեց փնթփնթալ քթի տակ, թե «փարվանան ճրագը չի սիրում, ուզում է հանգցնել նրան, նա էլ ջգրու էրում է»։

«Լեզվիդ մատաղ», ասաց Արզումանն իր մտքումը, «էդ քաղցր լեզվովդ, որ դու անիծես էլ, ես օրհնենքի տեղ կընդունեմ»—Ախչի, էդ ի՞նչ ասացիր, մեկ է՛լ ասա,— ստիպեց Արզումանը։

— Ասեցի, որ հասկանաս, չասեցի, որ սովորես,— պատասխանեց Հերիքնազը իր սովորական հեգնական ձևովը։

— Ես հասկացա, ինչ որ ասացիր։

— Որ հասկացար, էլ ինչի՞ ես ասում՝ «մեկ էլ ասա»։

— Հենց էնպես, ուզում եմ խոսացնեմ։ Ինչ որ մեծացել ես, էլ քու խոսելը չեմ լսել, հենց իմանում էի, թե խոսելը մոռացել ես։ Ամմա ինչ կմոռանաս, դուն էն պտուղն ես, որ... Մի՞տդ է, որ մի օր բաղիցը տուն գալիս, էնքան խոսեցիր, որ ես ասացի՝ «Ախչի՛, քիչ խոսի, գլուխս տարար», դու էլ բարկացար վրես․․․ Ո՞վ գիտեր, թե հետո դու էդպես...

— Էդպես ի՞նչ։

— Հիմա էլ ես չեմ ասիլ քու ջգրու։

— Մի՛ ասիլ, ես էլ չեմ խոսիլ քեզ հետ, որ էլի չասես «գլուխս տարար»։ Թե դու լավ մարդ ես, էս կես գիշերին ինչի՞ ես եկել մեր տուն։ Դու չէիր գիտում, որ Շամիրը տանը չի՞։

— Գիտում էի, էնդուր եկա։

— Որ եկար, ի՞նչ կարող ես անել, հրես դաբանչեն կշտիս դրած, ո՞վ կարա ինձ մոտենալ։

— Դաբանչեդ ինձ համար ես դրել կշտի՞դ․․․ Էլի էն գիժ աղջիկն ես, Հե՛րիքնազ, ես հենց իմացա թե հմի խելոքացել ես... Ա՛խչի, ա՛խըր․․․

— Ախր ի՞նչ...

— Ոչինչ... Դու ասում էիր չեմ խոսիլ, բա ինչի՞ ես էդքան խոսում։

— Ի՞նչ անեմ, զոռով խոսեցնում ես։

— Դե մի լավ բան խոսի, մի հեքիաթ ասա, ականջ դնենք։

— Ես հեքիաթ չեմ գիտում, դո՛ւ ասա, ես ականջ կդնեմ։

— Վայ թե խաբես ինձ, դու քնես, ու ես հենց իմանամ թե ականջ ես դնո՞ւմ։

— Չեմ քնիլ, ասա՛։

— Դե ականջ դիր, ասեմ։

— Լսում եմ։

— Էլել ա, չի էլել, մի աղջիկ ա էլել...

— Անումն էլել ա Հերիքնազ...

— Չէ՛, Հերիքնազ չէ, թող ասեմ։

— Լա՛վ, դե ասա՛։

— Էդ աղջիկը ունեցել ա...

— Մի քույր, անումը Մարիամ. լա՛վ դե ասա.

— Էդ աղջիկն ունեցել ա մի պառավ մեր․․․

— Էդ Գյուլլուզարն ու իրան աղջիկն են, իմացա, իմացա...

— Էլ չեմ ասի, ականջ չես դնում, դու չարություն ես անում, քեզ պետք է պատժեմ...

— Հը՞... ձեռք չտաս թե չէ, հրես լիքը դաբանչեն կշտիս դրած...

— Աբա տեսնեմ, էդ ի՞նչ դաբանչա է...

Այստեղ Արզումանը Հերիքնազի երկու ձեռքը ճանկը գցեց ու սկսեց մի ձեռքով մի թուշին, մյուսով մյուս թուշին թեթև ապտակներ տալ և ցավն ամոքել ջերմ համբույրներով...

— Դե հիմա խելոք կկենա՞ս թե չէ,— խոսեց վերջապես Արզումանը։

— Թող, թե չէ՝ ձեռքդ կկծեմ․․․

— Չեմ թողնիլ, մինչև չասես՝ սիրում ես ինձ, թե՞ չէ։

— Դե թո՛ղ, լավ։

— Չէ՛, պիտի ասես։

— Արզուման ջան, թո՛ղ, հո՛գուդ մատաղ։

— Ե՛ս քեզ մատաղ, ե՛ս։ Ասա մի անգամ. «քեզ սիրում եմ», էս սհաթիս թողնեմ։

— Ինչի՞, զոռով ե՞ս, չեմ սիրում։

— Բաս հիմի կթողնեմ, իմացա... տեսնում եմ, որ ինձ չես սիրում։— Արզումանը խռովածի պես եղավ և ուզեց թողնել Հերիքնազին։ Բայց հիմի էլ Հերիքնազը իր հերթին չթողեց նրան և երկու ձեռով փաթաթվեց շլինքին։ Արզումանի սիրտը այնպես շարժվեց, որ քիչ մնաց լաց լինի։

— Էլ ինչի՞ ես հարցնում, դու չե՞ս գիտում, որ սիրում եմ քեզ։ Սերը սրտումը կլինի, ոչ թե լեզվումը. որ չսիրեի, քեզ ո՛վ կարող էր էստեղ ներս թողնել,— ասաց Հերիքնազը և համբուրեց Արզումանի ճակատից։

— Բաս ինչի՞ չվեր կացար էլախտ, որ քեզ կանչեցինք։

— Ամանչեցի․․․

— Ամանչեցի՞ր, ա՛յ թե ամանչեցիր․․․

— Դե լավ, թո՛ղ հիմի...

Մարիամը լսելով, որ սոքա իրարու մեջ խոսակցություն են բաց արել, գիտությամբ մլոլ էր անում տանը, որ չգա և սրանց խոսակցությունը չխանգարի, բայց տեսնելով, որ ջահիլները շատ են չարություն անում, դուրս եկավ, որ խելոքացնի։

— Էդ ի՞նչ քաղցր զրիցի մեջ եք, Արզումա՛ն։

— Ա՛խչի Հե՛րիքնազ, չես ամաչո՞ւմ, ինչի՞ ես խոսում։

— Բա ինչի՞ ա ինքը խոսում։

— Տղի ադաթն ա, կխոսի, աղջիկը պիտի չխոսկան կենա։

— Ինչի՞, ես ի՞նչ մեղավոր եմ, որ աստված ինձ աղջիկ է ստեղծել։ Էլ էս լեզուն ինչի՞ համար է, որ չխոսեմ։

— Լսում ե՞ս, Արզուման, ինչե՞ր է ասում մեր աղջիկ պարոնը։

— Շատ ըղորթ է ասում, ես ու իմ աստվածը։

— Հիմի կդրստես, մարդոց խասիաթը էդպես է։ Հիմա սա սուտ էլ որ ասի, քեզ ըղղ․․․

Ցանկապատի դռան թխթխկոցը Մարիամի խոսքը դանակի պես կտրեց։

— Շամիրն է. Արզուման, շուտ արա՛ հեռացիր, թե չէ գլխներիս փիս բան կգա։— Այս ասելով ճրագը հանգցրեց Մարիամը։ Մթնից օգուտ քաղելով՝ Արզումանը մի վերջին համբույր էլ տվավ իր Հերիքնազին ու իսկույն հեռացավ։


Ե

Մարիամը դեռևս դուռը բաց չարած, փեսացու այցելվի հետքերը աշխատեց ոչնչացնել։ Հաղողը, միսը թաքցրեց քունջ ու պուճախներումը, կրակը անթեղեց և ճրագը հանգցրեց։ Վերջապես դուռը բացվեց, Շամիրը ներս մտավ, իջավ ձիուցը, վեր բերավ խուրջինը և սկսավ ձին ման ածել հայաթումը։ Այդ երթևեկելու ժամանակ մի ոստյունի ձայն հասավ նրա ականջին։ Չափարի չորացած փուշը ճրթճրթալով՝ իմացուց Շամիրին, որ մի ծանր ոտք նրան ճնշեց վերևից։

Աստված մի՛ արասցե, որ մարդ խայնության կրքով վարակված լինի։ Չկա ոչինչ ցավ, ոչինչ ախտ, որ դրա չափ հալումաշող լինի մարդու հոգին։ Ինչ ասես, որ այդ րոպեին չմտածեց Շամիրը։ Մարդիկ սովորաբար արթուն ժամանակ շատ բան են ցնորում, երևակայում, երազում, նայած թե ով ինչպիսի հոգեկան տրամադրություն ունի, ինչ ձգտում, ինչ բաղձանք և վերջապես ի՛նչպիսի կիրք և բնավորություն, ինչպիսի ճաշակ և հասկացողություն։ Մարդիկ կան, որ միշտ ուրախ են, միշտ զվարթ։ Սրա պատճառն այն է, որ նրանք բարի սիրտ ունին, հանգիստ խիղճ և մի վառ երևակայություն, որով իրական աշխարհից վերացած՝ միշտ իդեալական աշխարհումն են ապրում։ Այդպիսիները, որքան էլ անբախտ լինին, դարձյալ ամենից երջանիկն են։ Խելոք մարդը իր հոգու բոլոր հատկությունները իր բախտավորությանը կծառայեցնե, իսկ անխելքն իր անբախտությանը։ Այս վերջին տեսակիցն էր Շամիրը, որ երևակայելու շնորհք ունենալով՝ միշտ վատ բան էր երևակայում, փոխանակ արքայություն երևակայելու, միշտ դժոխք էր երևակայում, փոխանակ բարի հրեշտակի՝ չար սատանա, փոխանակ բարեգործության՝ եղեռնագործություն, փոխանակ սիրո և փաղաքշանքի՝ ատելություն և կոպտություն։ Շամիրը միշտ երևակայում էր, որպես թե իր կինն իրեն անհավատարիմ է գտնվել, սկսում էր պռոշները կծոտել, ատամները կրճտացնել, կնոջ ննջարանը չերթալ, ինքն իրան խռովել, մոռանալով՝ որ իրականի մեջ այդպիսի բան չկա, որ այդ իր ցնորքն է։ Մի մարդ, որ առանց որևիցե պատճառի այսչափ կասկածոտ, այսչափ խային ու նախանձոտ լինի, ի՛նչ կլինի նրա դրությունը, եթե երբևիցե իր երևակայությունը իրականի փոխված տեսնի։

«Ճրագը վառված էր, ինչո՞ւ հանկարծ հանգավ, ո՞վ պիտի լինի յարաբ էս եկողը։ Ախմա՛խ, ախմա՛խ Շամիրս,— գլխին զարկելով՝ բացականչեց Շամիրը։— Ես ինչի՞ թխթխկացրի, ինչի՞ փախցրի որսս»։ Այսպես շարռւնակ քանի մի ժամ սկսեց երթևեկել և մռթմռթալ ինքն իրան։

Մարիամն իմացավ, որ իր մարդը մի բանի հոտ է առել, և սկսեց հարց ու պատասխանով իր դատավճիռը հորինել։ Հերիքնազը կատաղում էր ինքն իրան և անմեղությամբ երևակայում էր, որ եթե բանը դեպի վատը երթա, ինքը կասի ճշմարիտը և կսպառնա անգամ Շամիրին, թե ինքը մի տղայի սիրել է և նրան է ուզում, ուրեմն նրա կասկածներն ու միջամտությունն այստեղ ավելորդ են բոլորովին։

Մարիամը տեսավ, որ մարդը շատ է ուշանում, մտածեց որ իր հարաբերությունը սովորականից չփոխի և ստիպի նրան ներս գալ։ Գնաց ձին առավ ձեռքիցը, ասելով «քանի՞ ման ածես»․․․ Մարիամը ձին տարավ գոմը։ Շամիրը մնաց մի առժամանակ տեղն ու տեղը փետացած։

Թարաքամի շունը քաղաք մտած ժամանակ, պոչը փորի տակն է գցում և այնպես կուչ գալիս, որ տեսնողն ասում սրա պես խեղճ ու վախկոտ արարած չկա աշխարհիս երեսին։ Բայց եթե այս միևնույն շանը տեսնես իր սովորական տեղը, իր ոչխարի մոտ, իր տիրոջ տան առջև, բոլորովին այլ հասկացողություն կկազմես նրա մասին։ Պոչը չամբար է անում, դնում մեջքին, և այնպես է բոլթա տալիս վեհանձն առյուծի պես, որ թավադի որդին անգամ տեսնելիս կնախանձի նրա նազաշարժությանը։ Փորձ փորձիր ահա այստեղ մոտենալ նրան և դու կտեսնես այնուհետև, թե ի՞նչ գազանի հետ գործ ունիս։ Այն քաղաքացիք, որոնք քաղաքի մեջ են ճանաչում գյուղացոց, շատ սխալ գաղափար են կազմում նրանց մասին։ Նրանք այստեղ միայն խեղճություն և հիմարություն են երևցնում, ուրիշ ոչինչ, և այդ են տեսնում միայն քաղաքացիք և ավելի խղճում կամ արհամարհում։ Չեն կարծում, որ նրանք էլ են մարդիկ և իրենց ունեցած բոլոր կրքերը նրանց մեջ ևս կա և այն՝ չափազանցությամբ։ Ո՞ր քաղաքացին կարող էր հասկանալ թե Շամիրն ի՞նչ գազան է. բայց նա այժմ իր տունն է հասել, քաղաքում՝ ներս քաշած պոչը այստեղ՝ չոբանի շան պես չամբար է արել, ուզում է հասկացնել, որ ինքն է այս տան տերը, ուզում է իր տղամարդությունը ցույց տալ։

Շամիրը Դիզակու արջերիցն էր։ Եկել էր Վրաստան, որպես թե մարդ դառնալու, բայց այնպիսի մի գյուղի մեջ էր ընկել, որ իրանք կարոտ էին դեռևս մարդանալու։ Մի բուդալա[2] տղա էր Շամիրը, երբ որ եկավ այս գյուղը և Մարիամենց տանը նոքարություն էր անում մի քանի տարի։ Հանգամանքը՝ այնպես բերավ, որ Հակոբի մեծ օջախը անշքացավ և Մարիամին խորհուրդ տվին Շամիրին ուզի, որ տան փեսա դառնա, իրանց օջախի ճրագը վառ պահի. և այլ այսպիսի պառավական խրատներով Մարիամին պսակեցին Շամիրի վերա։ Այս ամուսնությունը Մարիամի սրտովը չէր, բայց մի անգամ որ ասաց հնազանդ եմ, էլ այնուհետև ոչինչ կարող էր անել։ Մի քանի ամիս որպես նորապսակ, սեր ցույց տվավ, և մեղրալուսինն անցնելուց հետո երբեմն՝ փորացավ, երբեմն՝ սրտացավ ունիմ ասելով, չէր հոժարում իր ամուսնու հետ լինել։ Շամիրը սկզբում հավատում էր իր կնոջ ասածներին, բայց հետզհետե դեպի ինքը սառնություն նշմարելով՝ սկսեց մտածել, թե «իմ կինը ինձ չի սիրում, ապա ուրեմն ուրիշին է սիրում անպատճառ»։ Այս անտեղի կասկածը հալում, մաշում էր Շամիրին։ Նա սկսեց ամեն մի տեղ գնացած ժամանակը երկար միջոց նշանակել և ինքը միշտ վաղօրոք երևիլ երբեմն մեջ գիշերին, երբեմն փոքր-ինչ ուշ կամ վաղ, որ իր կնոջ մոտ մարդ գտնի և կատարելապես համոզվի իր կասկածանաց մեջ, բայց երբեք չհաջողեցավ նրան այդպիսի մի բանի հետք նշմարել։ Եվ այս անհաջողությանց համար փոխանակ ուրախանալու, փոխանակ խոստովանելու նրա անմեղությունը, բարկությունն ավելի էր գալիս, թե ինչո՞ւ իր բոլոր ճիգն ու աշխատանքը իզուր են անց կենում։ Սրա համար միշտ առիթ էր փնտրում Մարիամին ծեծելու, և այդպիսի առիթներ քիչը՝ շաբաթը մի անգամ գտնում էր, բայց սրանով ոչ միայն չգրավեց Մարիամի սերը, այլ ավելի ևս զզվացրեց նրան և սաստկացրեց նրա ատելությունը։ Այս անգամ ահա, որպես թե հաջողեցավ իրան վերջապես մի բան նշմարել, բայց ի՞նչպես սկսեր գործը, երբ ոչ ոքի երես չտեսավ։ Մտածեց, որ լռե մի առժամանակ, և լռեց։ Բայց վա՛յ այն լռելուն, որ սա լռեց։ Միայն արտաքուստ էր այդ լռությունը, իսկ ի ներքուստ՝ տանջում, մաշում էր ինքն իրան զանազան ցնորքներով։ Ներս գնաց վերջապես Շամիրը և լուռ ու մունջ շնթռկեց իր համար գցած տեղումը։


Զ

Արզումանը գնաց։ Մյուս օրը հախսը իրանն էր, այսինքն իր համար պիտի վարեին։ Տղայոց մոտ հասավ թե չէ, զարթեցրեց նրանց, թե եզնիքը վեր են կացել, կցրվեն, կկորչեն, առավոտյան ման կգանք, էլ չենք գտնիլ։ Առավոտյան արշալույսը երևաց թե չէ, հավաքեցին եզները, ականեցին ու յուրաքանչյուր գութանի եզները ջոկջոկելով, տարան լծելու։

— Ա՛րզուման, ո՞ր տափդ պիտի գնանք,— հարցրեց մաճկալը այնպիսի ձայնով, որ կարծես Արզումանը իրանից մի վերստ հեռու լիներ։

Այս գյուղացիք սովորություն ունեին խիստ բարձրաձայն խոսելու։ Նույնիսկ միմյանց կից, մի օջախի չորս կողմ նստած ժամանակ այնքան բարձր են խոսում, որ խամ մարդը կկարծի թե խոսողի զրուցընկերը նրա կողքին չի նստած, այլ կամ կտրին է, կամ մի այլ սենյակում, միջնապատով անջրպետված իրանից։ Իսկ հայերեն չիմացողը կկարծի, թե սրանք ոչ թե խոսում են սիրով, այլ կռվում են, և մի մեծ վեճ կա իրանց մեջ։ Ի՛նչ ասել կուզի, որ վեճ ու կռիվ եղած ժամանակ էլ խոսելու ձայնն այնքան է բարձրանում, այնպիսի բղավոց ու ճղավոց է լինում, որ ինչքան չափազանցացնես, դարձյալ իսկականի ստվերը կլինի։

— Վերի հողերը, Ճաղարանց տափը,— պատասխանեց Արզումանը ավելի մեղմ և տխուր եղանակով։

— Հը՜մ․․․, գիշերս կռվի երազ եմ տեսել․․․

— Երազ էլ որ տեսած չլինես, կռիվը լինելու է անպատճառ։

— Հիմի գնա՛նք, ինչ կլինի, կլինի...

— Գնա՛նք,— մաճկալը հրամայեց և գութանը ճըլվստալով գնաց դեպի Ճաղացանց Թաթոսի տափը։

Մենք մի առած ունինք, որ ասում է. «խոփդ սուր է, բայց հանդը բաժանովի է»։ Այս առածը խեղճերն են ասել, իսկ իշխողներն ուրիշ առած են ունեցել, որ է՝ «Քաջերի սահմանը իրանց զենքն է»։ Գյուղացիք սովորություն ունին՝ վարելու հողը բաժանելու իրանց մեջ ամեն տասը կամ տասնըհինգ տարին մեկ անգամ, բայց ամեն անգամ հեշտությամբ չեն բաժանում, քիչ հողատերերը սկսում են կռվել շատ բաժին ունեցողների հետ, և եթե մի կերպ բաժանում են, ավելի ուժեղները թույլ չեն տալիս իրանց հողին ուրիշը մոտենա։ Նվազած օջախների հողերը վարում են զորեղները և նրանց վերջին միակ շառավիղը չափահաս դառնալով՝ հող չի ունենում վարելու։ Այսպիսիներին քյոխվան մի կերպով պահպանում է, ավելի հող ունեցողներից մի կտոր տալով, մինչև օրինավոր բաժին լինելը։ Ճաղացանց Թաթոսը Արզումանի հոր բաժինը սեփականել էր, քյոխվան էլ հրաման էր տվել Արզումանին, որ գնա նրա տափերից մեկը վարի։ Հիմա տեսնենք ի՛նչ է դուրս գալիս սրանից։

Գութանը տեղ հասցրին, և հազիվ հինգ վեց ակոս էին արել, հանկարծ գյուղի մեջ մի շփոթ ընկավ։

— Ադա՛, Մա՛րտիրոս, Կի՛րակոս, հա՛սեք, մեր տափը վարում են։ Մեկ տեսեք էդ ո՞վ ա, էդ աչքերն արնով լքցվածը, մեծ թիքեն ականջը թողեցեք,— ասաց մի թեև ալևոր, բայց բավականին ժիր ու առույգ մարդ։

Սա ինքն էր Ճաղարանց տան նահապետ՝ Թաթոսը, որ տասը, տասներկու տղա ուներ, մի այդքան էլ եղբորորդիք, երկու այդքան թոռներ...

— Էլ ո՞վ պիտի ըլի, Արզումանն ա։ Բա չլսեցի՞ր երեկ, որ քյոխվիցը տափ էր ուզում, նա էլ մեր հողը նշանց տվավ, թե՝ գնա՛ վարի։

Այդպես խոսեց Թաթոսի տղան, որով ուզեց ցույց տալ, որ քյոխվեն էլ իր հորը մարդու տեղ չի դնում, նրանից չի վախենում, չնայած, որ Թաթոսն էր նրան քյոխվա շինել, և երբ ուզենա, կարող է դուրս անել։

— Տո՜ ես քյոխվի․․․ Տո հա՛սեք, տղամարդիք չե՞ք... Ես գող Արզումանի համար եմ փուշ կտրել, տակռի հանել, քարերը հավաքել, խամհատել, որ նա գա էս օրվան օրը իմ մուլքը ձեռքիցս խլի՞... Տո հա՛սեք, բա դուք տղամարդիկ չե՞ք, էլ ո՞ր օրվա համար եմ ձեզ հաց տվել, պահել։

Այսպես՝ ալևոր գազանը, որ իր կյանքումը արդարության ու խղճի ձայն չէր լսած, ինչ որ բերանն եկավ, դուրս թողեց և տասը քսան բռի արջերի խրախույս տալով՝ ուղարկեց Արզումանի դեմ։ Րոպե չանցած, տեղ հասան, ըստ որում չէին քայլում, այլ վազում էին, կարծես առջեները փախչող կար, պիտի բռնեին։

— Հո՜... ո՜․․․ հո՜։ Ո՛տն արեք տղեք,— գոչեց իր սովորական ձայնով մաճկալը։— Ա՛րզուման, էս արջերը մեզ վրա են գալիս, գլխիդ ճարը տե՛ս։ Արի դուս գցենք գութանը, ասենք ա՛խպեր, ձեզ ըլի՝ չենք ուզում, թաք ըլի արուն չանենք ըստեղ։

— Հետո՞, էլ էս փափախը գլխիս հարամ չի ըլի՞։ Էլ ի՞նչ երեսով պիտի մտնեմ գեղը, որ մի քանի թազի թուլա ինձ պետք է վախեցնեն։ Տուր ինձ էդ սրբիչը,— ասաց Արզումանը բարկանալով և մաճկալի ձեռքից առնելով սրբիչը, որ մի հաստ դագանակ է ծայրը ակջաձև (չանգաձև) երկաթ հագցրած։ Մի կատաղություն եկավ քաջ երիտասարդի վրա, ջանն սկսավ դողդողալ կպչող փահլևանի պես և այնպես էր զգում այս րոպեին ինքն իրան, որ ոչ թե քսան, այլ հիսուն մարդ ևս չպիտի կարողանային հովություն տալ իր տաքությանը։

Տափատերերը հասան թե չէ, գութանը ակոսից հանելով, գցեցին քարերի ու փշերի մեջը։ Հնար չեղավ այստեղ բան հասկացնելու, ամենքն էլ սկսեցին գոռալ, գոչել, մեկը մյուսի խոսքը չէր լսում։ Եղան էր, որ վրա էր գալիս սրա նրա գլխին, էլ բըհիր ասես, դագանակ ասես, չոմբաղ ասես, մահակ ասես, նորեկների կողմից իջնում էր սրա նրա գլխին, սրա նրա թիկունքին։ Հոտաղները մի-մի ճիպոտից ավելի բան չունեին, իսկ դրանով էլ ոչինչ չէին կարող անել, ճարահատյալ փախան, որ իրանց անզեն գլուխն ազատեն։ Մաճկալի գլուխը վաղուց արդեն կիսել էին և գցել ակոսի մեջը։ Խեղճ կենդանիները, այն անբան եզ ու գոմեշներն անգամ չազատվեցան հաստ մահակների հարվածներից։ Բայց ի՞նչ էր անում այդ միջոցին Արզումանը։ Նա սկզբում սկսեց իր ձեռի սրբիչով միայն ինքզինքը պաշտպանել, աշխատելով հասկացնել նրանց, թե ի՞նչ իրավունքով է վարում այդ հողը, բայց տեսավ, որ աչքներն արնով լցված է, ոչինչ չեն ուզում լսել, մանավանդ երբ որ տեսավ իր մաճկալի կիսաշունչ ընկնիլը, սրբիչի զորությունը պաշտպանողականից հարձակողականի դարձրուց և մի քանի րոպեի մեջ բոլոր կռվողները վեր թափվեցին. միայն մեկը կարողացավ իր գլուխը պրծացնել և գյուղը հարայի վազել։ Գյուղից նոր մարդիկ եկան իբր կռվի առաջն առնելու համար. բայց էլ ի՞նչ օգուտ, ինչ որ լինելու էր, եղել էր։ Երեք մարմնի մեջ այլևս հոգի չկար, մեկն հոգեվարք էր և մյուսներն էլ վտանգավոր դրության մեջ։ Հայհոյանքն ու կռիվը սուգի ու շիվանի փոխվեց։ Գեղից սայլեր բերին և իրանց քաջերին տարան, որին սաղացնելու, որին թաղելու։


Է

Կարելի է՞ արդյոք նկարագրել այն պառավ մոր դրությունը, որ այս րոպեին իմացավ, թե իր մինուճար որդին, իր ազիզ-մազիզ մուրազի վրա եղող Արզումանը այնպիսի մի փորձանքի է պատահել, որ նրա տեսողությունից հավիտյան պիտի զրկվի։

Խեղճ պառավը գութանավորի համար առավոտյան կերակուրը բերելիս ճանապարհին տեսավ, որ շատ մարդիկ են վազում դեպի իրենց գութանը, սկսեց կասկածել թե էս ի՞նչ է պատահել արդյոք, չլինի՞ իր երեխայի գլխին մի վատ բան է եկել։

Պառավ Շողակաթը մի տարօրինակ կասկածոտ բնավորություն ուներ։ Ամեն մի անակնկալ փորձանք պատահած ժամանակ միշտ իր Արզումանին էր միտը բերում, թե նա էլ էնտեղ չէ՞ր արդյոք, չլինի՞՛ նրան էլ մի բան է պատահել։ Երբ որ լսում է, թե այսինչ գյուղում մարդ են սպանել, այնինչ տեղը մարդ է խեղդվել, մեկը ձիուց կամ ծառից վեր է ընկել, մեկը սելի տակովն է էլել, մեկին շունը կծել է, մեկը վարազի բերանն է ընկել կամ արջի տակը և ինչևիցե այսպիսի մի բան, նա անդադար ախ ու վիշ էր անում, թե չլինի՛ իմ Արզումանն է, և այսպես վարանման մեջ էր լինում մինչև Արզումանի տուն գալը։ Եվ ի՞նչ կլիներ, որ այսպես չլիներ։

Քանի՛-քանի անգամ խեղճին բոթու էին տվել դրացի կանայք խմբովին տուն լցվելով և մեկենիմեկ իրանց ոռնոցն սկսելով, որ շատ անգամ ողջ մնացողին անգամ մահվան պատճառ է լինում։ Ութը որդի էր մեծացրել խեղճ պառավը, և դրանցից միայն մինն ուներ այժմ։ Մյուս յոթը եղբայրքը բոլորեքյան քսան-քսաներկու տարեկան ժամանակն էին մեռել որը նշանած, որը նշնելու, բայց բոլորն էլ փորձանքի հանդիպելով, ոչ մեկը իր բնական մահով, կամ մի որևիցե տկարությամբ չէր մեռել, ոչ մեկին մի սառը ջուր չէր տվել վերջին անգամ իր մայրական ձեռքով, ոչ մեկի գերեզմանին չէր արժանացել...

Զարմանալի բան է արդարև։ Միայն զինվորների կյանքը չէ վտանգի ենթակա պատերազմի ժամանակ։ Այն մարդոց կյանքն ևս շարունակ ենթակա է վտանգի, որոնք հանդգնություն ունին մարտ մղելու կյանքի անիրավ ու անարդար հանգամանքների դեմ։ Որքա՜ն անիրավություն և անարդարություն կա օրենքով ու ադաթով անվտանգ վիճակի մեջ դրված։ Ո՞վ կարող է դրանց ձեռք տալ և անպատիժ մնալ։ Արզումանի յոթը եղբայրներից երեքը բանտումն էին մեռել և երեքն աքսորանքում, և այս՝ իրանց անվեհեր և ազնիվ սիրտ ունենալու համար միայն։

Խեղճ պառավը ճամփի մեջտեղը նստեց, որ խելքը գլուխը ժողովի և մեկ լավ իմանա, թե էս ի՞նչ բան է։ Անցուդարձ անողներից ոչ ոք նրան պատասխան չտվավ, մինչև մոտեցան մեռելների սայլերը, որոնց չորս կողմը պատած մարդոց լաց ու կոծի աղաղակը դմբդմբացնում էր մոտակա սարերն ու ձորերը։ Ծերունի մայրը որքան որ կասկածոտ էր, այսուամենայնիվ չէր կարող կարծել, որ երկու ժամու միջոցում այնպիսի մի դեպք լինի պատահած, որ իր մինուճար որդին զրկեր իրանից։ Հուղարկավորներից մինը, որ Արզումանի ազգականներիցն էր, մոտեցավ պառավին և սկսեց մի առ մի հասկացնել բանի էությունը ավելի խոհեմ կերպով, վերջումը ավելացնելով՝ որ Արզումանին չստիպի տուն գալու, ըստ որում եկածին պես կբռնվի։

— Բաս էլ չպիտի՞ տեսնեմ ես իմ որդու երեսը,— հարցրեց պառավը։

— Կտեսնես, ո՞վ է ասում, որ չես տեսնի, բայց հիմա հարկավոր չի տեսնել։ Սպասիր մութն ընկնի, էն ժամանակ...

Շողակաթ նանի խելքը գլխիցը թռավ, նա սկսեց խենթի նման զանազան ձևաշարժություններ անել, պարելու նման, և իր գիտցած երգերից մի խառնուրդ կազմելով մրմնջել և ձայնն աստիճան առ աստիճան բարձրացնելով՝ սկսեց բառաչել ու գոչել — «Արգումա՜ն, Արզումա՜ն, Արզումա՜ն»․․․ Այս անունն այնքան կրկնեց, մինչև ուժից ընկավ բոլորովին և մեկնվեց ճամփի մեջտեղը։ Մոտը եղող երիտասարդը շալակեց կիսաշունչ պառավին և տարավ տուն։


Ը

Գյուղի մեջ տուն չկար, որ կամ սպանվածների կամ վիրավորվածների ազգական չլիներ, այս պատճառով ամբողջ գյուղը սգի մեջ էր մտել։ Բըռի գեղըցիք, անսանձ կրքերի տեր։ Մի որևիցե կիրք երևացած ժամանակը մնացյալ բոլորը այնպես են անհայտանում, որ կարծես նոցա հետքն անգամ չի եղած իրանց մեջ։

Խելքն է, որ տիրում է մարդուս կատաղի կրքերի վրա, բայց սյդ տիրող խելքից զուրկ են գյուղացիք։ Տեսել եմ աչքովս, որ մայրը որդու առաջը չոքած, հայրը ձեռները խաչած, աղաչում են եղել իրանց որդուն, որ կռվից ետ կենա, բայց դրանով ավելի են կատաղացրել նրան։ Անասունների մեջ միայն կարելի է սրա նմանը տեսնել։ Երկու ցուլ, երկու գոմեշ, երկու շուն կռվելիս՝ հնար չի լինում անջատելու․ որքան խփում ես, այնքան ավելի են կատաղում։ Բայց՝ և անասունների նման էլ կռվից հետո չափից դուրս խեղճանում են, գայլից դառնում ոչխար, և ակամա գալիս են այն եզրակացության, որ սրանք ֆիզիկապես հսկաներ լինելով, հոգով ու մտքով կատարյալ երեխաներ են, և չար երեխաներ։

Մեր գեղացիք թեև առհասարակ կոպիտ մարդիկ են, բայց այսուամենայնիվ սոցա մեջ ևս կա սեր, բարեկամություն, հավատարմություն, մեծահոգություն և այսպիսի գովանի հատկությունք։ Միայն երկու բանի համար խաթրապահություն չկա․ այդ երկու բանն է՝ հողը և ջուրը․ սոցա համար է լինում կռիվը սաստիկ, և շատ հաճախ գործը հասնում է մարդասպանության։ Բայց առայժմ այդ խնդիրների վրա չխոսենք, որ շատ չհեռանանք մեր բուն պատմությունից։

Մի շատ տխուր կերպարանք ստացավ Դ... գյուղը․ ոչ մեկի բերնում ժպիտ չէր երևում, ոչ մեկի երեսին ծիծաղ չէր գալիս։ Մարիամն ու Հերիքնազը նույնպես մասնակից էին հասարակաց տխրությանը։ Մի կողմանե թեև ուրախ էին, որ Արզումանը հաղթող էր հանդիսացել և ոչ հաղթվող, բայց... մյուս կողմանե էլ լավ գիտենալով, որ այդպիսի հաղթության մրցանակը աքսոր է ու մահ, սաստիկ տխրում էին։

Շամիրր դեպի ոչ ոք համակրություն չէր ցույց տալիս, այլ միայն նախանձում էր, որ ինքը մասնակից չի եղել այդ կռվին, որ իրա վրա էլ խոսեին։ Նա կարծում էր, թե ինքը հաղթող կհանդիսանար և այնուհետև՝ ոչ ոք չէր համարձակիլ անհավատարմությամբ նայել իր տան վրա։ Սպանվածներից երեքը Ճաղարանց տանիցն էին։ Թեպետ սրանք քան զշուն շատ էին, քան զգել առավել, բայց այսուամենայնիվ երեք մեռել միանգամից տանը գտնվելով, քարացրել էին Թաթոսին․ և չէր իմանում որի վրա սգա, որի գլուխը լա։ Նրա խղճմտանքը տանջում էր։ Նա սպանությանց մասնակիդ էր համարում ինքն իրան, ըստ որում ինքն եղավ նրանց գրգռողը, ինքն ուղարկեց նրանց։ Բայց իր անձը գերդաստանի մեջ արդարացնելու մտոք Արզումանին անիծում էր և հրամաններ էր հանում, որ նրան բռնեն անպատճառ և արդարադատության մատնեն։ Քյոխվան վաղուց արդեն այդ մասին տնօրենություն էր արել։ Մարդիկ էր ուղարկել տեղական իշխանությանը իմաց տալու, որ գան ականատես լինին գործի հանգամանքին և վաղը մյուս օրը իրեն չմեղադրեն։ Կասկած չկար, որ իշխանությունը գալուն պես պիտի բռնել տար Արզումանին։ Արզումանի բարեկամներն այդ գիտեին, նրան աղաչեցին, որ փախչի։ Այդ տեղից մոտիկ էր Խրամը, որ հազարավոր փախստական կարող էր պատսպարել։ Մինչև իր թշնամիքը բռնելու մասին կմտածեին, նա արդեն Խրամի զառիվայրից ցած էր իջել և ո՞վ կարող էր այլևս իմանալ, թե որ քարափի, կամ ո՞ր քարայրի մեջ է գտնվում։


Թ

Արզումանն իր անձի ապահովությանը համար երկյուղ չուներ ամենևին։ Նա առանց այս էլ տարվա մեծ մասը թափառելով էր անց կացնում, երբեմն որսորդությամբ և երբեմն գողերի հետ։ Որտեղ մի ընկերություն կար գողերի, նրան հայտնի էր, որտեղ մի փախստական կար, նրա ծանոթն էր։ Քանի որ այս փորձանքին չէր հանդիպել, նա փախստականների հետ ընկերություն անելիս կասկածում էր, թե մի՛գուցե սրանք իրանց ավելի քաջ են համարում, և իրան բանի տեղ չեն դնում, ըստ որում կարողացել են իշխանության ուշադրությունը գրավել և իրանց անունը հռչակել ամբողջ նահանգի մեջ։ «Ես ի՞նչ եմ արել,— ասում էր ինքն իրան,— մի քանի ձի եմ գողացել ջգրու, էն էլ հաստատը չգիտեն, որ ես եմ գողացել»։ Այսպես էր մտածում Արզումանը, և նախանձով նայում նշանավոր փախստականներին, բայց հիմա, երբ որ ճարահատյալ փախստականի տիտղոսը կամ կամա-ակամա իր վրա առավ, տեսավ, որ սա լավ բան չի, մանավանդ այն ժամանակ, երբ սիրել և սիրվել էր սկսել։ Քնած թե արթուն միշտ Հերիքնազին էր տեսնում, որ արտասվալիր աչքերով ասում էր նրան — «Էդ ի՞նչ արիր, Ա՛րզուման, նրա համա՞ր խլեցիր իմ սերը, որ ինքդ չվայելես և ուրիշներին չթույլտաս վայելելու»։

Յոթն օր կարողացավ Արզումանը հեռու մնալ գյուղից և ոչ ոքի աչքումը չերևալ։ Նա գնաց իր ծանոթ ղաչաղների մոտ, որոնց պատմելով իր գլխի անցքը, ավելի գրավեց նրանց սերն ու համարմունքը, բայց այս հանգամանքը ամենևին չմխիթարեց իր տխրած սիրտը, չկատարեց իր սրտի պահանջմունքը, չհագեցրեց իր սիրո քաղցը...

Մի գիշեր մեր փախստականներն իջան Խրամի Նախշուն անվանված ավերակ վանքում անձրևի պատճառով, և ուզում էին գիշերը այնտեղ անցկացնել։ Արզումանը ուզեց օգուտ քաղել գյուղի մոտավորությունից և գնալ իր Հերիքնազին տեսնելու։ Սրա համար հրաման ուզեց ավազակապետից։

— Դեռ վա՛ղ է, էդպես շուտ մի՛ գնալ,— պատասխանեց ավազակապետը։

— Թող փոքր-ինչ հանդարտվեն գեղըցիք, մեռելներին մոռանան, սաղերի հոգսը քաշեն, էն ժամանակը գնա՛, բան չեմ ասիլ։ Բայց հիմա Ճաղարանց Թաթոսը ո՛վ գիտե գեղի ամեն քնջումը քա՛նի պահապան է դրել քեզ համար։

— Որ իմանամ թե կտոր-կտոր կանեն, ճար չկա, պետք է գնամ,— պնդեց Արզումանը։— Էս էլ ասեմ ձեզ, որ ես մեր տունը չեմ գնալու։ Պահապաններ որ լինին, մեր տան մոտերքին կլինին։

— Լա՛վ, ինչպես ուզում ես, էնպես արա։ Թե որ կուզես մեր տղերանցից էլ մի երկու ձիավոր թող գան գեղի տակին թաք կենան, թե որ բան է, մի փորձանք պատահելու լինի, օգնության հասնեն:

— Էդ էլ չի հարկավոր, ես մենակ կերթամ, միայն ձեր ո՛ր ձին որ լավն է, էն ինձ տվեք։

— Իմ սև ձին քեզ փեշքեշ,— ասաց ավազակապետը։— Սևը լավ է, գիշերն էլ մութն է, ոչ ով չի տեսնի։ Միայն ձիով չմտնես գեղը, որ ոտի ձենը չլսվի, շուն ու մարդ չհաչի վրեդ․․․

Այս խոսակցության ժամանակ հանկարծ մի մարդ ներս մտավ և մի խումբ մարդկանց հանդիպելով՝ տեղնուտեղը մեխվեց։ Այս մարդը որքան որ ինքը վախեցավ, նույնքան էլ մեր քաջերին վախացրեց, որոնք իսկույն հրացանները ձեռք առան և ոտքի կանգնելով գոչեցին՝

— Թարփա՛նմա, վուրդըխ (չշարժվիս, խփեցինք)։

Նորեկը ութ-ինը հրացանների խողովակների պսպղալը իր դիմաց տեսնելով, քիչ մնաց պիտի համրանար, բայց մեկ էլ խելքը գլուխը ժողովելով հասկացրեց, թե ինքը մի որսորդ մարդ է և բոլորովին անգիտությամբ մտավ այստեղ։ Սրա ձայնից Արզումանը ճանաչեց, որ Շամիրն է։ Ավազակապետին հասկացրեց, որ Շամիրին դուրս չթողնեն մինչև առավոտ։ Բավականին մութն էր, և անհնարին էր կերպարանքից ճանաչելը։ Շամիրին հրավիրեցին նստել, և ասացին իրան, որ չեն կարող թողնել մինչև առավոտ, ըստ որում չեն կարող հավատալ նրան, որպես անծանոթ մարդու։ Շամիրը ասաց, որ ինքը ևս միտք չունի մինչև առավոտ երթալու և ավելացրեց, թե ես մի քարեծ եմ սպանել և բավականին միս ունեմ պարկիս մեջ, եթե կամենաք կրակ վառեցեք, խորոված անենք։

Շամիրի փորը ավելի նրա համար էր ցավում, որ այս մարդոց երեսը լուսով տեսնի, և խիստ փափագում էր Արզումանին սրանց մեջ տեսնել, որ մյուս օրը երթա գյուղումը պարծենա, թե ինչպես ինքը մի գիշեր կարողացել է ավազակների հետ անցկացնել և նրանց մեջ տեսնել Արզումանին։

Ավազակները հրամայեցին Շամիրի առաջարկությունը կատարել, նրանք առանց այն էլ, մտադիր էին կրակ վառելու, ըստ որում բավականին թրջվել էին, հարկավոր էր իրանց շորերը ցամաքացնել։ Բայց Շամիրը իր նպատակին չհասավ։ Արզումանն արդեն գնացել էր և այնպես գնաց, որ Շամիրն ամենևին չիմացավ, որ նրանց միջից մի մարդ պակասեց։

Ասած է, «գողն ի՞նչ կուզի — մութը գիշեր», բայց մեր Արզումանին որ հարցնեիր այս րոպեիս, թե ի՞նչ կուզես, կասեր— Շամիրի բանտարկվելը։ Մութը գիշերովը նա այնքան չէր ուրախ, որքան այդ հաջող դեպքովը։ Նա յոթ օր սպասել էր միմիայն Շամիրի երկյուղից, թե ինչպես գնա Հերիքնազի մոտ և շատ մտածելուց այս միակ հնարքը գտավ միայն, որ երթա ուղղակի Շամիրի մոտ և նրա պաշտպանությունը խնդրի գյուղ մտած ժամանակը, որով և միշտ միջոց կունենա իր Հերիքնազին տեսնելու։ Բայց հիմի բանն այնպես եղավ, որ իր առաջվա մտադրությունն ուրիշ օրվան թողնելով՝ լավ համարեց օգուտ քաղել բարեպատեհ դիպվածքից։

Քանի որ այս փորձանքին չէր հանդիպել Արզումանը, մտքումը դրել էր Շամիրին մոտենալ և նրա հետ քանի մի օր որսորդության երթալով բարեկամանալ ու խնդրել նրանից Հերիքնազի ձեռքը. բայց հիմա, երբ հանգամանքը ուրիշ կերպարանք ստացավ, էլ ի՞նչ առաջարկություն կարող էր անել։

Մարիամը նույնպես հուսով էր, որ մոտ օրերս նշանդրություն կլինի և ինքն էլ ազատված կլինի իր ամուսնու անտեղի կասկածներից. բայց հիմա կարո՞ղ էր ասել միթե, որ երբևիցե ունեցել է այդ մտադրությունը և մինչև անգամ պատիվ է ունեցել մի անգամ էլ գիշեր ժամանակ հյուրընկալել Արզումանին։ Մի կողմանե ուրախ էր Մարիամը, թե լավ է, որ նշանված կամ պսակված ժամանակ չհանդիպեց այդ փորձանքը. ուրեմն հիմա կարելի է ուրիշ փեսա գտնել Հերիքնազի համար, բայց մյուս կողմանե իր սերը այնքան շատ էր դեպի Արզումանը, որ լավ էր համարում նա անունով միայն փեսա համարվի, քան թե մի ուրիշը ստուգապես, Հերիքնազն էլ այս համոզումն ուներ։ Նա Արզումանին պատահած գիշերից սկսյալ, ձեռները ստեպ-ստեպ շրթունքներին էր մոտեցնում, կարծելով, որ միայն իրան է զգալի, թե որքան քաղցր են սիրականի շրթունքների դիպած տեղերը։ Նա համբուրում էր իր ձեռները, համբուրում էր նրա բերած խնձորները և այնպես անարատ պահպանում։ Չէր ուզում ուտել, որ իր սիրականի հիշատակը աչքիցը չհեռանա։


Ժ

Երկու քույրերը դարձյալ գգվել էին միմյանց այն միևնույն սրահի անկողնումը, որի մեջ պատահել էր առաջին անգամ Արզումանը։

Երկուսն էլ իբր թե քնած էին, բայց ոչ մեկի քունը չէր տանում։

— Հերիքնա՞զ։

— Հը՛։

— Ա՛խչի, չես քնե՞լ։

— Քունս չի տանում։

— Ինչի՞ չի տանում։

— Տանում չի էլի՜․ համ զարթուն եմ, համ աչքերս խփած երազներ եմ տեսնում։

— Ի՞նչ ես տեսնում։

— Ինչ եմ տեսնո՞ւմ։

— Հա, ի՞նչ ես տեսնում։

— Ո՞վ զիտե, ինչ ասես տեսնում եմ։ Միթամ ես տղի շորեր եմ հագել, յարաղ, ասպար կապել վրես ու մի թռչկան ձիու վրա նստել եմ։ Մի սարի գլխի չորսղաթանի մի քոշկուսարայի եմ շինել տվել, մի մեծ երկաթե դուռն եմ անել տվեք վրեն. երկու ասլան էլ կապել տվել դռանը, որ իսկի մի մարդ էլ ա չկարենա ինձ մոտ գալ... հետո շատ բաներ եմ անում, սաղ աշխարհքը դողում է իմ ձեռքին...

— Ով որ գալիս է քեզ ուզելու, գլուխը կտրել ես տալիս, էնպես չի՞։

— Մենակ էդ չեմ անում. էլի ուրիշ շատ բաներ եմ անում։

— Արզումանին տանում ես քեզ մոտ...

— Տանում եմ, բայց ի՞նչպես։

— Չգիտեմ, դո՛ւ ասա, ի՞նչպես ես տանում։

— Արզումանին բռնում են։ Մի մեյդան տեղ սներ են կանգնացնում, կախաղան են պատրաստել, ուզում են կախ տալ, ինչպես Ահմեդին կախեցին։ Մարդիկը կիտվել են չորս կողմը, դիփ էլ թամաշա են անում, ոչ ով սիրտ չի անում ձեն հանի, ուզում չի օգնի խեղճին։ Ես նստում եմ իմ թռչկան ձիուն, մի ձեռիս ղալխանս եմ բռնում, մեկէլ ձեռիս թուրս. ասլաններիս էլ առաջս եմ գցում, ընկնում եմ էդ մարդկերանց մեջը. որին ես, որին իմ ասլանները, դիփունանցն էլ ջարդում, կոտորում ենք։ Ազատվում են միայն առաջուց փախչողները։ Ճաղարանց Թաթոսն էլ է ուզում փախչել, բայց քյալլի միջին որ խփում եմ թրովս, ոչխարի պես շաղկում եմ, կեսը մի ասլանի բերանն է ընկնում, կեսը մեկէլի...

— Հետո՞, մնում է մենակ Արզումա՞նը։

— Հա՜։ Նրա համար մի ուրիշ ձի եմ ըլում տարած, յարաղ ասպաբով, Արզումանը նստում է իր ձիուն, հետո թռչում ենք մեր քոշկուսարային...

— Ով գիտի, երազումդ հենց միշտ Արզումանին ես տեսնում։

— Ի՞նչպես չեմ տեսնում։ Բայց տեսնում եմ թե չէ, էնպես ուրախանում եմ, որ էն սահաթը զարթնում եմ, էլ չենք կարում իրար հետ խոսել։

— Քու բանը շատ դժվար է, Հերիքնազ։

— Վրաս ծիծաղում ես, հա՞։

— Չէ՛, չեմ ծիծաղում, բայց Արզումանը քու նշանածդ չի, մի բանդ չի, նրա համար ինչի՞ ես քեզ տանջում։ Աղջկա ադաթն է, հազար տղի համար ասեն, մեկին կտան։ Հիմա նա որ չելավ, ուրիշին չպիտի ուզե՞ս։

— Մարիամ ջան, որ մի բան ասեմ, հո չե՞ս ծիծաղի վրաս։

— Ինչի՞ եմ ծիծաղում, ա՛սա։

— Գիտե՞ս ինչ կա. ես մարդ չեմ ուզում, ես սիրել եմ ուզում։ Սերը շատ քաղցր բան է, բայց մարդն ատելի։ Դու քու օրումը լավ մարդ տեսած կա՞ս, մեկը մեկէլից վատթար արարածներ են։ Ես որ տեսնում եմ Շամիրի կոպտությունը, դա որ իրեն շահ ու սուլթան է համարում, էնպես բարկանում է վրեդ, էնպես ծեծում, որ կասենաս դու նրա եսիրն ըլիս, իմ ջիգրն էնպես է գալիս, որ սկսում եմ ատել մարդկերանցն էլ, կնկդերանցն էլ։ Մարդկերանց էնդուր համար եմ ատում, որ էդպես կոպիտ արջեր են, մի անգամ դրանց երեսին ծիծաղ չես տեսնի, մի անգամ մի քաղցր խոսք չես լսի...

— Կնկդերանցն ինչի՞ ես ատում։

— Կնկդերանցն էնդուր եմ ատում, որ իրանք իրանց բանի տեղ չեն դնում։ Կասենաս իրանք էլ են ուրախանում, որ էդպես ծեծվում են ամեն օր։ Էն օրը չէ՞ր ասում Հոռոմը, թե էն մարդը ի՞նչ մարդ ա, որ կնկա գլխիըց մահակը պակսացնի։ Հիմի հախը չի՞, որ դրան օրը քսան անգամ ծեծե՞ն։ Ի՞նչպես չատի մարդ էնպես կնկանը, որ միշտ ծեծվել է ուզում․․․

— Հիմի դիփ էլ հո Հոռոմի պես չեն։ Շատերը չեն էլ ուզում ծեծվել, բայց ամենից շատ նրանք են ծեծվում։ Դեռ լսված չի, որ Հոռոմին իրա մարդը ծեծած ըլի, դրա համար է, որ դա էդպես մեծ-մեծ է բրթում։ Թող մի քանի անգամ թրխկացնեն դրա գլխին, եղանը գլխին կոտրատեն, ոտի տակ գցեն՝ թաղքի պես հարեն. էն ժամանակ էլ չի ասիլ էդ խոսքը։ Հիմի ասելովդ ինձ էլ չպիտի սիրես, նրա համար, որ ուրիշ կնկգերանց պես ես էլ չեմ ձեն հանո՞ւմ։

— Չէ․ քեզ ի՞նչպես չսիրեմ, որ Շամիրը զոռով է, դու չես կարող նրան հաղթել։

— Մի՛ վախի. դիփունանց մարդիկն էլ Շամիրի պես զոռով են։ Բայց որ դու բոլոր մարդկերանցն ատում ես, Արզումանին ինչի՞ ես սիրում, նա էլ մեր մարդկերանցիցը չի՞, դեռ նրանցից էլ բեթար է։ Մեր մարդիկը մարդ չեն սպանում, բայց տեսա՞ր, նա մեկ օրումը երեք-չորս մարդ սպանեց։

— Արզումանը որ նրանց չսպաներ, նրանք պիտի սպանեին նրան։ Ճաղարանք քան զշուն շատ են, քան զգել առավել։ Նրանցից երեքը սատկեցին։ Տեղն էլի քսաներեքը կա, բայց նա իր մոր մինուճարն է։ Դրանք աղքատ կոխող որ կասեն, նրանցից են։ Ինչի՞ էին գնում կռիվ, նա հո զոռով չէր վարում նրանց տափը։ Ա՜խ, թե ես կլինեի Արզումանի տեղա՜կ, նրանցից մեկին էլ ա սաղ չէի թողնիլ։ Մենք քառասուն օրավար տափ ենք ունեցել, ինչի՞ են խլել մեր ձեռիցը։ Մեր տափերի շատ փայը հիմի Ճաղարանք են վարում։ Ինչի՞ խեղճացանք։ Մեր Շամիրն ինչի՞ պիտի ամեն օր սար ու քոլ ընկնի, ինչի՞ մեր տափերիցը մի քանի օրավար էլ նրա՛ն չեն տալիս, որ նա էլ վարուցանքով պարապի, իրա տանը նստի, էդպես սար ու ձորերում չմեծանա, որ արջ ա կտրվել, էլ հետը չի խոսվում, բայց որ մարդամեջ ա մտնում, չի կարում երկու խոսք խոսի, նրանք մարդավարի բաների վրա են խոսում, սա իրա ձորերիցն ա խաբար տալիս։ Էնդուր է ասում խեղճ Հոռոմն է՞, թե մարդամիջի մարդս ըլի, հարիր թուման պարտքս ըլի... Ա՛խ, թե ես մո՛ղրով կըլեի՜, ես եմ գիտում, թե փիս մարդկերանց հախիցն ի՛նչպես կգայի։ Բայց հիմի մի խեղճ աղջիկ եմ, ինձ ո՞վ մարդու տեղ կդնի։

— Ինչի՞ հենց հիմա էլ, ով ասես քեզանից վախենում է։ Էն օրը Շամիրն ինձ ուզում էր ծեծի, բայց դու որ աչքերդ վրեն չռեցիր, նա քու ահու դուրս գնաց տանիցը։

— Ես մտքումս շատ բան եմ դրել, դու համբերի։ Ճաղարանց հախիցը ես պիտի գամ, դրանց քոքը ես պիտի կտրեմ։ Թաթոսին պիտի թողնեմ մենակ, որ իրա աչքովը տեսնի, թե ինչպե՛ս են իրա տղերքը մեկը մեկէլի հետևից գյուլլախորով ըլում։

— Դու էդե՛նց ասա։ Ճաղարանց Թաթոսը մտքումը դրել է, որ քեզ իրա տղի համար ուզի։

— Ո՞ր տղի.

— Մագոյի։

— Խնչեմ Մագոյի վրեն, նա ի՞նչ շուն է, որ ես նրան մարդու տեղ դնեմ։

— Բաս միտքդ ի՞նչ է։ Դու հենց ըղորդ-ըղորդ մտքումդ դրել ես, որ ուրիշ մարդ չուզե՞ս։

— Աստված ողորմած է, ոնց որ ըլի, գլուխս կպահեմ։

— Լա՛վ, մի՛ բեդամաղ ըլի, ես հանաք եմ անում։ Ո՞վ կարող է քեզ ասել աչքիդ վրա ունք կա։ Քանի որ ես սաղ եմ, դու մի վախի. ում որ կուզես, ում որ կսիրես, նրան կտամ։ Բայց ես զարմանում եմ, որ դու էդպես շուտ սիրեցիր Արզումանին։ Ես չեմ փտնում Արզումանին. նա լավ սրտի տեր է. նրա բոյ ու բուսաթը հազար Մագոյի արժի, բայց հիմա նրա աստղը թռավ, էլ նա լավ օր չի ունենալ։ Կարելի է թե հենց նա ինքը քեզ ասի՝ էլ չեմ կարող քեզ առնել, ուրիշ մարդ գտիր քեզ համար։

— Նա ի՜նքը քեզ կասի...— կրկնեց Հերիքնազը հառաչելով։— Էդ չեմ հավատում։ Մենք նոր չենք սիրում մեկմեկու։ Ինչ որ խելքի եմ եկել, էն օրվանից դեսը ես միշտ վարավուրդ եմ արել, նա մի օր էլա աչքն ինձանից չի հեռացրել։ Ըղորթ է, չենք խոսացել իրարու հետ, բայց մեր սրտերը միշտ մեկմեկու հետ են էլել։ Կուզես հավատա՛, կուզես չէ, Մա՛րիամ, շատ անգամ բաղի կամ ջրի ճամփին մտքովս անց է կացել, թե հիմի որ ետ մտիկ տամ, Արզումանին կտեսնեմ։ Ետ եմ մտիկ տվել, երկուսս էլ կարմրել ենք երես երեսի գալով։ Հիմի փորձանք էր, պատահեց, կամ կբռնեն, կամ կբաշխեն։ Քանի որ նա սաղ է, ես էլ կապրեմ, երբ որ նա, աստված մի արասցե, կմեռնի, ես է՛լ կմեռնեմ։ Աշխարհիս երեսին ոչ ոք չի մնալու, մի օր էլել ենք, մի օր պիտի մեռնենք, լավն էն չի՞, որ արդար մեռնենք, անթառամ պսակին արժանանա՞նք․․․

— Դե որ էնքան շատ է ձեր սերը, որ մեկմեկու սիրտ, մեկմեկու տեղ իմանում եք, ապա իմացիր, հիմի որտեղ կըլի Արզումանը.

— Դու ծիծաղում ես ինձ վրա, ես գիտեմ...

— Չեմ ծիծաղում, քո ազիզ արևը, ես հավատում եմ քու խոսքին։ Ես հիմի նրա համար եմ հարցնում քեզ, որ իմ սիրտն ասում է՝ հիմի որտեղ որ է, Արզումանը կգա, դու ինչպե՞ս ես կարծում։

— Երանի քեզ, որ էդպես լավ բան ես մտածում։ Ո՛վ գիտե նա հիմա որտեղ է, կամ ողջ առո՞ղջ է. ինչպե՞ս էլավ, որ էդ կռվումը նա անվնաս դուրս եկավ, կամ կուռը չկոտրվեց, կամ գլուխը չպատռեցին, անկարելի է, որ մի բան պատահած չլինի։ Ինչ էլ որ լինի, դժար թե նա հիմի սիրտ անի գա։

— Խեղճ աղջիկ, ինչի՞ ես հուսահատվել։ Արզումանն էն պտուղը չի, որ էդպես շուտ կորչի։ Թե որ քու մտքով նա էդքան վախկոտ է, էլ ինչի՞ ես սիրում նրան։

— Չէ՛, նա վախկոտ չի, բայց ո՛վ գիտի։ Ճաղարանց տղերքը մի-մի թվանք առած նրա բուսունն են պահում, նա ինչպե՞ս պիտի գեղը մտնի։

— Մի՛ վախենար, Ճաղարանց տղերքը գեղիցն են էդպես հարբով դուս գալիս, որ խալխին հավատացնեն, թե իրանք շատ ղոչաղ են, բայց մի քիչ հեռանում են թե չէ, շուտ-շուտ դես ու դեն են մտիկ տալիս, որ իրանք չսպանվեն մի բաշ։ Քնի՛, քնի՛, շատ մի փիքր անի։ Էրազումդ կտեսնես Արզումանին, նա քեզ կասի հիմի ո՛րտեղ է։

— Բաս ասում էիր՝ հիմի կգա որտեղ որ է՞։

— Ես ի՞նչ գիտեմ, բալքի չեկա՞վ,— ասաց Մարիամը և բարձրաձայն հորանջեց։ Այս հորանջումը ազդելով Հերիքնազի վրա, նա էլ իր բերանը բաց արավ և օդի առատ հոսանք ներս քաշեց։ Քնի հրեշտակը մոտեցավ վերջապես և իր թևերի տակն առավ հյուրի փարիներին։


ԺԱ

Մարիամն ու Հերիքնազը քաղցր քնի մեջ էին, երբ որ մոտեցավ նրանց Արզումանը։ Լուռ ու մունջ նստեց անկողնակալի մոտ և չղիմիշեց նրանց զարթացնել։ «Մի քիչ կնստեմ ու կերթամ» ասաց ինքն իրան. «չզարթացնեմ սրանց, մեղք են։ Բայց ի՛նչպես բան անեմ որ սրանք էգուց իմանան, որ ես եկած եմ էլել»։ Մտածեց, որ մի թել կապի Հերիքնազի մատին։ Տրխի թելի ծայրիցը կտրեց և անցավ Հերիքնազի կողմը։ Հերիքնազը կիսով չափ բացվել էր, ձեռքերը կուրծքին դարսել։

Արզումանը ձեռքը մեկնեց, բայց ձեռքը էլեկտրական հարված ստացածի պես սկսեց դողդողալ։ Նա ետ քաշեց իր կոշտացած ձեռքը և գլուխը մոտեցրեց, որ լեզվով կամ շրթունքներով վերցնի Հերիքնազի քնքուշ ձեռնիկը։ Բերանը բաց արավ Արզումանը ու կամացուկ դրավ Հերիքնազի թաթիկին։ Նրա գլուխը ծանրացավ, էլ չկարաց բարձրացնել։ Հերիքնազի երազը այդ ժամանակ փոխեց իր կերպարանքը. նրան թվում էր, որպես թե մի ծառի տակ պառկած է մեջքի վրա և փոքրիկ երեխայի իր կրծքին բռնած խաղացնում է։ Երեխան թրթռում է յուր կուրծքի վրա և ինքն էլ «պապար-պապար» է երգում։ Բայց հետզհետե սկսեց բեզարել, շնչառությունը ծանրացավ։ Ուզում էր թողնել երեխային և գլուխը բարձրացնել, բայց չէր կարողանում։ Նրա երազական տեսությունները սկսան փույթ առ փույթ փոփոխվիլ. նրան ճնշում են, խեղդել են ուզում։ Վերջապես կարողացավ բղավել Հերիքնազը։ Արզումանը կայծակի արագությամբ բարձրացրեց գլուխը և տեղը հանդարտ նստեց։ Նա անկողնակալի գլխի կողմն էր, նրան չնշմարեցին։

— Ա՛խչի էդ ի՞նչ էր, ինչի՞ ծիկա տվիր,— ասաց Մարիամը զարթնելով։

— Ոչինչ, երազումս էի,— պատասխանեց Հերիքնազը, երեսը շրջելով քրոջ կողմը։

— Երեսիդ խաչ հանի։

— Անուն հոր, և որդո և հոգուն սրբուն, ամեն. խաչ, օգնյա՛ ինձ. Ամենակալ տեր, թող զմեղս իմ։

Այսպես, ինչքան աղոթք գիտեր, մրմնջաց Հերիքնազը և ամրապես գգվելով իր քրոջը, կրկին քնի մեջ մտավ։ Մարիամի քունը փախավ. էլ չկարացավ քնել։

— Մարիա՜մ, քնած ես, թե զարթուն։

— Արզուման, դու ե՞ս,— ասաց Մարիամը։

— Ես եմ, հո չեք բարկանալ իմ գալուս համար։

— Քոռանամ ես, էդ ի՞նչ ես ասում, Արզուման։ Դու ի՞նչ գիտեիր, որ Շամիրը տանը չի։

— Ես նրան տեսա։

— Նա էլ քեզ տեսա՞վ։

— Չէ՛, նա ինձ չկարաց տեսնի, էս գիշեր նա չի գա, մնաց Նախշուն վանքումը։

Այս որ լսեց Մարիամը, միամտվեց և իսկույն վեր կացավ տեղիցը, որ Արզումանի համար ընթրիք պատրաստի։

Հերիքնազը լսելով սրանց խոսակցությունը, իսկույն զարթնեց, բայց փոխանակ խնդալու և ուրախանալու, մի խոր տխրության մեջ մտավ։

— Հե՛րիքնազ, քնած ե՞ս։

Հերիքնազը գլուխը բարձրացրեց։

— Ինչի՞ չես խոսում,— ասաց Արզումանը, գլուխը դնելով Հերիքնազի կրծքին, որի անուշ հոտն առել էր մի քանի րոպե առաջ։

— Ի՞նչ խոսեմ,— ասաց Հերիքնազը և սկսավ հեկեկալ։

— Ա՛խչի, լաց ես ըլո՞ւմ։

— Ասում են քեզ պիտի բռնեն, ուղարկեն Սիբիր։ Ա՜խ, ե... ե... ես կը... կը․․․ կը մե ռնեմ...

— Լաց մի՛ լինիր, հոգիս, ինձ ոչով չի կարող բռնի,— ասաց Արզումանը և սկսեց գլուխը շոյելով, ճակատից համբուրել։— Մի՛ վախի, հո՛գիս, ինձ չեն բռնի։ Մի քանի ամիս անցնի, ամեն բան կհանդարտվի։

— Վա՞յ թե էդպես չըլի։

— Որ էդպես չըլի, էն ժամանակ էլ ուրիշ բան կմտածենք, հիմիկվանից ի՞նչ հարկավոր է դարդ անիլ։ Էն ժամանակ քեզ վեր կառնեմ, կերթանք Օսմանլու։ Էնտեղ հայ քրիստոնեք շատ կան. մի քաղաքում, մի գեղում կկենանք, մեր գլուխը կը պահենք։ Թե որ բանն էդպես պատահի, կգա՞ս, որ տանեմ քեզ։

— Քեզ հետ Սիբիր էլ կերթամ, չէ թե Օսմանլու։ Կերթանք Ստամբոլ։ Մարիամին էլ կտանենք։

— Ի՞նչ ենք անում Ստամբոլը. կերթանք Ղարս, Արզրում, էս մոտիկ տեղերը։ Բայց, Հերիքնազ, մի բան եմ ուզում ասել քեզ։

— Ա՛սա։

— Ո՞վ գիտի. աշխարհք է, էսօր մարդ չի իմանում թե էգուց ի՛նչ կգա գլխին։ Թե որ բանն էնպես պատահի, որ երկար ժամանակ էլ չտեսնենք մեկմեկու, խոսք կտա՞ս ինձ, որ մինչև իմ մահը չլսես, ուրիշ մարդու չգնաս։ Էս նրա համար եմ ասում, որ դու աղջիկ ես, թեկուզ շատ էլ սիրելիս լինիս ինձ, էդ չեն հարցնի քեզ, զոռով կտան մի տղի։ Շատ էլ որ հակառակվիս, կփախցնեն, ի՞նչ պետք է անես։ Ես տղա եմ, ինձ ոչով չի կարող զոռով աղջիկ տալ։ Դու գիտես, որ ես քեզ սիրում եմ, գիտես, որ վաղուց եմ սկսել քեզ սիրել, բայց հույս չունեի, որ դու էլ ինձ ես սիրում։ Մտքումս ասում էի, մեծ օջախի աղջիկ է, հպարտ կլինի, կարելի է թե լայաղ չանի ինձ ուզի, ասի՝ մին մենակ տղա է, անումն էլ վեր էլած, թե՝ գող է։ Բայց հիմի տեսնում եմ, որ դու լավ սիրտ ունես։ Իմ կյանքը, իմ ապրացնողը հիմի դու ես։ Հենց որ իմանամ թե դու ուրիշի ես գնացել, էն օրը ես գլխիցս ձեռք կվերցնեմ. էլ ո՞ւմ համար, ինչու համար պիտի ապրեմ։ Մի մեր ունեմ, նա էլ էսօր կա, էգուց չկա, ոտի մեկը գերեզմանումն է։

— Ասում ես՝ «դու աղջիկ ես, քեզ զոռով մարդու կտան, զոռով կփախցնեն»։ Մեկ որ, խելոք տղան էդ չի անիլ, պետք է առաջ աղջկա կամքը իմանա, տեսնի նա էլ իրան հավանում է՞, թե չէ։ Ամեն աղջիկ հո մեկ չի՛ ըլի, էնպեսն էլ կըլի, որ էդպես մարդու գլուխ կկտրի: Հիմի ինձ ո՞վ կարա փախցնի, մինչև ես ինքս չուզենամ և երբ որ ուզենամ, էլ ի՞նչ հարկավոր կլինի փախցնի։ Դու տեսնո՛ւմ ես, որ մեր Մարիամը ինձ իրա աչքի լսի պես է պահում, նա իրա գլուխը ետ է դրել ինձ համար։ Դրա համար իսկի՛ մի՛ միտք անիլ։ Լավ իմանաս, որ ինչ որ ե՛ս եմ քեզ համար, էն էլ դու ես ինձ համար: Երբ որ իմանամ, մեկի ապրացնողն եմ, կյանքն եմ, էլ իսկի կգնա՞մ ուրիշի։ Երբ որ դու ինձ ես սիրում, ես քեզ, էլ ուրիշ ի՞նչ հարկավոր է մեզ։ Ես իմ աչքովը տեսնում եմ, որ շատերի սերը մինչև պսակն է քաշում։ Պսակվում են թե չէ՝ մարդ ու կնիկ շուն ու կատու են դառնում, էլ չեն սիրում մեկմեկու։ Հենց սրա համար մտքումս դրել էի, որ քեզ ասեմ — էսպես մնանք միշտ, որ սիրենք մեկմեկու։ Ես հենց իմանում եմ, թե աշխարքումս ինձ նման բախտավոր ոչով չկա. սաղ աշխարհքը չեմ փոխի քո սիրո հետ...

Արզումանը լսելով Հերիքնազի այս դյուցազնական խոսքերը, չիմացավ ի՞նչ պատասխան տա, ինչպես շնորհակալ լինի նրանից։ Մինչև այսօր նա սիրում էր Հերիքնազին, որովհետև Հերիքնազը մի հատիկ էր այդ գյուղումը իր գեղեցկությամբ, իր արիությամբ։ Այն աղջկերանցից էր Հերիքնազը, որին սովորաբար ղըզօղլան անուն են տալիս գեղըցիք։ Կանացի քնքշության և գեղեցկության հետ նա ուներ և այրականություն, որ հարկավոր դեպքերում գործ էր դնում և զարմացնում կտրիճներին։ Երբ որ նա լինում էր մի խումբ աղջկերանց մեջ իրանց սովորական խաղերի ժամանակ, ոչ մի տղա նրա ահուց չէր համարձակվի նրանց մոտենալ։ Երբ որ նա ձի էր նստում սար կամ ուխտ գնալիս, շատ անգամ տղի գդակ էր դնում գլխին և վարժ հեծնողի պես ձին խաղացնում և զարմացնում ամենքին։ Բոլոր նշնվելու տղերքը նրա աչքում ճանճեր էին թվում. նա ինքզինքը Արաբի-Զանգի էր համարում և Շահ-Իսմայիլ էր փնտրում։ Արզումանն էր միայն նրան գրավում, միայն նրանից էր ամաչում և նրա սերն էր ուզում գրավել։ Ահա այս հատկությանց համար Արզումանը նրան սիրում էր, բայց չէր կարծում, որ նրա մեջ կհանդիպի և սիրո, նրա մեջ կգտնի խելք, դատողություն։ Եվ ճշմարիտն ասել՝ Հերիքնազը մինչև հիմա կարծես թե չուներ էլ այդ հատկությունքը։ Այդ կայծերը նրա սրտի և ուղեղի մեջ թաք էին կացել մինչև այսօր և բարեպատեհ հանգամանքի էին սպասում արտափայլելու։ Հերիքնազը սիրել էր մտածել, մտածում էր իր վրա, իր ապագայի վրա, իր սիրած մարդոց վրա, շրջապատ հանգամանքների վրա և որովհետև դրանց մեծ մասի վրա չուներ ոչ մի կանխակալ կարծիք, չուներ նախապաշարյալ խրատատու, այդ պատճառով իր պարզ և բնական դատողությամբ միշտ կամ համարյա միշտ անսխալ եզրակացության էր գալիս և համոզվում իր կարծյաց մեջ։ Արզումանը, որ ի բնե մարդու հոգու մեջ թափանցել գիտեր, և իր շրջակա մարդկերանցը անխելահաս արարածներ էր համարում, որ փնտրում էր այնպիսի մարդիկ, որ ավելի ազնիվ, ավելի վսեմ բաների վրա խոսեին, այժմ տեսնելով Հերիքնազի մեջ այդ հերոսական վճռականությունը, սկսեց փոխել իր կարծիքը ինչ որ ուներ Հերիքնազի վրա և նրան նայել ոչ միայն որպես սիրականի, այլև որպես հավատարիմ ընկերուհու և իմաստուն բարեկամուհու վրա։ Այս կարծրասիրտ երիտասարդի հոգին կարծես տեղըհան էլավ և նրա աչքերը, որ միայն իր եղբարց մահվան ժամանակն էին թաց էլել, այժմ նորեն սկսան աղբյուրանալ։ Բռնեց Հերիքնազի երկու ձեռքը և դրավ իր շրթունքներին ու ասաց․

— Հերիքնազ, Հերիքնազ, իմ աննման Հերիքնազ, քու էդ խոսքերը կենդանացրին իմ օխտն ախպորցը։ Հենց իմանում եմ, թե հիմի օխտն էլ կշտիս կանգնել, ինձ մխիթարում, ինձ սիրտ են տալիս, թե՝ մի՛ վախենալ, քամակիդ կանգնած ենք։ Իմ սիրուն, իմ աննմա՛ն Հերիքնազ, երբ որ ձեր օջախն ու մեր օջախը վառ էին, մեր տներին էսպես փորձանքներ չէին գալիս։ Գեղի մեջ մենակ լինելը աշխարհքիս ամեն անբախտություններիցը վատն է։ Էսպես չէր լինի, եթե մեր մեջ արդար օրենք, արդար դատաստան ըլներ։ Բայց վնաս չունի, ես այսուհետև մենակ չեմ, դու իմ օգնականն ես, դու իմ մխիթարողն ես։ Մինչև հիմի դու իմ նշանացուն էիր, այսուհետև երկու բանով էլ ավելի ես՝ համ քուրս ես, համ ախպերս․․․

Հերիքնազը փաթաթվեց Արզումանի շլնքովը ու սկսավ նրան մխիթարել։ «Մի՛ վախենալ, աստված ողորմած է», միայն կարողացավ ասել Հերիքնազը և Արզումանի ճակատից համբուրեց։ Նոքա երկոքյան լռեցին և այս լռության մեջ երջանիկ էին։


ԺԲ

Վերջապես Մարիամը դուրս եկավ և Արզումանին ներս հրավիրեց հացի։

— Դե, դու է՛լ վեր կաց, Հերիքնա՛զ ջան,— ասաց Արզումանը և ինքը ներս գնաց։ Հերիքնազը երկար սպասել չտվավ, իսկույն հագավ շորերը և գնաց Արզումանի մոտ, նստեց նրա վրա թիկն տվածի պես։

Ասում են մթնի մեջ ավելի վառ է լինում մարդու երևակայությունը, քան թե լուսի. գիշերը ավելի, քան թե ցերեկը։ Բայց արի ասենք. այս երևույթը եթե ճշմարիտ էլ է, մեզ նման մաշված ու մեռած մարդոց համար է։ Անարատ հոգոց մեջ երևակայությունը միապես վառ է, թե ցերեկ լինի, թե գիշեր, թե լույս լինի, թե մութը։ Բայց թողնենք այս փիլիսոփայությունը...

Արզումանը սաստիկ քաղցած էր և առավոտյան էր կերել մի կտոր թուրքի սաջահաց, բայց Հերիքնազին տեսավ թե չէ, ստամոքսն իր պահանջից ետ կացավ։

— Զարմանալի՛ բան է. ես ամենևին իշտահ չունիմ,— ասաց նա,— բայց միտս է, որ էսօր սիրտս թրթռում էր սաստիկ քաղցածութենիցս։

Մարիամը գիտեր, որ ուրախությունը իշտահ փակել գիտե, բայց ախորժակ բանալու հնարքը նույնպես գիտեր։ Մի քյոռօղլու բաժակ արաղով լցրեց տվավ Արզումանին, ասելով՝ «Իմ ու Հերիքնազի կենացը մի ստաքանով պիտի դարդկես»։ Արզումանը ոչ օղի և ոչ գինի խմելու սովորություն չուներ, բայց այդ խոսքի համար թույն էլ որ լիներ, կխմեր։ Մի չաղ հավ էր եփել Մարիամը և մի քանի ձու խաշել։ Լավ ախորժակով կերավ Արզումանը. բայց հիմի էլ կշտանալու զգացմունքն անհայտացավ։ Մարիամը տեսավ, որ Արզումանի ծամելիքները դադար առնելու մտադրություն չունին, վեր կացավ մի մեծ աման սալ-սալ մածնով լցրեց դրավ առջևը։ Այս էլ սրբեց մեր հերոսը, և հետո ասավ՝ չանես բեզարեց, էլ ոչինչ չեմ ուզում։ Ութ օր կա, ինչ որ էսպես իշտահալի հաց չեմ կերել։ Այս միջոցին աքաղաղը կանչեց։

— Ա՛յ զահրըմա՜ր․․․— ասաց Արզումանը համարյա աքաղաղի չափ բարձր ձայնով։— Էրնակ մութն ընկներ աշխարհքի վրա, էլ մեկ սաղ տարի չլուսանար։ Էս ի՞նչ է, էս սահաթս մթնեց, հիմի ուզում է լուսանա՞։

— Կուզե՞ս, մի սաղ տարի քեզ մի էնպես մութը տեղ գցեմ, որ սատանեն էլ չգտնի,— ասաց Հերիքնազը։

— Որտե՞ղ կգցես։

— Մեր մեծ տան ներսի օթախը։ Օխտը տարի կըլի էդ օթախը մարդ ոտք չի դրել։ Կուզե՞ս, արի գնանք տե՛ս։

Արզումանի հետաքրքրությունը շարժեցավ և իսկույն վեր կացավ տեղիցը, որ առանց ժամանակ կորցնելու տեսնի՝ ի՛նչ օթախ է այդ։ Արզումանը լսել էր սրանց մեծ տան համբավը, բայց ինքը չէր տեսել։ Մի անվառ ճրագ ու լուցկի վեր առան և մեծ տունը մտնելով ճրագ վառեցին։ Դիմացի պատերը Արզումանի աչքումը չերևացին և կարծեց թե տան մեջ չի։

— Ա՛խչի, էս ո՞ւր բերիր ինձ,— հարցրեց Հերիքնազին։

— Ա՛ռաջ արի, մի՛ վախենալ,— ասաց Հերիքնազը։

Արզումանը մի քանի քայլ առաջ գնալով ճրագը բարձրացրեց և սկսավ իր չորս կողմը նայել։ Ահագին մեծության, կոնաձև մի շինություն էր այս տունը և վերև նայողին թվում էր, թե ուր որ է, պիտի փլի վրան։ Ութ սարսափելի հաստության սյուների վրա էին դարսված առաստաղի հաստ ու երկար գերանները, որոնք արդեն կիսով չափ փտել էին և մոտ էին կործանվելու։ Այդ իսկ պատճառով ոչինչ բանի համար գործ չէին դնում այս տունը, բայց չէին էլ ուզում քանդել այդ հայրենավանդ հարկը, որ միշտ միտները գցի իրանց նախնյաց մեծությունը։

Հերիքնազը առաջնորդեց Արզումանին դեպի իր ասած սենյակը, որ թեև ներսի օթախ անունն էր կրում, բայց կրիաձև, կորաքամակ մի մեծ շինություն էր, բավականին երկար և ընդարձակ։

— Ահա՛ քեզ տուն,— ասաց Հերիքնազը։— Ժամանակով մեր հարսները էստեղ են էլել կենալիս. մի տարի էլ դու հարսնություն արա։ Իստակ կավլեմ, լավ կսրբեմ, կշինեմ քեզ համար, ամեն օր հացդ ջուրդ կբերեմ, շատ վախտ էլ մորդ կկանչեմ, կգա էստեղ քեզ կտեսնի, մինչև կտեսնենք բանն ինչպես է ուզում վերջանա։ Հը, ի՞նչ կասես։

— Չէ՛, Հերիքնազ ջան, դու մի՛ վախիլ, ես առանց էստեղ մնալու էլ քեզ շուտ-շուտ կտեսնեմ, էլ ի՞նչ հարկավոր է, որ ինքս ինձ բանտի մեջ գցեմ։ Բայց էստեղ մի բան միտս ընկավ։ Մի ժամանակ նորապսակներին բերում էին էստեղ համբուրելու, ո՞ւր է էն օջախը։

— Էս մեծ տան օջախն է, արի տանեմ նշանց տամ։

Երբ որ գնացին օջախի մոտ, որ մեծ տան կենտրոնումն էր, Արզումանն ասաց.

— Հերիքնազ, դու հո հավատում ես, որ էս օջախը զորավոր է։

— Էդ ի՞նչ խոսք է։ Մեռնիմ սրա ողորմութենին։ Ես ամեն կիրակշտեքի, ահա տեսնում ես, էս քարի վրա մոմ եմ վառում։ Երբ որ իմ հորն ու մորը տեսնում եմ էրազումս, իմ հերը էստեղ է ըլում նստած, իմ մերն էլ էստեղ, իրարու դիմաց։ Նրանք սաղ վախտն էլ միշտ էդտեղ էին նստում։ Երբ որ իմ հերը տանը չէր ըլում, ոչով չէր կարող նրա տեղը նստել. բազի վախտ էրեխեքը թե կնստեին, էդ էր, թե չէ ուրիշ մարդ չէր կարող։ Հարսներն էլ երբ որ բան չէին ունենում, ներսի օթախումն էին նստում. հացի վախտն էլ կգային էսպես շարքով կկանգնեին։

— Զարմացք բան է, ինչպե՛ս էլավ, որ էս շեն օջախը էդպես մի բաշ հանգավ։

— Բա դու որտեղացի՞ ես, իսկի չես իմացե՞լ։

— Ո՞նց չեմ իմացել։ Իմացել եմ, որ խոլերի տարին ձեր տանիցը շատ մեռնող է էլել, իմացել եմ, որ խոլերից հետո տավարի ազարն եկավ, ինչպես չեմ իմացել, դիփ էլ գիտեմ, ես էս եմ ասում, թե... մախլասի, աստըծու փառքը շատ ըլի, ինքը տալիս է, ինքն առնում...

— Շատ անգամ, երբ որ մորս տեսնում եմ էստեղ նստած, ես իմանում եմ, թե նա սաղ է, մեռած չի, գլուխս դնում եմ մորս գոգումը, նա էլ ձեռքն է քսում գլխիս, երեսիցս պաչում, բայց իսկի բան չի ասում, բան չի խոսում. ինչքան մտքումս դնում եմ, թե մի անգամ էլ որ երազիս մեջ տեսնեմ, հարցնեմ, ասեմ «նանի ջան, ինչի՞ չես խոսում», հենց ուրախանում եմ ու գնում կշտին նստում։ Բայց էն գիշերը, որ դու եկար մեր տուն, էն գիշերը տեսա էլի մորս, շատ տխուր, վրես բարկացածի պես էր երևում։

— Հետո ի՞նչ մտածեցիր, ինչի՞ պետք է էդպես բարկացածի պես ըլներ։

— Ով գիտի, կարելի է թե նրա համար ըլներ, որ ես...

— Որ դու նշանված չես, ու ինձ սիրում ես, էդ չե՞ս ուզում ասել։

— Հա։

— Հերիքնա՛զ ջան, գիտե՞ս ինչ կա։ Ես ուզում էի օրինավոր նշանտվեք անեմ, բայց բանն էսպես եկավ։ Ես ինձ մոտ մի խաչ մանեթ ունեմ։ Էսօր խանջալի ծերով ծակեցի ղաստի քեզ համար, որ շլնքիդ կապես։

Այս ասելով Արզումանը հանեց քիսիցը մի խաչ մանեթ։

— Ահա՛ քեզ նշան։ Թե որ կուզես, դու էլ քու մատնիքներիցդ մինն ինձ տուր։ Արի՛, իմ հոգի, չոքենք էս օջախի ղրաղին, սրա քարիցը համբուրենք, թո՛ղ քու հերն ու մերը տեսնեն, մեր նշանն օրհնեն։

Հերիքնազը հնազանդվեց։ Արզումանի ձեռքից առավ խաչ մանեթը, իր մատից մի մատանի հանեց, տվավ Արզումանին։ Չոքեցին, համբուրեցին օջախի քարիցը, և հետո իրանք համբուրվեցին։ Որքա՜ն սեր, որքա՜ն սրբություն կար այդ համբույրի մեջ...

Մարիամը տեսավ, որ ջահիլներն ուշանում են, շուտով գնաց նրանց հետքից, և մեծ տան մութը անկյունում կանգնած՝ ականատես վկա էր այդ բոլոր անցքին։ Նա ձայն չէր հանում և չէր ուզում խանգարել նրանց արարողությունը, որ ի սուրբ սրտանց էր։ Երբ որ իրար համբուրեցին, հետո չոքեցին օջախի քարից համբուրեցին, նա այդ ժամանակ միայն մոտեցավ և ասաց.

— Ուխտներդ ընդունելի ըլի, աստված մուրազներիդ հասցնի։

— Ամեն, ամեն,— ասացին միաձայն Հերիքնազն ու Արզումանը այնպիսի եղանակով, որից հասկացվում էր, թե սոքա ավելի նշանավոր ուխտ ունեին, քան թե քարերից համբուրելն էր։

Այդ միջոցին աքաղաղը երրորդ անդամ կանչեց և մեր փախած Պետրոսին իմաց տվավ, որ ժամանակ է ապաշխարելու երթալ։ ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

Ա

Ամառն էր։ Դ... գյուղի ժողովուրդը սովորություն ուներ ամեն ամառ սար գնալու։

Գեղամա լճի հյուսիսային ծայրից սկսյալ, ուր ընկած են Դիլիջանու սարերը, մինչև Փարվանա լիճը, որ Ախալքալակի և Ալեքսանդրապոլի մեջտեղն է գտնվում, բազմաթիվ լեռանց գոտիներ ու խումբեր կան, որոնց մեջ թեև չկա երևելի մեծության մի սար, որ գրաված լինի ճամփորդների ուշադրությունը, բայց իրենց ծաղկափթիթ գագաթներով և ականակիտ աղբյուրներով, երևելի են մեծամեծ լեռներեն անգամ։

Ահա այս սարերը, որ ձմեռ ժամանակ անմարդաբնակ են լինում և անհյուրընկալ իրանց բուք ու բորանով, ամառ ժամանակը կատարյալ դրախտի են փոխարկվում, հյուրասիրելով իրանց ստորոտներում և լանջերի ու գագաթների վրա անթիվ ոչխարներ ու տավարներ։

Որքան երևելի է Արագածը իր պատվական արոտատեղիներով ու անմահական ջրերովը (որո համար իսկ թարաքամեքը Ալա-յաղ անունն են տալիս), որքան երևելի են Արցախի և Սյունիքի սարերը, նույնքան և ավելի ևս երևելի են Գուգարաց աշխարհի սարերը — Լալվարը, Լոքը, Ղարախաչր, Ագրիղառը, Թելլիդաղը և ուրիշ անթիվ սարեր, որոնք կարծել են տալիս սարեցուն, որ եդեմական դրախտն այստեղ է եղել, ուր Ադամն ամառը բնակելով՝ ձմեռն արտաքսվել գնացել է Ղարայազ։

Այս սարերի մի քանիսի ստորոտում անտառներ էլ կան. այս կողմանե երևելի են մանավանդ Լոքի և Լալվարա հյուսիսային ստորոտներր, որոնը շատ տեղերում, իրանց անթափանցելի և դժվարամատչելի լինելովը, կացնի ձայն չի լսված դեռևս։ Այս անտառների մեջ կա որսերի առատություն։ Այստեղ բոլուկներով խոզեր, թաբունով եղջերուներ են ման գալիս․ ժամանակ-ժամանակ եղջերուներն իրանց գոռոցով դրմբացնում են այդ ձորերը։ Այս սարերումը կան և անմատչելի ձորեր ու հովիտներ, որոնք միայն ավազակաց են լինում պատսպարան։ Սրանց մեջ ամենանշանավորը Վարանլըխ-Դարա ասվածն է, որ նշանակում է Մթին ձոր, պակաս չի և Շեյթանլուն, որ կնշանակե Սատանի բույն, ինչպես և Գյուլի Մամմաղը, որ մի նշանավոր ավազակի անուն է կրում։

Այս տեղը մոտիկ լինելով Տաճկաստանից, երկու կողմի ավազակների հաղորդակցությունը հեշտանում է, մի կողմից մյուս կողմն են փոխադրում իրանց կողոպուտը։

Սարեցիք ամբողջ ամառը մի տեղ անշարժ չեն մնում, այլ երկու կամ երեք շաբաթը մի անգամ տեղերը փոխում են, որ տավարների համար խամ արոտատեղիներ ունենան։ Այս տեղափոխությունը մի առանձին անհարմարություն չի պատճառում, դժվար չէ իրանց շարժական տները, որոնք կամ վրան են լինում, կամ ալաչուխի քեչա հյուսած եղեգնապատով, հավաքել մեկ տեղից և մեկ ուրիշ տեղ տանել։ Այդ բնակարաններին մեր հայերն ասում են դագա, իսկ ղարաբաղցիք կոկալ: Իրենց բնակելու տեղերին ասում են ուրդ, թուրքերեն՝ յուրթ, գուցե օրդու լինի իսկը, որ բանակ ասել է։ Հայերի ուրդերը բոլորն էլ մի հատուկ անուն ունեն, որոցմե երևելիներն են՝ Քամի ուրդ, Լանջիվեր ուրդ, Ներքի ուրդ, Վերի ուրդ, Մեջի ուրդ, Ցեխի ուրդ, Մելիք Ապովի ուրդ, Պետի (Պետրոս) Պուղի (Պողոս) և այլ շատ ուրդեր։

Երբ որ ուրդը կամ մի հովիտ, մի ձոր, մի սար մարդու անուն է կրում, այդ ցույց է տալիս, որ այն մարդը մի նշանավոր գործ է կատարել այնտեղ։

Այսպես պատմում են, որ Մելիք Ապովը այժմ իր անվանը նվիրված ուրդումը յոթը մարդու գլուխ է կտրել, երեքին էլ սաղ-սաղ մաշկել, միայն երկուսին է ազատություն տվել, որ երթան իրենց աշխարհքումը իմաց տան։ Ասում են այս դեպքից հետո էլ լեզգու երես չտեսանք։ Պողոսի համար նույնպես պատմում են, թե ինքն ու իր նշանածը (հարսնացուն) իրարու կուռ բռնած՝ էդ ուրդովը անց կենալիս են էլել, որ գնան սարու յալ, իրանց դագեքը։ Հանկարծ լեզգիքը շրջապատում են և ուզում են իրա նշանածը ձեռնիցը խլեն։ Քաջասիրտ Պողոսը խանչալը տալիս է իր նշանածին, ինքը թուրը հանում է ընկնում նրանց մեջ. վեցի գլուխն է կտրում, չորսի միջիցն է կիսում, բայց ավազակները շատ ժամանակ չեն տալիս. ութ-ինը հրացան մեկեն արձակելով գյուլլախորով են անում արի երիտասարդին։ Իր սիրելու մահը տեսնելով Պողոսի նշանածը՝ Զառին, ընկնում է խանչալի վրա և ինքն իրան սպանում։ Եվ այսպես երկու անարատ հոգիք անթառամ պսակին են արժանանում։ Եվ ամեն անգամ, այնտեղով անցնելիս, մեծերը պատմում են փոքրերին այս անցքը, որ մեծ տպավորություն է գործում լսողների վրա։


Բ

Վարդավառի շաբաթ օրն էր։ Սարու յալը, որ վարդի կոկոնի նմանություն բերող մի սար է, հեռվից նայողին այնպես է թվում, թե ահագին մեծության մի ծաղկափունջ է։ Ի՛նչ գույնի ծաղիկ ասես, որ նրա վրա չկար, մին քան զմյուսը պայծառ, մին քան զմյուսը հոտավետ։ Հարս ու աղջիկ զուգվել, զարդարվել էին այդ օրը և այդ սարը ծաղիկ քաղելու էին գնացել, որ մյուս օրը կատարեն վիճակախաղի հանդեսը։

Չգիտեմ ինչիցն է, ամեն տեղ վիճակախաղի հանդեսը Համբարձման տոնին են կատարում, իսկ Ղարաբաղ և նույն տեղից գաղթածները՝ Վարդավառին։ Այս էլ պետք է ասել, որ ոչ մի տեղ Վարդավառը այնպես փառավոր կերպով չի տոնվում, ինչպես Ղարաբաղում։ Նրանք չեն ասում Վարդավառ, այլ Վրթևուր, որ կնշանակե վարդավոր, և այս է հենց այս տոնի էլ պատմական նշանակությունը, որովհետև Վարդավորը Անահիտն էր, որ ուներ վարդի մատ և ասվում էլ էր Վարդամատն։

Ծաղիկ քաղողների մեջն էր և մեր Հերիքնազը, որ ամեն ծաղիկ պոկելիս, ամեն մի խոտի դիպչելիս խղճահարվում էր, թե մեղք չե՞ն այս ծաղիկները, որ այսպես անգթությամբ կտրում, հեռացնում ենք իրանց արմատից. սրանք էլ հոգի ունեն, սրանք էլ մուրազը փորներումն են թողում։ Արդյոք սերն էր նրան այս աստիճան քնքշացրել։ Որ ծաղիկը որ ավելի դալար, ավելի պայծառ էր լինում, նրանց չէր ղըմըշում ձեռ տալ, աշխատում էր այնպես քայլել, ոտներն այնպես փոխել, որ ոչ մի խոտ չճխլի, չթառամեցնի։ Այս մտքի հետ ընկած՝ ի՛նչ ասես երևակայում էր Հերիքնազը։ Մի ծաղիկ նրան թվում էր որպես նորահարս, մյուսը որպես նորափեսա, մեկը նորահարս, մյուսը դեռ մանուկ, մեկին պաչպչում էր, մեկէլի կշտին նստում, նայում էր, զմայլում, հիանում էր նրանց ձևերի կանոնավորության և համաչափության վրա և այնպիսի բաներ և հատկություններ էր նշմարում, որ մինչև այսօր իր աչքին չէին զարնվել, իր ուշադրությունը չէին գրավել։ Մինչև այսօր նրանք անշունչ բաներ էին, որոնց պոկել և հոտ առնել կարելի էր միայն, առանց զննելու. բայց հիմի բոլորն էլ շունչ, բոլորն էլ հոգի առած իրա հետ խոսում էին։ Այնպես էր թվում Հերիքնազին, որ այս ծաղիկները իրան լավ ճանաչում են, գիտեն նորա անցյալը, ներկան ու ապագան, միայն լեզու չունին, որ հայտնեն իրան, մխիթարեն նրա տխրած սիրտը։ Մյուս աղջկեքը ուրախ ու զվարթ երգելով, իրարու տակ ու գլուխ ընկնելով, գլորվելով վազվզում էին մեկ թուփից մյուս թուփը, մեկ ծաղկից դեպի մյուսը, ասում էին՝ «տեսնե՛նք ո՛վ շուտ կհասնի էն բարձր աղնթափի ծաղկին, ո՛վ շատ կքաղի, ո՛վ ավելի շատ գույն ծաղիկներ կունենա.» և այսպես վազվզելով բավականին հեռանում էին, իսկ Հերիքնազը չէր մասնակցում նրանց զվարճությանը, չէր վազում նրանց հետ, նա կարծես գիտությամբ ետ էր մնում, որ մենակ մնա և շատ էր սիրում այդ մենակությունը։ Մյուս աղջկեքը հասել էին սարի գագաթը, բայց ինքը դեռ նրա ստորոտումն էր և չէր էլ ուզում նրանց հետևից հասնել, որ չզրկվի իր քաղցր ցնորքներից։

Արդեն հինգ ամիս էր անցել, ինչ որ Արզումանին չէր տեսել, նրանից ոչ մի համբավ չուներ։ Այդ հինգ ամիսը հինգ տարուց ավելի էր թվում Հերիքնազին։ Հինգ ամսվա մեջ բավական կերպարանափոխվել էր Հերիքնազը։ Նրա աչքերը, որ առաջ էլ հայկուհու աչքեր էին՝ թուխ-թուխ, խոշոր ու վառվռուն, բայց մի տեսակ ապշություն ունեին, որ բնական է անկիրթներին, այժմ այդ աչքերի փայլն ու հայեցողությունը մի նոր կերպարանք, մի նոր զորություն էին ստացել, որով թափանցում էր նա դիտելի առարկայի մեջ, թափանցում էր մարդու սրտի և հոգու խորքերը։ Նրա դեմքի գծագրությունը առաջ էլ գեղեցիկ էր, բայց այժմ փոխվել էր արտահայտությունը, որ ավելի վսեմ, ավելի սքանչելի էր։ Առաջ նա մի գեղեցկության կուտակություն էր, ինչպես վարդը կոկոնի մեջ, իսկ այժմ բացվել էր իր բոլոր շքեղությամբ։ Առաջ նա մի գեղեցկուհի էր, իսկ այժմ մի աստվածուհի արամազդյան գերդաստանից, որ Հելիկոնյան լեռներից տեղափոխվել էր Սարի-յալ, որ մի քիչ ժամանակ անցկացնի հողեղենների հետ։ Չքնաղատիպ, աննման արարած, պաշտելի՜ Հերիքնազ...

Վաղուց արդեն ազապ տղերանց երևակայության միակ նյութը Հերիքնազն էր։ Անհարմար էին համարում Հերիքնազ անունը տալ նրան, Դունյա գյոզալի էին ասում, Արաբի-Զանգի, Ասլի ու Մեհրի, Գյուլլուզար, և առհասարակ աշխատում էին իրենց սիրած վեպերի հերոսուհիների անունը տալ նրան, բայց ոչ մեկը չէր կպչում, նա մնում էր դարձյալ Հերիքնազ: Շատերը խաղ էին կապում նրա վրա և կամենում էին Արզումանի արկածքներին նախապատճառ շինել նրան, բայց չէին կարողանում հաջողացնել, չէր ընդհանրանում։ Մի բիծ, մի արատ չէին կարողանում դնել նրա վրա, որովհետև նա զորավոր օջախի զավակ էր, ժողովուրդը պատկառանքով էր նայում նրան և համոզված էին, որ մի որևիցե անտեղի ակնարկություն դեպի նա անպատիժ չի մնալ։

Շատերը խնամախոս եկան հարուստ և շեն տներից, շատ հեռավոր գյուղերից և քաղաքից, բայց ամենքն էլ մերժվեցին։ Շատերը փորձ արին փախցնելու, բայց տեսան, որ Հերիքնազի փախցնելը դժվարին գործ է և անհնարին, քանի որ նա ինքն իրան պաշտպանելու և՛ քաջություն ունի, և զենք:

Ոչ ոք, բացի Մարիամից, չգիտեր, որ Հերիքնազը նշանված է։ Շշունջ կար միայն, որ Հերիքնազը սիրահարված է Արզումանի վրա, բայց ձեռներին ոչ մի փաստ չունեին։ Շամիրը շատերին էր խոսք տալիս, շատերից ընծաներ առնում, որից մի ձի, որից մի հրացան, բայց նպատակին չհասնելով՝ ընծաները ետ էր դարձնում։ Մի մեծ պատերազմ էր այս, բայց Հերիքնազը այս պատերազմից հաղթող դուրս եկավ և հաստատ մնաց իր սիրո մեջ։

Հերիքնազը տեսավ, որ իր ընկերները շատ են հեռացել, էլ չուզեց նրանց հետևից հասնել։ Նստեց տեղնուտեղը և սկսեց իր քաղած ծաղիկները երգելով փնջել։ Առաջ «ջանգյուլում» երգեց մեղմ ձայնով, հետո սկսեց բայաթի։ Բայաթին նրա սիրտը այնպես շարժեց, որ արտասուք եկավ աչքերից։ Լաց էլավ Հերիքնազը, առաջ կամաց, բայց քիչ-քիչ ձայնը բարձրացրեց և սկսեց բոլոր ուժովը գոռալ, որ մեկ անգամից դուրս վիժե բոլոր կսկիծը։

Հինգ ամսվա մեջ շատ բան էր զգացել Հերիքնազը, շատ էր տխրել, բայց ոչ մի անգամ չէր լաց էլել։ Նրա սիրտը քարացածի պես էր։ Բայց հիմա, երբ աչքը ձգեց իր չորս կողմի սարերի վրա, երբ երևաց Ղարանլըխ-Դարան, որ մութ անդունդի նման երկարումեկ ձգվել էր երկու ահագին լեռների միջով, Հերիքնազի սիրտն ուռավ և ուզեց կուրծքը պատռել։ Ահա էդ ձորն է Արզումանի բնակարանը, ասում էր նրա սիրտը և ուզում էր թռչել դեպի այն կողմը։

Հերիքնազը երկար, երկար ժամանակ նայեց դեպի Մթին ձորը և մի տխուր տպավորություն ստանալով, աչքը ձգեց մյուս բլուրների և սարերի վրա, որոնք նույնպես տխրությամբ էին նայում իր վրա։ Մի տխուր նախազգացմունք դրդեց նրան, թե այս վերջին անգամն է, որ զմայլվում է իր ծննդարանի շքեղ տեսարաններով, էլ Կաթնաղբրի ջրիցը չպիտի խմի, էլ Բոխոտ սարի հաղարջիցն ու մոռիցը չպիտի ուտի, էլ Ջուխտակ աճարքու վրա կարմիր թել չպիտի կապի, որ հիշատակ մնա, մյուս տարին գա մի նոր թել ավելացնի, էլ Սարի-յալի վրա ծաղիկ քաղելու չպիտի գա... Այսպիսի տխուր մտածմունքներից հետո մի թալկություն եկավ վրան, պառկեց ցողաթաթափ ծաղիկների մեջ և քունը տարավ։

Մարիամը տեսավ, որ Հերիքնազը բավական հեռու է մնացել, վախեցավ, թե մի փորձանք չպատահի, մանավանդ նկատելով՝ որ հեռվից ձիավորներ են գալիս այնպիսի արագությամբ, որ կարծես թե Հերիքնազին փախցնելու են գալիս։ Իր հետ մի խումբ աղջիկ առավ և սկսեր սարիցը վայր իջնել դեպի Հերիքնազը։ Ձիավորները Հերիքնազին չնկատելով` ուղղակի դիմեցին դեպի Մարիամի խումբը։ Նրանցից մինը վայր իջավ ձիուցը։ Մարիամը ճանաչեց, որ նա Արզումանն էր, և իսկույն մոտ գնաց բարևեց։ Արզումանը մի քանի խոսք ասազ Մարիամին և իսկույն ձին հեծավ ու կայծակի արագությամբ հեռացավ իր ընկերների հետ։ Աղջկերքը ուրդ հասան թե չէ՝ չավ արին ամեն տեղ, թե՝ Արզումանին տեսանք, Մարիամը նրա հետ երկար խոսեց, բայց մենք չիմացանք թե ինչ խոսեցին։


Գ

Այս շաբաթ երեկոյին մի առանձին ուրախություն և զվարճություն էր երևում սարեցոց մեջ, մանավանդ ջահիլ աղջիկների և տղաների։ Միակարգ շարված դագերի առջև խարույկները ավելի էին թեժացրել։ Կարմրաթուշիկ հարսն ու աղջկերք պատել էին կրակների չորս կողմը։ Մի տեղ շվի էին ածում, մի տեղ երգում, բայց ամենից շատ հավաքվել էին պառավ Հոռոմի մոտ, որ սկեսրություն և մայրություն էր անում ամենքին, և առանց նրա հրամանի ոչինչ անել չէին կարող մյուսները։

Երկինքը բավական պարզ էր այս գիշեր։ Թեպետ լուսինն արդեն անցել էր արևմտյան սարերի քամակը, բայց այնտեղից դարձյալ օգնում էր երկնքի պայծառ աստղերին և լուսավորում մոտակա սարերն ու ձորերը։ Բազումք աստեղատունը բավական բարձրացել էր և ցույց էր տալիս, որ մոտ է կես գիշերը, բայց այս գիշեր կարծես ոչ ոք մտադրություն չուներ քնելու։ Սրա պատճառն այն էր, որ առավոտյան արշալույսին աղջկեքը իրանց քաղած ծաղիկը պետք է տանեին յոթն աղբյուրի ջրով ցողեին. իսկ տավարածները պիտի աշխատեին նրանցից այդ ծաղիկը խլելու։ Սա մի կռիվ էր, որ կատարվում էր տղայոց և աղջկերանց մեջ, որից առաջ է եկել և կռվածաղիկ բառը։ Եթե աղջկեքը ծաղիկը խլել տան, պետք է տղաներին ընծաներ տալով՝ ետ առնեն։ Ընծան լինում է մի քանի ջուխտ նախշուն գուլպա և զանազան ուտելիք — ձվածեղ, սեր, գաթա։ Տղեքը այնքան ընծաների համար չէին աշխատում, որքան ազատվելու համար այն ամոթահարությունից, որ պիտի կրեն աղջիկներից, նրանց ծաղր ու ծանակը պիտի դառնան, եթե չկարողանան խլել։ Իրավունք ունին և գողանալու ծաղիկը, որ մի բղուղի մեջ թաքցրած են պահում այս գիշեր։

— Ա՜յ տղեք, քի՛չ լախրահաչի տվեք, գնացե՛ք շնթռկեցե՛ք։ Առավոտները ձեզ վեր կացնել չի ըլում, օրը կեսօր է ըլում, որ կովերն արոտ եք տանում,— ասաց պառավ Հոռոմը բարկանալով տավարածների վրա։

— Հը՜մ, էդ քու բանը չի, ուզում եք մեզ քնացնեք, որ ձեր բանը լավ տեսնեք հա՜։ Տղե՛րք, սուտ է ասում, խաբում է մեզ չքնեք,— ասաց տավարածների գլխավորը։

— Չքնեք էլ, ոչինչ չեք կարող անել, անմեղ եք անուշ քուններդ կոտրում,— ասաց մի աղջիկ հեգնելով։

— Դուք մազ մանեցեք, առավոտը ձեզ կծկիլ կտանք ձեր մանածը,— սրախոսեց մի տավարած։

— Հաչեցեք ինչքան կուզեք, մենք էնքան շատ ենք, որ մեզ ոչինչ չեք կարող անել։

— Ինչքան էլ շատ ըլիքք էլի տակի ղոլը ձերն է...

— Վո՜ւյ, գետինը մտնես․․․

— Քեզ հետ կմտնեմ թեկուզ դժոխքը․․․

— Քու խրատոդի էրեսիցը կպչե՛ս։

— Դո՛ւ ես իմ խրատողը։

— Թաղեմ արևդ, ես քեզ ե՞րբ եմ խրատել։

— Գիշերս կխրատես, ես էլ խելոք կկենամ։

— Ես գիտեմ, քեզ ինչպես կխրատեմ։— Այս ասելով աղջիկը մի խնձոր վեր առավ, որ տղայի գլխին խփի. նա փախավ, գլուխը պրծացրեց։

— Ախչի, թողեք էդ շներին, ի՞նչ եք հաչացնում,— ասաց Հոռոմը։— Դուք քաշվեցեք ձեր տեղերը, թող դրանք էնքան կենան, որ ջանները դուրս գա։ Թե որ ղոչաղ տղեք են, առավոտը կերևա։

— Կերևա, հալբա՛թ կերևա։ Մի Հերիքնազ ունիք, նա էլ հրեն տեղումը պառկած դելն է տալիս. էլ ո՞վ ունիք, որ ձեր երեսը պարզ անի,— ասաց տավարածների գլխավորը, որ մողրովից ավելի իշխանություն ուներ ամեն տավարածների վրա։ Սա վեր կացավ տեղիցը և մյուսների հետ հեռանալով՝ կարգադրություն արավ։ Ամեն աղբյուրի մոտ չորս-հինգ հոգի ուղարկեց, որ պահպանեն մինչև լույս։

Հերիքնազն այս նախատոնեքին ներկա չէր։ Ծաղկաքաղից տուն հասավ թե չէ՝ Հերիքնազի ջանն սկսեց կոտրատվիլ և ծնոտիքն իրար զարկվելով իմացրին նրան, որ այս է ահա դող ասած բանը, որ ունեցած չէր երբեք։ Արդեն տասնութ տարեկան էր Հերիքնազը, բայց դեռևս ոչ մի անդամ հիվանդացած չէր։ Երկու տարեկան ժամանակն էր ծաղիկն ու կարմրուկը հանել և այն էլ շատ թեթև, և չէր էլ հիշում ինքը։ Իսկ այժմ ընկել էր դողի անգութ ճանկերը, որ բավական դողացնելուց հետո, ձգեց մի անտանելի տաքության մեջ և Հերիքնազն սկսեց դելը տալ։

Արզումանն այսօր Մարիամին տեսնելով Սարի-յալումը, ժամադիր էր եղել վերի աղբյուրի մոտ տեսնելու Մարիամին այս գիշեր։ Մարիամը գնաց նշանակած տեղը և գտավ Արզումանին, որ այնտեղ թաք կացած սպասում էր։

— Ասա տեսնեմ ի՞նչ ունես ասելու,— ասաց Մարիամը։

— Էն եմ ուզում ասել, որ էս քանի ամիսը էն կողմումն էի (սահմանից դուրս)։ Էնտեղ մի քանի ծանոթներ գտա, նրանք խոսք տվեցին ինձ, որ լավ կընդունեն և լավ կպահպանեն, եթե գնամ իրանց մոտ բնակվեմ։ Հիմա ուզում եմ Հերիքնազին առնել, էն կողմն անց կենալ, էնտեղ, ինչպես մեր օրենքն է, կպսակվենք և մեզ համար հանդարտ կապրենք։

— Ես համաձայն եմ, Արզուման, թեպետ շատ դժար է ինձ համար մի հատիկ քրոջիցս զրկվիլը, բայց լավ է էդպես անել, քան թե սաղ աշխարհքս մեզ վրա հաչացնել։ Բայց գիտե՞ս Հերիքնազը հիմա հիվանդ պառկած է, դողացնում է, պետք է մի քիչ համբերես։ Էգուց չէ էլօր կերթանք Ներքի ուրդը՝ էնտեղ չորս կողմն անտառ է. կարող ես մթնով գալ Ջուխտակ աճարքու մոտերքը, ես էլ կգամ էնտեղ, երբ որ լավացած կլինի Հերիքնազը, քեզ իմաց կտամ․․․

Հենց այս միջոցին մի քանի տավարածներ շրջապատեցին Արզումանին և Մարիամին։ Արզումանը դրանց տեսնելով՝ հեռացավ, իսկ Մարիամին բռնեցին։

— Ծաղիկը մոտդ է, տո՛ւր,— բղավեցին երեք-չորս տավարած։

— Ի՞նչ ծաղիկ, ի՞նչ եք ասում,— ասաց Մարիամը շփոթվելով։

— Թողեք, թողեք,— ասացին մյուս տավարածները, որոնք ճանաչեցին Արզումանին,— դրանց ծաղիկը ուրիշ կռվածաղիկ է, մեր ուզած ծաղիկը չի։— Եվ սկսեցին մեկ մեկի ականջում փսփսալ — տեսա՞ր, տեսա՞ր, Արզումանն էր, Արզումա՛նն էր...


Դ

Մյուս օրը սովորական հանդեսը շատ փառավոր կերպով կատարեցին աղջկերքը։ Ծաղիկը կիսել էին և տվել երկու խմբի ձեռքը։ Առաջին խումբի ձեռիցը խլեցին տավարածները և ուրախությունից գժվածի պես փախան։ Իսկ մյուս կեսը աղջկեքը տարան ցողեցին իրանց ուզածի պես և վերադարձան ուրախ-ուրախ։ Տավարածները երբ որ իմացան իրանց խաբված լինելը, խլած ծաղիկները խաչաձև փնջեցին և կախեցին կովերի ճակատներից։ Այսպիսով համ կովերը զարդարվեցին ծաղիկներով, համ աղջկեքը կատարեցին իրանց հանդեսը առանց տղաներին հարկ վճարելու։ Բայց տղեքը մտածեցին, որ այս խորամանկության վրեժը մյուս տարի առնեն և սրանով մխիթարեցին իրանք իրանց։

Առավոտը վաղ վեր կացավ Հերիքնազը և ուզում էր հանդեսին մասնակցել, բայց Մարիամը թույլ չտվավ, թե՝ կմրսես, դողդ կկրկնվի, տաք կաց, որ լավանաս շուտով։ Նա չպատմեց իր գիշերային այցելությունը, չասաց, որ Արզումանին տեսել է, որ Հերիքնազին մի նոր մտածմունքի մեջ չձգե։

Հերիքնազը երկու մատանի ուղարկեց Մարիամի ձեռով, որ գցի բղուղի մեջ։ Մատանիքներից մեկն իր համար էր, իսկ մյուսն Արզումանի։ Այդ մատնիքները հանեցին թե չէ, նրանց հարևանի աղջիկը բերավ Հերիքնազին տվավ և պատմեց, թե որի համար ինչ վիճակ դուրս եկավ։

— Դե ասա տեսնեմ, Մագթաղ ջան, սրա համար ի՞նչ դուրս եկավ,— ասաց Հերիքնազը իր մատնիքի համար։

— Դրա համար Դախունց Թելլուն ասաց.

Սիրել եմ սերն էրեսին,
Ըռեհան թերն էրեսին,
Ով իմ սիրածն ինձ չըտա,
Աստծու կրակն էրեսին։

— Ամե՛ն,— ասաց Հերիքնազն ուրախանալով։— Դե հիմի էլ է՛ս ասա, սրա համար ինչ դուրս եկավ։

— Դրա համար էլ Գյուլջըհանն ասաց.

Այ տղա, բաղովն արի,
Ոտներդ շաղովն արի,
Էս թաղը ղալմաղալ ա,
Ման տուր, էն թաղովն արի։

— Արի՛ հոգիս, արի,— մռմռաց Հերիքնազը։— Խո սուտ չե՞ս ասում, Մագթաղ, ըղորդ էդպես դուրս էկա՞վ։

— Սուտ չեմ ասում, իմ ախպոր ազիզ արևը։ Ում համար ինչ դուրս է եկել, բոլորն էլ միտս է։ Ձեր Մարիամի համար տես ինչ դուրս եկավ։

Մի ծառ ունիմ թըբրլղի՛,
Պտուղն է օձի լըղի՛․
Իմ հորն ու մորն ի՛նչ ասեմ,
Ինձ տըվին ղարիբ տըղի՛։

— Խե՜ղճ Մարիամ, բայց հերն ու մերն ի՞նչ անեն, նրանք հո չեն տվել։ Ես որ լինեի կասեի՝

Գնացի գետը լըվացք,
Սապոնս ոսկեջրած,
Իմ հերն ու մերն ի՛նչ անեն,
Ճակատիս էս էր գրած։

— Դե հիմի Շամիրինն ասա, թե որ միտդ է։

— Շամիրինը դեռ չէր դուրս եկել, որ ես եկա, Մարիամը կգա կասի։ Ինձ չթողեց, թե մինչև վերջը մնացել էի․ գնա՝ ասաց, Հերիքնազը մենակ է, սիրտը կնեղանա։ Ինքը պառավ կնիկ է դառել, պառավների հետ էր նստել։

— Ի՞նչ պառավ։

— Ինքն ու Արզումանի մերը մի կողմն էին քաշվել, քիթ քթի տված քչփչում էին, չիմացա ինչ էին խոսում:

— Բա քեզ համար ի՞նչ դուրս եկավ, Մագթաղ:

— Ինձ համար էնպես բան դուրս եկավ, որ ամենքն էլ ծիծաղեցին: Քրքրվի՛ Խանումի ջանը— ասաց.

Գյուլըմ, գյուլըմ, գյուլ չիչակ,
Ես ու դու մտնենք մի փըչակ,
Մինչև լուսը քըչփըչանք,
Որ լուսանա — կըչկըչանք:

—Էլ ու՞ր ես նեղանում, ուրախ բան է դուրս եկել:

—Է՜հ, դրանից ինչի՞ պիտի նեղանամ, ինչ կուզի՝ թող դուրս գա: Ես մի մատանի էլ Արզումանի համար էի գցել, տես՝ ի՞նչ դուրս եկավ.

Դարըվեր ջուր է գնում,
Հարցրեք՝ ու՞ր է գնում,
Քենուն մահանա արած՝
Իր յարին հյուր է գնում:

—Դու Արզումանի համար ինչի՞ էիր վիճակ գցում.— հարցրեց Հերիքնազը նախանձելով:

— Է՜հ, հենց էնպես: Մտքումս ասացի՝ խեղճ տղա է, քույր չունի, բան չունի, մի մատանի էլ նրա համար կգցեմ. տեսնեմ ի՞նչ է դուրս գալիս: Էդ որ դուրս եկավ, ամենքն էլ հարցրին. «էդ ո՞ւմն էր, էդ ո՞ւմն էր», ես չասացի: Հետո իմացա, որ նրա քեռակինն էլ է մատանի գցել, մերն էլ մի սադափ խաչ էր գցել: Քեռակնկա գցածն էլ էս դուրս եկավ.

Կանցնեմ գետի էն կուռը,
Կքաղեմ դաստով նուռը,
Թե որ սիրածս ինձ չըտան
Կըքաշեմ խանի դուռը:

Մորն գցածն էլ էս դուրս եկավ.

Գետը նի մըտա, խոր ա,
Քաթան շապիկըս նոր ա,

Իմ նանին խարաբ արեք,
Ես օլքա օլքա կորա։

— Խե՜ղճ նանի, ով գիտե՝ լաց էլավ, էդ որ լսեց։

- Չէ, նա ինքը չիմացավ, հեռու նստած ձեր Մարիամի հետ խոսում էր, նրան խաբեցին, ուրիշ բան ասացին․ ա՛յ ինչ ասացին.

Դու նստել ես դոշակին,
Ուշքըդ, միտքըդ փեշակին,
Խըմել ես նըռան գինին,
Հոտ կանես մանիշակին։

— Ո՜ւր էր էդպես լիներ, խե՜ղճ նանի։

Հերիքնազը շատ սիրում էր Արզումանի մորը։ Մինչև այս տարվա սար գալը նրա հետ մոտիկ հարաբերություն չուներ, մեծ էր իրանց գյուղը, իրանք գյուղի մի ծայրումն էին կենում, նրանք՝ մյուս։ Բայց այստեղ՝ սարումը դրկից էին։ Գյուղացիք երբ որ սար են գնում, սովորաբար նոր դրացիներ են գտնում։ Այստեղ մի քանի դագա միասին մեկ տան պես են լինում․ այստեղ ավելի լավ է երևում, թե որ տներն են միմյանց ավելի սիրելի, կամ որոնք են ուզում նոր բարեկամություն հաստատել, նոր խնամություն անել, որո՛նք են ուզում միմյանց ավելի մոտիկից ճանաչել։

Մարիամը օգուտ քաղելով այս սովորությունից, աշխատեց բանն այնպես բերել, որ դրկից դառնա Արզումանի մորը և ձեռքից եկած օգնությունն անե նրան և մխիթարած պահե։ Հերիքնազի էլ ուզածն այդ էր։ Նա ամեն օր պառավի ոտներն էր լվանում, շաբաթը երկու անգամ գլուխը, երկու շաբաթը մեկ անգամ լողացնում էր, ջուրը բերում էր, կովը կթում, կերակուրն եփում, շորերը լվանում, կարկատում, ամեն ազիզ կերակուրից նրա բաժինը պահում, ուտեցնում, ամեն երեկո տեղը շինում, քնացնում։ Շատ անգամ էլ Շամիրը տանը եղած ժամանակը, ինքը գնում էր պառավի մոտ քնում, նրան գգվում, համբուրում, իր սիրելու կարոտը նրանից առնում։ Երբ որդուն միտն էր բերում, ուզում էր լաց լինի, Հերիքնազը չէր թողնում, այնպես էր հույս տալիս նրան, մխիթարում, որ խեղճը սուս էր կենում։ Խեղճ պառավը չէր իմանում ինչպես շնորհակալ լինի այս երկնային հրեշտակից։ Նա չէր իմանում, որ սրանք որևիցէ հարաբերություն են ունեցել կամ ունեն իր որդու հետ։ Որտեղ նստում էր, Մարիամի ու Հերիքնազի գովասանքն էր անում, նրանց օրհնում։

— Ախչի Հերիքնազ, հանաքը դենը կենա, ասում են դու Արզումանին սիրում ես, ըղո՞րդ է,— հարցրեց Մագթաղը պարզսրտությամբ։

— Ի՞նչ կլինի, որ ըղորդ լինի,— պատասխանեց Հերիքնազը։

— Ի՜նչ պիտի լինի. է՛ն կլինի, ինչ որ էլել է Քարամուն ու Ասլուն, նրանց պես կէրվիք ձեր մուրազին չեք հասնիլ։

— Ես լավ կհամարեմ նրա սիրովն էրվեմ, քան թե մի ուրիշի սիրովը կանանչեմ, էդ էլ գիտե՞ս։

— Դու լավ կհամարես, բայց թե քեզ թողնեն է՜... Ես էլ ուզում եմ Գրիգորի սիրովն էրվեմ, բայց իմ հերն ու մերն ասում են․ «Ուզես, չուզես, քեզ պիտի Կիրակոսին տանք»... Է՜, Հերիքնազ ջան, ես էլ դարդեր ունիմ քեզ նման, շատ անգամ որ ինձ ու ինձ միտք եմ անում, ասում եմ, մենք էլ ինչացո՞ւ ենք, որ իսկի մարդու տեղ չեն դնում, հենց ում ասես՝ տալիս են, ուր ասես՝ շպրտում են. էլ ոչ հարցնել կա, ոչ դես, ոչ դեն։ Բայց էլի քո բանն իմիցը դժվար է։ Ես որ՝ ուզենամ Գրիգորին կսովորցնեմ, մի գիշեր կգա կփախցնի կտանի։ Մի քիչ ղալմաղալ կանեն, հետո կհաշտվեն։ Բայց քեզ որ փախցնեն, պիտի օլքա-օլքա կորցնեն, էլ ոչ դու կտեսնես մեզ, ոչ մենք՝ քեզ։ Դու էդ կանե՞ս։

— Ինչի՞ չեմ անիլ, երբ տեսնեմ ուրիշ հնար չկա։ Ինձ համար էնտեղ է լավ, որտեղ որ ինձ սիրում են։

— Մի՞թե մենք չենք սիրում քեզ, ումնի՞ց ես մի դառը, մի կծու խոսք լսել, ո՞վ է մեկ անգամ քեզ ասել՝ «տեղդ ծուռ է, դենը նստիր»․ մենք ամենքս էլ քեզ սիրում ենք։ Մեզ պիտի թողնես, ընկնես սարեսար, գնաս ղարիբ ղուրբաթ տեղ, կմեռնիս, վրադ սգող չի լինիլ․․․ Օ՜, շատ դժվար է, ասելն է միայն հեշտ, մեր սարերի պես սարեր, մեր ջրերի պես ջրեր, մեր բաղերի պես բաղեր, մեր քոլերի ու հանդերի նմանը ոչ մի տեղ չես գտնիլ․․․

— Քրքրվե՛ս դու, Մագթաղ, հիմիկվանից լացս բերում ես։ Ախչի, մեկ թող դեռ լավանամ. հետո աստված ողորմած է, նա իր ստեղծածին չի կորցնիլ։ Ինչ որ մարդիս ճակատին գրված է, է՛ն կլինի, հազար դու էլ ասա, ես էլ, մեր խելքն ի՞նչ է կտրում։ Հիմի ջանս սկսում է կոտրտվել երեկվա պես, ով գիտե էլի պիտի դողացնեմ...

— Օ՜ դրան դող կասեն, դեռ որտե՞ղ ես, ամեն օր կեսօրից հետո պիտի բռնի։

— Բա սրան մի դեղ, մի ճար չկա՞։

— Դրա ճարն էն է, որ դողդ բռնի թե չէ՝ գնաս վրադ սառը ջուր ածես, էնքան պիտի ածես, որ ջանդ սկսի զնգր զնգր դողալ։

— Ասում են՝ վախն էլ կպրծացնի, դու մեկ օր ինձ վախացրու, թաքուն սառը ջուր ածա վրաս, որ ես վեր թռչեմ․․․

— Էդ չէ, ասում են Նունիա մի տերտեր կա, նա աղոթում է թե չէ՝ իսկույն կտրվում է դողը։

— Դե էդ տերտերին որտե՞ղ գտնենք հիմի։ Արի մի ջրաման վերցնենք, գնանք ձորի աղբյուրը, էնտեղ դու ինձ վրա ջուր ածա՝ ինչքան որ գիտես։ Շուտ արա գնանք, քանի որ Մարիամը չի եկել, նա որ գա, էլ չի թողնիլ, միշտ ասում է՝ տաք պահիր քեզ, չմրսես։ Ըղորդ է ասում, էն օրը որ էն թաց տեղը քնած չլինեի, էս օրը չէի ընկնիլ։ Արի գնանք, հիմի ինչ կլինի կլինի կամ դես կկտրի, կամ դեն, ես մեռնելուց չեմ վախում, երանի շուտով մեռնեմ, էս աշխարհքիցս պրծնեմ, ի՞նչ աշխարհք է, որ սրան թամահ ենք անում, ապրում․ գնանք, գնանք։


Ե

Վարդավառից հետո սարեցիք լեռների գագաթներից վայր եկան և իրանց դագեքը սարքեցին մի անտառոտ հովտի մեջ։ Մինչև այս ուրդը փոխվելը շատերը դեռևս արանումն էին, բայց հիմա որ հունձն ավարտել, խուրձը կրել էին կալերի մոտ դիզել, ամենքն էլ եկել էին սար, որ մի քանի շաբաթ սառը ջրերի վրա, լեռնային զովաշունչ օդի մեջ հովանան։ Գյուղացոց այս սովորությունը ամենայն տարի կրկնվում է միակերպ։ Մայիսին ուղարկում են տավարը և ընտանիքը, իսկ տղամարդիկն սպասում են մինչև հունձի ավարտը։ Շատ անգամ ամբողջ ուրդի մեջ շաբաթներով տղամարդի երես չի տեսնվում, կնանիքը կարողանում են պաշտպանվել զանազան ավազակային և սիրային հարձակմունքներից, բայց սովորաբար միշտ ահ ու դողի մեջ են լինում։ Բայց երբ հավաքվում են տղամարդիկը, սկսվում է մի նոր կյանք։ Շատերը միայն հանգստանալու համար են գալիս, իսկ շատերն էլ մի նոր աշխատություն սկսելու մտքով։ Այստեղ են շինում սովորաբար իրանց տան գործածական փայտե գործիքները, ինչպես՝ սայլ, գութան, լուծ, կամն, հորսլի, թի, խնոցի, մըղան, խոնչա, տաշտ, տաշտակ, խփի, րոդին (հավանգ), զանազան կոթեր, գդալներ և շերեփներ։

Մի քանի հսկայական կաղնի և աճարքի ծառերի տակ իրենց համար գործատեղի էին արել մինչև երեսուն, քառասուն տղամարդ և որն ուրագով, որը կացնով տաշ էին անում, իսկ անգործներից ոմանք, պառկոտել քնել էին բերանքսիվայր, ոմանք նստած թամաշա էին անում և զանազան խորհուրդներ տալիս շինողներին իբրև գյոզ-ուստասի, այսինքն՝ աչքով միայն վարպետ և ոչ գործով։ Այսպիսիները ոչ մի բան շինելու շնորհք չեն ունենում։ Այս անշնորհքներիցն էր և Շամիրը, որ միայն գդալ շինել գիտեր և ուրիշ ոչինչ։ Սա անցյալ երեկոյին էր եկել արանիցը։ Առավոտը վաղ վեր կացավ և իր փոքր ուրագն ու կեռկտուցը վեր առավ գնաց հասարակաց գործատեղին, որ գդալներ շինե։ Շամիրը դեռ նստած չնստած, Ճաղարանց Թաթոսը ամբոխի մյուս ծայրից կանչեց.

— Հե՜ հե՜, հե՜ ա՛ Շա՜մ, Շամի՜ր, հե՜յ...— բղավեց Թաթոսը մի քանի անգամ կրկնելով Շամիրի անունը, որովհետև բազմաթիվ կացինների և ուրագների ձայնը թույլ չէր տալիս լսելու մի խոսք, թեև առանց այս էլ բղավելով խոսելու սովորությունից զուրկ չէր Թաթոսը։

— Հի՞նչ ա, ա՛խպեր, հի՞նչ ըս ասում։

— Արանիցն ի՞նչ խաբար ունես։

— Խե՛ր խաբար, լոխ էլ լավ ըն, ձեր տղեքը թխվալ ըն, սըրտնեն մածուն ա օզում։

Թաթոսը գլուխը տմբտմբացրեց, որով ուզեց ասել՝ պետք է մածուն հասցնել տղերանցը։

— Շամիր, ասում են՝ Ճաղարանց տղեքը Հանեսի գլուխը պատռել են, ըղորդ է՞,— հարցրեց մեկը։

— Ի՛նձ հարցրու էդ բանը, Շամիրն ի՞նչ գիտե։ Ճաղարանց տղեքն ինչ ասես՝ կանեն, իրանք օխթն-ութ հոգի, Հանեսը մեն մենակ։ Գցում են արխի մեջը, բահով էնքան խփում են գլխին, որ քիչ է մնում մեռնի,— ասաց տաշ անողներից մեկը Վարդան անունով, ուրագն ուսին դնելով, և դառնալով դեպի Թաթոսը գոչեց բարձրաձայն.

— Ա՛ հըլիվոր, ինչի՞ քու շների կապը չես քաշում, մարդ պետք է Արզումանի նման գլխիցը ձեռք վերցնի, որ ձեր հետ խոսի՛։ Էլ ոչ ջուրվարի եք մտիկ տալիս, ոչ քյոխվի եք ականջ դնում, էդ ի՞նչ անաստվածություն է, որ դուք անում եք։ Ասում եմ ջուրը նոբաթով է, նոբաթն իմն է, ջուրավարն ինձ է տվել ջուրը, նրանք կատաղած շների նման վրաս թափվեցին, քիչ էր մնում սպանեն։ Ասած է. «Խոփըդ սուր է, հանդը բաժանովի է» ասենք՝ ես մի մենակ տղա եմ, քոմակ չունիմ, հենց պիտի ինձ ոտի տակ գցե՞ք։ Էնպես բան արեք, որ աստված վեր կալնի, թե չէ՝ Սուրբ Սարգսի անունը վկա, մի օր էլ ես ձեռք կվերցնեմ գլխիցս, էն ժամանակը կտեսնենք ո՞ւմ մերը տղա կբերի։

Այս խոսքի վրա ամենքն էլ իրանց գործիքները դադարեցրին և տեղնուտեղը լսողություն դառան։

— Ա՛յ տղա, ի՞նչ ես հաչում, ի՞նչ ես գլխիցդ սարսաղ-սարսաղ դուրս տալիս,— ասաց Թաթոսը և շարունակեց ավելի բարկանալով և սպառնալով,— Արզումանի նման շանի՛ցն ես օրինակ առնում։ Մարդասպանը դու ես, որ մարդասպանին ես պաշտպանում։ Համբերիր, մեկ մողրովը գա՜, տես քու կաշին ինչպես եմ մաշկել տալիս։

— Ես ու իմ աստվածը, Արզումանն էնպես անմեղ էր, ինչպես աստըծու գառը։ Քյոխվեն նրան տափ էր տվել, նա էլ գնացել էր վարելու։ Ձեր բաղի տակի հողը, ներքի հողերի քյոնդալանը, վերի հողերի դիքավարը, քոլաբերանքի սպիտակ հողը, Դամիյի չորս օրավար տեղը, որ ունիք հիմի, ո՞ւմն են էդ տափերը, Արզումանի հորը չէ՞ր, ինչի՞ գցեցիք ձեր ճանգը․ ժբա դու չես ամանչո՞ւմ, սաղ գեղը քանդում, տակն ու վրա ես անում, բա դու աստված չունե՞ս...

— Տեսնում ե՞ք, ա՜յ խալխ, տեսնում եք էս շունն ինչեր է հաչո՞ւմ...

— Վարդան, մի՛ վախիր, մեկ լավ վեր ածա դրա աբուռը՝ քանի որ մենակ է,— շշնջաց Վարդանին մի երիտասարդ, բայց Թաթոսը կարծեց թե նա ասում է՝ «սո՛ւս կաց, ամոթ է, ծեր մարդ է, էդպես բաներ մի՛ ասիր», և սկսեց ավելի կատաղել։

— Կա՛ց, ես քու էդ բլբլան լեզուն կկտրեմ տակիցը։ Գիշերս Արզումանն ի՞նչ էր շինում քու կշտին. ասա՛ տեսնեմ, դու ի՞նչ իրավունքով ես մարդասպանին տեղ տալիս, ա՛սա տեսնեմ։

— Մոգոնիր, մոդոնիր, որքան կարաս, շառեր մոգոնիր, ես քու հնարած սուտերիցը վախող չեմ։ Արզումանին ո՞վ է տեսել ինձ մոտ, վկա ունի՞ս, դե հիմի դո՛ւ ասա տեսնեմ։

— Էս սաղ խալխը քոռ հո չե՞ն, բոլորն էլ վկա չե՞ն։

— Խալխին ո՞ւր ես վկա կանչում, Թաթոս բիձա, խալխիցը մեկն էլ ես եմ։ Արզումանի երեսը չեմ տեսել,— ասաց մեկը, գլուխը բարձրացնելով և կոշտացած ձեռքով ճակատի քրտինքը սրբելով։

— Ա՛յ խալխ, ա՜յ ջամհաթ, չեք լսե՞լ, որ Արզումանին թե օրը ցերեկով, թե կես գիշերին տեսել ե՞ն,— բղավեց Թաթոսը։

— Լա՛վ, որ տեսել են, Վարդանի մոտ հո չեն տեսել,— ասաց Մինաս անունով մեկը։

— Արզումանին աղջկեքն են տեսել ծաղկաքաղին. Շամիրի կնկա հետ է խոսեցել. գիշերն էլ վերի աղբյուրի մոտ են տեսել, էլի Մարիամի հետ։

— «Կես գիշերին, Մարիամի հետ»,— շշնջաց Շամիրը, չհավատալով իր ականջներին։— Մինաս, տյու ինքըդ հըսկանում ը՞ս, էդ հինչ ըս ասո՞ւմ,— հարցրեց Շամիրը։

— Ինչպես թե «հըսկանում ըս», խուլ հո չե՛մ, Արզումանին տեսել են քու կնկա հետ խոսելիս, ուրիշ մարդի մոտ չեն տեսել։

Շամիրի ջանը դող ընկավ, ձեռքերն սկսեցին դողդողալ, էլ բան չկարաց շինել, վեր կացավ փընթփընթալով գնաց։ Շատերն այդ նկատեցին և կասկածի մեջ ընկնելով՝ գլխըները քաշ գցեցին։ Նրա քամակից հեռացավ և Թաթոսը։

— Էս ճաղար քոփակիցը մարդու խեր չի հասնիլ. սիրտս ասում է՝ էլի մեկ արյուն պիտի պատահի։ Մինաս, դու էլ որ մի քիչ լեզուդ բերանումդ պահեիր, չէր լինի՞լ։ Շամիրը որ կա՝ բըռի արջ է․ հիմա պիտի գնա կնկանը ոտի տակը գցի, տրորի, ես գիտեմ նրա խային խասյաթը։

Այս խոսողը Խաչատուրն էր, Արզումանի երբեմն սրտակից բարեկամը։ Հիմա էլ Արզումանի հետ միայն սա ուներ հարաբերություն, բայց ոչ ոք չգիտեր։

— Ես Մարիամի մասին բան չեմ մտածել և վատ բան էլ չասեցի,— պատասխանեց Մինասը։

— Շատ կարելի է, որ Մարիամին Արզումանի մերը լինի ուղարկած, ինքը չի կարում տեղիցը ժաժ գալ։

— Դե էդպես էլ պիտի ասեիր, բայց դու էնպես ասեցիր, որ նա ուրիշ բան հասկացավ։

— Նա որ շիտակ բանը ծուռ հասկանա, ես ի՞նչ մեղավոր եմ։ Էդ քոփագ շունը որ չլիներ, ես էն է՛լ չէի ասիլ։

Այս միջոցին Սարգիս քյոխվան եկավ, և նստածները տեղերիցը վեր կացան։

— Բարի հաջո՛ղում, տղե՛ք, աստված ղվաթ տա,— ասաց քյոխվան և նստեց մի գերանի վրա։


ՄԻՋԱՆԿՅԱԼ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

(Ով չուզենա, կարող է չկարդալ)

Սարգիս քյոխվան մոտ վաթսուն տարեկան մարդ էր։ Նրա դեմքի գծագրությունը և հայացքը ցույց էին տալիս, որ բավական չար ու բարի տեսած մարդ էր։ Ոչ ոք գեղի հավատարմությունն այնպես գրաված չէր, որքան սա։ Գյուղացոց շահերը պաշտպանելու համար ամենայն ինչ զոհ բերելու պատրաստ էր։

Գյուղ ասածդ (եթե ոչ հիմա, գոնե շատ առաջ) մի ջոկ աշխարհ, կղզիացած երկիր է, և ունի իր կախումն ու անկախությունը, իր մատնիչն ու պաշտպանը, իր Վասակն ու Վարդանը։ Գյուղացիք որտեղ որ բնակվում են, ինչքան տեղ որ բռնում են, ասում են՝ էս տեղերը մերն է։ Այստեղից հառաջ է գալիս սեփականության մասին մի ջոկ գաղափար, որ նման չէ այն սեփականությանը, որ տիրող օրենքն է սահմանում։ Հետևյալ խոսակցությունից կերևա, թե որպիսի գաղափար ունին գյուղացիք գյուղի սեփականության մասին։

— Տղե՛ք, Թաթոսն էստեղ էր, ի՞նչ ելավ,— հարցրեց քյոխվան։

— Նա տեսավ որ դու գալիս ես, ինքն ըռադ էլավ,— պատասխանեցին մի քանիսը։

— Ա՜յ, ճաղար շուն․․․

— Սարգիս բիձա, էդ անիրավի ձեռին մենք մինչև ե՞րբ պիտի տանջվենք,— գանգատվեց Վարդանը։

— Մինչև լավ իմանանք, թե ի՞նչ գազան է դա։

— Ո՞վ չի ճանաչում էդ քոփագին... մեղա քեզ աստված, ի՞նչեր է գալիս բերանս։

— Դուք էն եք տեսնում, ինչ որ հիմի է անում, բայց էն չեք տեսել, ինչ որ մինչև հիմի արել է։ Էս տեղիցը որ հիմի մենք սաբալախի (խոտահարկ) ենք տալիս, առաջ ո՞վ էր իմացել էդպես բան. էդ-էդ-էդ գնաց մեր պապական տեղերը մի թավադի վրա ծախեց։

— Լավ, ի՞նչպես է ծախում, իրանը հո չի՞, որ ծախի։

— Էդ ես էլ չէի իմանում, թե ինչպես են ծախում, բայց հիմի քիչ ու միչ հասկանում եմ։ Գիտեք ինչ կա, գեղըցին մի տեղ թեկուզ հարյուր տարի կենա, կարող չի ասել, որ էս տեղն իրանն է, բայց եթե թավադը մի տեղ տասը տարի կենա, էն տեղը կմնա իրան։ Բայց թավադն ինչի՞ համար է կենում, նա վար չի անում, ցան չի անում, գեղըցին է վարում, ցանում, նրան բահրա տալիս։ Հիմի լավ ականջ դրեք։ Թավադը նրանով է հաստատում տեղն իրանը լինելը, երբ որ հաստատում է, որ էդ տեղիցը նա բահրա է առել կամ սաբալախի, կամ իջարա։ Էդ էլ ինչո՞վ պիտի հաստատի, երբ որ ես, դու, սա, նա ասենք՝ «ըղորդ է ասում. մենք էստեղ կացել ենք, բայց դրան միշտ բահրա ենք տվել», հասկանո՞ւմ եք, թեկուզ ոչինչ էլ տված չլինինք, միայն թե ասենք՝ «տվել ենք»։ Էդ խոսքն ասելու համար թավադը սրան նրան փող է տալիս, պատիվ է տալիս, որ քննության ժամանակը գնան ասեն, «ըղորդ է, մենք բահրա ենք տվել»։ Ա՛յ, էդ ճաղար շունը քա՞նի քանիսից է փող առել, սուտ երդում կերել, վկայություն տվել, թե՝ «մենք սաբալախի ենք տվել, բահրա ենք տվել»։ Դա՛, մեկ էլ Մաթոսն ու Մարկոսը,— ողորմի նրանց կշտի մեռելներին— մեր բոլոր հանդերը տվին թավադներին։ Առաջ ո՞վ էր թավադի անուն իմացել, ո՞վ էր նրանց երեսը տեսել։ Մի քսան տարի չկա, ինչ որ դրանք եկան մեկմեկու հետևից. մարդ իմանա՝ մինչև էդ ժամանակը ո՞րտեղ էին. հալբաթ առաջ էդպես օրենք չկար։ Հենց որ հանդերն սկսեցին չափել, որտեղ մի քաղցած թավադ կար, ձեռքը մեկնեց, թե էս իմն է. միտս է, մեկ անգամ եկողները երեսնից ավելի էին, մեջերումը սուտ թավադներ էլ շատ կային։ Շատերի անունը հիմի էլ միտս է․ ա՛յ, ասեմ մի քանիսինը։

Սարգիս քյոխվան այստեղ տերողորմյան գրպանից հանեց և սկսեց թավադների անունը տալով հատիկները ձգել, որ տեսնի քանիսի անունն է միտքը։— Օրբելյա՛նով, Մուխրա՛նսկի, Չաչի՛կով, Բարա՛թով, Թուրքեստա՛նով, Սուլխա՛նով, Շա՛նշիով, Մելի՛քով, Փիրա՛դով, Փերշա՛նգով, Մուրթուլա՛ձե... Է՛հ էլ ո՞ւմ միտն է, քան զշուն շատ էին։ Մեկ տեղից քսան մարդ բռնում էր, ամենքն էլ ասում էին «իմն է»։ Խազնի մարդն ասում էր՝ թագավորական է, Սիոնի տերտերն էլ ասում էր՝ վանքական է։ Բայց էս երկուսը աչքներն էս ու էն թավադի վրա էին գցում, որ տեսնեն որից կարող են շատ փող առնել, որ իրանք ձեռք վերցնեն։ Ի՛րանք, թավադներն էլ էին մեկ մեկու համար վկայություն տալիս, խոսք մեկ էին անում, իրար մեջ բաժանում. չափողներն էլ ջոկ էին շահվում։ Գեղըցոց վկայությունն էլ հազիր էր, որ կողմն ուզում էին, էն կողմն էին շուռ տալիս նրանց. ուղիղ խոսողներին հեռացնում էին, կամ ասածը ծուռ գրում և իրանց ձեռք քաշել տալիս։ Ահա էսպես մեր բոլոր տեղերը մնաց դրանց, մենք էլ ոչինչ չունինք, ո՛չ հող, ո՛չ ջուր, ո՛չ ծառ, ո՛չ խոտ, ամենի համար էլ փող ենք տալիս, էն էլ մեկն երկուսով, ամեն տարի թանկացնում են։

— Որ գիտեիք էդպես է, ինչի՞ չէիք արզա տալիս, ինչի՞ չէիք գանգատվում։

— Բա քիչ ենք ա՛րզա տվե՞լ, քիչ ենք գանգատ արե՞լ. էլ դիվանխանա չենք թողել, ամեն տեղ էլ արզա ենք տվել։ Ես հիմի եմ հասկանում, որ մեր բոլոր աշխատանքը զուր էր։ Մենք արզա էինք տալիս, թե՝ «էդ տեղերը մերն է», չէինք իմանում, որ թագավորական տեղը խազնինն է։ Դավին խազնեն պիտի քաշեր, նա պիտի իր ունեցածի տերը դառնար. մենք մեր փողով նրա իրավունքն էինք պաշտպանում, բայց նա մեզ չէր օգնում։ Խազնեն է՛լ էր թավադների ձեռին, դիվանխա՛նեքն էլ, մեր խոսքին ո՞վ պիտի ականջ դներ։ Շատ անգամ ծեծում է՛լ էինք թավադներին. երբ որ գալիս էին բահրա ուզելու, չէինք տալիս։ Բայց դրա պատիժն էլ քաշում էինք։

— Թուլաձեին ի՞նչպես ծեծեցիր, Սա՛րգիս բիձա, մեկ դու է՛դ ասա։

Սարգիս քյոխվան միտը բերավ իր ջահելությունը, մի քթահազ տվավ ու սկսեց.

— Էդ Թուլաձեն մի երկու անգամ եկավ մեր բաղերի տակի հողերին դավի տվավ, թե՝ «իմն է, պիտի բահրա տաք»։ Մենք չտվինք։ Սա գնաց մողրովին գանգատ արավ, նրանից մի հրաման բերավ, օխտն-ութը մարդ էլ հետը։ Բահրա առնելը շատ էին հեշտացնում մողրովները, բայց էդ կենա դեռ։ Մեր քեթխուդեքը հավաքվեցին, խորհուրդ արին, թե ի՞նչ անենք, տա՞նք, թե չտանք։ Վճռեցին, որ չտանք. եթե տանք, էդ տեղերն իրա վրա կհաստատի, հիմի իր ուզածը մի ոչինչ բան է, բայց հետո կգա տասնից մեկը կառնի, հետո էլ չորսից ու երեքից մեկը, մի քանի վախլուկ մարդիկ էլ, սրտները դող ընկած՝ ասում էին՝ «ուզենք չուզենք՝ պիտի տանք, մողրովիցը հրաման է բերել, նրա հրամանին ո՞վ կարա ընդդեմ կենալ»։ Քյոխվան լուսահոգի Ակոբն էր, նա ասաց. «մողրովի հրամանն ինձ վրա է, ես նրա պատասխանը կտամ. նա ի՞նչ գիտե թե էս տեղերը սրանն է, որ հրաման է տվել։ Չպիտի տանք, թող ուր ուզում է գնա»։ Թուլաձեն Թաթոսի տանն էր վեր եկել, էլի էս անիծածն էր նրա օգնականը։ Սա սովորցնում է, թե «առավոտը հորթերը գալու ժամանակը քու մարդկանցով գնա առաջը կտրիր, տար տուն արա մի աղալում ու դուրս չանես, մինչև բահրեդ չտան։ Նա էլ հենց էսպես էլ արավ. հորթերը հավաքեց տարավ մի աղալի մեջ արավ, թե՝ չեմ թողնի, մինչև իմ բահրեն չտաք։

Կովերն արոտատեղից եկան։ Հորթ չկա, որ կթեն, հիմի դու տե՛ս սրանց բառանչելը, կովերը դռներին են բառանչում, հորթերն աղալումը։ Էս անիծած ճաղարը դուրս է եկել, իրանց կտրին կանգնել ու պարծենալով ասում է․ «Ես որ ասում եմ՝ եկեք բահրան տանք, ինձ չեք ականջ դնում, դե հիմի գնացեք ձեր հորթերը բերեք, տեսնեմ ի՛նչպես եք բերում»։

Լուսահոգի մերս ասաց․ «ա՜յ տղա, գնա մեր հորթերը բեր, թե չէ էլ հաց չեմ տալ, որ ուտես»։ Ես էլ հենց էդ էի ուզում։ Չափարիցը մի բըհիր հանեցի, վազեցի դեպի հորթերը։ Թուլաձեն ինձ որ տեսավ, թուրը հանեց. մի ափիցեր էր, ապելատներ էլ ուներ ուսին, խաչ էլ ուներ կուրծքին։ Բհիրս վրա բերի թե չէ՝ թուրն երկու կտոր էլավ. մեկ էլ որ հասցրի, տեղն ու տեղը փռվեց, ու «վայմե՜, միշվելեթ» (ո՜հ, օգնեցեք) կանչեց։ Ո՞վ պիտի օգներ, մինչև իր մարդիկը կօգնեին, իմ օգնականներն ավելի էին շատացել։ Լուսահոգի Ղուկասը նրա բճերին աղցան էր արել։ Մեր քյոխվեն հենց տեսնում է, որ ես գնում եմ, քամակիցս մինչև քսան տղա է ուղարկում։ Էսպես մի լավ ջարդ ու բուրդ արինք, և հեշտ էլ պրծանք. էն գնալն էր, որ նրանք գնացին, էլ չիմացանք՝ կոտորվեցին, թե սաղ մնացին։

— Ա՛յ լավ դատաստան,— ասաց քյոխվին հասակակից մեկը։— Ա՛խպե՜ր, գնում ես գանգատ, տանում են բերում, բերում են տանում, մարդու հոգի է դուրս գալիս, դրանց «զավթրին» չի հատնում։ Սրան մեղրահացեր տար, նրան գառը տար, մեկէլին թաղարներով ալյուր տար, մի ուրիշին փող տուր, մեկի ոտներն ընկիր աղաչիր... Ո՞վ է գեղըցու ռեխին մտիկ տալիս։ Տասնով քսանով գնում ենք դիվանխանի պատերի տակին շարվում արեգուն արած խոզերի նման, ո՞վ է մեզ մարդու տեղ դնում, գիր չենք դիտում, օրենք չենք գիտում, մի քիչ էլ որ երեսներս պնդացնում, ներս ենք մտնում, ստորոժը շլինքներիս խփելով դուրս է անում։ Էսպես քաշ արի, հետո եկ տանդ վեր ընկիր։ Գեղըցիք էլ ասում են՝ մեր փողերը տարաք կերաք, ոչինչ էլ չշինեցիք։ Տո, ձեր փողերը զահրումա՛ր ըլի ուտողի գլխին, մենք ենք ուտո՞ւմ․․․

— Էդ լավ դատաստան է, Պետրոս, բայց ամեն անգամ չի մարսվում։ Դրանից սիրտ առած՝ Սուլխանովին էլ ծեծեցինք, բայց քիչ մնաց Սիբիր էին ուղարկում։ Ուղարկեին էլ, ո՞վ պիտի ասեր՝ ինչի՞ եք ուղարկում։

— Էդ ի՞նչպես էլավ, Սարգիս բիձա, մեկ էդ էլ պատմիր,— խնդրեցին ջահելները, և իրանց գործը թողնելով՝ որպես թե հանգստանալու համար, շարվեցին քյոխվի չորս կողմը։ Քյոխվան չիբուխը լցրեց, և չախմախին խփելով՝ սկսեց իր պատմությունը։

— Ա՛յ ինչպես էլավ։ Լուսահոգի Ղուկասը — Արզումանի հերը — մի առավոտ եկավ ինձ մոտ։ Ես ու նա ընկեր էինք, ուր էլ որ գնայինք, միասին կէրթայինք։ Մի տղամարդ էր որ, քսան մարդու չէր ասիլ՝ աստված է ստեղծել... «Ի՞նչ ես նստել, ասաց, արի գնանք կակալ թափ տալու»։ Ասում եմ՝ ո՞րտեղ. նա թե՝ «մեր տափի կշտի կակալնին կոտրատվում են, էնքան բռնել են. ոչ ով չի գնում թափ տալու, Սուլխանովիցը վախենում են, նա չի թողում, ասում է՝ «իմ բաղի կշտին են, իմն են»։ Ասում եմ՝ «էդ ի՞նչ խոսք է, հենց ինչ որ իր բաղի կշտին ըլի, իրանը կըլի՞։ Իր տեղը չափարած է, չափարից դուրս նա ոչինչ չունի»։ Նա թե՝ «ես էլ հենց էդ եմ ասում։ Արի գնանք, թող ով ղոչաղ տղա է, գա մեր առաջը կտրի»։

Մեկ-մեկ էրկեն կակալթափի առանք, գնացինք։ Հենց նոր էինք ծառը բարձրացել, մեկ-մեկ ճյուղ դեռ չէինք թափ տվել, մեկ էլ տեսանք հրես օխտն-ութ հոգի ծառի տակը կտրեցին։ Սուլխանովի բճերն էին։ «Չամոդիթ, թքվենի ռջուլի» (վայր իջեք, ձեր հավատը․․․) որ չասացին, մեր Ղուկասի աչքերն արնով լցվեց։ «Կացեք, ասաց, ես ռջուլի նշանց կտամ»։ Վեր եկավ երկեն ձողին ձեռին, ղրաղ կանգնեց ու մեկ թե երկու սրանց, էլ իսկի չթողեց, որ մոտենան, մինչև ես էլ վրա հասա ու էս փորերնին ուռած բաղվանչիներին կալմեջ արինք, մինչև փախան, գլխները պրծացրին։ Ասացինք էս է, պրծանք, բայց մեկ էլ տեսանք, հրես ինքը Սուլխանովն է գալի, մի քսան մարդ էլ հետը։ Ասացի՝ «Ղուկաս, սրանց հետ կռվել չի ըլիլ, կամ փախչենք, գլխներս ազատենք, կամ թե չէ ասենք՝ աղա, էս ծառերը քոնը չի, դու ինչո՞ւ համար ես արգելում»։ Եկավ թե չէ՝ փափախնիս վեր կալանք, առաջին կանգնեցինք, որ տեսնենք ի՞նչ է ասում, պատասխանը տանք։ Բայց անիրավն էկավ թե չէ՝ «շահկարիթ (կապոտեցեք), ասաց, մադիթի ռջուլի» (դրանց հավատը)։ Մեր հավատին դիպան թե չէ, Ղուկասի փափախը ձեռքիցը վեր ընկավ։ Կատաղած ասլանի նման ընկավ Սուլխանովի վրա, ու տեղն ու տեղը վեր կոխեց, սրտին չոքեց։ Բճերն իսկույն վրա թափվեցին, ես էլ ուզեցի օգնել, բայց գլխիս էնպես խփեցին, որ շշմած վեր ընկա։ Աչքս մեկ էլ էնտեղ բաց արի, որ տեսա երկուսիս էլ կապոտել են։

— Էլ ինչ գլխներդ ցավացնեմ․ մեզ տարան քաղաք․ գցեցին Մետեխի բերդը, դուդսաղի շորեր հագցրին, ամեն օր ջուր էին կրել տալիս, ճամփեքը սրբել տալիս, սև հաց էին ուտացնում․․․ Էսպես պահեցին մինչև վեց ամիս, վեց ամսից հետո դուրս բերին, տարան մի դիվանխանա։ Էդ դիվանխանի գլխավորը ինքը Սուլխանովն էր։ Նա ինքը վեր գցել տվավ մեզ, ռոզգի խփել տվավ, քամակներիս կաշին մաշկել տվավ, հետո բաց թողեց․ «Դե հիմի գնացեք, ասաց, խելոք կացեք, իմացեք ում հետ գործ ունիք»։ Մեր շորերը մեզ տվին, հագանք, եկանք մեր տները, երեք ամիս տեղումը պառկեցինք։ Գեղըցիք քանի անգամ եկել արզա էին տվել մեզ համար, որ մենք անմեղ ենք, բայց արզան հենց իրեն Սուլխանովի ձեռքն է ընկնում․ նա պիտի լիներ գեղըցոց խնդիրքի կատարողը, բայց նա այն թղթերը կամ կէրեր, կամ դեն կգցեր։ Հիմի էլ որ միտս է գալիս, ջանըս փշաքաղվում է։ Ախըր երբ որ պատմողդ ու ազատողդ քու թշնամին է, էլ ի՞նչ կարող ես անել նրան։

— Մա՛խլասի, գեղըցու բանը մի դարդ ու բալա է,— ասաց Վարդանը։— Մենք որ կանք, էրեխի պես բան ենք։ Էրեխեն որ պահող չունենա, ջուրն էլ կընկնի, կրակն էլ, ինչ ասես կպատահի․ մենք որ մեր գլուխը չպահենք, ոչ ով մեզ իշի տեղ էլ չի դնիլ։ Մարդ իմանա, ի՞նչ է մեր մեղքը, որ էս օրին ենք․․․

— Գառների մեղքն ի՞նչ է, որ գայլերն ուտում են։ Մեր մեղքն էն է, որ մենք ոչխար ենք՝ գայլերը մի կողմից պիտի ուտեն, մարդիկը մեկէլ կողմից կթեն ու խուզեն։ Իսկի տեսած կա՞ք, որ մեկը գա մեզ համար մի բան բերի, մի բան տա․ դիփ էլ տանում են ու տանում։ Էսօր գնա ճամփա շինի, էգուց գնա մորեխ կոտորի, էսօր էս տար, էգուց էն, իշի պես բանեցնում են, ոչխարի պես խուզում, ո՞վ է մեր տերն ու տիրականը։ Գող ու ավազակ մի կողմից են թալանում, մողրով ու յասաուլ մեկէլ կողմից ծեծում, ջարդում, թավադներն էլ ջոկ են մեր միսն ուտում, արյունը ծծում, որը զոռով, որն էլ խաբելով։ Ի՞նչ սատանություն ասես՝ որ դրանք չեն անում, ո՛չ աստծուն են հավատում, ո՛չ թագավորից վախում, ո՛չ ամոթ ունեն, ո՛չ երկյուղ։ Ա՛յ էդ Շաքարոն, որ էդքան տեղեր զավթել, ուտում է, գիտե՞ք՝ ինչպես խաբեց մեզ։ Դա մի խեղճ մարդ էր, մի խեղճ սելապան, քաղքումը սելապանություն էր անում, շիրաջիների համար Կախեթից գինի էր կրում, ձկնապանների համար Սալյանից՝ ձուկը։ Մի ձմեռ ալափ չուներ, որ եզինքը պահել էր, դիփ էլ կոտորվեցին, մնաց խեղճ։ Քաղքիցը վեր կացավ եկավ մեր գեղը, մի բոստանի տեղ ուզեց մեր խալխիցը, նրանք էլ տվին, թե խեղճ մարդ է, թող իրա համար մի բան սերմի, մի բան աշխատի, տանի իրա օղլուշաղը պահի։ Շաքարոն դառավ բոստանչի, ամեն տեսակ կանաչեղեն ցանեց — լոբի, սիսեռ, սոխ, սխտոր, բակլա, դդում, քալամ, կարտոփիլ, թամբաքու, մի խոսքով ինչ ասես — խիար, խարբուզակ, ձմերուկ, տակ, գազար։ Կշտին էլ մի դագա էր շինել, էնտեղ էր կենում գիշեր-ցերեկ։ Մեկ երկու տարի անցկացավ, մի քանի շահի աշխատեց, մեր տերտերի հետ ընկեր դառավ, ու նրա հետ բոստանը չափարեց բաղ շինեց, կշտին էլ մի ջաղաց։ Մեկ-երկու տարի էլ անցկացավ, տերտերը մեռավ, բաղն էլ, ջաղացն էլ մնաց Շաքարոյին։ Էսպես քաշ տվավ մինչև տասը տարին լրացավ․ տասը տարուց հետո գնաց մի թավադի փող տվավ, նրա ազգականը գրվեց, դառավ թավադ, հետո եկավ բաղն ու ջաղացն էլ հաստատեց վրան, մի երկու հարյուր օրավար էլ ուրիշ տեղ խլեց մեզանից, թե էս էլ է իմը։ Մի սիրուն էլ հարսն ուներ, ինքը բացերես և լեզվանի, միշտ մողրովների ու նաչալնիկների հետն էր ժամանակ անցկացնում, նրանց հետ սարերումն ու ձորերումը քեփ քաշում, էլ ո՞վ կարող էր նրան մի բան ասել։ Շատ էլ գանգատ արինք, արզա տվինք, կռիվ էլ արինք, թակեցինք դուրս արինք, տունը, ջաղացը քանդեցինք, ոչինչ չկարացինք անել, մեր խոսքն անց չկացավ ոչ մի տեղ։

Փիրադովն էլ Շաքարոյի նման արավ։ Նա էլ խեղճ ճոն էր՝ փափախչի։ Էկավ մեր գեղի մոտ, Քափանաքչի մի թուրք բեկի հետ ջաղաց ու բոստան շինեց, էդտեդ համ ճոնություն էր անում, համ ջաղացպանություն։ Լավ փող աշխատեց, մեկ տղին լավ ուսում տվավ։ Տղան էնպես մի ղուլլուղի մեջ մտավ, էնպես մի նաչալնիկ ունեցավ, որ խոսքն ամեն տեղ անց էր կենում։ Սա վեճ բաց արավ գեղացոց հետ, վերջը բոլոր գեղը զավթեց, հիմի իրանն է թե՛ գեղը, թե՛ նրա երկու հազար դեսետին ջրովի հողը։ Հիմի մեր թուրքերը կիսովի են վարում նրա համար, խոտահարկն էլ ջոկ են տալիս, տներիցն էլ ջոկ են հարկ տալիս, թագավորի խարջն էլ ջոկ են քաշում, խեղճերն աղքատությունից քաղցած կոտորվում են. գողությունով են ապրում, ուրիշ ապրուստ չունեն։ Ուրիշ տեղ էլ չեն ճարում, որ էդտեղից դուրս գան հեռանան։

— Սարգիս բիձա, մեկ անգամ ասա մեր աշխարհքն անտեր է ու պրծիր. էլ ի՞նչ ես գլուխդ ցավեցնում,— ասաց Պետրոս բիձան, որ քյոխվի բոլոր պատմածներին ականատես էր և մասնակից։

— Անտեր որ ըլի, էլի լավ է, շների ու գելերի ձեռքին է։

Իմ խոսքը մեր ճաղար շան մասին էր, ես հեռու գնացի։ Էլ մի թավադ չկա, որ դա նրա համար վկայություն չլինի տված, թե՛ մեր գեղի, թե՛ մեր հարևան գեղերի բոլոր թավադների համար էլ դա սուտ երդում է կերել, սուտ վկայություն տվել․ մեր գեղը դա է քանդել...

— Դե ի՞նչ անենք, աստված էլ դրա տունը քանդի...

— Ամմե՜ն, ամմե՜ն,— ձայն տվին ամեն կողմից...


Զ

Աղբյուրի սառը ջուրը ոչ միայն չլավացրեց Հերիքնազին, այլև ավելի սաստկացրեց նրա տկարությունը․ բոլորովին տաքության փոխելով՝ ձգեց անկողնի մեջ։

Շամիրը երբ որ քաշվեց դեպի դագեն, այդ ժամանակ Հերիքնազը սաստիկ տաքության մեջ դելն էր տալիս և վերմակը վրայից շպրտում, Մարիամը կշտին նստել էր տխուր տրտում և ծածկում էր շուտ-շուտ Հերիքնազին, որ չմրսի։ Շամիրը ներս մտավ և լուռ ու մունջ հրացանն առավ, դուրս գնաց։

Այս վերջին օրերը Մարիամը բավական փոխվել էր և սկսել էր սեր ցույց տալ մարդին. հետը խոսում, ծիծաղում էր, հանածներ էր անում, ոտ ու գլուխը շուտ-շուտ լվանում։ Չորս ամիս էր, որ Մարիամը արդեն հղի էր և երեխան արդեն սկսել էր փորումը պրպըտալ և ուրախացնել մորը։ Մարիամի քաղցր վարմունքն ու հարաբերությունը բավական կակղացրել էր Շամիրին, և նա սկսել էր մեղմացնել իր կասկածները, բայց այժմ, երբ լսեց նրա գիշերային հարաբերությունը Արզումանի հետ, նրա քաղցր վարմունքը բոլորովին ուրիշ կերպարանք ստացավ իր աչքում։

«Օ՜... ես հիմի ամեն բան իմացա։ Իմ կնիկը ինձ ատեց, ուրիշին ձեռք բերավ, բայց այդ բանն ինձանից ծածկելու համար, երևի սիրողի խորհրդով սկսեց սեր ցույց տալով՝ ինձ քնացնել։ Ես էլ ասում եմ, հիմա բախտավոր եմ, կնիկս ինձ շատ է սիրում, վաղը մյուս օրը զավակի տեր կդառնամ, նա ինձ «հայր» կասի, ես էլ նրան իմ որդիս կհամարեմ․․․ Ախմա՜խ, ախմա՜խ Շամիր, մի անուն ունեիր խալխի մեջ, էլ ուրիշ ոչինչ. էլ այսուհետև ինչո՞ւ համար ես ապրում, երբ որ էդ անունը ցեխի մեջ ընկավ»։ Այսպես ինքն իրան փընթփընթալով՝ բավական հեռացավ Շամիրը և անհայտացավ անտառի խորքումը։

Ամբողջ երեք օր չերևաց Շամիրը։ Մարիամը կարծում էր, թե կամ արան կլինի գնացած, կամ որսի, այս պատճառով մի առանձին կասկած և մտատանջություն չուներ այդ մասին։ Արզումանը օգուտ քաղելով անտառի խտությունից, ամեն գիշեր գալիս էր նշանակած տեղը, ուր տեսնում էր նրան Մարիամը և Հերիքնազի առողջության մասին տեղեկություն հաղորդում։


Է

Մի ամպոտ և մութ երեկո էր։ Մարիամը կովերը կթելուց հետո երկու փափուկ հաց, մի քանի կտոր պանիր մի աղլուխի մեջ կապեց ու ճանապարհ ընկավ դեպի Ջուխտակ աճարքին։ Ճանապարհին նրա դեմը ելավ Շամիրը։ Մարիամը մարդուն տեսավ թե չէ՝ տեղն ու տեղը մեխվեց։

— Ո՞ւր, աոաջ բարի,— հարցրեց Շամիրը հեգնելով։

Մարիամն այնպես շփոթվեց, որ ոչ մի պատճառ չկարաց հնարել, իսկ ճշմարիտն է, վախեցավ խոստովանել․

— Քեզ եմ հարցնում, ա՛յ կնիկ, ո՞ւր ես գնում էս կես գիշերին քոլեքոլ ընկած,— պնդեց Շամիրը սպառնողական ձայնով։

Պատասխան չկա։

— Սիրողիդ մոտ ես գնում, էնպես չի՞, արի՛, ես քեզ կտանեմ նրա մոտ։— Այս ասելով՝ Մարիամի ձեռքից բռնեց և քաշ տալով՝ տարավ անտառի խորքը։ Մարիամն ամոթուց աղաղակ չբարձրացրեց, որ մարդ չիմանա, բայց ընկավ Շամիրի ոտները և սկսեց աղի արտասուքով թաց անել։

— Դու ուրիշ բան մի՛ մտածիր, Շամիր ջան, ա՛ստված, երկինք, ծով, ցա՛մաք, ես անմեղ եմ։

— Տեսնում եմ, տեսնում, ա՛յ լիրբ, աներես, ես քոռ չեմ, դու որ անմեղ ես, էլ ո՞վ է մեղավորը։ Կես գիշերին Արզումանի հետ ի՞նչ գործ ունեիր դու, ո՞ւր ես գնում հիմի, ո՞ւմ համար ես տանում էդ աղլուխը, ա՛սա։

— Աստված, երկինք, Շամիր ջան, ես անմեղ եմ, ի՛նչ որ լսել ես, հետո կիմանաս դրա պատճառը. հիմի ինձ հավատա, աստծուն հավատա, ես անմեղ եմ։

Մարիամը կարծում էր, թե իր երդումով մարդի մտքի մեջ մի երկմտություն կձգի, ժամանակ կվաստակի արդարանալու համար և մահից կազատվի. բայց անգութ Շամիրի հոգին սևացել էր, խիղճը քարացել, աչքերն արնով լցվել, ջանը դող ընկել, ականջները խլացել. նա Մարիամին այս րոպեիս համարում էր իր որսերից մինը, որի քամակին օրերով ման է գալիս և տեսնելուն պես՝ գետին տապալում հրացանի գնդակով։ Մարիամը, որ նրա ոտներն ընկած, աղիողորմ արտասուք էր թափում, և ամեն սուրբի, ամեն խաչի և Ավետարանի անունով երդվում, մեկ էլ լսեց հանկարծ.— «հոգիդ տո՛ւր, ղանջըղ...»։ Մարիամն սկսեց երեսը խաչակնքել ինչպես անմեղ նահատակ և աչքերը դեպի երկինք ձգել, բայց դեռ խաչի նշանը ամբողջությամբ չէր դրոշմել կրծքին, հանկարծ կծկվեց Շամիրի ոտքի տակին: Եղեռնագործը մի աքացիով անշնչացրեց այն անմեղ, այն միամիտ, այն սուրբ Մարիամին, որ իր կյանքի մեջ ամուսնական ուխտի դեմ մի ցնորք անգամ իր մտքից չէր անցկացրել:

Խե՜ղճ կանայք, արդյոք զգում ե՞ք դուք ձեր գերությունը, ձեր ստրկությունը: Իհարկե, ո՛չ: Կարծում եք թե այդ է ձեր վիճակն ու ճակատագիրը, որ դուք պիտի գառը լինիք, իսկ ձեր մարդիկը՝ գայլ։ Մարդիկն էլ կարծում են, որ իրավունք ունեն ձեր կյանքի վրա, մոռանալով՝ որ ինչպես կյանք տալ կարելի չէ, և ոչ առնել կարելի է:

Եղեռնագործը տեսավ որ իր զոհի շնչառությունը այլևս չի լսվում, մի ժամի չափ մնաց քարացած: Հետո չարագործությունը ծածկելու համար, իր հայրենավանդ բարբարոսական հնարքը գործ դրավ: Արձակեց անմեղ նահատակի գոտին և սնուր շինելով գցեց շլինքը և կախնց մի ծառի ճղնից, որ այնպես կարծվի, թե ինքն իրան է կախել...


Ը

Շամիրն իր չարագործությունից հետո վերադարձավ դագեքը: Հարբած մարդու պես այս և այն կողմն էր ընկնում, ճանապարհը կորցնում. կես գիշերին ազիվ կարողացավ տեղ հասնել։

Հերիքնազը թեև պառկած էր, բայց անհամբեր սպասում էր Մարիամի վերադարձին և սաստիկ վարանման մեջ էր նրա ուշանալու համար:

— Ախչի՛, ո՞ւր է քույրդ,— հարցրեց Շամիրը Հերիքնազին:

— Չգիտեմ, դուրսը կլինի, հիմի կգա՛։

Մի ժամի չափ անցավ սրա վրա, Մարիամը չերևաց:

— Ախչի՛, ո՞ւր է քույրդ,— կրկնեց Շամիրը բարկությամբ:

— Ես ի՞նչ գիտեմ ո՞ւր է,— ասաց Հերիքնազը նույնպես բարկանալով, և իսկույն վեր կացավ տեղից՝ կարծես մի չարագուշակ ազդմունքից դրդվելով:

Շամիրն սկսեց հարևաններին զարթեցնել, իմաց տալով՝ որ Մարիամը կորել է, ման են գալիս, չեն գտնում:

Հարևանները զարթնեցին և ամենքն էլ սկսեցին այս ու այն կողմն ընկնել, կանչել, բղավել անունը տալով՝ բայց ոչ մի տեղից ձայն չլսվեց։ Հերիքնազն այնքան ուժ չուներ, որ կանչեր, բայց ամենից լավ նա էր իմանում, թե ո՛ր կողմը կլինի գնացած, և այնպես էլ գնաց, բայց սաստիկ մութը լինելով՝ ոչինչ չէր տեսնում։

Շատ փնտրեց, ոչինչ չգտավ, և սաստիկ հոգնելով, մեկ տեղ վայր ընկավ թուլացած, տխուր և տրտում։ Չէր իմանում, թե ինչպես մեկնե Մարիամի այս անակնկալ անհայտանալը։ Այսպես հուսահատ դրության մեջ, հանկարծ մի ոտքի ձայն լսեց։

— Էդ ո՞վ ես, Մարիամ, դու ե՞ս,— լալով կանչեց Հերիքնազը։

Արզումանն էր նույն տեղը պտտվողը։ Սա լսելով Հերիքնազի ձայնը, իսկույն մոտեցավ և հարցրեց․

— Ախչի՛, ի՞նչ ես շինում էստեղ։

— Ա՜խ, Արզուման, դու ե՞ս։ Մեր Մարիամը կորել է, ման ենք գալիս, չենք գտնում, դու չե՞ս տեսել. նա կարծեմ քեզ մոտ պիտի գար, թեպետ ինձ ոչինչ չասաց։

— Ի՞նչ ես ասում, ո՞ւր է կորել․ նա երեխա հո չի։ Ես նորան էի մնում էստեղ, շատ սպասեցի, չերևաց. իմ քունս էլ տարավ, նոր զարթեցի, ուզում էի գալ ձեզ մոտ։ Չի կորչիլ, մի՛ վախիր։ Դու ի՞նչպես ես, դո՛ւ. լավացել ե՞ս, թե չէ։

— Ե՞ս, ես լավ եմ... ա՜խ, կռնիցս բռնիր վեր կենամ, շատ եմ բեզարել։ Ով գիտե՝ քեզ նման նրա քունն էլ է տարել, հիմի լուսը կբացվի, կերևա չեմ կարում ձեն տամ, էլ ջան չկա։

— Հերիքնազ ջան, դու հիվանդ ես, ինձ խաբում ես, թե՝ լավ եմ։

— Ա՜խ չէ՛, չէ՛, ես լավ եմ, կլավանամ, հավատա՛․․․ Նստենք էստեղ։ Ես չեմ կարում ման գալ։ Իմանում ե՞ս, խոսելու ձեն է գալիս. դիփ էլ Մարիամին են ման գալիս։ Գնա՛, գնա՛, քեզ չտեսնեն։ Տուր ձեռքդ. ինձ համար դարդ չանես, Արզուման ջան։— Այս ասելով Հերիքնազը համբուրեց Արզումանի ձեռքը։

Արզումանն այնպես շփոթվեց, որ չիմացավ ի՛նչ խոսի։ Մնաց ապուշ կանգնած ինչպես փետացած, մինչև բավական մոտեցան խոսողները, երբ Հերիքնազի ստիպելովը հազիվ կարողացավ անջատվել նրանից և հեռանալ։
Թ

Երբ որ հարևաններն այս ու այն կողմ տարածվեցին, Շամիրն էլ գնաց իբր թե նույնպես փնտրելու։ Սրա հետ գնաց և մեզ ծանոթ Խաչատուրը։

— Ախպե՛ր, շատ բան էինք լսել, բայց կնկա կորչիլ չէինք լսել, յարաբ ո՞ւր պիտի լինի գնացած,— ասաց Խաչատուրը։

— Խաչատուր, մի կնիկ, որ մտքումը ծուռ բան դնի, ոտքը թեթևացնի, ուր ասես՝ կկորչի։

— Ինչի՞ ես էդպես ասում, Շամի՛ր. դու քու կնկանը չե՞ս հավատում։ Նա որ ծուռ մտքանի կնիկ լիներ, քեզանից առաջ մենք կիմանայինք, էդպես բանը կնկա մարդն էնպես շուտ չի կարող իմանալ, ինչպես ուրիշները կիմանան։

— Ուրիշները մի՞թե չեն խոսում իմ կնկա վրա։ Էն օրը դու չլսեցի՞ր, որ ասում էին՝ կես գիշերին տեսել են Արզումանի կշտին... Ես էլի շատ բան եմ ինքս իմ աչքովս տեսել. ես հաստատ գիտեմ, որ նա վատ բանի է։

— Շամիր, էն օրը ես էլ լսեցի, ինչ որ ասացին. ես էլի շատ բան լսեցի, բայց դու չմնացիր, որ ինքդ էլ լսես. սատանեն սիրտդ կրակ գցեց, վեր կացար, որ գնաս հանգցնես։ Դե հիմի ինձ լսիր, տես քեզ ի՛նչ եմ ասում։ Ես վաղուց մտքումս դրել էի, որ քեզ հետ խոսեմ, բայց ոչ մի անգամ հանդումը չեկավ։ Հիմի լավ պատահեցանք, պետք է իմաց տամ քեզ ամեն բան։ Խային մարդու աչքը քոռ կլինի, Շամիր, դու շատ բան ես վարավուրդ արել, բայց դիփ էլ ծուռ ես հասկացել։ Հիմի ինձ ականջ դիր, տես սուտ եմ ասում թե ըղորդ։ Արզումանը քանի որ էդ փորձանքին չէր հանդիպել, մտքումը դրել էր, որ գա քեզ խնդրի, որ Հերիքնազին իրան տաս։ Հերիքնազն ու Արզումանը սիրում են մեկ մեկու, էդ սաղ աշխարհքին հայտնի է։ Մի գիշեր դու քաղաք գնացած ժամանակդ՝ նա իմ կշտիցս գնաց ձեր տուն։ Գնացել էր Մարիամից ու Հերիքնազից խոսք առել, էքսի օրը պիտի օրինավոր նշան ուղարկեր քեզ մոտ. նշանն էլ հազրել էր․ էդ փորձանքը որ պատահեց, ամեն բան խափանվեց։ Հիմի Մարիամն, ինչպես ասի քեզ, խոսք է տվել, առանց քեզ տուն է թողել։ Նա ի՞նչ գիտեր, թե բանն էսպես կգա։ Դու քոռ հո չե՞ս, չե՞ս տեսնում, որ Հերիքնազը մարդի չի գնում։ Ինչի՞ չի գնում, կարո՞ղ ես ասել։ Նրա համար չի գնում, որ Արզումանից ձեռք չի ուզում վերցնել․ ասում է՝ «ուր որ նա կլինի, ես էլ էնտեղ կլինիմ»։ Հենց լավն էլ էն է, որ դու զուր տեղը վատամարդի չդառնաս, հենց քու ձեռքովը վերցնես տաս իրան, թող ուր ուզում է տանի, քան թե պիտի քեզանից թաքուն փախցնի։ Արզումանը հիմի էստեղերանք որ պտտվում է, Հերիքնազի համար է պտտվում, բայց դու էնպես ես կարծում, թե քու կնկա համար է։ Դու քու կնկանը լավ չես ճանաչում, Շամիր, նրա պատիվը չես իմանում, նրա լավությունը չես տեսնում։ Ո՞վ կա մեր գեղումը դրա պես հալալ ծծկեր, դրա պես ամոթով, աբուռով, դրա պես սուրբ սրտի տեր, դրա պես անմեղ, անարատ։

Խաչատուրը չէր նկատում, որ իր խոսքերը մի-մի նետի պես ցցվում էին Շամիրի սրտումը, որովհետև չգիտեր, որ բանը բանից անց է կացել։ Շամիրի լեզուն կապվել էր՝ չէր կարողանում խոսել, մտքումն էր ասում միայն, թե՝ անիրա՛վ, էդ որ գիտեիր, ինչի՞ վաղ չէիր ասում ինձ։ Նրա ոտները թուլացել էին, քիչ էր մնում վայր ընկնի։ Մի կերպ Խաչատուրի հետևից քաշ գալով՝ առաջ գնացին և ի՞նչ տեսնեն հանկարծ․․․ Երկու քույր, մինը կախված, մյուսը նրա ոտների տակ անշնչացած...

Երբ որ Արզումանը հեռացավ, Հերիքնազը զոռով վեր կացավ տեղիցը և սկսեց այս ու այն կողմ թափառել։ Լուսն ու մութը սկսեցին իրարից բաժանվիլ թե չէ՝ Հերիքնազի աչքումը մի բան երևաց, մինչև նրա խելքն այս մասին մի հաշիվ կտար, ահն ու կսկիծը իրար խառնվելով՝ կայծակնահար արին նրան։ Հերիքնազը տեղն ու տեղը վայր ընկավ, այլևս չկարողացավ գգվել իր միակ սիրելի քրոջ սուրբ մարմինը։


Ժ

Շամիրը, անխելք ու անտաշ Շամիրը, երբ որ լուսով տեսավ իր գիշերային եղեռնագործության պատկերը, երբ որ բացվեց նրա մտքի ու խղճի աչքը, երբ տեսավ որ կրկնապատկել է իր չարագործությունը — ինքը մեկին սպանել, բայց այստեղ երկուսն են ընկած,— մի սարսափելի, մի կատաղի գոռում գոչում բարձրացրեց, գլուխը ծառերին զարկեց, ամբողջ մարմնով գետնե-գետին զարկվեց այսահարվածի նման։ Նրա աչքերումն արտասուք չկար, գլխի մազերը գջլտում էր և կարծես ցավի զգացումը կորցրել էր։ Մարդիկ ժողովվեցին շուտով և ուզեցին նրան կապոտել, որ ինքնասպանություն չգործե, բայց նա իրան բռնել ուզողների ձեռները կծոտեց, դուրս փախավ ինչպես մի վայրենի գազան և ընկավ ձորերը։ Մարդիկ վազեցին հետևից, բայց հասնել չկարողացան։ Նա մի ահագին քարաժայռից անդունդ գլորվեց, ուր և գտավ իր դժոխքը։ Նրան հենց այդտեղ էլ թաղեցին։

Հերիքնազի և Մարիամի համար «Երկու հոգիս» անվանված կաղնի ծառի տակը փորեցին և երկոքին քույրերին մի գերեզմանում դրին իրանց շորերովը։ Ասողներ եղան, թե հարկավոր է գյուղից քահանա կանչել, բայց ծերերը թույլ չտվին, ասելով — անհաղորդ էլածներին, խեղդվածներին, իրանք իրանց սպանածներին տերտերով չեն թաղիլ։ Սրա համար ոչ մի աղոթք չասվեց նրանց վրա, ոչ մի հոգեհանգիստ չկատարվեց նրանց համար։

Այս անսովոր և սարսափելի դեպքի լուրը շուտով տարածվեց ամենայն տեղ, բայց ո՞ւմ սիրտն այնքան կկսկծար, որքան Արզումանինը։ Արզումանը եկավ աշկարա, օրը ցերեկով, չոքեց նորաթաղ գերեզմանի վրա և իր ուզածի չափ արտասվեց։ Բայց այդ արտասուքը չթեթևացրեց նրա սրտի կսկիծը։ Նա զգում էր, որ իր պատճառով են զոհվել այս անմեղ գառնուկները, և այդ զգացումը նրան մղում էր, որ ետ չմնա իր սիրելիներից, շուտով հասնի Հերիքնազի հետևից և հոգով միանա նրա հետ։ Եվ այդպես էլ արավ։ Ինքն իրեն սպանող երիտասարդը, որի մասին պատմեցինք առաջին գլխումը, այս Արզումանն էր։ Նա եկավ Շամշուլդա գյուղի քահանային խնդրեց, որ երթա այն անմեղ զոհերի գերեզմանի վրա թաղման կարգ կատարե, և իրեն էլ հաղորդե։ Քահանան հանձնառու չեղավ, ասելով, որ նրանք իր ժողովուրդը չեն. իրեն էլ չհաղորդեց, պատվիրելով որ գնա իր քահանայիցը հաղորդվի, բայց երբ հրացանի ձայնի վրա գյուղացիք հավաքվեցին և Արզումանին մերձիմահ գտան, քահանան էլ իսկույն եկավ և հաղորդեց։ Գյուղացիք լավ էին ճանաչում Արզումանին, ամենքն էլ ցավելով հարցնում էին, թե ի՞նչն ստիպեց քեզ այդպես հուսահատվել։

— Ո՜հ, թողեք ինձ հանգիստ, աստված սիրեք, իմ ցավն ինձ բավական է։ Աշխարհիս մարդիկը շատ անգութ են․ միայն մեռնելուց հետո են ափսոսում մարդու։— Ասաց Արզումանը և անմահ հոգին ուղարկեց անմահին։

Շամշուլդեցիք մի սայլի մեջ դրին Արզումանի մարմինը և տարան իր պապական գերեզմանատունը։

1872


  1. Ղզոթի, աղզոթի — հրացանի կայծքարի մոտի նեղ անցքն է, ուր լցնում են վառոդով, հրացանը լցնելուց հետո, այդ աղզոթու վառոդը կայծից բռնկվելով, տրաքացնում է հրացանը։
  2. Բուդալա - անտուն, անտեղ, միայնակ, սալթ։