Զմրուխտ դաշտերի հորիզոններում

Զմրուխտ դաշտերի հորիզոններում

* * *


Զմրուխտ դաշտերի հորիզոններում
Թովիչ իրիկունը տարտամ կերերա.
Փռեց կարապը կապույտ տխրություն
Փիրուզ ու անհույզ ջրերի վրա...
— Իմ կարա՜պ անբիծ,
— Իմ կապո՜ւյտ թախիծ...

Ծաղկունքի բույրով, հովի համբույրով
Գիշերն է սանրում ծով-ծամերն անափ.
Վառին աստղերը մեղմանուշ գորով,
Քաղցր կարոտի անորոշ տագնապ...
— Իմ անհա՜յտ կարոտ,
— Իմ ցնո՜րք ցավոտ...

Շափյուղյա, ալմաստ ամպերում բյուրեղ՝
Արծաթ լուսինն է երազկոտ ժպտում.
Շաղեց աղբյուրը հեքիաթներ շքեղ,
Ամպերն անձրևին երազ-ցանկություն...
— Իմ հեքիաթ-երա՜զ՝
— Դու կա՞ս, թե՞ չկաս...

1910