Երկրի բողոքը

Երկրի բողոքը


Զուլումն իջավ՝ հորս տունը կործանեց,
Զալումն ելավ՝ սրտիս իղձը խափանեց,
Հրդեհն ընկավ լափեց կարմիր վարդերս,
Հեղեղն եկավ քշեց անգին զարդերս:

Նարգիզ, շուշան զառամ-թառամ խոնացան,
Ալվան հավքեր թռան եղան ցիրուցան,
Բաղ ու բախչես ավեր ու խոպան մնաց,
Դառը դատա, դառ քրտինքս զուր գնաց:

Օրով- զորով էսպես զուլում չի եղել,
Մարդկանց արնով սարեր, քարեր ողողել.
Հարամ-զարամ եղավ կյանքը, հացն ու ջուր,
Անտեր որբեր դառանք, ընկանք դռնեդուռ:

Աքան-ցաքան բլբուլ ու վարդ, էն ղշեր,
Թռան, թողին իրանց տեղակ սուր փշեր...
Հազար ընտրեմ, հազար փնտրեմ՝ յար չկա,
Կոտրած սրտին կրկին բուժող ճար չկա:

1918