Նվեր Սիմիոն Ամբարդանյանին
Մեզնից շա՛տ առաջ կար մի թագավոր,
Հոգվով դեռ արի, գլխով ալևոր,
Մեծ ծով էր պատել նորա աշխարհը,
Ոսկի ասացին գիտունք այն դարը։
Ուներ նա երկու մատաղհաս աղջիկ,
Մինը խիստ տգեղ, մյուսը` գեղեցիկ։
Մի օր տգեղը ասաց մյուսին.
«Երթանք ծովի ափ, քույրի՛կ, միասին»։
Սիրունը գնաց առաջից տրտում,
Տըգեղը հետնից ոխ պահած սրտում,
Հազիվ թե ծովի ափին էր հասած,
Իր սիրուն քըրոջ գըլորեց նա ցած։
Կանչեց կիսամեռ սիրունը ջրից.
«Քուրի՛կ իմ, քուրի՛կ, փրկե ինձ մահից.
Ես ունիմ տանը գեղեցիկ մանյակ,
Ա՛ռ, էն քե՛զ լինի, պարգևե ինձ կյանք»...
-Էն առանց քեզ էլ կարող եմ ստանալ,
Ինձնից փրկություն դու բնավ մի՛ հուսալ։-
«Քուրի՛կ, թե այդ էլ քեզ չէ բավական,
Կուտամ քեզ ոսկի պըսակ պատվական»։
-Էն առանց քեզ էլ կարող եմ ստանալ,
Ինձնից փրկություն դու բնավ մի հուսալ։
«Քուրի՛կ, մի թողնիլ դու ինձ անտերունչ,
|
|
Քեզ սիրուն փեսաս կուտամ անտրտունջ»:
Տըգեղի սիրտը դարձել էր ժեռ քար,
Քըրոջ խնդիրքը թողեց անկատար։
Ձկնորսը ծովը ձգեց մեծ ուռկան,
Քըռնեց մարմինը սիրուն աղջըկան...
Ջըրիցը հանեց, դըրեց ափի մոտ,
Շատ ծաղիկ ցանեց վըրան ու շատ խոտ։
Մի աշուղ անցավ, տեսավ աղջըկան,
Լացեց ու առավ, դըրեց ուսի վրան,
Տարավ իրա տուն այդ անգին գյուտը,
Չորացուց նորա մարմնու դիփ հյութը։
Գեղեցիկ տավիղ շինեց ոսկերից,
Քաղցրաձայն լարեր հյուսեց մազերից.
Երբ որ ամեն բան պատրաստեց կարգին,
Գընաց արքունիք տավիղը ձեռքին։
Երբ մտավ դահլիճ շրքեղ զարդարած,
Տեսավ տըգեղին փեսի մոտ կայնած.
Բացեց բերանը, լարերին խփեց,
Հյուրերի առջև քաղցրաձայն երգեց.
«Հընչե՛, իմ տավի՛ղ, հնչե՛, համարձակ,
Հարազատ քույրըս խըլեց իմ պսակ.
Լըսե՛, իմ ծնո՛ղ, լըսե՛, սիրակա՛ն,
Հարազատ քույրս խլեց իմ փեսան.
Լըսե՛, ժողովո՛ւրդ, լըսե՛ անխըռով,
Հարազատ քույրըս գըլորեց ինձ ծով»։
Մյուս օր դահիճքը խարույկ շինեցին,
Մահապարտ քըրոջ մեջը գլորեցին.
Հուրը պըլպըլաց, աղջիկը կանչեց.
«Իմ մեղաց համար աստված ինձ պատժեց»։
|
|
|
|