Զինվոր Թոփալյանը
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 159։


ԶԻՆՎՈՐ ԹՈՓԱԼՅԱՆԸ


                              Դաշտային ելքում

Հենց որ կրկին հավաքվում ենք սպաներով մեկտեղ՝
Սպայական վրան է վազում զինվոր Թոփալյանը։

- Ո՞վ է էլի քեֆիդ դիպել, «խելագարի» մեկը...
Ու կախում է գլուխը լուռ՝ զինվոր Թոփալյանը։

Իսկ թե ձայնդ բարձրացրիր՝ սկսում է վայել,
Հետո էլ թե՝ «մե՛ջքս է ցավում»՝ զինվոր Թոփալյանը։

Ո՞վ է վրանը ջուր բերում, վառում վառարանը,
Ե՞ս՝ չէ, դո՞ւ՝ չէ, նա՞՝ չէ, բա ո՞վ՝ զինվոր Թոփալյանը։

Հիշում է իր սեղանիկը ու ա՜խ քաշում մտքում,
Երևանի Ավանից է զինվոր Թոփալյանը։

Երազում է շուտ ավարտել ծառայությունը,
Ու ետ դառնալ նախկին կյանքին՝
                   զինվոր Թոփալյանը։

12.02.95, Գյուլիջա (ԿՊՇ, գործող բանակ)