Զվարթնոց, Գագկաշեն/Զվարթնոցի մի մասին համար կազմած աշխատությանս նպատակը
8. ԶՎԱՐԹՆՈՑԻ ՄԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՐ
ԿԱԶՄԱԾ ԱՇԽԱՏՈԻԹՅԱՆՍ ՆՊԱՏԱԿԸ[1]
Ներկա աշխատությունս, որը գրեթե Զվարթնոցի ավերակների մասին ունեցած ուսումնասիրությանս մի գլուխը կկազմե, նախապես հայտնեմ, որ լիովին ճարտարապետական ուսումնասիրության բնույթ չունի, այլ նպատակ ունի մի մեծ և աններելի թյուրիմացություն և կամ միտումնավոր խեղաթյուրում ուղղելու, որը մասնավոր մի անհատի կողմից կապվում է այդ հուշարձանի պատմական անցյալի հետ։
Խաչիկ վարդապետ Զվարթնոցի շուրջ գտնված շինությունների մի մասին մեջ տեսնում է կրակապաշտական տաճար, և որպես թե կրակապաշտությունը Հայաստանի մեջ երկար դարեր տիրող մի կրոն է եղած, այն ալ Հայաստանի սրտին վրա, որպիսին է Վաղարշապատը։ Եվ ըստ Խաչիկի, իբր Հայաստանում այնքան բազմացած էին կրակապաշտներ, որ տաճարներ էին կանգնում նույնիսկ VII դարուն (անվիճելի ապացույցներով կրակատուն համարված մասը VII դարու շինություն է) և իբր նույնությամբ էլ մնացեր է մինչև այսօր՝ քրիստոնեության ջերմ նախանձախնդիր հայ կղերի և անոր հլու հնազանդ ժողովուրդի վրեժխնդրությունից ազատվելով։ Թեև տարօրինակ չէր լինիր, որ Հայաստանում ևս պատահաբար գտնվեր կրակապաշտական տաճար կամ ատրուշան, քանի որ մեր հին պատմության մեջ գտնվում են հատ ու կոտոր տեղեկություններ, որ մեծամեծ անպտուղ ջանքեր և զոհողություններ եղել են սասանական արքայից արքաների կողմե՝ հայերին կրակապաշտ դարձնելու համար, սակայն հախուռն և առանց դրական փաստերի վճռել և քարոզել միանգամայն աններելի։
Հայ գիտնականին նվիրական պարտականությունն էր մինչև հիմա փոխանակ հեգնանքով լսել անցնել, ճշմարտությունը մամուլի միջոցով տարածել ընդհանուր ժողովրդյան մեջ և վերջ դնել այդ զուտ շահախնդրական առասպելներին։
Այս հարցում ոչ միայն հայ հասարակությունը պետք է ի նկատի ունենալ, այլև այն մեծ թվով օտարազգի գիտնականները և բարձրաստիճան անձնավորությունները, որոնք մեծ մասամբ ծանոթ չեն հայոց պատմության և հին գրականության։ Անոնք հիացմամբ արձանագրում են միամտաբար իրենց հուշատետրին մեջ այս «ցանկալի գյուտը» և բազմակողմանի կերպով վարձատրում են «գյուտարարին» և մամուլի սեփականություն դարձնում թե պատմական անպատվաբեր կեղծիքը և թե կեղծիքը ստեղծագործողի չունեցած արժանավորությունները։
Ահա այս իսկ պատճաոով ես անհրաժեշտ համարեցի, անկախ Զվարթնոցի ամբողջական ուսումնասիրութենես, մի առանձին հոդվածի նյութ դարձնել այս հարցը, ի պատասխան Զվարթնոցում կրակատուն տեսնելու համար ինձ դիմողներին։ Ուստի այստեղ նախ կներկայացնեմ տեղի ամբողջական հատակագիծը՝ տաճարի մասն ևս միասին[2], ծանոթացնելով ընթերցողին Խաչիկ վարդապետի «տրամաբանական» բացատրություններուն և հետո ամբողջական տեսությունս այդ կարևոր նյութի մասին, այսինքն՝ հայոց կրակապաշտության և կրակապաշտական տաճարների մասին։
⁂
Էջմիածնից դեպի արևելք, 3—4 կիլոմետր հեռավորության վրա, կգտնվի հայոց ճարտարապետության ոսկեդար՝ VII դարու մեջ Ներսես Գ կաթողիկոսի, ի հնումն առապար անվանված տեղին վրա կանգնված Զվարթնոց եկեղեցիի ավերակները։
Այս ավերակները, որ ի սկզբան բոլորովին հողով ծածկված էին և արտաքուստ հողից վեր հազիվ նկատելի էին չորս գմբեթակիր սյուներու ծայրերը, <1900> թվականին էջմիածնի միաբան Խաչիկ ծ<այրագույն> վարդապետ սկսել է պեղել այս հռչակավոր ավերակը։ Պեղումներով հայտնագործվեր է ոչ միայն Ներսես Գ-ի կանգնած հոյակապ եկեղեցին, որ ի հնումն բոլոր հայ մատենագիրներե մեծամեծ գովեստներով հիշատակված է, այլև իր գեղարվեստական ու ճարտարապետական հանճարեղ կառուցվածքով հիացում պատճառելով մեր ժամանակի գիտական աշխարհին, մի մեծ տեղ գրաված է գեղարվեստի ընդհանուր պատմության մեջ։ Բացի բոլորակ տաճարեն, հայտնագործվեր են նաև անոր հարավային կողմը ընդարձակ շինությունների մնացորդներ, որոնք ոչ նվազ հետաքրքրական են Զվարթնոցի կառուցման ժամանակի պատմության համար։
Զվարթնոց եկեղեցին գրեթե եզական մի շինություն է, ի նկատի ունենալով անոր կառուցման ժամանակը, միջավայրը և երկրին քաղաքական ու տնտեսական վիճակը։ Անոր հատակագծային ձևը, ճարտարապետական ոճը այնքան ինքնուրույն և Հայաստանի միայն հատուկ է, որ առայժմ թույլ եմ տալիս ինձ այդ ոճը հայկական համարելու, քանի չեն գտնված դեռ անոր նմաններ Հայաստանից դուրս և ավելի հնագույն, քան Զվարթնոցը։ Հայաստանի մեջ այդ ինքնուրույն ճաշակով շինված հուշարձանը միակը չէ. գոյություն ունեն ուրիշ չորս մեծ ու փոքր հուշարձաններ ևս Հայաստանի սահմաններում Զվարթնոցի նմանությամբ շինված, որք են.
1. Զվարթնոց.
2. Բանակի եկեղեցին.
3. Անիի գագկաշեն ս. Գրիգորը.
4. Թավուզքյարի եկեղեցին, որը, ըստ տեղեկատուի, շինությունը վերագրվում է Ներսես Շինողի։ Հինգերորդը փոքրն է, Անիի հյուսիսային պարիսպներից դուրս կանգնված Հովվի եռահարկ գողտրիկ եկեղեցին։
Զվարթնոց տաճարի շուրջ բացված շինությանց մնացորդները գրավում են հարավային և մասամբ հարավարևմտյան կողմը, որոնք անշուշտ հատուկ էին կաթողիկոսական տան և միաբան կղերական պաշտոնեից բնակության։ Ընդհանուր ավերակները կարելի է բաժանել չորս զանազան մասերու, որոնց մեկը միայն առարկա է եղած քմածին ենթադրությունների և մեկնությունների։
Ընդհանուր ավերակների բաժանումները հետևյալներն են.
1. Զվարթնոց բոլորակ տաճարը։
2. Կաթողիկոսական դահլիճը և կաթողիկոսական բնակության հատուկ բաժանումներ տաճարի հարավարևմտյան կողմը։
3. Կաթողիկոսական շքախումբ միաբան հոգևորականների բնակարաններ տաճարի հարավային կողմը։
4 Անկախ մյուս մասերից, մի քանի ուրիշ բաժանումներ տաճարի հարավակողման ավերակների արևելյան ծայրին։
Ահա այս չորրորդ մասն է, որուն միմյանցից անկախ մի քանի բաժանումների փոքր ինչ տարօրինակությունը առիթ է տված պեղումները կատարող Խաչիկ վարդապետին մի կրակապաշտական տաճար «գտած» լինելու հավակնոտ և համառորեն շարունակվող քարոզներին։
Այս մասը (ինչպես կտեսնվի հատակագծին մեջ) բաղկացած է հինգ բաժանումներե, եթե հաշվի առնենք արևելյան մասին վրա վերջին սենյակը, որուն մեծությունը անորոշ է քայքայման պատճառով։ Այս մասի հարավարևելյան կողմին վրա կա մի հին եկեղեցիի մնացորդ, որի արևելյան կողմի կիսաբոլորակ խորանը միայն գոյություն ունի այժմ և անոր շինությունը, հետևցնելով քարերի տաշվածքի և դասավորության անվրեպ նշաններեն, ավելի վաղ ժամանակ շինված է, քան Զվարթնոց բոլորակ տաճարը և տաճարի հարավային կողմի հարակից շինությունները։ Եկեղեցիեն հայտնի է, որ V դարու գործ է կամ V—VI դարաշրջաններներու մեջտեղ կանգնված և ինչպես կերևի՝ բազիլիկ ձև ուներ։ Այդ եկեղեցին Զվարթնոցի շինության ժամանակ կամ քայքայված էր և կամ գոյությունը ավելորդ համարելով՝ քանդեր են, միմիայն իբրև հիշատակ խորանը պահելով։ Այս եկեղեցիի արևմտյան քանդված մասին վրա շիներ են Գ մասը, որ հատուկ է միաբան հոգևորականներու բնակության, զանազան մեծ ու փոքր սենյակներ կպարունակե և միանգամայն անկախ է թե Դ մասեն և թե Բ մասեն, որոնք ունեին իրենց գործածության հատուկ նպատակները։
Կիսով չափ միայն մնացած պատին կից կա մի ընդարձակ բաժանում, որուն մեջ, մեկ գծի վրա, հարավեն հյուսիս շարված են երեք հատ քառակուսի սյուներ (Դ, 2) միջակ մեծությամբ քարերով շինված, որոնց մեջ վարեն վեր շարված են թրծված կավե խողովակներ, խողովակներու ստորին մասերը հաղորդակցում են ներքևից ընդարձակ բաժանման հետ քառակուսի ծակերով։ Ընդարձակ բաժանման հյուսիսային կողմին կից կան երկու փոքր նախագավթի նման բաժանումներ, որոնք հաղորդակցում են դռներով թե դրսի և թե ընդարձակ (Դ) բաժանման հետ։ Նույնպես մեծ բաժանումը <ունի մի դուռ> դրսի հետ հաղորդակցող արևելյան կողմեն կիսավեր եկեղեցվո խորանին արտաքին պատին կից։ Ընդարձակ (Դ) բաժանման հյուսիսարևելյան մասին կից կա մի բաժանում (4), որ ընդարձակ բաժանման հետ կհաղորդակցի ցածլիկ (չափերը գրել) աղեղնակապ մի անցքով (6), որը հայտնի է, թե իբրև դուռ շինված չէ, այլ մի ուրիշ կարևոր նպատակի համար։ Այս աղեղնակապի կից սենյակը արևելյան կողմեն կհաղորդակցի մի ուրիշ սենյակի հետ, որուն երկայնության չափը (7) անհայտ է՝ արևելյան պատին բոլորովին քանդված լինելուն պատճառով։ Ընդարձակ բաժանման մեջի (2) սյուներուն մեջ դրված թրծուն կավե խողովակների նման այս աղեղնակապով հաղորդակցող (4) սենյակի պատերուն մեջ ևս դրված են. չորս հատ հարավային պատին մեջ, երկու հատ արևելյան կողմին կից սենյակը (7) մտնելու դռան երկու կողմը և մի հատ հյուսիսային արևմտյան անկյունը։ Այս խողովակներուն ևս ստորին մասերը կհաղորդակցեն սենյակի հետ յուրաքանչյուրը մի քառակուսի ծակով՝ այժմյան գետնեն… բարձրության վրա։ Փոքր (4) բաժանման մեջ, ցածլիկ աղեղնակապ անցքի (6) անմիջապես կողքին մի փոքրիկ մաս կա դեպի հարավ հառաջացած և մի բավական մեծ ծակով կհաղորդակցի դրսի հետ հարավային կողմեն։ Այս փոքր հառաջակարկառ մասին գետինը հատակված է անկիզելի որձաքարով, նաև աղեղնակապ անցքը և շրջապատող պատերի ստորին մասերը։ Դրսի հետ ունեցած հաղորդակցության ծակը (8) և գետինները անկիզելի որձաքարով հատակված լինելը ապացույց է, որ այս տեղը ի հնումն մի վառարան էր և կվառվեր դեպի հարավ բացված ծակեն։ Պարզապես այս էր վառարանին բերանը։
Ահա այս պատերուն մեջ դրված խողովակները, վառարանի մը տեղի գոյությունը, խաչիկ վարդապետի ապացույցներն են այդ մասին կրակապաշտական տաճար լինելուն[3]։ Իսկ գրական ապացույցներն են Անանիա Նարեկացիի (ժ դար) ներբողեն մի հատված Կաթողիկեի մասին գրված և Փորթուգալ Միքայել Փաշայի, Եղիշեի քննադատության հառաջաբանին մեջ, Հնդկաստանում գոյություն ունեցող կրակապաշտական տաճարների մասին Անքըթելի նկարագրությունը։
խաչիկ վարդապետ ինքը անշուշտ բոլորովին համոզված չէ այս իր քարոզածի ճշմարտության, բայց որովհետև իրեն համար շահավետ և այցելուի համար հետաքրքրական է, ուստի բոլոր այցելուներին աշխատում է համոզել իր այս «չնաշխարհիկ գյուտի» ճշմարտության համար։ Սակայն ի՞նչպես նա բերում կապում է Անանիա Նարեկացու «Ներբողյան»–ի հատվածը այս մասի հետ և ի՞նչ համանմանություն է գտնում Հնդկաստանի կրակատուններու և այս ավերակի բաժանումներու մեջ, այդ կքննենք իհարկե աշխատությանս ընթացքում և կներկայացնեմ կրակատուններու և ատրուշաններու իսկական պատկերներ և չափագրություններ՝ սկսած ամենահին ժամանակներից մինչև մեր օրերը գոյություն ունեցողները։
Որպեսզի ընթերցողները կարողանան ինձի հետ միասին համեմատություն կատարել և լիովին ըմբռնել այս առեղծվածային մասի հատկանիշը, հարկ անհրաժեշտ կհամարեմ կրակապաշտության ծագումեն մինչև մեր օրերը գոյություն ունեցող կրակապաշտական տաճարների ձևերը և կատարված ծիսական արարողությունները հավաքել գիտնականների ուսումնասիրություններից և ցույց տալ ընթերցողին, որպեսզի յուրաքանչյուր ոք ինք վճռե, թե իբրև կրակապաշտական տաճար ցույց տրված մասը հեռավոր նմանություն իսկ չունի կրակապաշտական տաճարի[4]։
Հաստատված մի իրողություն է, որ քաղաքակրթական ամեն մի տարերք, գիտություն, արվեստներ, ի շարս որոց գեղարվեստ և ճարտարապետություն, երկրեերկիր փոխանցվել են պատերազմներու, գաղթականություններու և առևտրական հարաբերություններու միջոցավ։ Այսպես է եղել նաև կրոնների և հավատալիքների փոխանցումը մեկ ազգեն մյուսը, մեկ երկրեն դեպի մյուսը։ Հաճախ պատահեր է, որ պատերազմով հաղթական կամ կուլտուրապես բարձր մի ազգ, երբ քաղաքականապես նվաճեր, կամ իր ազդեցությունը տարածեր է դրացի փոքր ազգերու վրա, տիրողին նշանաբանն է եղեր այդ փոքր ազգերը ձուլել իր մեջ կրոնքի միջոցավ, որպեսզի ապազգային անջատողական խլրտումներ հառաջ չիգան, և իր տիրապետությունը երկարատև լինի, ուստի այդ համաձուլման ամենեն ուժեղ միջոցը համարել են իրենց կրոնի վարդապետության տարածումը նվաճված ազգի մեջ։ Անմիջապես կանգներ են կրոնական տաճարներ, կատարել են հանդիսավոր արարողություններ, եռանդուն կերպով անվերջ քարոզել են տիրողի «ճշմարիտ» կրոնի վարդապետությունները՝ նոր կրոնին ընտելացնելու համար։ Շատ անգամ պատահել է, որ նույնիսկ բռնի միջոցների են դիմել կրոնական սկզբունքները ընդունել տալու համար։ Այս բռնի միջոցները, պետք է ըսել, որ երբեմն օգներ են, սակայն ոչ միշտ, պատահել են դեպքեր, որ այդ բռնի միջոցները հառաջ են բերել համայնական կատաղի ընդվզումներ, որով անփոխարինելի վնասների է ենթարկվել տիրապետելու ձգտողը։
⁂
Ճարտարապետության պատմությունով զբաղվող գիտնականներու մեջ գրեթե ընդհանուր համոզում է, որ արևելյան արվեստների դեպի արևմուտք փոխանցվելու ճանապարհը կամ կամուրջը եղել է Հայաստանը։ ժամանակագրապես փաստացի ապացուցված IV և V դարերուն կանգնված հուշարձաններ կան Հայաստանի մեջ, որոնց քննությունը ցույց կուտա, թե հայ ճարտարապետության վրա ներգործության հոսանքների աղբյուրները արևելքում և հարավում կգտնվեին, ոչ թե արևմուտքում, ինչպես կարծում էին ոմանք՝ հայոց ճարտարապետությունը դեռ հիմնովին չուսումնասիրած։ Թեև անվիճելի է մինչև VII դարու վերջերը, ինչպես նաև X—XI դարերուն հայ ճարտարապետության վերածնության շրջանին կանգնված շենքերի մեջ հունա-հռոմեական թեթև գծերի գոյությունը (բացառությամբ Գառնիի Տրդատա հովանոցի, որը խիստ զորեղ կերպով հռոմեական ոճի ազդեցության տակ է), այնուամենայնիվ, այդ արևմտյան ոճի ազդեցության շողքերը ուղիղ գծով Հայաստան մտած լինելը չափազանց տարակուսելի է։ Միանգամայն պարզ է, որ արևմտյան ոճերը Հայաստան մտել են Սիրիայի ճանապարհով, իրենց հետ բերելով նաև սիրիական ոճի մի շարք motive-ներ, որոնք ձուլված ու հայացված են տեղական արվեստների քմահաճույքին համեմատ, այնպես որ, մինչև XIV—XV դարերը, Հայաստանի ճարտարապետության մեջ քաղաքացիություն ստացած արևմըտյան ոճի գծերը հազիվ նկատելի են հայ ճարտարապետության ընդհանուր ներդաշնակության մեջ։
Ի նկատի ունենալով հայոց ճարտարապետության վրա սկիզբեն մինչև վերջ Արևելքի ազդեցությունը, բնականորեն հարց կծագի, թե արդյոք Արևելյան կրոնները խորապես ազդե՞լ են հին հայոց կրոնի վրա, և եթե ազդելեն, ի՞նչ հետքեր մնացած են այդ կրոնական հավատալիքներեն: Այդ մասին պատմական վկայություններ խիստ հատուկտոր են և մի վճռական եզրակացության հանգելու անբավարար։ Ուստի, ըստ իս, մատենագրական տվյալների և ժամանակակից գիտնականների ուսումնասիրությունների հետ զուգահեռաբար, պետք է քննել նաև նախնյաց հուշարձանների մնացորդները և անոնց մեջ փնտրել, թե արդյոք Հայաստանում ևս կգտնվի՞ն Հայաստանը շրջապատող հին ազգերի մեհյաններին կամ կրակապաշտական տաճարներին համանման շենքերի մնացորդներ, որոնց մեջ պաշտվեցան հին աստվածներ, սկսած նախապատմական ժամանակներից գեթ մինչև նոր կրոնների ծագումով հիներին ասպարեզից քաշվելն կամ վտարվելը։
⁂
Հայաստան շատ կարճ ժամանակ միայն ունեցեր է պետական բացարձակ անկախություն, իսկ մնացյալ ժամանակներում, թե քաղաքականապես և թե կուլտուրապես, առավել կամ նվազ չափով ենթարկված է եղել շրջապատող մեծ ազգերի, բացի քաղաքական և կուլտուրական ազդեցությունից, նաև որոշ չափով կրոնական հավատալիքների տեսակետով։
Այսօրվան գիտնականների մանրակրկիտ ուսումնասիրությունները ապացուցում են, որ հին հայոց նախաքրիստոնեական կրոնը ենթարկված էր Հայաստանին տիրող, կամ Հայաստանի վրա գերիշխանություն ունեցող մեծ պետությանց կրոններուն, ինչպես հունա-հռոմեական, ասորա-քաղդեական, պարթևական, պարսկական ևն, ևն։ Միայն թե ոչ մի ազգի կրոն Հայաստանում նույնությամբ չէ ընդունված, այլ տեղական ճաշակի և դատողության համաձայն, ընտրանոք մասեր պատվաստել են իրենց սեփական հիմնական կրոնին, որով հետզհետե դարերի ընթացքում կազմվեր է գրեթե շրջապատից անկախ մի կրոնք պաշտման, ծիսական առանձնատեսակ կանոններով և մեհենական առանձին ձևերով։
Որովհետև այստեղ մեզ զբաղեցնողը պիտի լինի առանձնապես կրակապաշտական կրոնը և անոր հատուկ տաճարների ձևերը, որոնք իբր թե երկար դարեր Հայաստանի մեջ պաշտման առարկա եղան, ուստի պիտի սկսեմ համառոտակի արձանագրել կրակապաշտության ծագումը, հաջորդական փոխանցումները և անոր զարգացման խազերը, Հայաստանը շրջապատող հին ազգերու մեջ քաղելով գիտնականների կատարած ուսումնասիրություններեն և վերջնական եզրակացություններեն, որպեսզի կարողանանք քննել, համեմատել Հայաստանի մասին պատմական տվյալները և անոնց հետ կապ ունենալ կարծվող հայ հուշարձանների մնացորդները։
Աշխատությանս ընթացքում, բնականաբար, պիտի համեմատության դնեմ (բացի կրակապաշտական տաճարներից) նաև Հայաստանից դուրս եղող ուրիշ ազգերի տաճարները, որոնց կապը ակներև է հեթանոս Հայաստանի տաճարների ձևերի հետ։
Կարծում եմ, որ այս աշխատությանս ընթացքում ես պիտի կարողանամ ցույց տալ, թե Հայաստան ո՞ր կրոնքներից ի՞նչ չափերով օգտվել է հավատալիքների և դիցապաշտության տեսակետով, և ո՞ր ազգերի կրոնական տաճարների ձևերը եղել են իրենց ճաշակին և դավանանքին հարմար և կանգներ են տաճարներ նույն ընդունած ձևերով։
- ↑ Թորամանյան Թ., Նյութեր…, հ. 2, էջ 92-106 (այլ վերնագրով):
- ↑ Հիշատակված նկարը համարակալված տառերով և թվերով Թորամանյանի արխիվում չլինելու պատճառով դնում ենք նկարները` առանց տառանշանակումների (կազմողներ)
- ↑ Կրակատան անվանված տեղին բուն շենքին հետ հարաբերութուն չունենալեն զատ, նաև հավանական համարված մասն ալ կիսված է, առանց իրարա հետ հաղորղակցելու այդ կեսերը (սևագիր նշումներ)։
- ↑ Թորամանյան Թ., Նյութեր…, հ. 2, էջ 95—106։ Նկատի ունենալով, որ Թ. Թորամանյանի արխիվում չեն պահպանվել նրա «Կրակապաշտություն և կրակապաշտական տաճարներ» աշխ. լուսանկարները և չափագրությունները, հարկ չենք համարում այն տեղագրել սույն ժողովածուում (կազմողներ):