Զարմայր[1] Նահապետի մահը

Ռափայել Պատկանյան


Զարմայր Նահապետի մահը


Ամպը եկավ ծածկեց սարերն ու ձորեր,
Չէր տեսնվիլ պատերազմի դաշտերը,
Մեգ մառախուղ կիջներ Իդա[2] լեռներեն,
Գիշերային մութը պատեց դիերը։
Հյուսիսային հողմը փչեց սաստկագին,
Հազարամյա կաղնին շարժեց, դողացուց,
Ամպի միջեն փայլատակեց փայլակը,
Ակոսի պես պատռեց խավար երկինքը։
Դիակներու հըռնդյունը չէր լսվիր,
Քամին հեռու կտաներ սաստիկ փչելով,
Ամպի գոռալն կդղըրդեր երկիրը,
Մրրիկ, կայծակ խառնակված էր օդումը:
Հեռվանց կու գայր լաց ու սգո ձայները,
Տրոյացվոց և կամ հունաց բանակին,
Ամենեքյան յուրյանց մեռելն կպտռեն,
Այն չար օրը շատ կոտորվածք էր եղել։
Ճրագներով, լապտերներով կու պտռեն,
Մարդոց, որդվոց մարմինները կանայքը,
Ոմանք շալկած կըտանեին մեռելը,
Որն որ առաջ կու գտնեին արյան մեջ։
Ով ուներ տեր կու գտնվեր դիակը,
Դագաղներով կըտանեին այրելու,
Մայրը, քույրը, կինը, դուստրը միասին,
Յուր մեռելի կու տան վերջին պատիվը։

Ամպերու մեջ չկան աստղեր, խավար է,
Սև քող պատյալ սգավոր է երկինքը,
Քամին փչեց լապտերներուն` մթնացավ,
Պատերազմի տեղը բռնեց լռություն։
Բայց հեռուեն այն ի՞նչ լույս որ կերևի,
Իդա սարի կողմեն մեկ լույս կըփայլե,
Լույսն անդադար շարժման մեջ է քամիեն,
Այլ կվառվի և չորս կողմը լույս կու տա։
Սարի տակը կու երևի մեկ ճրագ,
Որ լապտերով կախված էր այն կաղնիեն։
Արդյոք ո՞վ կա այն մութ գիշեր այն տեղը,
Երևի որ պտռող չունի, անտեր է։
Կաղնվո տակը փռած էր մեկ լայն մորթի,
Կամ առյուծի էր այն, ընձու, կամ վագեր,
Վրեն պառկած էր կարեվեր[3] քաջ զինվոր,
Մահու քրտինք տվել էր բոլոր մարմինը։
Երկու ձեռքով բռնել էր յուր մեկ կողքը,
Կամենում էր յուր արյունը դադարեցնել․․․
Միտքը բերեց յուր սիրելի Հայաստան։
Հոգվոց հանեց ցաված սրտի խոր տեղեն։
Միտքը բերեց յուր կարոտյալ հայրենին,
Նորոգվեցան յուր խոցերու ցավերը,
Արյունը հորդ բխեց խոր-խոր խոցերեն,
Այլ չմնաց այնուհետև կենաց հույս։

Վեր նայեցավ, տեսավ լուսով լապտերի՝
Ծառի ճյուղքեն կախված էր յուր աղեղը,
Կապարճը լի նետյուք ընկած գետինը,
Սուրը մոտն էր, բայց անպիտան` յուր տիրոջ։
Մոտը կանգնած էր միայն յուր երիվայր,
Շուտ-շուտ շնչով խըրխնջալով կըփչեր,
Ոտքով հողը փորփըրելով վեր ու վայր,
Յուր տիրոջը ցավոց կլիներ ցավակից։
Առանց ձայնի, առանց լեզվի, որպես թե
Կասեր տիրոջ հավատարիմ կենդանին.
— Մի՛ պառկիր դու այս մութ, խավար ղաշտումը,
Մի՛ մնար դու այս կաղնու տակ այս գիշեր։
Վե՛ր կաց, հեծիր շուտ իմ վրեն, ի՛մ իշխան,
Ես կըտանեմ քեզ քո երկիր հայրենի,
Ես չորս ոտքըս կըտարածեմ գետինը,
Կըցածացնեմ մեջքս, որ դու հեշտ նստիս։
Ես բերնովս կըբռնեմ քո թևիցը,
Կըբարձրացնեմ, կըլինիմ քեզ օգնական,
Մի՛ մնար այս օտար, հեռի երկրումը,
Երթա՛նք հասնինք քո հայրենին՝ Հայաստան։

Ա՜խ քաշեց այն սաստիկ խոցված Զարմայրը,
Հուր բոց բխեց խորոց հոգվույն և սրտին,
Վազեց արյուն լայնաբերան խոր խոցեն,
Խավար մահու պատեց աչքին և սրտին։
Ասաց` «Արի՛, իմ քաջ ընկեր մտերիմ,
Արի՛, ազնիվ իմ երիվար, իմ նըժույգ,
Ես չեմ կարող մյուս անգամ քեզ հեծնել,
Թամքիդ վերա առաջվա պես այլ նստել։
Ասպանդակիդ այլ չեմ կարող ոտ դնել,
Եվ ոչ ձեռքով սանձդ բռնել մետաքսյա.
Այլ չեմ կարող քեզ հետ շրջիլ սար ու ձոր,
Պիտի մնամ կարոտ կանանչ դաշտերուն։
Քանի՞ անգամ մենք պատերազմ ենք տեսած,
Քեզ հետ մտել, քեզ հետ ողջմամբ դուրս եկած,
Ինձ շատ անգամ ծառայել ես մտերիմ,
Մեկ անգամ ևս կատարյա՛ իմ պաշտոնը,
Մեկ մոտ արի՛, ա՛ռ իմ հետին ողջույնը,
Սանձդ առնում այդ աներկյուղ քո գլխեն,
Մեկ համբուրեմ արտասվալից աչքերըդ,
Իմ ողջույնս տա՛ր հայրենի մեր երկիր։
Գնա՛, դարձի՛ր, շուտով հասի՛ր Հայաստան,
Որուն կարոտ պիտի մընամ այս տեղը․
Գընա մեր տուն, Արմավիրին տա՛ր համբավ,
Որ չըսպասե յուր իշխանի դառնալույն։
Որդվույս տեսնես ասա՛` չունիս այլ դու հայր,
Հայաստանն է այսուհետև քո ծնող,
Ասա՛` հայոց ձեր նահապետ Զարմայրը
Գետին դրեց յուր երկսայրի սուսերը։
Ասա՛` հայոց ձեր նահապետ Զարմայրը
Ձեռին չունի ահեղ գեղարդ և վահան,
Ասա՛` հայոց ձեր նահապետ Զարմայրը,
Այլ չէ կարող հըրաման տալ յուր զորաց։
Ասա՛` հայոց ձեր նահապետ Զարմայրը,
Չէ առաջնորդ քառսուն հազար բանակի.
Քաջ հայերը ցիրցան եղան դաշտի մեջ,
Ոչ ոք տեսավ յուր իշխանի մեռնելը։
Բայց երբ տեսնես դու նորահարս սևորած,
Որ գրկի մեջ մեկ հատ տղա ունենա,
Որ աչքերեն թափում լինի արտասուք,
Ու դաշտի մեջ պտռում լինի գերեզման,
Ու իմ անունս հիշում լինի անդադար,
Ու երեխին ասում լինի մշտապես,
Թե դու որբ ես ու հայր չունիս աշխարհի,
Այսուհետև քեզ չի ճանչընար Հայաստան.
Այսուհետև դու մի՛ տեսնիր Արմավիր,
Այսուհետև մի՛ հիշիր դու այն օրը,
Որ քեզ իշխան ազգի կոչեց Հայաստան,—
Իմացի՛ր, որ նա իմ կինն է խղճալի։
Մենակ նըրան մի՛ պատմիր դու իմ մահը,
Նա չէ կարող լսել այդ սև համբավը։
Թող չկաթե նորա աչքեն արտասուք,
Թող թաց չանե նա արտասվոք սև հողը։
Նըրան ասա՛, իմ սիրական սիպտակ ձի,
Թե քո մարդը օտար երկիր հեռավոր,
Ա՛յլ գեղեցիկ աղջըկան հետ պըսակվեց,
Քեզ մոռացավ, ո՛չ հիշեց քո անունը։
Ասա՛ նըրան, իմ սիրական սիպտակ ձի,
Թե քո մարդը Իդա սարի տակումը,
Նըշանածին առավ գիրկը պառկեցավ,
Աչքը խըփեց, քաղցր քնով քնեցավ։
Ասա՛ նըրան, իմ սիրական սիպտակ ձի,
Թե քո մարդը փեսայի պես պառկեցավ,
Հարսանիքն էր Իդա լերին հովտաց մեջ,
Հարսնարանը դիակներով զարդարած,
Առագաստն[4] էր երկնից կապույտ կամարը,
Ճրագները` հրեղեն փայլակ և կայծակ,
Անկողինն էր սառն ու խավար գեջ[5] հողը,
Նվագարան` ամպոց ահեղ գոռալը։
Մատանին էր լայնաբերան գեղարդը[6],
Հարսնացուն էր անհաղթելին Աքիլլես[7],
Փեսավերն[8] էր հին բարեկամ Մեմնոնը[9],
Եվ հարսնաքույր` Պանթազեղե Ամազոն[10]։
Իմ զարդարանք եղավ կարմիր արյունը,
Ողջագուրանք` դիոց մահու հըռընդյուն,
Նշանվեցա սուր սլաքոք նետերու,
Պսակվեցա պողովատիկ սուսերով»։




Տողատակեր

  1. Զարմայր- ավանդական հայ նահապետ․ ըստ Մ․ Խորենացու, Ասորեստանի Տևտամոս թագավորի հպատակ Զ-ը նրա հորդորանքով հայկ․ և եթովպական զորքերն առաջնորդել է Տրովադայի (Տրոյա) կամ Իլիական պատերազմում հելլենների դեմ
  2. Իդա- Տրոյայի մոտ գտնվող լեռնաշղթա
  3. կարեվեր- ծանր վերքեր ստացած
  4. առագաստ- այստեղ՝ փխբ․ ամուսինների ննջարան՝ մահճակալ
  5. գեջ- թաց, խոնավ
  6. գեղարդ- փայտե կոթով զենք, որի ծայրին ամրացված էր տափակ կամ եռանիստ երկաթյա տեգ
  7. Աքիլլես- տրոյական պատերազմի հերոս
  8. փեսավեր- փեսայի մտերիմ ընկերը հարսանիքի ժամանակ
  9. Մեմնոն― հետհոմերոսյան առասպելներում Տրոյական պատերազմի հերոսներից մեկը՝ եթովպացիների թագավորը
  10. Պանթազեղե Ամազոն- ամազոնուհիների թագուհի․ Տրոյական պատերազմի ժամանակ օգնության է եկել տրոյացիներին և սպանվել Աքիլլեսի կողմից (մի այլ տարբերակ՝ Աքիլլեսը գերի է վերցրել Պ-ին և ամուսնացել նրա հետ)