Զվարթնոց, Գագկաշեն/Գագկաշեն ս․ Գրիգոր եկեղեցին

Գագկաշեն ս․ Գրիգոր եկեղեցին

9.ԳԱԳԿԱՇԵՆ Ս. ԳՐԻԳՈՐ[1]

Եթե քննենք միայն գագկաշեն ս. Գրիգորի պեղումները, կտեսնենք, թե ինչ հետաքրքրական նոր աշխարհ մը կպարզվի մեր աչքին։ Պահ մը կներկայանա մեր առջև հարուստ ու շեն Անին՝ իր մրջյունի նման վխտացող ժողովրդի հոծ բազմությամբ, և անոնց մեջեն զատված բազմաթիվ արհեստավորներ, հավաքված այդ արքայաշեն մեծագործության շուրջը, յուրաքանչյուրը կջանա ցույց տալ իր ճարտարությունն ու հնարամտությունը. ասոնց ամենուն գործերեն ալ նմուշներ պահեր էր սպառող ժամանակը՝ անոր վիթխարի փլատակին ներքև։

Արձանագործը շիներ է Գագիկ Ա-ի արձանը, ըստ ընկալյալ սովորության, եկեղեցիին պատին վրա զետեղելու համար, ձեռքը բռնած իր շինության քարաշեն մանրանկարը։

Այս արձանը, թեև ոչ մեծ արվեստագետի գործ, բայց իր տեսակի մեջ միակը կարելի է համարել ամբողջ Հայաստանի և Կովկասի քրիստոնեական շրջանի մեջ, թե իր մեծությամբ և թե մինչև այժմ տեսնված ողորմելի գծերով մանր-մունր արձաններու հետ բաղդատելով։

Արվեստագետը Գագիկի արձանին վրա ամեն ջանք ի գործ դրած է թե դեմքին և թե հագուստներուն ամենափոքր գծերն իսկ բնականին մոտեցնելու, ահա այդ երևցող ճիգն է, որ տեսնողին վրա մեծ տպավորություն կթողու. մանր դետալներե բոլորովին զուրկ է, բայց ընդհանուր կազմության մեջ ոչ մի անպատշաճ համաչափություն չերևիր վրան. և հակառակ տեղական քարին արձանագործության համար ունեցած անհարմարության՝ բավական մաքուր տաշված և հղկված է։

Մեզ համար բոլորովին անծանոթ է հին հայոց տարազը, թերևս նոր պեղումները տան այդ ցանկալի նորությունը, այս արձանով գոնե ճշտիվ հասկցանք Բագրատունի թագավորներու ոմանց տարազը. հավանական է, որ մյուսներն ալ շատ տարբեր չէին Գագիկի տարազեն, բացի գլխարկի ձևեն։

Արձանին բարձրությունը կհասնի գրեթե 1,20 սմ. գլուխը դրած է Բաղդադի խալիֆայական պատվանշան արքայական սպիտակ չալման. երկար սև մազերը կհասնին գրեթե մինչև ուսերը՝ խուրձ-խուրձ իջած և դեպի վեր ոլորված՝ հին սասանյան ձևով. դեմքը լայն, աչքերը խոշոր, թավ հոնքերով, սև բեղերը ոլորված դեպի վեր, մասամբ խառնված է թավամազ մորուքի հետ՝ որն որ կծածկե կուրծքին կեսեն ավելին։

Կռնակը հագած է արքայական կարմիր գույնով վերարկու մը՝ որուն լայն օձիքը ծալված է ուսերուն վրա. վերարկուին ետևի քղանցքը, ճեղքված մինչև մեջքին մոտ, համաչափորեն եռանկյունաձև դարձած է դուրս՝ պարեգոտին ստորին քղանցքը երևան հանելով։ Կուրծքեն վար ալ միայն մեկ տեղ կոճկված ունի, մյուս տեղերը թողված է ազատ՝ որպեսզի երևա վիզեն կախված խաչը և նմանապես կարմիր գույնով մինչև ոտքերը հասնող պարեգոտը։ Առանց կուրծքը կախված խաչին անկարելի պիտի ըլլար այս քրիստոնյա թագավորը զանազանել մահմեդական վեհապետե մը։

Քանդակագործը, իր ճարտարությամբ ճարտարապետին հսկա գաղափարը պճնազարդելու համար, անխնա թափեր է այնտեղ գեղեցկատեսիլ քանդակներու մի ճոխ այլազանություն։

Եկեղեցիին արտաքին պատը դրսի կողմեն շրջապատող երեսունևվեց կամարները զարդարեր է ոլորուն ցողուններով՝ որոնց վրա քնքույշ կոթերով միացած են արևելյան ոճով վարդաձև ծաղիկներ և համաչափորեն շարված՝ ցողունի ճկումներեն հաջորդաբար գոյացող արձակ տեղերուն վրա։

Սույն կամարները կրող խոյակները քանդակեր է հոնիական ըսված խոյակներու նման, որոնց վրա կարծես ցույց տալ ուզեր է խոյողի ծագման նախնական վիճակեն սկսյալ մինչև կատարյալ վայելչության հասնելուն բոլոր աստիճանական զարգացումները։

Մերթ քանդակեր է խոյակին ճակատը կարգավ, երեքեն մինչև չորս հատ պարզ բոլորակներ մինչև կենտրոնը աստիճանաբար փոքրացող մեջ մեջի շրջանակներով, մերթ այդ բոլորակները իրարու միացուցեր է արտաքին շրջագծի շարունակությունը մեկեն մյուսին անցնելով։ Մի տեղ այդ բոլորակները՝ փոխանակ կլոր շրջանակի, աստիճանաբար դեպի կեդրոն հավաքող ոլորակներու փոխեր է, որոնք կապված են իրարու արտաքին շրջագծով, ուրիշ տեղ մը կամաց-կամաց սկսեր է իսկական խոյողի (volute) ձև տալ՝ խոյակաց երկու եզերքին վրա դնելով երկու ոլորակներ, որոնց արտաքին շրջագծերը վերի կողմեն ուղիղ գծով կմիանան իրարու, երկու ոլորակներու մեջտեղն ալ քանդակեր է կամ ձվիկներ և կամ փոքր գնդիկներու շարք մը։ Վերջապես հասեր է տեղ մը, որ թե խոյողը և թե հոնիական խոյողավոր խոյակի ընդհանուր ձևը վայելչության վերին աստիճանը գտած է։ Այլևս պարզ ոլորակները փոխվեր են ոլորուն մագաղաթի մը՝ կեդրոնական մասը դեպի դուրս քաշված և գլանակի ձևով խոյակի երկու կողմերուն վրա հաստատված, աոջևի կողմեն միայն ցույց տալով ոլորուն ճակատները։ Ինչ որ ավելի գրավիչ է և անծանոթ հունական արվեստին, գլանիկներու մեջքին վրա վայելչորեն փաթաթվող արջմագիլի նրբաքանդակ տերևներն են, որոնք կարծեք կուսական քնքուշ ձեռքեր ըլլային՝ գլանիկները տեղին վրա պինդ բռնելու համար։

Կամարներեն վեր գտնվող, նույնպես թվով երեսունևվեց հատ բոլորակ պատուհաններու լայն շրջանակները քանդակելուն մեջ ցույց տվեր է արվեստագետը իր գրագիտության ճյուղին մեջ ունեցած մեծ հարստությունը։ Յուրաքանչյուր շրջանակ քանդակված է առանձին տեսակ, իսկ երբեմն շրջանակներ մեկե ավելի տեսակներով։ Ոմանց շուրջ հյուսեր է ժապավենյա մանվածոներու պարզ և կամ ճոխ պսակներ, ոմանց վրա մանվածոներու մեջ պատշաճեցուցեր է այսուայն կողմ ներդաշնակորեն գալարվող տերևներ։ Կան տեսակներ, որոնց մեջեն ի բաց վանելով մանվածոները, մերթ զիրար գրկող և մերթ իրարմե համաչափորեն հեռացող ցողուններու և տերևներու սիրուն խառնուրդ մը ձևացուցեր է։ Քանի մը օրինակներու վրա ալ քանդակեր է զանազան վայրի տերևներու հետ խառնված երկրաչափական ձևեր՝ պատշաճ համաչափությամբ դասավորված։

Իբր գլուխգործոց, այս շենքին մեջ քանդակագործը անհամեմատ ճարտարություն ցույց տվեր է եկեղեցիի երեք դռներու բարավորներուն և անոնց վրա կարկառվող քիվերու փորագրության մեջ։

Արևմտյան դուռը, որ ամենեն ճոխագույնն է, ամբողջովին գտնված են բեկորները, սակայն դժբախտաբար հազիվ մեկ–երկու կտորները կարելի եղած է փոխադրել թանգարան, տեղի և ծախքի չգոյության պատճառով, մնացածները կմնան տեղին վրա…

Այս գեղեցիկ դուռը ունի շուրջանակի բարավոր մը, վրան լայն տերևազարդ ճակատ մը և անկե վեր հառաջակարկառ քիվ մը։

Քիվը կներկայացնե ճարտարապետական ուղիղ գծերու հետ խառնված երեք քանդակազարդ լայն ու նեղ ճակատներ։ Այդ ճակատներեն մեկուն մեջ, որ ամենեն լայնն է, քանդակված են կարգավ քառակուսի խոր փոսիկներ, որոնց անկյուններեն կհառաջանան նուրբ դարձվածքով տերևներ և կմոտենան իրարու՝ մեջտեղեն խաչաձև գիծ մը ձևացնելով։ Երկրորդ ճակատին վրա, որ ավելի նեղ է, քանդակված են կարգավ փոքրիկ բոլորակի շրջանակներ և յուրաքանչյուր շրջանակի մեջ փոքրիկ վարդեր և ծաղիկներ։ Այստեղ պետք է տեսնել քանդակագործին զարգացած ճաշակին հետ անոր համառ համբերությունը և արտակարգ սերը դեպի յուր գործը։ Շրջանակներու տրամագիծը հազիվ կհասնի չորս սմ. այդ փոքրության մեջ նա աշխատեր է ցույց տալ ծաղիկներու թերթիկներում ամենեն բարակ երակներն իսկ. տեղ-տեղ փորվածքներն այնքան նուրբ և ճաշակավոր են, որ հազիվ թե ճարտար գծով մը այնքան կարենար շինել թուղթի վրա, ինչ որ այստեղ շիներ է քանդակագործը ավազոտ հրաբխային քարի վրա։ Բարավորին վրա շուրջանակի քանդակված են ուռուցիկ ձվաձևեր՝ որոնց ծայրերու նեղանալեն հառաջ եկած դատարկությունները կլեցնեն տերևազարդ մանրիկ քանդակներ։ Բախտի բերմամբ, բոլորովին անաղարտ մնացած է այս մասը հողին տակ՝ օր մը մեր ալ հիացման արժանանալու համար։ Մարմարիոնի վրա միայն կարելի է տեսնել այսչափ մաքրություն՝ երբ վարժ արհեստավորի ձեռքե ելած է։

Մյուս երկու դռներն ալ, որոնք համեմատաբար ավելի պարզ են, միևնույն արվեստագետի չքնաղ տաղանդին դրոշմը կկրեն։

Դժվար կլլա առայժմ այստեղ ներկայացնել այն ամենը, որոնք պերճախոս վկաներ են մեր անկեղծ հարգանաց արժանի մեծ արվեստագետներու գոյության և պատկերներ ժամանակի ոգվույն։ Այդ մանրամասնությունները թողնելով ուրիշ անգամի, հիմա անհրաժեշտ կհամարեմ քանի մը եկեղեցական սպասներու քննությունը, որոնք գտնվելով Գագիկի եկեղեցիին մեջ, լիովին կհակասեին թե Գագիկի փառասեր ոգվույն և թե անոր կանգնած շենքի մեծափառ շքեղության։

Պեղումներու ժամանակ հաջորդաբար գտնվեր են մեկ մոմակալ, մեկ բուրվառ, մեկ կանթեղ և մեկ պղնձյա ջահ։

Մոմակալը շատ հասարակ շինված, պղնձե և արծաթի ջրով օծված է. տակի կողմը ունի խողովակ մը՝ ձող անցնելու հատուկ, վրան չափավոր մեծությամբ գունդ մը և անոր վրա շինված է մոմ դնելու տեղը։ Գունդին վրա փորագրված է բարակ գծերով զարդարանքներ, որուն ոճը հատուկ է Զաքարյան շրջանի անեցիներու ճաշակին։

Կանթեղը կամ ավելի ճիշտ կանթեղակալը, որուն մեջ կդրվեր ապակյա կամ բյուրեղյա կանթեղը, շինված է բրոնզե. շրթունքներուն վրա ունի երեք ծակված փոքրիկ կոթեր, շղթաներ անցնելու հատուկ ուռուցիկ փորին վրա շուրջանակի քանդակված են կրոնական բարձրաքանդակ պատկերներ՝ ավետարանի պատմութենեն առնված։ Քանդակները շատ անճաշակ և բոլորովին նախնական վիճակ ունին։

Բուրվառն ալ գրեթե նույն ձևն ունի, միայն թե ավելի փոքր. այս ալ նույնպես շրջապատված է կրոնական բարձրաքանդակ պատկերներով, բաղդատելով կանթեղակալի <հետ>, սա ավելի հմուտ ձեռքի գործ է, բայց կրկին այն չէ, ինչ որ իրավամբ կսպասվեր անեցիներու այն ժամանակի արվեստներու զարգացյալ վիճակին։ Պահ մը ենթադրենք, որ Անիի և շրջակայից մեջ նույն դարուն նկարչության և արձանագործության արվեստներու պահանջ չի լինելուն պատճառով, բնականաբար հաջող արդյունք չի պիտի կրնային տալ տեղական արհեստավորները մարդոց պատկերներ քանդակելուն մեջ, և Գագիկ ստիպված պիտի բավականանար տեղական արվեստագործությամբ։ Սակայն պղնձյա ջահը իր գռեհիկ ձևով կուգա այս ենթադրությունն ալ բոլորովին հեղաշրջելու։

Ջահը շինված է հասարակ պղնձագործ վարպետի մը ձեռքով, պղնձի բարակ թերթերե կտրված աղավնիներ և ուրիշ կենդանիներ շարեր է նույնպես պղնձի թերթերե կտրված իրարմե տարբեր տրամագծերով շրջանակներու շուրջը, որոնք իրարմե կախված են պղնձյա թելերու միջոցավ։ Աղավնիներու և մյուս անճանաչելի կենդանիներու իրանին վրա, կանթեղներ դրվելու հատուկ ծակեր ծակված ըլլալեն զատ, անոնց վիզերեն ալ թելերով կանթեղներ կախեր են։

Ի տես այդ ողորմելի կազմածին, չէ կարելի մի կերպ հաշտվել, որ Գագիկ Ա Զվարթնոցի նման մի հսկա մեծագործություն Անիի մեջ վերաշինելու փառասիրական ձգտումը իրագործելեն հետո, զիջաներ իր «Սքանչատես տեսլեամբ գմբեթաւոեալ գունակ գերամբարձ և երկնանման գնտին»[2] մեջեն կախել այդքան հասարակ պղնձի կտորներե կազմված պղնձի գծուծ ջահ մը, մինչդեռ քանի մը քայլ անդին, իր կնոջ, Կատրանիդե թագուհիի շինած կաթողիկեին գագաթը կշողշողար մարդաչափ բարձրությամբ արծաթյա խաչը և ներսի կողմեն լուսաշող ճառագայթներու մեջ հավատացելոց բազմությունը կողողեր Հնդկաստանեն բերված Ը բյուր արժողությամբ բյուրեղյա ջահը։

Արդ նմանապես չէ կարելի ընդունել, որ այդ գտնված մոմակալը, կանթեղը, բարվառը Գագիկի ժամանակ գոյություն ունեցող և անոր ճաշակով ընտրված անոթներն ըլլան, մինչ յուր թագուհին յուր սեփական եկեղեցին «Ջարդարեաց ի զարդ ծիրանեծաղիկ ոսկեթել նկարագործ անկուածոց, արծաթեղէն և ոսկեղէն և բազմապայծառ լուսատու անօթոց վայելչությամբ, որովք ջահանայր ըստ երկնային կամարին կաթողիկէն սուրբ…»[3]։

Անտարակույս Ալփասլանի հարձակման ժամանակ ս. Գրիգորը թեև վտանգված, բայց կանգուն էր, հետևաբար, ինչպես Կաթողիկեն, նույնպես ս. Գրիգորը, իբր արքունի եկեղեցի թալանողներու վայրագ ախորժակը պիտի գրգռեր, և պիտի կողոպտեին մինչև ետին սպասը։ Գուցե, իբր ավելի գերազանց շինություն, փոխան Կաթողիկեին՝ մահմեդական մահիկը ս. Գրիգորի սիգապանծ գագաթին վրա փայլեր՝ եթե վտանգված և կարկատաններով տգեղացած չըլլար։

Ալփասլանի զարհուրելի ավերածեն հետո շատ երկար տարիներ պետք էր, որ Անիի ժողովուրդը, վերստին կազդուրվելով, մտածեր այդ արքայական մեծ հիշատակարանն իր նախկին պայծառության մեջ դնել, սակայն մինչև այն ատեն կործանման վտանգը այնքան անխուսափելի դարձած էր, որ Գագիկի հիշատակին նախանձախնդիր սերունդը, անոր սիրած տաճարին մեջ խունկի ու աղոթքի քաղցր բույրը մշտավառ պահելու բարեպաշտ զգացումով, շատ համեստ սպասքներով զարդարած իբրև մատուռ շարունակեր են պաշտամունքը մինչև վերջին փլուզման օրը։ Ահա այդ անշուք ժամանակի անոթներն էին, որ վերջին կործանումը թաղեր էր բեկորներու տակ և մեր ձեռքը հասան։ Մինչև կործանումը պաշտամունքը շարունակված ըլլալուն միակ ապացուցը կարելի է համարել մոմակալը, որուն վրա տակավին կմնար վառված մեղրամոմը իր պատրույգի ածխացած ծայրով։

Ե՞րբ և ինչպե՞ս կործաներ է իր բարձրաբերձ կրկնակ գմբեթով, կանգնողի անվան արժանի հպարտությամբ Անիի բոլոր եկեղեցիներու վրա իշխող այս անզուգական տաճարը։ Այդ մասին պատմությունը ոչինչ չէ ավանդած, միայն պեղումները բավականին լույս սփռեցին անոր փլչելու պատճառներուն և մասամբ ալ ժամանակին վրա։

Անիի ս. Գբիգոր <եկեղեցին> շինող ճարտարապետը, ինչ որ ալ ըլլա պատճառը, միշտ մեղադրելի պիտի մնա իր ունեցած անհեռատեսության մեջ, որ ոչ միայն հրաբխային ավազուտ քարերով, այլև ապառաժի կտորներով խառնված զանգվածով մը ծանրաբեռներ է գմբեթակիր սյուներու կամարները։

Այս պարագան ինձի իրավամբ առիթ կուտա մտածելու, որ Անիի ս. Գրիգորի ճարտարապետը ոչ միայն մեզ ծանոթ (ըստ Ասողիկի) Կ. Պոլսո ս. Սոֆիա եկեղեցիի հսկայական գմբեթը նորոգող և Անիի Կաթողիկեն հիմնարկող Տրդատը չէր, այլև միևնույն ժամանակ Կաթողիկեն կառուցանող ճարտարապետին հսկողութենեն ալ հեռու էր ս. Գրիգորը…

Սեղանին հարավային կողմի մեծ սյունին վրա փորագրված «ՆԿԲ թուականին շրջակամար կա (ռուցաւ)» արձանագրութենեն կհասկացվի, որ, հազիվ տասը կամ տասներկու տարի անցած, սկսեր է ճեղքվել եկեղեցին, ծանրությունը կրող սյուներեն մեկ քանին ջարդվեր են, և շենքը արևմտյան կողմեն հակվեր է դեպի դուրս։ Ուստի վերահաս վտանգին առջևը փակելու համար, անմիջապես ծանրության ճնշած ութը կետերուն հինգին տակ սրբատաշ քարերով հյուսված ութը հաստահեղույս սյուներ կանգներ են, որոնց տրամագիծը չորս մետրեն ավելի է. և նախապես գոյություն ունեցող շրջակամարի մեկ մասը կրկներ են արևմտյան կողմին վրա, որուն մասին կակնարկե արձանագրությունը։

Այս նորոգությունը թեև եկեղեցիի նիստավոր տեսքը նսեմացուցեր էր, որովհետև նոր շինված հաստ սյուները մտից դռներու դիմաց գալով, անոնց մուտքը մասամբ խափաներ էին, Էին, այս պատճառով ալ արևմտյան և հյուսիսային դռներն իսպառ փակեր են, բայց հավանականաբար երկար ժամանակ ալ վտանգին դիմադրեր էր, առանց սակայն ընդմիշտ ապահովելու։

Կատարված քննություններեն պարզ կերևա, որ մի անգամեն չէր փլված ամբողջ եկեղեցին։ Նախապես ինկեր են արևմտյան կողմի ստորին մասերը՝ առանց կործանելու ամենեն վրայի փոքր գմբեթը, որն որ, բնականաբար, հանգչած ըլլալով չորս մեծ սյուներու կամարներուն վրա, ավելի ապահով դիրք ուներ։ Ասկեց հետո ինչ մասնակի փլչումներ եղեր է՝ հայտնի չէ, միայն թե պարզ է, որ մինչև վերջին կործանումը վերի փոքր գմբեթը միշտ կանգուն էր։

Արևմտյան մասին կործանման վտանգը շատցած ժամանակ և կամ կործանելեն հետո, հյուսիսարևմտյան սյունեն սկսյալ մինչև սեղանին հարավային անկյունը ձգված պատով մը տաճարը երկու մասի բաժներ են և արևելյան գոնե ժամանակավորապես ապահով մասին մեջ ժառանգությունը շարունակեր են, մինչև որ վերջնականապես երկրաշարժով մը բոլորովին գետնին հավասարեր է։

Երկրաշարժով կործանած ըլլալը հավանական կսեպեմ անոր համար, որ արարողությունը չէր դադարած, եթե բնական ընթացքով հետզհետե կործանելու մոտենար, այն ատեն բնականաբար մեջը պիտի չի գտնվեին պեղումներե գտնված անոթները, անոնք վաղուց վերցված պիտի ըլլային, նույնպես անսպասելի վտանգին զոհերն էին այն մարդիկը, որոնց ոսկորները ջարդուփշուր եղած գտնվեցան նախկին փլատակներու և նոր բեկորներու մեջտեղը։

Ընդհանուր կազմությունը Զվարթնոցին բոլորովին գրեթե նմանը ըլլալուն հարկ չի տեսա կրկին նկարագրել այն ամեն բաները, ինչ որ նկարագրած եմ նախորդ տարիներ անոր մասին. ուստի այդ մասին գրածես մի օրինակ կղրկեմ միասին, և ես այստեղ կջանամ բացատրել այն ամենը, ինչ որ անոր մեջ չեն գրված կամ ս. Գրիգորի մեջ տարբեր կազմություն և դիրք ունեցած են։

Հատակագիծը տեղվույն վրա արդեն անաղարտ մնացած է, և ես կետ առ կետ ընդօրինակած եմ՝ ջանալով պահել կատարյալ ճշտություն։

Բարձրություններու մասին գալով, առաջին մասը մինչև շուրջանակի nef–ին կամարին գագաթը անվիճելի է, որչափ որ գոյություն ունի մինչև այժմ տաճարին արևելյան կողմի վերջը շինված մեծ սյունը (հատ<ակագիծ>). փըլվածքին ձևն ալ ցույց կուտա, որ հասած էր մինչև կամարին տակ և կպած արևմտյան կամարին կողմին՝ ընդունելով անոր կոր ձևը։ Ինչ կվերաբերի խաչաձև սյունազարդի սյուներու բարձրության, հյուսիսարևմտյան մեծ մայր սյունին վրա, տակավին կմնա մոտակա կլոր սյունը՝ իր վրա միացնող կամարին մասը՝ տակի corniche-ով միասին (Գ, a)[4]։

Այսօր նամակիս հետ փոստին կհանձնեմ[5] Անիի ս. Գրիգորի վերակազմությունը, որ կբաղկանա վեց հատ առանձին planche–ներե (տախտակ) Ա. արտաքին ճակատ՝ արևմտյան կողմեն, Բ. մի հատված հյուսիսեն հարավ, Գ. արևմտյան կողմեն վերցված արտաքին պատը, որ կերևա խաչաձևի սյունազարդը՝ վերնահարկը կրող կամարներով, միևնույն տեղեն դարձյալ ավելցված մեծ սյուները՝ միևնույն planche–ին վերի կողմը, Դ. մեկ հատակագիծ նախնական վիճակով, Ե. մեկ հատակագիծ կրած վերջին փոփոխություններով, Զ. մի քանի կարևոր հարամասունքներ[6]։

Արդ, քանի որ ճշտված էր սյունազարդի բարձրությունը և առաջին հարկ<ի> կամարին բարձրությունը, կմնար դասավորել այդ բարձրության մեջ արտաքին պատի ներքին երեսի վրա գտնվող սյուներու և պատուհաններու բարձրությունը։ Բնական էր, որ այս սյուները իրենց աղեղաձև corniche֊ներով ավելի ցած պիտի ըլլային, քան nef–ին կամարին centre–ը. ինչպես Բանակի <տաճարում>, ուր որմասյուներու կիսաբոլոր corniche–ները կսկսին nef–ին կամարին արտաքին պատին վերջավորության անմիջապես կից։ Ես ալ հետևեցա այս օրինակին, մի քիչ ավելի ցած թողնելով, հաշվելով դրսեն և ներսեն համաչափ բարձրություն, դրսի պատուհաններուն կիսաբոլորակ գագաթները՝ զուգահեռական ներքին և արտաքին սյունազարդերը միացնող կամարներուն՝ ինչ որ անվրեպ օրենք է և այդպես ալ գտած եմ Զվարթնոցի մեջ, ինչպես Բանակում։ Այժմ կմնար գիտնալ, թե որչա՞փ կրնար ըլլալ պատուհաններուն բարձրությանը վերեն վար։ Ատոր համար ալ, գործնական ոչ մի ապացույց չունենալով՝ հետեվեցա անեցիներու ճաշակին և անոր ժամանակակից պատուհաններու ամենե երկայն չափին, որ կերևա այժմ արտաքին երեսին վրա (նկ. Ա)։ Կմնար կազմել ոef-ին (նավ) կամարին ներսի կողմեն հանգիստ, որ միևնույն ժամանակ խարիսխն է (socle) երկրորդ հարկին ներքին պատին, որուն շարունակությունն է միջին գմբեթն արտաքուստ։ Այս կազմության համար ալ անվրեպ ապացույցներ չէին պակսիր, ինչպես Զվարթնոցի մեջ, նույնպես ալ այստեղ, բեկորներու լուսանկարներու պարզ բաղդատություն մը բավական կբացատրե իմ վերակազմության ճշտությունը։ Զվարթնոցեն հայտնի է, որ մեծ սյուներուն ետևները գտնվող բոլորակ սյուներեն մինչև խաչաձև սյունազարդերու մեջտեղի երկու սյուները միացնող փոքր կամարներու վրա նետված էին հաջորդաբար մեծ կամարներ՝ արտաքին պատին զուգահեռական կորությամբ, որոնց միջոցով կազմված էր վերնահարկին բոլորակ խարիսխը և nef-ին կամարին հանգիստը։ Նկ. Գ, bbbb կներկայացնեն այն կամարները, որոնց մեկ ծայրը հանգչած է մեծ սյուներու ետևը գտնվող բոլորակ սյունին եռանկյունաձև մեծ խոյակին վրա, իսկ մյուս ծայրը կերթա խաչաձևի կիսաբոլորակի մեջտեղ երկու սյուները միացնող կամարին վրա, անկեց հետո կսկսի nef–ը ծածկող կամարը (նկ. Գ, cc) և կամարեն անմիջապես հետո ներքին բոլորակին խարիսխը (d), որը շարունակված է մինչև միջին գմբեթին վերջը։ Շատ պարզ կարելի է նկատել Անիի լուս<անկար> 2-ի վրա (գլխիվայր դարձնելով)։ B,c,d վերակազմության համանման տառերը կներկայացնեն ճիշտ նույն մասերը վերակազմության վրա. (b) կոր կամարին ամենաբարձր կետն է, որուն տակեն դըրված էին շեղակի դեպի վար հակված եռանկյունաձև առագաստները. սուր ծայրերը հասած էին մեծ և փոքր սյուներեն կազմված անկյուններուն վրա՝ փոքր կամարներեն քիչ բարձր։ (Նկ. Գ, e e). c-ն նույնպես կամարին վրայեն անմիջապես սկսող nef–ի ծածքն է և d միջին գմբեթի բոլորակ խարիսխ։ Այս առագաստները կազմված էին երկու մասերե, ինչպես կտեսնինք վերակազմության մեջ. վերի մասը, որ կցված էր կոր կամարին շրթունքին պարզ սըրբատաշ քարերով, որուն մեկ հատը գրեթե մասամբ անաղարտ կմնա տեղին վրա՝ սեղանին հարավային կողմի մեծ սյունին ետև, nef–ի անկյունին մեջ, ուր կաշխատեր Ասո<ղիկ>, միևնույն տեղեն ալ գտնվեցան ստորին մասին բեկորներն ալ, ինչպես ուրիշ շատ տեղեր, որոնք վերին մասին պես պարզ չէին, այլ քանդակված երկար խողովակաձև փոսերով հողմահարի նման։ (Նկ. Գ, ss) Անիի լուս<անկար > 4-ը կներկայացնե այս առագաստի վերնամասը, թեև քրքրված է։

Մեծ սյուներու մեջ եղած պարապությունները կամ բաժանումը այստեղ ալ նման է Զվարթնոցի, շատ թեթև տարբերությամբ. ասոր մեջ չերևիր այն միջին բաժանումը, ինչ որ կա Զվարթնոցի մեջ (նկ. Գ), և անկյուններն ալ փոխանակ Զվարթնոցի նման սուր վերջանալու՝ անկյունավորված են (նկ. Զ, 1 a)։ Այս մասն ալ կարելի է բաղդատել Անիի լուս<անկար > 3 բեկորի հետ, որուն վրա բավական ճշտիվ արտահայտված է b արտաքին մեծ բոլորակին կտորը, որուն շարունակությունն է միջնագմբեթը, ինչպես նկ. Զ, 1b։ Նկ. c կներկայացնե խաչաձևի կիսաբոլորակի աղեղը, որուն ետևը տաճարն է (նկ. Զ, 1 c)։ Այս մասը Բանակի մեջ շատ կտարբերի Զվարթնոցեն և ս. Գրիգորեն, և այս տարբերությանը հառաջ եկած է գլխավորաբար հատակագծի մեջ եղած տարբերութենեն, թեև միջավայրն ու ճաշակն ալ կարող էր ազդեցություն ունենալ, ինչպես Անիի մեջ անխնա արտաքսած են, բացի ընդհանուր հատակագծեն, այն ամեն մանրամասնությունները, որոնք անեցիներուն ճաշակին հակառակ էին։ Բաղդատության համար գծեցի մի հատակագիծ Բանակի, թեև չափերը ճիշտ չեն կարող ըլլալ, բայց ձևը ճշտիվ <է> արտահայտված ըստ լուսանկարի[7]։

Լուսանկարի վրա պարզ կերևի, որ խաչաձևի թևերը ավելի երկայն են, քան ս. Գրիգորը և Զվարթնոցը (նկ.Զ,2), որով ընդարձակված է սյունին ներքևի մասը, և ըստ երևույթին կազմված է քառակուսի մի սենյակ՝ մեկ անկյունը սյունանման դուրս ցցվածքներով (նկ. Զ,2aa), որը կարելի է տեսնել Բանակի լուսանկար 8aa, և հանդիպակաց երկու կողմերեն երկու դուռ (նկ. Զ,2). նույնպես Բանակի լուս. 8bb (այս կտորը ավելի որոշ կտեսնվի սեղանի մասը ամբողջ առնված լուսանկարի վրա)։ Նույնպես տարբեր կերևի Բանակի մեջ վերնահարկ galerie–ն, որը տրամագծորեն բաժնված է, կկարծեմ, քանի մը մասերու, ամբողջ շուրջանակի փոխանակ Զվարթնոցի և ս. Գրիգորի նման բոլորովին բաց ըլլալու, և կկարծեմ, որ Բանակի մեջ բնավ գոյություն չունի ներքին պատի այն մասը (նկ. Զ,2c), ինչպես նույն նկ. 1b, նույնպես նաև Անիի (լուս.3b), ասոր ապացույց Բանակի (լուս. 2a մասը), ուր կերթա nef-ի կամարին վրա վերնահարկ galerie–ն (սրահ), թեև վրան փլած, սակայն որոշ կերևի երկու հակառակ կողմեն եկող խաչաձև թևերե կազմված անկյունը, թեև կարող է պատահել, որ փլած ըլլա, սակայն համենայն դեպս ես որոշ նշան չեմ տեսներ անոր գոյության։

Ինչպես կտեսնվի, Բանակի լուս<անկար> 8 սյուներ ունեցեր են պատուհաններ՝ նայող դեպի տաճարը, զույգ պատուհան ամեն կողմե մեջտեղ բաժնված սյունով մը. ս. Գրիգորը տարբեր է այս մասին մեջ. ես պահ մը փորձեցի այս պատուհանին ս. Գրիգորեն գտնված բեկորը հարմարցնել նույն ձևով, սակայն անհնար էր, որովհետև գտնված բեկորներեն ավելի անաղարտ մեծ չափով մնացած կտորը հազիվ կսղմեր մեկ պատուհանի չափով՝ սյունամեջքի փոքրության պատճաոով, հակառակ Բանակի։ Անիի մեջ կգտնվի, շատ մը զանազան մանր բեկորներն զատ, մի կես շրջանակ քանդակված սյուն սյունամեջի պատուհանին տաճարին կողմեն, որովհետև քարը գոգավոր է և այն համեմատությամբ, որչափ որ կոր է խաչաձև թևի բոլորակը (նկ.Զ,4), որան շրջանակի տրամագիծը կհասնի 3,89 <մ >, որ հազիվ կտեղավորվեր գտնված տեղին վրա միայն մեկ պատուհանով համաչափորեն դրված սյունազարդեն ներքև։

Միջնահարկեն սկսյալ դեպի վեր բարձրության չափերը այլևս ենթադրական են, հետևելով միշտ անեցիներու և կամ ժամանակակից արվեստի համաչափության օրենքներում։

Պետք է այժմ ըսել, որ մի կարևոր սխալ սպրդած է վերակազմության մեջ. 2½ կամ 3 մետր ավելի պետք էր բարձրանալ երկրորդ հարկեն վեր, այնպես, որ մեծ սյուներու գագաթը պսակող corniche-ը (քիվ) անարգել կարելի ըլլար շարունակել կիսաբոլորակներու մեջտեղի երեք պատուհաններու վրայեն. մինչդեռ իմ պատկերիս մեջ (նկ. Բ, a) նույն corniche-ը, որ միևնույն ժամանակ խոյակի պաշտոն ալ կկատարե, ընդհատված է պատուհաններու բարձրության պատճառով։ Թեև այս ձևը օտար չէ անեցիներուն, կան ուրիշ օրինակներ Անի և Գոշավանք, սակայն այս շենքին մեջ լավ կըլլար, որ ամեն օրինականություն պահված ըլլար։ Տաճարի միջին բարձրությունը մինչև չորս մեծ մայր սյուները միացնող կամարին գագաթը գրեթե հավասար է Բանակի բարձրության, իսկ վերնագմբեթը համեմատական է Գոշավանքի ս. Մինասի և Աբուղամրենց ս. Գրիգորի, միայն տրամագիծը, իմ կարծիքով, պետք էր քիչ ավելի լայն լիներ, որովհետև Անիի լուս<անկար> 5 բեկորին վրա գտնվող զարդակամարներուն աղեղներեն գտնված տրամագծեր ու հաշվով տասնևվեց կամարներով պետք էր շրջապատված ըլլար վերնագմբեթը, ըստ բոլորակի՝ կազմված մեծ սյուներու կամարներու մեջ գոյացող բոլորակ օղակին արտաքին երեսին վրա։ Լուս<նկար> 8 բեկորի աղեղներե գտնված կիսաբոլոր կամարները դժվարավ սեղմեցան այն շրջանակին վրա. ես ներկայիս օրինականություն պահած ըլլալու համար հետևեցա ընդհանուր օրենքին, այնքան միայն մեծցուցի տրամագիծը վերնագմբեթին, որչափ որ թույլ կուտային չորս մեծ սյուներու աղեղները գմբեթին ամբողջ շրջանակը իրենց վրա միայն կրելու համար։ Այստեղ ի դեպ է ըսել, թե անեցիք շատ բացառություններ ունին այս ընդհանուր օրենքեն, ինչպես Մայր եկեղեցին, Լուսավորիչը, որոնք ըստ օրինի, եթե աղեղներու չափով գմբեթի տրամագիծ ունենային, այժմյան իրականութենեն տարբեր պետք է ըլլային, թե՛ Մայր եկեղեցին և թե՛ Լուսավորիչը՝ անօրինակ լայն գմբեթներ ունին, որոնց շրջանակը այնքան լայնցած է, որ աղեղներ ու վրա փոխանակ հանգչելու, անցնելով այն սահմանը, հանգչում են կողմնակի nef-երու կամարներուն վրա, իսկ անկյունները փոխանակ առագաստի վրա գալու, կանցնին ուղղակի մեծ սյուներու վրայեն։ Եթե ես ալ այս հաշվով դրած ըլլայի վերնագմբեթը, այն ատեն լիովին բավարար պիտի լիներ շրջանակը (16) տասնևվեց որոշ կամարներու համար։

Արտաքին ճակատին վրա, սյուներուն և զանոնք կապող կամարներուն բարձրություններն ալ անվրեպ էր, քանի որ ներսի կողմեն ունինք որոշ բարձրություն սյուներու, հետևաբար բնական էր, որ ներսի որմասյուներու կամարին զուգահեռական դարձող պատուհանի վերին աղեղին կեդրոնը նույնպես պետք էր միևնույն բարձրության վրա կեդրոնը ըլլար նույն պատուհաններու արտաքին կողմի աղեղին, և անոր զուգահեռական վրայի զարդարուն կամարները, որոնք լիովին գոյություն ունին իրենց ճշտիվ չափերով։

Զվարթնոցի մեջ ներքին որմասյուներ թվով (64) վաթսունևչորս են, իսկ արտաքիններ՝ (32) երեսուներկու զույգ սյուներ։ Այստեղ ս. Գրիգորի մեջ այդ թիվն ալ կտարբերի, ներքին կողմեն ունի (72) յոթանասուներկու որմասյուն՝ հաջորդաբար նեղ և լայն սյունամեջերով, արտաքուստ հավասար հեռավորությամբ՝ (36) երեսունևվեց զույգ սյուներ։ Ներքին որմասյուներ, ինչպես Զվարթնոցի և Բանակի մեջ, ամենը կապված չէին իրարու կամարներով, այլ ընդհատ-ընդհատ, յուրաքանչյուր լայն սյունամեջերու վրա կային կամարներ և յուրաքանչյուր սյուն կկրեր մի կամարի վերջավորություն։ (Նկ. Զ, 3)։ Անեցիներու ընդհանուր սովորոթյան համեմատ այստեղ ալ կամարին moulure–ները (բարձրաքանդակ) պատին երեսեն դեպի խորը փորված ըլլալով՝ վերի կողմեն հազիվ 3 սմ դուրս ցցված էր պատեն, իսկ տակի կողմեն՝ ավելի քան 10 սմ (նկ. Զ, 3 a և b), a կցուցանե պատեն դուրս ելած մասը, իսկ b՝ խորը մտած մասը, այս համեմատությամբ ալ կամարներեն վեր պատը ավելի հաստ էր, քան կամարներեն վար։ Հետևաբար կամար չունեցող նեղ սյունամեջերու մեջ հառաջ պիտի գար մի անտեղություն այս անհավասար թանձրության պատճառով <խորշեր՝ վերևը կիսաբոլորակ վերջավորությամբ, առանց corniche–ի>[8] (քիվ), եթե կամարներու վերևի թանձրության համեմատությամբ նեղ սյունամեջերու թանձրությունը մինչև տակը շարունակվեր, այն ատեն թե երևույթը պիտի տգեղանար և թեք որմասյուներու կողերը պիտի թաղվեին այդ թանձրության մեջ. ուստի այդ անտեղության առջևը առնելու համար թեթև կերպով խորշի ձևով փորեր և գոգավորեր են այն մասը վերեն սկսյալ, մինչև որ եկեր և ներքևի մասին հավասարվեր է (նկ. Զ, 3c), իսկ profil d կետանիշը վերեն դեպի վար հատակագծին վրա կերևա գոգացյալ նույն պատ <կեր> հատակագիծ e։ Ահա այս բեկորին համար էր, որ բանիցս գրեցի ձեզ, որ փնտրեք Ձեր հուշատետրին մեջ։ Բեկորը գտնվեցավ արևմտյան կողմեն, դըռնեն մի քիչ հարավ, Տիգրանի աշխատած բաժնի մեջ. պատկերին վրա կետանիշով զատեր եմ այն ձևով, ինչպես գտնվեցավ, մեկ կողմը կամարին կես մասը և անմիջապես քովը՝ կիսաբոլոր գոգաձև փորվածքը։ Այս քարերեն այժմ խիստ շատ կա, բայց երբեք քովի գոգացյալ մասը, եղած մեկ հատիկ օրինակն ալ բոլորովին փչացած է արդեն, եթե գտնված պահուն անմիջապես չափագրած չըլլայի, այժմ ոչ մի բան հասկնալ կարելի պիտի չըլլար, և կազմությունն ալ սխալ պիտի ըլլար՝ ենթադրելով շարունակյալ կամարներ։

Դրսանց կամարները կանոնավորապես միացած են հաջորդաբար ամբողջ շրջապատին վրա և անմիջապես վրան կգտնվի շուրջանակի լայն զարդաքանդակ գոտին, այս գոտին և corniche-ին (քիվ) ճիշտ մեջտեղ կգտնվեին բոլորակ պատուհանները, որոնց ամենն ալ բացված էին galerie–ին (սրահ) վրա. այս հարկին ծածկեն վեր կսկսի միջնագմբեթը, որուն իսկական կազմության վրա այնչափ որոշ բան չի գիտեմ, բայց, հետևելով Զվարթնոցի, բաժանեցի սյունամեջերու վարինին թվով, սյուներուն ձևերը անծանոթ են, շինածս ենթադրական է, սակայն վրայի կամարներեն գտեր եմ քանի մը հատ, որոնք այժմ կգտնվին «Սարգսի» դռան գավթի մոտի բարձրության վրա, ճիշտ միևնույն moulere–ներով (բարձրաքանդակ), միայն վերնամասը առանց քանդակի և նեղ, քան վարի կամարներում այդ մասը, միանման դրի այս հարկին ալ մեծ corniche-ը (քիվ), որովհետև թեև չափով տարբեր corniche չեմ գտեր, բայց քանդակներով տարբերվողներ կան։

Վերնագմբեթի մասին արդեն գրեցի վերև, որու մասին միայն կավելցնեմ, թե անոր վրա գտնված պատուհաններն ալ երկայն և վերը կիսաբոլորակ եղած է և նմուշը կմնա բեկորին վրա խնամքով ծածկված, որովհետև արդեն փրթելու վրա է։

Կմնա բացատրել վտանգվելեն հետո եղած հավելումները և շրջակամարը։

Ինչպես կերևի պատկ<եր> Ե հատակագծեն, շինության հանդուգն եղանակեն և ծանրության տարողության հաշիվներու թերութենեն, շինությունը վտանգվեր է, և ճեղքվածքներ հառաջ եկեր են։

Զվարթնոցի ճարտարապետը որպես գիտակ յուր արտաքո կարգի հանդուգն ծրագրին, վերնագմբեթը և անոր պատերուն ներքին մասերը պեմզա քարերով շինած էր։ Անեցիք այդ կանխամտածությունը չունենալով՝ չարաչար վտանգեր են տաճարը և փութացեր են շուտով վտանգին առջևն առնել. հինգ զանազան տեղեր՝ գլխավորաբար ներքին խաչաձևի կիսաբոլորակներու մեջտեղները, որ ամենեն տկար մասերն են, կանգներ են հաստահեղույս մույթեր, որոնց ծայրերը հասած էին մինչև միջնագմբեթին խարիսխին տակ՝ ծառայելու համար որպես ամուր հենարան։ Այդ մույթերեն երեքը՝ հարավարևտմյան կողմին վրա, ուր ամենեն շատ սպառնալից էր վտանգը և վերջապես այդ կողմին վրա ալ փլած էր ամբողջ շենքը, մեծ մայր սյունի ետևը գտնվող կոր կամարակիր փոքր սյունն ալ հյուսեր են հաստահեղույս մույթի մեջ և երկու կողմին վրա կրկնակի կամարներով ամրացուցեր են՝ դարձյալ նախկին կամարներու տակեն։

Նկ. <եր> Գ վերևի օրինակը կցուցանե հավելյալ մույթերն և հավելյալ կամարներն՝ նախկին կամարներու տակ, բայց այս անգամ մույթե առ մույթ նետված կամարները աղեղին մեկ կետեն դեպի մյուս կետը, բեկորները ցույց տվին, որ այս երկրորդ հավելյալ կամարներն ալ թվով երկու հատ են միայն (նկ. Ե, aa). երկու մասերե բաղկացած էին եռանկյունի ձևով, բայց քանդակված խողովակաձև ստորին մասին վրա, ինչպես որ եղեր է ի հնումն, այլ պարզ սրբատաշ։ Այս իսկ պատճառով էր, որ այստեղեն, այսինքն՝ հարավարևմտյան կողմեն գտնված հողմահարի ձևով քանդակված առագաստի քարերը շաղախապատ էին, որովհետև հինը առանց քանդելու, վրայեն շիներ էին մյուս նոր կամարները։ Ուրիշ կողմի վրա գտնված առագաստի քարերը մաքուր են, առանց շաղախի հետքեր կրելու։

Նկ. <եր> Գ վերևի օրինակ (h) կցուցանե առագաստի նախնական շինությունը, (j)՝ կցուցանե հետո հավելյալ մասը։

Բավարար թվով լուսանկար ղրկված չըլլալուն համար՝ գործնականապես չի պիտի կըրնամ ցույց տալ այս մասը, միայն կջանամ գրով բացատրել։ Այս կամարներեն մեկը, ինձ հայտնի չէ թե ո՞ր կողմինը, կրկնաշուրթն եղած է, այսինքն՝ երկու աղեղ վրա վրայի դարձված, մեկը մյուսեն հազիվ 15 սմ խորը, կիսով չափ կմնա այս բեկորն ալ ինկած արևմտյան կողմը, որ դուրս եկավ թուրքերուն աշխատած մասին վրա, ներքին մեծ շրջանակի կտորին տակեն, որուն արդեն կպած էր. այս կամարին բեկորին վրա կա իսկական ապացույց, որ մույթերը շարունակված էին մինչև nef-ի կամարին տակ. հավելյալ առագաստի կամարի մեկում ծայրը կգտնվի այս բեկորին վրա երկայն՝ 3 մետրեն ավելի, ծայրը կպած է մեծ մույթի բեկորին վրա կիսաբոլորակ ձևով ինկած, բայց հայտնի կերևա կիսաբոլորակ մույթին կոտրած մասը՝ ավելի քան 2 մետր բարձր է կամարի բարձրութենեն, որով հայտնի կըլլա, թե նա պետք էր շարունակված ըլլար մինչև վեր, արդեն առանց ատոր ալ, առանց կամարի՝ մույթերը բավական էին մեզ համոզելու, որ եթե անոնք մինչև խարիսխին տակ հասած չըլլային, իրենց նպատակին պիտի չի ծառայեին։

Այժմ կմնա կարևոր հարց վճռելի մեկը՝ աստիճաններեն վեր եկեղեցի մտնելու հարցը՝ առանց սանդուղքի գոյության, իսկ մյուսը, որ ավելի կարևոր է, վերնահարկ բարձրանալու սանդուղքին ո՞ր կողմեն ըլլալը։ Ինչպես Զվարթնոցին, այնպես ալ այստեղ, անլուծելի հանելուկ մնաց ինձի։ Եկեղեցին մտնելու հարցը կվճռվի, եթե 1892 թվականին պեղված ս. Գրիգոր եկեղեցին մտնելու հարցը վճռվի, որովհետև անոր մուտքն ալ մեկ մետրեն ավելի բարձր է գետնեն, իսկ վերնահարկ բարձրանալու անօրինակ կնճիռը կա նաև այժմ կանգուն Հովվի եկեղեցիին մեջ, որուն շուրջը ոչ մի հետք չիկա սանդուղքի, սակայն վերը՝ հարավային կողմին վրա շինված է մտից դուռը։ Բանակի մեջ ես կկարծեմ, որ ճամփա ըլլա սյունամեջերեն, որովհետև այնտեղ սյուներու մեջ եղող բաժանումները երկու հարկ են վրայե վրա. և ցածի հարկը շատ ցածեն սկսած է, այնպես որ նույն համեմատական բարձրութենեն շատ վեր կանգուն են ս. Գրիգորի մեծ մայր սյուները և դարձյալ վրան ամենևին նշույլ չիկա սանդուղքի կամ դռան։

Պահ մը ենթադրենք, որ սեղանի սյունազարդերու մեջեն կարելի է շինված ըլլար ճամփա մը, ինչպես Մայր եկեղեցվո սեղանը, որուն մեջ գտնվող շուրջանակի խորշերը կհիշեցնեն մասամբ ս. Գրիգորի սյունազարդ սեղանը։ Մայր եկեղեցվո այս խորշերեն երկուքին մեջ են վերնահարկ մատուռները բարձրացող սանդուղքներով դռները։ Բայց ս. Գրիգորի մեջ ամենևին ոչ մի նշմարելի հետք չիկա, իսկ վերջին ժամանակներն անգամ, որ շինված էր այստեղ գտնվող անկանոն ձևով մույթը։ Ես չի հասկացա նաև, թե ինչե՞ն հառաջ եկեր է արևելյան սեղանի ետևի մույթին այս անկանոն անկյունավոր ձևը, թեև մեկ կողմանե նկատելի է, որ ետևի փոքր մատուռին մուտքը չի խափանելու համար ծռեր են քիչ մը, սակայն առանց ատոր ալ կարելի էր անխափան թողուլ, ինչպես մյուս կողմերը, երևի պատռվածքին ձևը կպահանջեր այդօրինակ։

Մայիսի 31-ին[9] մեկնեցանք դեպի Անի պրոֆեսոր Մառի հետ, որ Պետերբուրգեն եկած էր իր ընտանիքով։ Հունիս երկուքին գործի սկսեցինք այստեղ։ Երեք տարի առաջ պ. Վրույր կարծիք հայտնած էր պալատեն դեպի հարավարևելք գտնվող մեծ բլուրի մասին, թե թերևս Գագիկի Զվարթնոց եկեղեցիի նմանությամբ շինած եկեղեցին այդ ավերակին տակ ըլլա, որովհետև անոր վրա կնշմարվեին Զվարթնոցի մեծ սյուներու խոյակներով նմանող խոյակներ։ Պրոֆեսոր Մառն ալ հետաքրքրվեցավ ատով և այս տարի ուզեց այդ տեղն ալ բանալ և 60–70 գործավորով սկսեց աշխատել։ Պ. Վրույրին կարծիքը իրականության փոխվեցավ: Ճիշտ նույն ձևով, նույն մանրամասնություններով սկսեց դուրս գալ հսկա եկեղեցին, որ ավելի մեծ է, քան Մայր եկեղեցին։ Շենքը դրսեն զարդարված է եղեր շուրջանակի զույգ սյուներով և վրաները գեղեցիկ քանդակազարդ կամարներով, ու այս կամարներուն մեջ պատուհաններ, կամարներեն վեր դարձյալ կլոր պատուհաններ՝ մանվածո ամենանուրբ քանդակներով շրջանակված։ Մեծ սյուներու խոյակները նման են Զվարթնոցի խոյակներուն։ Բացվեցան հարավային և արևմտյան դռները, սակայն աչք պետք է տեսնելու արևմտյան դուռը, մարդ կշվարի կմնա և չի կարող արտասուքը զսպել այդ հիանալի և կախարդիչ կերտվածքին առջև. այնպես գեղեցիկ և նուրբ, միանգամայն այնպիսի վայելուչ պատշաճությամբ քանդակված է դռան ճակատը՝ որ կարծես մարդկային ձեռք չէ դիպեր, և բնությունն է, որ ստեղծեր է։ Երևակայեցեք, որ ես գրեթե անհնար կտեսնեմ նույնությամբ ընդօրինակել, եթե չափերս բնական մեծությամբ չբռնեմ, այնքան մանր մունր հյուսվածքներ և զարդախաչեր կան քանդակված քարերով վրա… Դռան վերնասյամի քարը միակտուր հսկա մ՝է, ամբողջ բռնված զանազան քանդակներով։ Նմանապես այսպես հսկա քարերով են կողքերը, վերը դրված մասերը, նույնպես և պատերուն քարերը[10]։

Կանոնավոր կերպով հառաջ կերթան պրոֆեսոր Մառի պեղումները։ Շատ բան պարզված է։ Զվարթնոցի նմանությամբ Գագիկի շինած եկեղեցին ըլլալուն մասին ոչ մի կասկած չի մնաց։ Կիսով չափ դուրս եկավ արտաքին բոլորակ պատը ներսեն և դուրսեն սյունազարդ, սյուները կկրեն քանդակազարդ կամարներ, բայց ոչ Զվարթնոցի նման նուռ ու խաղողի քանդակներով, այլ անեցվոց սիրած ոճով, մանվածո քանդակներով զարդարված են կամարները։ Ներսի խաչաձևի մեծ սյուները խոյակներով սկսեցին երևալ բոլորովին անաղարտ մնացած, ընդհանուր գծերն այս խոյակներուն նույնպես բոլորովին նման են Զվարթնոցի խոյակներուն, միայն քանդակներու թեթև տարբերություններ կան. երկու սաժենեն ավելի կանգուն են թե՛ դարսի պատերը և թե՛ ներսի սյուները։ Առայժմ շատ բան մնացած կերևի և հուսալի է, որ դյուրությամբ կարելի ըլլա վերակազմել[11]:

Օրըստօրե հետաքրքրական դառնալ սկսեր են պեղումները։ Այս շաբթու ալ ունեցանք կարևոր նորություններ։ Արտաքին կամարներն, զարդաքանդակ պատուհաններն և մեծ խոյակներե զատ, բացվեցան եկեղեցիին հարավային և արևմտյան դռները։ Արևմտյան դուռն այժմեն փոխարինեց ըլլալիք բոլոր ապագա զոհողությունները այս պեղման համար, դուռ մը, որուն նմանը մինչև այսօր չէ տեսնված ուրիշ հնություններու մեջ։

Շատ քիչ կբացատրեն Ասողիկի «տարփատենչ տեսողաց» կամ «սքանչատես տեսլեամբ» տողերը։ Մարդ ակամա կապշի, տեսնելով բիրտ ապառաժին մարդկային ձեռքի տակ այսչափ կենդանություն ստանալը։ Կարծես բնությունն ինքնին ստեղծեր է այն զմայլելի ներդաշնակությամբ իրարու խառնված նրբին քանդակները, որոնցով զարդարված էին դռան ճակատը, քարի վրա քանդակ ըսելեն ավելի, կարելի է ասեղնագործություն անվանել՝ այնպիսի բարակ, մանր գիծեր կան ոլորված, հյուսված, որոնք մեկ նայվածքով անկարելի է տեսնել։

Հարավային դուռը թեև ոչ այնքան ճոխ, ինչպես արևմտյան դուռը, սակայն կարելի է ըսել, արևմտյան դռան մանրանկարն է, նույն ձևով, նույն քանդակներով գրեթե զարդարված է։ Դեռ չէ երևացեր հյուսիսային դուռը և կամ մյուս դռները, եթե Զվարթնոցի նման անոնք հինգ հատ էին։

Տարօրինակ երևույթ մը ալ բացվեցավ դռներուն առջևները. Զվարթնոցի նման չորս մեծ մայր սյուներեն զատ, ուղիղ դռներուն դիմաց երևան եկան նմանապես նույն մեծությամբ հաստահեղույս մայր սյուներու մնացորդներ, որոնք ոչ միայն անսպասելի էին, այլ նաև ակամա մտածել կուտան, թե ինչու ուղղակի դռան դիմաց հազիվ մեկ մետր ներս հաստատված են։ Թեև այժմեն չէ կարելի ոչինչ վճռել, մոտ ժամանակի մեջ պիտի պարզվի, սակայն կարելի է ենթադրել, որ այս եկեղեցու շինող ճարտարապետը կամ չունեցավ Զվարթնոցը շինող ճարտարապետի խիզախ հանդգնությունը նույն ձևով գմբեթը կազմելու համար և դիմեց օժանդակ մայր սյուներու և կամ նույն ձևով շինելե հետո, վերահաս վտանգի մը առջևն առնելու համար, հետո շինվեցան այս մեծ մայր սյուները, շուտով կպարզվի[12]։

«Շինէ (Գագիկ Ա.) սուրբն Գրիգոր աննման յԱնի, որ այժմ հանգուցեալ է. թ. 1001»[13]։

Բագրատունի Գագիկ Ա, հատկապես Զվարթնոցի և նրա կանգնողների հիշատակը հավերժացնելու համար (որովհետև նույն ժամանակ գրեթե կիսավեր էր Զվարթնոցը), Անիում կանգնել է մի հոյակապ եկեղեցի նույն չափով և նույն ձևով[14]։

Անիի Գագկաշեն ս. Գրիգորը, որ ուղիղ ընդօրինականաթյունն է Զվարթնոց եկեղեցիի, բացի զանազան ակամա տարբերություններե՝ տրամագիծն ալ 60 սմ տարբերություն ունի[15]։

Գագիկ Ա XI դարու սկիզբը (1000 թվին) կանգնել է Անիի ս. Գրիգոր եկեղեցին Զվարթնոցի պատճենով, բայց ի՞նչ անհամեմատ տարբերություն կա այս երկու միանման շենքերու ճարտարապետներուն հեռատեսությանը մեջ. Զվարթնոցի ճարտարապետը ճնշում սպառնացող մասերուն վրա թեթև ավազաքար կամ չեչաքար գործածեր է, մինչդեռ Անիի մեջ հրաբխային սովորական քարերով են ծանրաբեռնված նույն մասերը. և ահա այդ անհեռատեսությունը շուտով ունեցեր է իր աղետալի հետևանքը, հազիվ 10—12 տարի անցած, արդեն շենքը ամեն կողմե սկսեր է ճեղքվիլ ու գրեթե անգործածելի եղած է։ Մայիս, 1910[16]։

Երրորդ վերածնության գլուխգործոցներն են Անիի Կաթողիկեն Ա գագկաշեն ս. Գրիգոր եկեղեցին» որ բացվեցավ 1905—1906 թվականներուն` պր. Ն. Մառի պեղումներով։

Գագկաշեն ս. Գրիգորի գոյությունը պատմությամբ ծանոթ էր, բայց տեղը անհայտ էր, անոր տեղը ճշտելու պատիվը կվերաբերի Ա. Վրույրի, որ առաջին անգամ հայտարարած է 1902 թվականին։

Շատ ճիշտ էր գրած պատմագիրը անոր մասին։ Չափով, ձևով ոչ մեկ տարբերություն չունի Զվարթնոցեն, միայն զարդաքանդակներն են, որ Զվարթնոցին օտար են. IX դարու զուտ հայկական քանդակներով զարդարված է՝ հունական թեթև խառնուրդով։ Մայիս, 1910[17]։

(13,20) Տասնևերեք մետր քսան սմ է բոլորակ ս. Գրիգորի արևելյան կողմի մեծ ետնաշեն հենարան սյունին բարձրությունը, սկսած ներքին բարակ որմասյուներու խարիսխները հանգչած աստիճանեն մինչև հյուսիսի ճակատին վրա շարված վերջին քարը, հավանաբար վերն ալ եղեր են մեկ կամ երկու քարեր, սակայն այս բարձրութենեն արդեն հայտնի է գալըռին (սրահ) ծածկող կամարին կորությունը կաղապարված։ Գագկաշեն ս. Գրիգորի պատին քարերը 80 սմ մինչև 125 սմ քառակոաի մեծություն ունեն։ Դրսի աստիճաններու քարերը սկսյալ մեկ մետրեն մինչև 230 սմ. առհասարակ երկայն են, շատ քիչերը կարճ են։

Հարավային դռան քանդակազարդ բարավորները կազմած է 70 սմ. խոր, 60 սմ. ճակատ և 170 սմ. բարձրությամբ միակտուր քարե, վերնասյամը նույնպես իր ամբողջ քանդակներով միակտուր քար է։

Ներսի խաչաձև քոլոնատի սյուները թեև ամբողջովին միակտուր չեն, սակայն 150 սմ ոչ պակաս և մինչև 250-ը անցնող կտորներե բաղկացած է. պինդ որձաքար կտորները իրարու վրա դրված և ամրացած են կեդրոններեն երկաթյա գիվանայով՝ կապարով պնդացված։

Այս մեծ սյուներու խոյակներու վրա կարմիր ներկվածքի նշաններ կան՝ տեղ-տեղ ալ դեղնագույն։

Մեծ մայր (4) սյուներու վրայի դրված քարերը ավելի խոշոր են ք<ան> դուրսի պատին վրա շարվածները, երբեմն տեղերու վրա սյուներուն ամբողջ լայնություն<ը> գրաված է միակտուր քար մը։

Գետինը սալահատակված է չափավոր մեծությամբ քարերով, նույնպես բոլորակ գալըռին. գալըռին մեկ աստիճան ցած է ներքին խաչաձևի հատակեն։

Պատերուն վրա առհասարակ ներկի կամ ծեփի նշաններ չկան, միշտ պարզ է եղած և բավական սրբատաշ քարերու արտակարգ մաքուր շարվածքը։

Արևելյան կողմի փոքր մատուռին դռնեն (մասանց խորան?) դեպի հյուսիս, երրորդ սյունին խարիսխին վրա կա անկյունեն ծակված՝ ձի կամ անասուններ կապելու հատուկ, որով հայտնի կըլլա, թե ամբողջական կործանումեն հետո ալ տեղ-տեղ անասուններու ապաստարան ըլլալու չափ կիսափուլ տեղեր մնացեր են։

Սյունաշարերու տակի շինված socle-ները, մինչև իսկ որոնք հասարակ ավազաքարե են եղած, հակառակ սյուներուն պինդ քարե ըլլալուն, անոնք ալ ներքևո ճեխկռտվեր են. մասնավորապես շեշտվեր է հյուսիսարևելյան առանձին սյունին տակը շինած soclce–ին վրա. շատ պարզ կերևի սաստիկ ծանրության տակ ճմլած ու ճեխկռտված ըլլալը։

Հյուսիսարևմտյան առանձին սյունեն դեպի սեղանին կամ հյուսիսային դռան կողմի վրա գտնվող քարե ավազանը ունի չափ լ<այնություն> 104Xե<րկայնություն>206 բ<արձրություն>65,51 խորություն մեջեն, 76 սմ մեջի պարապության լայնություն։ Այս ավազանին ինչ պաշտոն ունենալը հայտնի չէ, թերևս մկրտության ավազան եղած ըլլա, սակայն շատ գռեհիկ ձևով շինված է. թեև կերևի, որ տեղին վրա հաստատուն մնալու դիտմամբ տակը գաջ ու կրով հատուկ խարիսխ շինած են։ Վերջին ժամանակները եկեղեցիի նորոգության ժամանակ այստեղ են աշխատեր շաղախ պատրաստող գործավորները և շատ հավանական է, որ կիրը հալեր են այս ավազանին մեջ. ավազանին մեջը, շուրջ և մոտակա պատերուն վրա դեռ կմնա նորաշաղախ կիրի ու ավազի թողած կեղտոտությունները պատին ստորին մասին վրա։

Սեղանին երկու կողմին վրա կերևա քարտաշ վարպետներու աշխատելու կերպը սյուներ և կամարներ փորագելու ժամանակ, թե ինչպես կարկինով բաժնած գծած են և հետո փռած, նախ քարին երեսը մաքրեր են, ետևեն բաժներ են սյուները, վրան գծեր են սյուներուն թե կողերը և թե կեդրոնը, հետո կեդրոնի գծերեն սկսյալ աստիճանաբաը մտեր են խորը՝ սյունը ձևացնելու համար։

Խարիսխներու տակերը ձևին մեջ երևցածին պես խողովակաձև խցած է. երբեմն խաչաձև երկու կողմերուն վրա երկնցած. թե ի՞նչ է պաշտոնը։

Խոյակները ներկված չեն ամբողջովին, վրայի քանդակները մասամբ ներկված են կարմիր գույնով, ընդհանրապես փոս տեղերը, երբեմն ալ բարձր տեղերը։

Քարերի խառնուրդը ուշադրության արժանի է. խիստ կարմիր, կարմրագույն, շիկագույն, թուխ և սև, խառն թե սյուներու և թե կամարներու և մասնավորապես կլոր պատուհաններու շրջանակներու մեջ, որոնց անհամաչափ ցրումը կամ դասավորումը որչափ հաճելի պիտի երևար աչքի։

Արևմտյան դռան բարավորները ամբողջ բարձրության վրա միակտուր են, բացի ներքևի իբրև խարիսխ դուրս կարկառած մասեն, միայն պատին հաստության կեսին չափ խոր, այնպես որ երկու քարով պատին հաստությունը ծածկեր են։

Նույնպես է նաև հյուսիսային դռան բարավորները։

Գագկաշեն ս. Գրիգոր եկեղեցիին արևելահարավ պատին վրա, աստիճանեն մեկ շարք քար վերև 8—10 մետր տեղ ի հնումն փլեր է և մանր քարերով կարկատեր են։ Ուրիշ տեղեր չերևաց այսպես. գուցե մոտակա հետնագույն շինությունները շինողները շարեցին, նախապես փլվածքին բացված ծակը փակելու համար։

Պատմութենեն բոլորովին պարզ է, որ Ալփասլանի Անին գրաված ժամանակ գագկաշեն ս. Գրիգորը վաղուց անշքացած էր։

Պեղումներու ժամանակ արդեն պարզ երևաց, որ հյուսիսեն հարավ մի պատ քաշված էր քանդված մասը մնացածեն զատելու համար և այնպես մի առ ժամանակ, իբրև մեծագույն նախնյաց հիշատակարան, պարբերաբար պաշտամունք կատարեր են։ Ահա այդ ժամանակ կախվեր է այդ պղնձի կտորիկներից կազմված ողորմելի ջահը, որն որ վերջին փլուզման ժամանակ գմբեթին անկումովը թաղվեր է փլատակներու տակ[18]։ 2. Զվարթնոց եկեղեցու հատակագիծը (չափագրություն՝ Թ. Թորամանյանի, հրատարակված պրոֆ. Հ. Ստրժիգովսկու երկհատորյակում):3. Զվարթնոց եկեղեցու արևմտյան ճակատը (վերակազմաթյուն՝ Թ. Թորամանյանի):Զվարթնոց եկեղեցու մանրակետը (ըստ Թ. Թորամանային վերակազմության):5. Զվարթնոց եկեղեցու վերակազմության առաջին տաբբերակը առանց վերին հարկաբաժնի:6. Զվարթնոց եկեղեցու միջանատը (վերակազմություն՝ Թ. Թորամանյանի):7. Զվարթնոց եկեղեցու արծվաքանդակ խոյակի տարբերակ (լասանկ.՝ Թ. Թորամանյանի):

8. Զվարթնոց եկեղեցու արծվաքանդակ խոյակի տարբերակ (լասանկ.՝ Թ. Թորամանյանի):9. Զվարթնոց եկեղեցու հարկաբաժինները պսակող քիվը (չափագրություն՝ Թ. Թորամանյանի) :

10. Զվարթնոց եկեղեցու առաջին հարկաբաժնի բոլորակ պատուհանների քանդակազարդ պսակների նմուշներ (չափագրություն Թ. Թորամանյանի):11. Զվարթնոց եկեղեցու ներքին կիսաշրջան մեծ սյուների խարիսխներ և խոյակներ չափագրություն՝ Թ. Թորամանյանի։12. Զվարթնոց եկեղեցու զարդաքանդակ մասեր (չափագրություն՝ Թ. Թորամանյանի):13. Զվարթնոց եկեղեցու զարդաքանդակ մասեր (չափագրություն՝ Թ. Թորամանյանի):14. Զվարթնոց եկեղեցու զարդաքանդակ մասեր (չափագրություն՝ Թ. Թորամանյանի):

15. Զվարթնոց եկեղեցու արտաքին որմնասյուներ և որմնակամարներ (չափագրություն՝ Թ. Թորամանյանի, հրատարակված պրոֆ. Հ. Ստրժիգովսկու երկհատորյակում)։16. Զվարթնոց եկեղեցու առաջին հարկաբաժնի բոլորակ պատուհանների քանդակազարդ պսակների նմուշներ (չափագրություն՝ Թ. Թորամանյանի)

17. Ս. Լորենցո եկեղեցու հատակագիծը՝ Թ. Թորամանյանի նշումներով։18. Զվարթնոց եկեղեցու հարակից շինություններ (ՆԵրսես Գ Շինող կաթողիկոսի կաթողիկոսական տան ավերակները, լուսանկ.՝ Թ. Թորամանյանի): 10. Զվարթնոց եկեղեցու հարակից շինություններ (չափագրաթյուն՝ Թ. Թորամանյանի; հրատարակված պրոֆ. Հ. Ստրմիգովսկու երկհատորյակում)։ 20. Զվարթնոց եկեղեցու և հարակից շինությունների դիրքը միմյանց նկատմամբ (չափագրության՝ Թ. Թորամանյանի):21. Զվարթնոց եկեղեցու հունարեն արձանագրությունը (լուսանկ.՝ Թ. Թորամանյանի): 22. Գագկաշեն ս. Գրիգոր եկեղեցու ավերակը (լուսանկ.՝ Թ. Թորամանյանի): 23. Գագկաշեն ս.գրիգոր եկեղեցու հատակագիծը (չափագրություն՝ Թ. Թորամանյանի.

հրատարակված պրոֆ. Հ. Ստրժիգովսկու. երկհատորյակում)։24.Գագկաշեն ս. Գրիգոր եկեղեցու արևմտյան ճակատը (վերակազմություն` Թ. Թորամանյանի):25. Գագկաշեն ս. Գրփգրոր եկեղեցու միջահատը (վերակազմություն Թ. Թորամանյանի):26. Գագկաշեն ս. Գրիգոր եկեղեցու միջահատը (վերակազմություն՝ Թ. Թորամանյանի)27. Գագկաշեն ս.Գրիգորեկեղեցրս հատակագծի տեսքը եկեղեցին վտանգվելուց հետո (չափագրություն՝ Թ. Թորամանյանի):30. Գագկաշեն ս. Գրիգորի պեղումներից գտնված եկեղեցու մանրակերտը (լուսանկ. Թ. Թորամանյանի):31. Գագկաշեն ս. Գրիգոր եկեղեցու ներքին սյուների խոյակների երկու տարբերակ (լուսանկ.` Թ. Թորամանյանի):32. Գագկաշեն ս. Գրիգոր եկեղեցու արևմտյան դուռը (չափագրություն՝ Թ. Թորամանյանի):Գագկաշեն ս. Գրիգոր եկեղեցու հյուսիսային դուռը և այլ մասեր (չափագրություն՝ Թ. Թորամանյանի)34. Գագկաշեն ս. Գրիգոր եկեղեցու արտաքին կամարներ և սյուներ (չափագրություն՝ Թ. Թորամանյանի):35. Գագիկաշեն ս. Գրիգոր եկեղեցու զանազան զարդաքանդակ մասեր (չափագրության՝ Թ. Թումանյանի)36. Գագկաշեն ս. Գրիգոր եկեղեցու ներքին սյուների խոյակներ և այլ մասեր (չափագրություն՝ Թ. Թորամանյանի)։37. Գագկաշեն ս. Գրիգոր եկեղեցու զարդաքանդակ մասեր (չափագրություն՝ Թ. Թորամանյանի):38. Գագկաշեն ս. Գրիգոր եկեղեցու զարդաքանդակ մասեր (չափագրություն՝ Թ. Թորամանյանի):

«…և ժողովեցան առ դուռն մեծափառ կաթուղիկէինի մայրաքաղաքն յԱնի և հաստատեն զԳագիկ զեղբօրորդին Յովհաննիսի թագաւոր ի վերայ ինքեանց…[19]։

Գագիկին Կաթողիկեին[20] մեջ թագավոր օծելեն հայտնի է, որ Գագկաշեն մեծ եկեղեցին անգործածելի եղած էր նույն ժամանակ, կամ կիսովին գործածելի, որը հազիվ թե բավականություն տար մեծ հանդեսի։

Բոլորակ գագկաշեն ս. Գրիգորը Բագրատունի հարստության պարծանքը և առանձնապես Գագիկ Ա-ի մեծագործությունն է։ ճիշտ է, որ Ներսես Շինող VII դարուն առաջին անգամ կանգներ է անոր հոյակապ նախատիպը, սակայն Ներսեսի համար ոչ միայն բաց էր համայն հայության քսակը, այլև բյուզանդական կայսրության գանձարանը։ Իսկ Գագիկի համար եկամուտի միակ աղբյուր յուր փոքրաթիվ շիրակեցի բնակչությունն էր[21]։

Բագրատունի Գագիկ Ա, հրապուրված Զվարթնոցի անօրինակ վայելչազարդության համբավեն, 1000 թվականին Անիի մեջ կանգնել կուտա անոր ընդօրինակությունը։ Սակայն անեցի ճարտարապետներ պահելով անոր՝ հայոց մեջ վաղուց ընդունված բոլորշի և քրիստոնեական խորհրդանշան խաչաձև հատակագիծը, բոլորովին կմերկացնեն յուր օտար զարդերեն և կհագվեցնեն իրենց սեփական տարազով։

Ահա այս 1000 թվականին կես դար տևողությամբ մտած կերևին հայոց մեջ արևմտյան ոճի detail-ներ (մանրամասն)։ Այս խառնուրդները կնշմարվին գագկաշեն ս. Գրիգորի իրանը շրջահատող գոտիին վրա և դրանց շրջանակներու մեջ, Կաթողիկեի հարավային ճակատի արևելակողման նիշի կամարին վրա, Հոռոմոսի ս. Հովհաննեսի տաճարին գավիթին առաստաղի զարդաքանդակներու մեջ և այս շրջանի ոճին ենթարկվող բոլոր եկեղեցիներու դրանց շրջանակներու վրա[22]։

Հայոց[23] ոճին վրա հունական ազդեցությունը ենթադրել տվող գխավոր detail–ներեն (մանրամասն) մեկը volute-ն(խոյող) է. այս ենթադրությունը կարող էր արդարանալ այն ժամանակ, երբ volute–ի ծննդավայրը Հոնիան կկարծվեր. ինչպես որ Պերսեպոլիսի ավերակներուն մեջեն գտնված սյունի մը խոյակին վրա, վերեն վար ուղղահայաց դիրքով[24] քանդակված volute-ները Քսերքսեսի գերի վարած հույն վարպետներու գործ համարվեցավ[25]։ Բայց երբ Եգիպտոսի և Ասորեստանի պեղումները ճշտեցին անոր իսկական հայրենիքը[26] և գծեցին անոր փոխանցման ուղին, այն ատեն այս ենթադրությունը իր ուժը կորսնցուց։ Կարելի կըլլար հետադարձ ազդեցություն համարել հայոց վրա եթե նախ՝ անոնք հայոց մեջ Արևելքի նախնական գծերով մնացած չըլլային[27], երկրորդ՝ եթե volute–են (խոյող) զատ հունական ոճը շոշափող գեթ աննշան չափով ուրիշ detail–ներ (մանրամասն) ալ գտնվեին, երրորդ՝ եթե պրոֆ. Մառի Անի գյուղի մեջ պեղած հեթանոսական գերեզմաններե դուրս եկող կավե ամանի մը կողին վրա բարձրաքանդակ նկարված Vօlսte–ը անոր նույնիսկ հեթանոսական դարերու մեջ Անիի մեջ գործածական ըլլալը չապացուցաներ։

Ուրեմն, ասկեց կհետևի, որ Առաքելոց եկեղեցվո և գագկաշեն ս. Գրիգորի վրա եղած volute-ները վերջին շառավիղներն էին, որովհետև ասոնց թվականներեն հետո այլևս չեն երևիր, մինչդեռ անկեց առաջ հաճախ գործածված են մինչև Զվարթնոց եկեղեցին։ Թերևս ավելի հիներն ալ ունեն, բայց դժբախտաբար ես առիթ չեմ ունեցեր հետազոտելու։ 1907, նոյեմբեր 26, Ալեքսանդրապոլ։

Անիում, մինչև Գագիկի կանգնած բոլորակ եկեղեցիի պեղումները, մեզ անհայտ էր, թե ինչպես են պատրաստել անեցիք կրաշաղախի զանգվածը։ Բարեբախտաբար, պեղման ժամանակ դուրս եկավ մի մեծ քարեղեն տաշտ, որուն մեջ պատրաստել էին կրաշաղախը շենքը վտանգվելուց հետո, երբ կառուցել էին մի շրջակամար 1013 թվականին կործանելուց ազատելու համար[28]։

  1. Թորամանյան Թ., Նյութեր…, հ. 1, էջ 270-276։ «Հուշարար», 1907, № 8, էջ 121-124, № 9, էջ 140-143, №10, էջ 153-155։
  2. Ասողիկ, նշվ. աշխ., էջ 282։
  3. Ասողիկ, նշվ. աշխ., էջ 256։
  4. Սա մի նամակ է, որը Թ. Թորամանյանը Ալեքսանդրապոլից ուղարկել է պրոֆ. Ն. Յ. Մառին 1906 թ. դեկտեմբերին։ Թորամանյան Թ., Նյութեր…, հ. 1, էջ 277—281։ Թորամանյան Թ., Նամակներ, էջ 55։
  5. Գագկաշենի հատակագծի վերակազմությունը, որին հղում է Թ. Թորամանյանը, գիտնականի արխիվում չի պահպանվել, ուստի վերակազմության հատակագիծը տրվում է առանց լատինատառ նշանակված Ա, Բ, Գ, Դ, Ե և հայերեն Զ տառով գծագրերի. նրանց փոխարեն դնում ենք միայն լուսանկարները առանց նշանակումների (կազմողներ):
  6. 1906 թ. առայժմ դեռ. կանգուն մնացած արտաքին բոլորակ պատին ամենեն բարձր մասին վրա իսկ պատուհանի հետք չկա, հետևաբար պետք է, որ այս բարձրութենեն վերև գտնվեին պատուհանները, միևնույն ատեն ավելի ցած, քան արտաքին պատի և ներքին խաչաձևի մեջտեղ եղող բոլորակի վրան ծածկող շուրջանակի կամարի հանգիստը։
  7. Դժբախտաբար այս լուսանկարը վնասված ըլլալուն չպիտի կրնամ ղրկել. ուստի կխնդրեմ, որ Ձեր քով եղած ուրիշ օրինակի վրա բաղդատեք:
  8. Անկյունային փակագծերի մեջ առնված տողը վերցված է նամակի սևագիր օրինակից (կազմողներ):
  9. Այս և հետևյալ երկու քաղվածքները վերցված են Թ. Թորամանյանի նամակներից, գրված 1905 թ. ս. Գրիգոր եկեղեցու պեղումների մասին (կազմողներ):
  10. «Լուսաբեր», 1905, № 117, օգոստոս, Գահիրէ։ Թորամանյան Թ., Նյութեր…, հ. 2, էջ 260։
  11. «Մշակ», 1905, № 121: Թորամանյան Թ.,Նյութեր…, հ. 2, էջ 257
  12. «Մշակ», 1905, № 121: էջ 124: Թորամանյան Թ., Նյութեր…, հ. 2, էջ 258-260
  13. Մխիթար Այրիվանեցի, նշվ. աշխ., էջ 56:
  14. Թորամանյան Թ., Նյութեր…, հ.1, էջ 90-91:
  15. էջմիածնի տաճարը, «Ազգագրական հանդես», գիրք XIX, 1910, էջ 176։ Թիֆլիս։ Թորամանյան Թ., Նյութեր…, հ. 1, էջ 224։
  16. Հայ ճարտարապետության շրջանները, «Անահիտ», 1911, 1—2, էջ 15, Փարիզ։
  17. Հայ ճարտարապետության շրջանները, «Անահիտ», 1911, 1—2, էջ 16—17, Փարիզ։
  18. «Արքունական», էջ 78։
  19. Սամուել Անեցի նշվ. աշխ., էջ 108։
  20. Անիի մայր եկեղեցի (կազմողներ)։
  21. Անի, քաղա՞ք, թե՞ ամրոց, «Ազգագրական հանդես», գիրք XXIII, 1912, էշ 8։
  22. Թորամանյան Թ., Նյութեր…, հ. 2, էջ 47։
  23. Սա մի նամակ է՝ գրված պրոֆ. Ն. Յ. Մառին, Թո– րամանյան Թ., Նյութեր…, հ. 2, էջ 48։
  24. Roger Peyre, Histoire des Beoux-arts, Paris, p. 50, fig 31. Barberot, Histoire des styles d'architecture, T. l, Paris, p. 41, fig 67:
  25. Roger Peyre, նշվ. աշխ., էշ 50։
  26. A. Choisy, Historie de l'architecture. T. L. Paris, p. 92. Dand Ramee, Historie g'enerale de l'architectur, T. Paris:
  27. Barberot, Historie des stules darch, T L, p. 36 fig 50:
  28. Թորամանյան Թ., Նյութեր…, հ. 1, էջ 141։