Զէյթունցիներ
Հրապարակվում է ըստ «Հայ ժողովրդական ռազմի և զինվորի երգեր» ժողովածուի (Եր., 1989) ծանոթագրություններում տեղ գտած բնագրի:

ԶԷՅԹՈՒՆՑԻՆԵՐ


Զինուած պատրաստուած Զէյթունի քաջեր,
Սուրբ ազատութեամբ վառուած անվեհեր,
Վրէժով լցուած առիւծի նման՝
Քաջ-քաջ կռւում էք տաճկի դէմ դաժան:
          Կեցցէք դուք միշտ, զեյթունցի՛ք,
          Որ պիտ փրկէք հայրենիք,
          Դուք Հայաստանի պարծանք,
          Մեր կեանքն էլ ձեզ կը տանք:

Զէյթունի լեռներ արեամբ շաղախուած,
Թշնամիներով են շրջապատուած,
Բայց նորա քաջեր երկիւղ չեն կրում,
Այր ու հին մէկտեղ կռիւ են մղում:

Նոքա միշտ կ'ասեն՝ լաւ է ազատ մահ,
Քան բռնի ապրել աշխարհի վերայ
Եւ ստրուկ լինել անօրէն տաճկին,
Կամ արատ թողնել Հայի անցեալին:

Մանուկն օրոցում աչքերը կապած,
Խնդրում է մօրից` բազուկներս բա՛ց,
Տո՛ւր ինձ հրացան եւ մի սուր դաշոյն,
Ես կ'ուզեմ ծծել կաթի տեղ արիւն:

Երեխան կ'ասէ. ի՞նչ ես կաշկանդել,
Քանդի՛ր ինձ, մայրի՛կ, ես կ'ուզեմ կռուել,
Չեմ ուզում հանգիստ ու այս օրօրոց,
Երբ իմ եղբարքս կ'անեն լաց ու կոծ: