Զվարթնոց, Գագկաշեն/Զվարթնոց եկեղեցու քարերի նշանները

Զվարթնոց եկեղեցու քարերի նշանները

4.ԶՎԱՐԹՆՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՔԱՐԵՐԻ

ՆՇԱՆՆԵՐԸ[1]


Վաղուց է, որ Զվարթնոցի քարերի վրա նկատված են մի քանի նշաններ, որոնք ոչ մասնագետ շրջաններում երկար ժամանակ զանազան թյուր մեկնաբանությունների տեղիք են տվել։ Այդ ըստ քմաց մեկնված՝ քարերի վրա խազված նշանները ունին իրենց հետաքրքրական պատմությունը և գիտականորեն պարզված նշանակությունները։

Այդ նշանների նշանակության և գոյության պատճառների մասին շատ վաղ ժամանակ ուշադրություն են դարձրել եվրոպական հայտնի գիտնականներ՝ Հայաստանից դուրս ուրիշ արևելյան երկիրներու մեջ՝ ինչպես Պարսկաստան, Միջագետք և մասնավորապես բոլոր բյուզանդական երկիրներու մեջ։

Հայաստանի մեջ ևս միայն Զվարթնոցը չէ, որուն քարերին վրա այդ նշանները կան, այլ VII դարուց մինչև XV դարուն կանգնված շենքերի մեջ հաճախ տեսնում ենք այդ նշանները զանազան ձևերով և դարաշրջանների հատուկ փոփոխություններով։

Հին շենքերի վրա այս նշաններին ուշադրություն դարձնողներեն ինձ հայտնի են Վոգյուե և Մ. Դիելաֆուա, առաջինը ամբողջ Սիրիան ճանապարհորդելով՝ իր գրած երկհատոր մեծ աշխատությունով, իսկ երկրորդը շրջելով ամբողջ Պարսկաստանը՝ իր գրած հինգ հատոր հոյակապ աշխատությունով։

Ըստ այդ գիտնականների, իրենք առաջինը չեն այս նշանների վրա ուշադրություն դարձնողը, իրենց տված նմուշներից զատ կան ուրիշ բազմաթիվ նշաններ արևելյան երկրների կանգուն կամ կիսականգուն հին հուշարձանների քարերի վրա, և տալիս են հետևյալ բացատրությունը։

Ի հնումն շենքի ճարտարապետները քարտաշների վերաբերյալ գործերը զանազան մասերի բաժանելով, յուրաքանչյուր մասը հանձնում էին առանձին կարող վարպետների, որոնց պարտականությունն էր թե նույն մասի պատը շինել և թե քարերը տաշելով տեղը շարել։ Այս միջոցին յուրաքանչյուր վարպետ իր շինած պատին վրա տաշած քարերի նշանները փորագրելուց հետո շարում էր պատին մեջ։ Գործը ամբողջացնելուց հետո, չափում էին յուրաքանչյուր հանձնառու վարպետի շինած պատերը և հաշվում էին անոնց նշաններով տաշված քարերը և ըստ այնմ տալիս էին ընդհանուր աշխատավարձը։

Վոգյուե իր աշխատության մեջ, ցույց տալով սիրիական երկրներում սովորական ելնող քարտաշ և որմնադիր վարպետների նշանները, գրում է, թե «բազմաթիվ քարերի վրա փորագրված են տառեր, որոնք անպայման բանվորների նշաններն են, ինչպես կտեսնվին այդ օրինակները միջին դարու հուշարձանների մեծ մասին վրա։ Ես արտագրում եմ գլխավոր տիպերը. այս տառերը փոխ առնված են երեք զանազան այբուբեններից՝ հունարենից, նաբադերենից և սերբերենից»[2]։

Դիելաֆուայի պարսկական ճանապարհորդության ժամանակ հավաքած նշաններն են հետևյալները (նկ. Զ, է) և այդ մասին գրում է. (Մադեր Սուլեյմանի անունով շենքի մասին խոսելիս). «Թախտի անկատար մնացած պատերի մեծ մասի երեսին նշանագրեր կգտնվին, որոնք ոչ մի այբուբենի չեն պատկանում (նկ. Նկ. Զ) Այս կոպիտ ձևով խորափորված նշանները անշուշտ թողել են քարտաշ բանվորները՝ իրենց հաշիվների կարգադրության իբրև հիմք ծառայեցնելու համար։ Եկբատանից եկող աղյուսների և Բիսութունի ժայռերի վրա ևս կտեսնվին թախտի նշաններին բոլորովին նմանները (նկ. է), որոնք կապացուցեն, որ թախտի մեջ աշխատող բանվորները պարսիկ կամ մեդացիներ էին»[3]։

Այս հեղինակը սույն նշանագրերի մասին խոսելիս, իր մի ծանոթության մեջ կգրե հետևյալը. «A. Choisy (Làrt de bàtir chez lez Byzantins, 1890, p. 171) կհայտնե բազմաթիվ բանվորական նշաններ՝ հունական, հոնիական և բյուզանդական հուշարձանների վրա։ Քարերի վրա նշաններ դնելու սովորությունը, որոնց հետքը կգտնեմ Պարսկաստանի մեջ, հունական ծագում ունենալը կկարծեմ։ Այդ սովորությունը տարածվեց Միջերկրականի կողմերը, բայց երբեք գործածական չեղավ արևմուտքի մեջ։ Այս նշանները մեզ ցույց կուտան մասնավոր հաշվապահության մի կերպը՝ հելլենական ցեղերի հակումներին և սովորություններին ներդաշնակ։ Հիրավի, կթվի, թե հույն բանվորը կվճարվեր ընդհանուր սակագնով (à la tàche) և ոչ թե օրավարձով, ինչպես ընդհակառակն էին գալլոռոմեն բանվորները»։

Հավանական է, որ Զվարթնոցի նման մի մեծ շենքի վրա կգտնվեին ավելի նշանագրեր, քան ես հավաքել եմ, սակայն քանի որ հարյուրավոր տարիներ ավերակը իբրև քարհանք ծառայել է շրջակա գյուղերին, նույնիսկ էջմիածնին, բնականաբար անհայտացած քարերի հետ պիտի անհայտանային նաև այդ նշանագրերը (նկ. Ը)։

Պատի մեջ տակավին հաստատուն մնացած քարերի վրա գտնված նշանագրերը անվրեպ կերպով պարզում են, թե որչափ որմնադիր և քարտաշ վարպետներ աշխատեր են այնտեղ, շինարարական քանի՞ մասերի բաժանված էր ամբողջ շենքը և ո՞ր նշանները ունեցող վարպետները ի՞նչ բացառիկ հմտություններ ունեին քարտաշության և որմնահյուսության արհեստին:

Հինգ թևով աստղ (№ 2) նշան ունեցող վարպետը ճարտար և հմուտ է եղած կոր և գոգավոր քարեր տաշելու և շարելու մեջ, որուն հանձնվեր է բացառապես չորս գմբեթակիր մույթերի հետևի կիսաբոլորակ խորշերի և տաճարի արտաքին պատերի ներքին երեսների բոլոր կոր և գոգավոր քարերը տաշել և իրենց տեղը շարել։ Նմանապես (№ 6) սվաստիկա նշան ունեցող վարպետը տաշել և շարել է տաճարի ներսի երեսին վրա եղող որմասյուները։ Վերջապես դեռ չքանդված մասերի վրա եղած նշանները պարզ ցույց են տալիս աշխատանքի բաժանումները, իսկ պատից անջատված և կուտակված քարերի վրա եղած նշանները մասնագիտորեն քննելով, ամենևին դժվար չէ որոշել, թե շենքի ո՞ր մասերին էին պատկանում սույն քարերը։

Զվարթնոցի ավերակները այցելողները, եթե հետաքննին աչքով նային, ամեն քայլափոխում կտեսնին քարերի վրա խազված նշանները. միայն մասնագետին հասկանալի է, թե ո՞ր մասին կպատկանին սույն քարերը։

Վերը առիթ ունեցա հայտնելու, որ Հայաստանի միջնադարյան շենքերի քարերի վրա բանվորական նշաններ փորելը սովորական դարձած էր ամեն կողմ։ Զվարթնոցի քարերի վրա եղած նշանների ճիշտ նման բանվորական նշաններ գրեթե գոյություն ունին VII դարուն կառուցված բոլոր շենքերի վրա։ Թալինի Ներսեհ Կամսարականի շինած փոքր եկեղեցիի, որը այժմ վերածված է հնագիտական թանգարանի (մեծ եկեղեցին դեռ չէ քննված այս մասին) շենքի քարերը կրում են Զվարթնոցի նշաններից № № 5, 6, 7, 12, 19, 26, 27, 28։ Երբեմն նշանների փորագրության կերպը և չափերը այնքան նման են Զվարթնոցի նշաններին, որ մարդ իրավամբ կձգտի հավատալ, թե ոչ միայն ժամանակակից են այդ շենքերը, այլև նույն շենքերի մեջ աշխատել են միևնույն վարպետները, միայն քարտաշության տարբեր ճյուղի աշխատանքներով։

Զվարթնոցում № 12 նշանը ունեցող վարպետը փոխարինել. է Թալինի մեջ Զվարթնոցի № 2 նշան ունեցող վարպետին։ Այս վարպետը գրեթե ամբողջովին շիներ է շենքի հյուսիսային կողմին կից արտաքին աբսիդի թե աղեղները և թե գոգավոր քարերը, իսկ Ադիամանում միևնույն № 12 նշան ունեցողն է, որ շիներ է տաճարին բոլոր աստիճանները և արևմտյան բոլոր աստիճանները, ինչպես նաև արևմտյան ճակատին ստորին երկու շարք քարերը։

Զվարթնոցի № 6 նշան ունեցող վարպետն է, որ անպայման աշխատել է Հաջի Ղարայի հնագույն եկեղեցիի շինության մեջ, որովհետև նույն նշանը փորված է կիսավեր շենքի այժմ գրեթե կանգուն արևելյան պատի մի քանի քարերի վրա, նաև հյուսիսային կողմի աստիճանների վերև՝ ստորին շարքի վրա։

Թալինի թանգարան-եկեղեցիի շինության ժամանակը հայտնի է իր վրայի արձանագրութենեն (VII դար), սակայն Ադիամանի և Հաջի Ղարայի եկեղեցիների շինության ժամանակը հայտնի չէ, միայն ճարտարապետական ոճը ուսումնասիրելով կգտնինք, որ նրանք ևս կպատկանին VII դարուն։

Այս երկու տաճարների մեջ աշխատող վարպետները (№ 6 և 12) անտարակույս ավելի ուշ ժամանակ գործել են Զվարթնոցում, որովհետև VII դարու ճարտարապետական ոճը նույն դարու կեսից հետո Ենթարկվեր է մի նոր վերածնության, որուն առաջին օրինակն եմ համարում Զվարթնոցը։ Իսկ Հաջի Ղարան, Ադիամանը և Թալինի փոքր եկեղեցին միանգամայն պատկանում են նախքան վերածնության հին ոճին։

Բյուրականի մոտ մի ձորի մեջ (եթե չեմ սխալվում ձորի անունն է Ճլվստիկ) մի փոքր եկեղեցիի ավերակին մեջ տեսել եմ միայն № 12 և 20 նշանները թե պատի և թե քանդված քարերի վրա։ Այստեղ անպայման կգտնվին ուրիշ նշաններ ևս, սակայն շենքը այնպես քարուքանդ եղած, և քարերը միմյանց վրա թափված են, որ անհնար է գտնել ուրիշ նշաններ՝ առանց հատկապես խուզարկության և պեղումների։

Հայաստանի մեջ VII դարուց հետո, գրեթե անհնար կլինի գտնել շենքեր, որոնք պատկանին VIII և IX դարերին։ Այս երկու դարերին մեջ շինարարական աշխատանք կատարված ամենևին չի երևիր, եթե մեկ-երկու հատ էլ գտնվն. բովանդակ Հայաստանի մեջ, պետք է որ խիստ հազվադեպ բացառություն համարվի։ X դարու կեսեն հետո է, որ, շինարարական այդ երկու դար անկումից հետո, սկսում են նորանոր շենքեր կառուցվել Հայաստանի մեջ բոլորովին նոր վերածնությամբ, և այս շինարարական թափը տևում է մինչև XIV և XV դարերը։

Ահա այս նոր վերածնության շրջանին մեջ կառուցված շենքերի մեջ ևս տեսնվում են պատերի վրա քարտաշ վարպետների նշաններ՝ գրեթե բոլորովին տարբեր ձևի նշաններով։ Հազիվ կան երկու-երեք նշաններ, որոնք VII դարու նշանները հիշեցնեն։ Ուստի հայտնի կերեվի, որ վարպետների կողմից քարերի վրա նշաններ դնելու սովորությունը պահվեր է մինչև XV դար։ Այս վերջին վերածնության հատուկ նշաններ բազմաթիվ են Անիի և Շիրակի շինությանց մեջ, նաև ժամանակակից այլ շինությունների վրա, որոնք կառուցված են Արագածի լանջերի վրա և Երասխաձորի մեջ։ Բայց այս մասին մանրամասն կանդրադառնամ ուրիշ անգամ։

Սույն նշաններու[4] մասին գուցե անտեղի է այսքան մանրամասն քննություն և նկարագրություն, սակայն Խ<աչիկ> ծ<այրագույն> վ<արդապետ> հինգթևյան (№2 նշան) աստղերու եբրայական խորհրդանշան կարծելու թյուրիմացությունը և այդ մասին որոշ մարդկանց մեջ գոյացած համոզման թյուր լինելը ավելի գործնական կերպով հերքած լինելու համար հարկ սեպեցի մանրամասն արձանագրել։

2. ա. Չորս արծվախոյակ սյուներու հանդիպակաց մեծ մույթերու կիսաբոլորակ խորշերուն վրա։

բ. Հարավարևմտյան կողմը արևմտյան դռնեն դեպի հարավ-արևմուտք ձգվող պատի ներսի երեսին 4-րդ և 5-րդ որմասյուներու մեջտեղ, ստորին շարքի քարի վրա:

Ծան<ոթաթյուն>. ինչպես մույթերու վրայի կիսաբոլորակ խորշի քարերը, նույնպես և տաճարին արտաքին պատի ներսի երեսի քարերն ալ գոգավոր տաշված են։ Անշուշտ այս է նշանը դնող վարպետը հատկապես մասնագետ էր քարը գոգավոր տաշելու մեջ, ինչպես կվկայեն այժմ մնացորդները, որոնք վերին աստիճան խնամքով և ճշտությամբ տաշված ու շարված են։

գ. Արևելյան կողմը, արտաքին պատին ներսին վրա, 7-րդ, 8-րդ որմասյուներու մեջտեղ՝ ստորին շարքի քարերուն վրա։

դ. Տաճարի արեմտյան դռան հանդեպ նեղ անցքի մեջ (որը կառաջնորդե դեպի արևմըտյան դուռը) դրված գոգավոր տաշված մի քանի քարերու վրա։

3. Տաճարի արևմտյան կողմը, դրսեն դեպի արևմտյան դուռը առաջնորդող նեղ անցքի պատերուն վրա դրված քարերուն մեկուն վրա։

4. ա. Ավագ խորանի կիսաբոլորակի գետնափոր մասի կիսաբոլորակ պատի վերևի շարքի չորս զանազան քարերու վրա:

բ. Հարավարևմտյան գմբեթակիր մեծ մույթի արևմտյան ճակատը corniche–ով (քիվ) խարիս խի վրա։

5. Հարավարևելյան գմբեթակիր մեծ մույթի հյուսիսային կողմի ճակատի խարիսխի corniche-են (քիվ) ցած դրված երկու մեծ քարերու վրա։

6. ա. Արտաքին մեծ բոլորակի արևելյան պատի ներսի երեսը, քառակուսի մասը մտնելու դեպի հյուսիսային կողմը բացված դռան բարավորի ներքևի քարին վրա։

բ. Հյուսիսարևելյան գմբեթակիր մեծ մույթի վրա, արծվախոյակ սյունի հանդիպակաց կիսաբոլորակ խորշի մեջ։

գ. Հին եկեղեցվո abside-ի (խորան) դրսի կողմը, հյուսիսային ճակատին մի քարի վրա երկրորդ շարքի մեջ։

7. Ավագ խորանի հյուսիսարևելյան մույթի մոտեն դեպի գետնափոր իջնելու սանդուղքին մոտ, մույթի անկյունաքարի վրա։

8. Ավագ խորանի գետնափոր մասի կիսաբոլորակ պատի ստորին շարքերու մեջ չորս զանազան քարերու վրա։

9. Ավագ խորանի գետնահարկի կիսաբոլորակ պատի շարքերու մեջ վեց զանազան քարերու վրա։

Ծան<ոթության>. երբեմն այս նշանին ընկերացած են միևնույն քարի վրա 14 և 15 նշանները։

10. Ավագ խորանի գետնահարկի կիսաբոլորակ պատի ներքևի շարքին մեջ՝, մեկ օրինակ։

11. Ավագ խորանի գետնափոր մասի կիսաբոլորակ պատի շարքերում մեջ երեք զանազան քարերու վրա։

12. ա. Ավագ խորանի գետնափոր մասի կիսաբոլորակ պատի շարքերուն մեջ երկու զանազան քարերու վրա։

բ. Հյուսիսային կողմի արտաքին աստիճաններու ստորին շարքին վրա։

գ. Տաճարի արտաքին մեծ բոլորակ պատի արևելյան կողմը քառակուսի մասը մտնելու դեպի հյուսիսային կողմը բացված դռան ճակատի քարին վրա։

13. Ավագ խորանի գետնափոր մասի կիսաբոլորակ պատի շարքերու մեջ քսաներկու քարերու վրա։

14. Ավագ խորանի գետնափոր մասի կիսաբոլորակ պատի շարքերուն մեջ՝ երկու օրինակ։

15. ա. Ավագ խորանի կիսաբոլորակի գետնից բարձր կիսաբոլորակ շարված քարերու շարքին մեջ՝ մեկ օրինակ։

բ. Հարավարևելյան գմբեթակիր մեծ մույթին հարավային ճակատին վրա աստիճանին կից մեծ քարի վրա։

գ. Տաճարի արտաքին բոլորակի ներսի երեսին հարավարևմտյան դռնեն դեպի աջ երրորդ որմասյունի վրա։

16. Ավագ խորանի գետնափոր կիսաբոլորակ պատի շարքերուն մեջ՝ մեկ օրինակ։

17. Ավագ խորանի գետնափոր մասի կիսաբոլորակ պատի շարքերուն մեջ՝ երեք զանազան քարերու վրա։

18. ա. Ավագ խորանին կից հարավարևելյան գմբեթակիր մեծ մույթի արևմտյան ճակատին խարիսխի corniche-են (քիվ) վեր առաջին շարքեն մնացորդ միակ քարին վրա։

բ. Հարավարևելյան գմբեթակիր մեծ մույթի դեպի հարավ նայող աստիճանի ձախ կողմը՝ երկրորդ քարի վրա։

գ. Հարավարևմտյան գմբեթակիր մեծ մույթի արևմուտքը նայող ճակատին corniche-են (քիվ) վերև կոտրած քարին վրա։

19. Տաճարի արտաքին մեծ բոլորակ պատի ներսի երեսին հյուսիսարևմտյան դռնեն դեպի հարավ ձգվող պատի երրորդ որմասյունի վրա։

21. ա. Տաճարի արտաքին բոլորակի ներսի երեսին արևելյան քառակուսի մաս մտնելու դեպի հարավ բացված դռան մոտ, առաջին որմասյան վրա։

բ. Տաճարի արտաքին մեծ բոլորակ պատի ներսի երեսին հյուսիսային դռնեն դեպի արևելք ձգվող 6-րդ և 7-րդ աստիճաններուն մեջտեղ, երկրորդ շարքի վրա։

գ. Տաճարի արտաքին մեծ բոլորակ պատի ներսի երեսին՝ քառակուսի մաս մտնելու դեպի հյուսիսի կողմը բացված դռան առաջին և երկրորդ որմասյուներու մեջտեղ, երկրորդ շարքի վրա։

դ. Տաճարի արտաքին բոլորակ պատի հարավային կողմը, հարավարևմտյան դռնեն դեպի արևելք երկարող պատի երկրորդ և երրորդ որմասյուներու մեջտեղ։

ե. Տաճարի արտաքին մեծ բոլորակի արեվելյան կողմը՝ ներսի երեսին քառակուսի մաս մտնելու դեպի հարավ կողմը բացված դռան մոտեն դեպի հարավ ձգվող պատի 7-րդ, 8-րդ որմասյանը կից միակ մաքուր մնացած երկրորդ շարքի քարին վրա։

զ. Տաճարի արևմտյան դռան հանդեպ, դեպի տաճար առաջնորդող նեղ անցքի վրա շարված պատի քարերեն մեկուն վրա։

22. Տաճարի արևմտյան դռան հանդեպ դեպի տաճար տանող նեղ անցքի պատին վրա շարված մի կամարաքարի վրա։

23. ա. Հյուսիսային կողմի արտաքին երկրորդ աստիճանին վրա։

բ. Տաճարի հարավարևմտյան դռնեն ներս, արտաքին բոլորակ պատի ներսի երեսին, դըռնեն դեպի արևմուտք ձգվող պատի երկրորդ որմասյունի խարիսխի վրա։

  1. Տեղեկագիր ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտի, 1927, № 2, Երևան, էջ 3—7։ Թորամանյան Թ., Նյութեր…, հ. 1, էջ 267—269
  2. Vogue, Syrie central, Paris t. p. 65
  3. M. Dieulafoy m. L'art antique de la Perse, Paris, t. I, 1884-86, p. 11.
  4. Այս ցուցակում ցույց չեն տրված 1, 20, 24—28 նշանների գտնված տեղերը։ Թորամանյան Թ., Նյութեր…, հ. 1, էջ 269—270։