Երջանիկ հուշեր

ԵՐՋԱՆԻԿ ՀՈԻՇԵՐ



Ցավերուս մեջ, որ հաճախ զիս են պատեր,

Երբեմն անուշ հիշատակներ ալ ունիմ,

Ինչպես մութին մեջ փայլփլող լույս կետեր,

Որ խավարը ծակող աչքեր կը թվին:

Մերթ, երբ սիրտս տխուր կ՚ըլլա ու մինակ,

Արևին տակ բընության գոգը շրջիմ,

Երջանիկ հուշ մը կը պատե զիս համակ,

Արբշռանքով կը տարվիմ ե՛տ, անցյալին:

Ու կը գտնեմ ես զիս նորեն դեռատի,

Սիրտըս հույսով, աչքըս լեցուն ժպիտով,

Զբաղելով բաներու հետ սընոտի,

Երթալով հոն, ուր քշե զիս բաղդին հով:

Գիշերներ վառարանին դեմ պառկած,

Գորգին վրա, դիտելով բոցը կրակին,

Այրող փայտին ճարճատյունով օրորված,

Երազներս երջանկորեն կը վառին:

Ու մինչ հույզեր տրտում սիրտըս կուռեցնեն,

Վերհուշովը երջանիկ օրերուն,

Հանկարծ նորեն կը գտնեմ զիս ինչ-որ եմ,

Հիշատակներս ալ կը փախչին ա՛լ հեռուն:

Ու ակնարկըս նորեն կ՛ուղղեմ դեպի ետ,

Ճամփորդին պես, որ կը նայի այն ճամփան`

Ուրկե անդարձ անցավ և ուր` առհավե՜տ

Տեսարաններ պիտի թողու սիրական: