Զվարթնոց, Գագկաշեն/Հայաստանի քաղաքական կացությունը V, VI և VII դարերում

Հայաստանի քաղաքական կացությունը V, VI և VII դարերում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՑՈԻԹՅՈԻՆԸ

V, VI և VII դդ.

Ամենահեռավոր անցյալեն մինչև մեր օրերը, պատմության մեջ չենք գտներ շրջան մը, որուն ընթացքին չի պատահինք աշխարհավեր պատերազմներու, մարդկային սարսափելի կոտորածներու և բազմահազար գերեվարություններով Հայաստանի ու շրջակայից հողին վրա։ Նաև չիկա երկրագունդին վրա ուրիշ աշխարհամաս մը, որ Հայաստանի և անմիջական շրջակայից երկիրներու նման, բազմաթիվ ազգերու օրրանն ու անոնց հավիտենական գերեզմանը եղած լինի։ Որչափ ազգեր եկան ու անցան այդ երկրեն և ընդմիշտ անհետացան առանց ետևնին հետք մը թողնելու, ոմանք ալ ձուլվեցան ավելի զորեղ ցեղերու մեջ։ ճակատագրական քաղաքական հրաբուխներու մշտնջենական խառնարան այդ երկրի վերջին ժառանգ հայ ազգն է, որ մոտավորապես 3000 տարիներե ի վեր կարողացեր է իր գոյությունը շարունակել մինչև այսօր, որոշ չափով քաղաքակիրթ համարվելու աստիճանի մը վրա։ Բայց ի՞նչ տառապանքներով և բազմամիլիոն մարդկային զոհերու գնով հասավ մինչև այսօր, այդ թող պատմեն պատմաբանները, որովհետև իմ նպատակս է այս աշխատության մեջ, գլխավորաբար երեք դարաշրջաններով V, VI և VII դարերու քաղաքական կացության ուրվագիծը տալ, որն անմիջական կապ ունի Զվարթնոց եկեղեցիի ճարտարապետական ուսումնասիրությանս հետ։

Թեև ավելի կանուխ Հայաստանը ունեցավ իր անկախ ու միահեծան քաղաքական կյանքը, զորացավ, ընդարձակվեցավ իր բնական սահմաններեն ալ շատ հեռու, սակայն այդ հաջողություններուն հետևեցավ նաև հետզհետե անկում ու նվազում, մինչև որ քաղաքական անկախությունը կորսնցնելով, դրացի երկու հզոր պետություններով բյուզանդականին և սասանականին մեջ բաժնվեցավ։

Դժբախտաբար, այս երկու հզոր պետություններ, ոչ միայն բարեկամ չեղան վերջնականապես իրենց հպատակը եղող հայ ժողովուրդին, այլև մեկզմեկու դեմ ունեցած ավանդական թշնամությունը շարունակեցին։

Հայաստանն իրենց մեջ բաժնելով, երբ ավելի մոտեցան իրարու, այնչափ ավելի առիթները բազմացան արյունահեղ պատերազմներու։ Քանի այս երկու պետությանց սահմանը Հայաստանի կեդրոնին վրայեն կանցներ, ամեն մի պատերազմական բախում տեղի կունենար Հայաստանի սրտին վրա։ Այս դժբախտ երկիրը, թե իր քաղաքական անկախության և թե հպատակ ժամանակ ինչ դիրք ալ որ բռներ կռվող կողմերու հանդեպ, միշտ քավության նոխազը ինքն էր։ Ոչ հաղթողները հալածելն ու հարստահարելե կկշտանային և ոչ ալ պարտվողները քանդել, ավերել ու թալանելե. շատ քիչ անգամ կցամաքեին արյան հեղեղները Հայաստանի մեջ։ Եթե պատահեր քանի մը տարի խաղաղություն և բարյացակամ վերաբերմունք տիրողներու կողմանե, տարօրինակ նկարագրով մը հայրենի հողին ու ավանդություններուն ամուր կպած հայ Ժողովուրդը, մոռցած ամեն վիշտ ու տառապանք, մրջյունի նման անխոնջ ու համբերատար, վերստին կսկսեր շինել իր քանդված հայրենիքը։ Կարճ ժամանակի մեջ կծաղկեցներ այնտեղ գիտություն, արվեստ, վաճառականություն։ Առևտուրի համար Պարսկաստան, Հնդկաստան, Եգիպտոս կերթար. նույնիսկ Եվրոպական հեռավոր երկիրներ իր ոտքին տակն էին. ամեն տեղ, ամեն երկիր կտանեին իրենց արդյունաբերությունը և հայրենի երկրին հատուկ արվեստագործությունները, փոխարեն իրենց երկիրը բերելու համար հարստություն և գիտության ու արվեստի նորություններ։

Եթե իր բացասական կողմերով հայ ժողովուրդը տասնյակ դարեր տառապեցավ ու մաշվեցավ, սակայն գերակշռող դրական հատկությունները զինքը անպարտելի դարձուցին ռազմական մրրիկներու, հայաջինջ քաղաքականության, ամենանուրբ դիվանագիտական խարդավանքներու առջև։

Մեր դարերուն, պետությանց մեջ կռվածաղիկ եղող Հայաստանի խնդիր ըսվածը, որ մենք սխալմամբ հայկական խնդիր կհասկնանք ընդհանրապես, նոր չէ որ գոյություն ունի մեծ պետություններու միջև։ Այդ հարցը բազմադարյան հնություն ունի և կհասնի մինչև անհիշատակ ժամանակներու, որուն լուծման համար Սարգոններ ու Սարդանապալներ, Դարեհներ, Շապուհներ, Ալեքսանդրներ մարդկային մարմիններով լեռներ ձևացուցին և գանգերով հսկայական պարիսպներ շինեցին այդ կտոր մը հողին տիրանալու և անոր միջոցով աշխարհակալ դառնալու համար։ Կռվածաղիկը Հայաստանի դրախտավայր բարձրավանդակն էր, ոչ թե անոր մեջ բնակվող ժողովուրդը, հետևաբար Հայաստանին տիրանալու ձգտողներեն ոմանք հայության ջնջման մեջ կտեսնեին իրենց հաջողությունը։ Բայց ապառաժի նման պինդ ժողովուրդի գլխին հարվածող մուրճերը, հաճախ ավելի շուտ փշրվեր են, քան ինքը հայ ժողովուրդը։

Պարսկական արքունիքի մեջ մշակված միևնույն հայաջինջ քաղաքականության հետևանքն էր V դարուն Վարդանանց և Վահանյանց արյունռուշտ պատերազմները։ Բյուզանդական կայսրության դիվանագիտության՝ հայությունը ձուլելու ջանքերը տևեցին մինչև պետության վերջին անկումը։ Արաբները հայ ժողովրդի բարոյական ու ֆիզիկական ուժերը ջլատելու և Հայաստանը հայութենե ամայացնելու միջոցը գտած էին՝ իշխանական և նախարարական տոհմերի դավանափոխության կամ գլխատման և հասարակ ժողովուրդին տասնյակ հազարներով գերեվարության կամ խողխողման մեջ, որոնց տեղ պիտի բազմանային մահմեդական ժողովուրդները։ Չափ ու սահման որոշել անհնար է եղած նյութական վնասներուն, մշտական կողոպուտների հետևանքով։

Հայոց պատմությունը, նմանը չտեսնված, երևակայել իսկ անհնարին եղող, ահռելի տառապանքներու պատմություն մ՚է. զարմանք կամ նույնիսկ հրաշք է, որ այսքան բազմադարյան անօրինակ տառապանքներե հետո, հայ անունով ժողովուրդ մը կապրի Հայաստանի բնիկ հողին վրա։

Գուցե գտնվին տարբեր մտածողներ հայության անցյալին և անոր քաղաքական հարաբերություններու մասին։ Բայց վստահ եմ, որ շատերը պիտի համաձայնին ինձ հետ, որոնք հայ ցեղի մատենագրական պատմության հետ զուգընթացաբար, անաչառորեն ուսումնասիրեր են անոր ետևը թողած գեղարվեստական վեհաշուք անթիվ հիշատակարանները։ Ազգերու գոյության մշտնջենավորման միակ շարժառիթը անոնց կենսունակ հատկություններն են։ Ազգ մը երբ հազարավոր տարիներ ապրեր է և կապրի, ըստ գիտական վճռի, անոր արժանավորությունները կապացուցանե։ Իսկ այն ազգը, որ զինքը բնաջնջելու համար զորավոր թշնամիներու ձեռքով մղված հազարավոր տարիներու պայքարին մեջ հաղթական դարս կելլե, այն ժամանակ ոչ միայն անժխտելի են անոր բարոյական ու ֆիզիկական արժանավորությունները, այլև անկապտելի իբրև ազգ և իբրև մարդ ապրելու իրավունքը։

Այնքան ալ նշանակալից չի պիտի լիներ հայ ժողովուրդին գոյության, դարավոր կռվեն դյուցազնորեն հաղթական դուրս գալը, եթե իր այդ մշտնջենական անէացման անդունդին եզրին վրա արյան ու կրակի մեջ լողալով միշտ ստեղծած չլիներ ինքնուրույն, սեփական գեղարվեստ մը, ճարտարապետություն մը, որուն մասին գիտական աշխարհի ներբողական գնահատականները շատ շատերուն հայտնի են։ Զվարթնոց տաճարի ուսումնասիրությամբ ես ստիպված եմ մինչև անոր կառուցումը՝ անցյալ դարերու ճարտարապետության համառոտ տեսություն մը կատարել, ուստի անհրաժեշտ կհամարիմ պարզել, թե քաղաքական ինչ դժնդակ պայմաններու մեջ ապրելով հայ ժողովուրդը ստեղծեց և զարգացուց ինքնուրույն ճարտարապետություն մը, որուն գլուխգործոցը եղավ VII դարու կեսին Զվարթնոց եկեղեցին։

Մարդկային ընդհանուր պատմության ընթացքը մեզ այնպես սորվեցուցեր է, որ ինքնուրույն զարգացման և սեփական ստեղծագործություններու ընդունակ կլինեին այն ազգերը, որոնք ունին քաղաքական անկախություն և բարեկեցիկ տնտեսական վիճակ։ Քաղաքական անկախությունը կորսնցնող ազգերը, պատմական փաստերով ապացուցված է, որ ոչ միայն իրենց կորած անկախության հետ զուգահեռաբար կորսնցուցեր են իրենց զարգանալու և ստեղծագործելու ընդունակությունները, այլև իրենք ալ մեծ մասամբ անհետացեր կամ ձուլվեր են ավելի զորավոր ցեղերու կամ քաղաքակրթապես ավելի բարձր ազգերու հետ։

Հայ ազգը, այս ընդհանուր օրենքի հակառակ, տարօրինակ մի բացառություն է։

Պատմական փաստ է, որ նախքան քրիստոնեական թվականը, քանի մը դարեր նաև դրանից հետո, Հայաստանը միահեծան և անկախ կյանք անցուցեր է, որուն նմանը հետագային մեջ երբեք չունեցավ։ Սակայն քաղաքական տիրապետությունը կորսնցնելն հետո, երբ այլևս իրեն վրա տիրապետող մեծ պետությանց քմահաճույքեն կախված էր նույնիսկ իր ֆիզիկական գոյությունը, այնպիսի հոգեկան և իմացական շնորհք սկսեր է ցույց տալ, որն որ ունեցած լինելուն բնավ փաստ չունինք անկախության շրջաններուն մեջ այնքան ակնբախ բարձրության հասած լինելուն։

Հայաստանի անկախության վերջալույսը նկատեցին մի քանի քաղաքագետ և հեռատես գլուխներ դեռ V դարու սկզբին և այդ պատճառով ալ ամեն տեսակ դյուցազնական ջանքեր թափվեցան հայ գրի և գրականության ստեղծագործության համար, որով կհուսացվեր փրկել պետությունը և ապահովել ազգի մշտնջենական գոյությունը։

Ահա այս խախուտ, անկման մոտիկ շրջանեն է, որ կսկսի Հայաստանի մեջ ճարտարապետական հոյակապ կոթողներու կանգնումը, որոնցմե շատերը մեզի հասեր են այսօր իբրև անհերքելի վկաներ կանգնողներու ցեղական և նկարագրական բարձր արժանավորություններուն։

Կսիրեմ հավատալ, որ գրի ու գրականության ստեղծումը մեծ զարկ տված լինի նաև գեղարվեստի զարգացման և քաղաքական հասունության նոր մի ճանապարհի բացման, որով կարողացան ըստ ամենայնի ճկուն և շրջահայաց լինել՝ ամեն կողմե փչող ավերիչ փոթորիկներդ դեմ ինքզինքնին պահպանելու և իրենց գոյությունը մշտնջենավորելու համար, այլապես անհնար էր տևական լինել այնպիսի մի ժամանակ, որում քաղաքական անկախութենե զրկված պետք էր որ ստեղծագործելու ընդունակություններն ալ խամրեին շատ իրավացի կերպով, քանի որ Հայաստանի վրա տիրապետող պետությանց ձգտումները խնամակալական զգացումներն շատ հեռու լինելե զատ, հայ ազգը իսպառ անհետացնելու անվիճելի փաստեր շատ տվեր է մեզ մեր պատմությունը։ Թերևս իրենց նպատակին հասնեին ս. Սահակի և ս. Մեսրոպի նման հեռու փառասիրական ամեն տեսակ ձգտումներե, զուտ հայրենասիրական եռանդով բորբոքված անձնազոհ գործիչները և ամրապնդեին քաղաքական աննպաստ անցքերով խարխլած հայկական գահը, եթե վրա չի հասներ Վռամշապուհի նման ազնիվ և բարեմիտ թագավորին կանխահաս մահը և քիչ հետո ալ այդ գահը չի վիճակվեր Վռամշապուհի բոլորովին հակապատկեր, թուլամորթ, մեղկ ու աննկարագիր Արտաշիրին, քանի դեռ չէր սկսված նոր գրականության միջոցավ վառվիլ ժողովուրդին մեջ մաքուր հայրենասիրության սրբազան կրակը։ Այդ չքնաղ գրականությունը թեև իր հոյակապ պտուղները տվավ Վարդանանց պատերազմի ժամանակ, սակայն արդեն ուշ էր։

Այս անսպասելի դժբախտությունը եթե չի կարողացավ վնասել հայության ֆիզիկական գոյության, այնուամենայնիվ Հայաստանի քաղաքական անկախությունը ընդմիշտ ջնջեց և բնականորեն գիտության և քաղաքակրթության հսկայաքայլ զարգացման բուռն թափը ջլատեց այնպիսի անդարմանելի կերպով, որ մինչև այսօր հայ գրականության համար V դարու ոսկեդարի տիտղոսը բնավ չի նսեմացավ։ Սակայն մխիթարականն այն է, որ այս չարաբաստիկ դիպվածեն հետո, Հայաստանի քաղաքակրթության համար զինվորված մեծ գործիչներու եռանդը չի մարեցավ, ավելի ուժգին գործունեության դիմեցին ազգային կենաց մահու վտանգին առջև, հուսալով նոր վերածնության, շնորհիվ նորաստեղծ չքնաղ հայ գրականության։

Կազմվեր էին ուսանողական խմբեր օտար երկիրներու մեջ գիտություն սովորելու և Հայաստանին ծառայելու համար, բացվեր էին բազմաթիվ դպրոցներ, ցրվեր էին քարոզիչ առաքելություններ, որոնց մեղվաջան աշխատությանց պտուղն է ոսկեղենիկ լեզվով գրված V դարու մատենագրությունը։ Եվ իրոք, Հայաստանի վերածնության հույսը շատ մոտ էր, եթե մի նոր աղետալի փոթորիկ չի պայթեր քաղաքակնապես դեռ նոր որբացած դժբախտ հայ ժողովուրդի գլխին։

Այս մեծ փոթորիկը Վարդանանց պատերազմն էր (451), որը ոչ միայն Հայաստանը արյան ծով դարձուց, այլև մեծ հայրենասեր վարդապետներու ջանքերով հայրենիքի վերածնության համար պատրաստված մի ազնիվ դասակարգ ջնջեց։ Հայ ժողովուրդի վերստին ազատության և բարօրության ջերմ պաշտպան մի դաս՝ կղերական թե աշխարհական, ողբալի մահվամբ կնքեցին իրենց մահկանացուն։ Ոմանք պատերազմի դաշտին մեջ ինկան, ոմանք աքսորավայրերու մեջ մաշվեցան ու նահատակվեցան։ Շատ քիչերուն հաջողվեց վերստին ոտք դնել իրենց հայրենի հողին վրա։ Բայց հայրենիքը այնքան ավերված և կացությունը այնքան հուսահատական էր, որ օտար երկիրներու մեջ խաղաղություն փնտրելու համար հեռացողներու թիվն ալ քիչ չեղավ։

Սաստիկ հարվածը թեև ջախջախեց Հայաստանը, սակայն հարվածող բազուկն ալ անվնաս չի մնաց։ Գազանացած Հազկերտը և անոր չարության խորհրդական Միհրներսեհը աղետեն անմիջապես հետո զգացին, թե ինչ կորուստ ունեցան Հայաստանը ավերելով: Նախ կտրվեցավ Հայաստանեն արքունի գանձարանը հոսող ոսկու հեղեղը, որ «Ոչ ըստ արքունի արժանաւորութեանն առնուին, այլ հինաբար յափշտակելով, մինչև ինքեանք իսկ մեծապես զարմանային՝ թե ուստի այս ամենայն գանձ ելանէ՝ զիա՞րդ շէն կայցէ աշխարհն Հայաստանեաց»[1]։ Երկրորդ՝ միանգամեն կորան արյաց արքայից արքայի գահին ու թագին պաշտպան հերոս զինվորներ, «զորս յականէ յանուանէ գիտեր թագաւորն»[2]։

Ոչ նվազ ցավ էր Հազկերտի համար նաև հայ քաջերու կորուստը, որոնք ամեն արտաքին պատերազմի ժամանակ իրենց գնդերով զորավիգ էին գահին։ Մանավանդ Վարդանի կորուստը, որուն համար դառնացած սրտով կգոռար Վասակի երեսին, թե «…զի՞նչ խորհելով… կոտորածի այնչափ իմոց ծառայից Արեաց և անարեաց եղեր պատճառ։ Զի զայնպիսի ծառայ մի զմեր, որպէս զՎարդան, և կայսր և կամ Հոնաց արքայ բռնութեամբ յինէն հանել կամէին՝ ամենայն Արեաց ուժովս կռուէի, և չտայի հանգչել՝ մինչև այսրէն յիս հանէի. և արդ՝ դու ընդ քո ձեռն զայնպիսի օգտակար ծառայն սպաներ, և զմեծ և զպիտանի աշխարհ մի կորուսեր…»[3]։

Բացի այս ամենը, որ ավելի կարևորն է, Միհրներսեհի նման խորամանկ քաղաքագետի մը և Հազկերտին չէր կարող զգալի չի լինել Պարսկաստանի համար այն մեծ վտանգը, որ կսպառներ ավանդական թշնամի բյուզանդական կայսրության կողմանե Հայաստանի ամուր պատնեշի քանդումով։

Ավելորդ է այստեղ հիշատակել հիսաթափված Հազկերտի և իր համախոհներու ձեռնարկած բարյացակամ միջոցները Հայաստանը վերաշինելու համար։ Նույն գահի վրա քանի մը տարի հետո բազմող Պերոզը վերստին երկարատև պատերազմներու ասպարեզ դարձուց արդեն նյութապես և ֆիզիկապես արյունաքամ Հայաստանը։ Այս անգամ կորուստը անխուսափելի կլիներ, եթե շուտով վրա չի հասներ Պերոզի մահը և անոր տեղ չի նստեր խաղաղասեր Վաղարշը, որ վերջ տվավ աղետին, հանձնելով Հայաստանը Վահան Մամիկոնյանին, զայն նախ սպարապետ և հետո ալ մարզպան կարգելով Հայաստանի վրա (485, Վահանի մահը 505)։ Վահանի մարզպանությամբ լրջորեն խաղաղվեցավ Հայաստան, նաև Վահանի հաջորդներու օրով ալ միառժամանակ անփոփոխ մնաց Պարսկաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ (486—547), սակայն ճակատագրապես տառապանքի դատապարտված Հայաստանը կարճ խաղաղաթենե հետո վերստին ինկավ ներքին և արտաքին ալեկոծություններու մեջ։ Թեև Վարդանյան և Վահանյան աշխարհավեր պատերազմներ չի կրկնվեցան, բայց պարբերաբար ծագող չարաբաստիկ պատահարներ հանգիստ չի տվին Հայաստանին գրեթե ամբողջ V դարու շրջանին և անկեց ալ քիչ մը անդին։

Հունաց և պարսից մեջ պարբերաբար տեղի ունեցող ծանր և թեթև ընդհարումներ երկու պետությանց հպատակ հայերուն ակամա եղբայրասպանության կմղեին, որովհետև իբրև հպատակներ երկու բաժնին մեջ ալ նախարարներ պարտավոր էին իրենց գնդերով օգնել պատերազին, որոնք հաճախ առաջապահ գունդեր էին պատերազմի ճակատին վրա։ Այս հանգամանքը նաև առիթ կուտար ներքին անկարգություններու։ Պատերազմի ժամանակ յուրաքանչյուր պետդություն կասկածանքով նայելով իր հպատակ հայերու վրա, խիստ ու դԺնդակ պայմաններ կստեղծեր ներքին վարչության մեջ, իրենց ի բնե ատելի եղող հայ տարրը մաշեցնելու համար։ Բավական էր որ մեկը կամ մյուսը, լինի կաթողիկոս, իշխան կամ նախարար, կասկածանքի տեղի տային իրենց օտարասիրության վրա, կասկածանքի ենթարկվողին վիճակված էր անմիջապես մահ, բանտարկություն կամ աքսոր։ Բացի այս, հաճախ այս երկու պետություններու պատերազմները տեղի կունենային Հայաստանի հողին վրա, որու պատճառով հայ ժողովուրդը ընդհարվող բանակներու ոտնակոխ կլիներ, ենթարկվելով կոտորածներու և թալաններու։

Ոչ նվազ աղետալի էր Հայաստանի համար քաղկեդոնական ըսված չարաբաստիկ հարցը, որ հաճախ կհուզվեր բյուզանդական արքունիքի կողմանե։ Հունական գործակալներ անդադար կգործեին երկրին ներսը և երբեմն այնքան կմեծնային վեճերը, որ պետական միջամտության հարկ կլիներ՝ անշուշտ հաճախ ի վնաս հայերուն, եթե միջամտողը բյուզանդական արքունիքն էր։ Այս տեսակետով բնորոշ օրինակ է Ներսես Շինողի ժամանակ բյուզանդական զինվորներու գանգատը և այդ գանգատի հետևանքով կայսեր պահանջը քաղկեդոնականությունը ընդունել տալու համար. կայսերական միջամըտությունը այնքան ուժեղ կերպով եղավ, որ նախապես քաղկեդոնականության հակառակ վճիռ ստորագրող Ներսես Շինողը ստիպեցավ քաղկեդոնիկ ծեսով հաղորդություն առնել Դվնո եկեղեցվո մեջ, գեթ հայ Ժողովուրդին ֆիզիկապես փրկելու համար։

Պարսկական բաժինն ալ ուրիշ ցավոտ կողմ ուներ հանձին պարսիկ մարզպաններու, որոնք հաճախ լինելով կրոնամոլ, անբարոյական և գազանային քմահաճույքներու տեր, Հայաստանը արյունահեղություններու և ներքին տագնապներու թատերաբեմ կդարձնեին։ Եթե պատահեր, որ դույզն ըմբոստություն ցույց տրվեր այս մարդախոշոշ մարզպաններու արարքներու դեմ, անմիջապես պետական ճնշիչ միջոցներ ձեռք կառնվեին հայ ժողովուրդին պատժելու համար։

Երբ հույները արշավանք սկսեցին Պարսկաստանի և Հայաստանի սահմաններուն վրա (515), Մժեժ Գնունիի ղեկավարության տակ եղող հայկական գունդերը քաջությամբ կռվելով՝ թշնամին հանեցին երկրին սահմաններեն։

Մժեժի այս ծառայությունը գնահատվելով պարսից արքունիքի կողմանե, անոր մարզպան նշանակեց Հայաստանի վրա։ Մժեժ հեռատես և խոհական քաղաքագիտությամբ մոտ երեսուն տարի կառավարեց Հայաստանը, հնար եղածին չափ աշխատելով, որ ներքին խաղաղությունը չի վրդովվի։ Անոր օրով Հայաստանի սահմաններուն արդեն կռիվներ կային Պարսից և Հունաց մեջ։ Հուստինիանոս գահ բարձրանալուն պես առաջին գործը եղեր է պարսից հետ պատերազմի բռնվել հյուսիսեն և հարավեն։ Այս պատերազմեն, ինչքան հնար էր, Մժեժ հեռու պահեց Հայաստանի պարսկական բաժինը, իսկ հունական բաժնին մեջ ապահով չէր հայությունը բացի այս պատերազմեն նաև Հուստինիանոսի հայտարարած ներքին կռիվեն, «վասն զի ել հրաման ի նմանէ (Յուստինոսէ) և քարոզ ժողովոյն Քադկեդոնի հեծելօք ընդ ամենայն երկիր և հալածեալ լինեին ուղղափառքն և յաթոռոյ զրկեալք»[4]։

Մժեժի կյանքն ալ սահմանավոր էր, նա մեռավ 547-548 թթ., և Հայաստան մարզպան եկավ Դենշապուհը, որ «զշնամոլութիւնն շատացոյց և զորմզդական հուրն վառեաց ի Ռշտունիս. և ստիպեր զՔրիստոնեայս կրակի երկիր պագանել. յաղագս որոյ բազումք մեռան»։[5]: Ինչպես կերևի, Դենշապուհի մարզպանությունը երկար չի տևեց, թերևս ժողովրդյան դժգոհությունը առիթ տվավ հեռացվելուն, սակայն անոր ետևեն եկողներուն մասի ալ պատմական նշանավոր վկայություններ չունինք։ Սեբեոսի մեկ վկայութենեն կհետևի, որ ակամա մի կերպ տարեր են, որովհետև «…ո՜չ կարացին պատերազմիլ Հայք, ի հնազանդութեան կացին մինչև ցՍուրէն մարզպան…»[6]։

Սուրենի մարզպանությունը (564) կատարյալ պատուհաս եղավ հայ ժողովարդի գլխին «Որ եկեալ կալաւ զերկիրս մեր յոյժ հարստահարելով զնախարարս Հայոց.զի շնայր ընդ կանայս ազատաց ոչ առնելով զայրն տեր կնոջ իւրոյ։ Ընդ որ զայրացեալ Վարդանայ բդեշխի՝ որդւոյ Վասակայ որ էր յազգէն Մամիկոնէից, սկսեալ դիպող ժամանակի՝ սուսերահար առնէր զՍուրէն մարզպան (եւ) յերկիր կործանէր…»[7]։ Սուրենի սպանության համախոհ էին բոլոր նախարարները և ժողովուրդը։ Այս սպանությունով սկիզբ դրվեցավ պարսից դեմ ապստամբության, և երկար տարիներ արյունահեղության պատճառ եղավ։

Վարդանի և ուրիշ նախարարներու Բյուզսւնդիո ն ապաստանելովը և Կայսրության պաշտպանության ապավինելով, պատերազմ ծագեց պարսից և հունաց մեջ Հայաստանի բնիկ հողին վրա և մասնավորապես Դվինի շուրջը, որն որ գրեթե քարուքանդ եղավ[8]։ Թեև այս կռվին մեջ սկզբնական հաղթությունը պարսիկներուն եղավ, որովհետև Երթալով ավելի վատթարացավ դրությունը, ինչպես կըսե պատմագիրը՝ «Եւ այս են ժամանակք մարտից երկպառակութեան, անթիւ սպանմանց, գերութեան առից, խռովից, կապանաց, նեղութեանց, պակասութեանց, խիստ սովու, սրոյ և մարդամահու, աւերելոյ աւանից, հրդեհից շինուածոց և ամենայն վնասուց բազում աշխարհաց…»[9]։

Վրեժխնդրության կրակը բորբոքված էր պարսից մեջ. երկար տևեցին այս արյունոտ օրերը Հայաստանի համար։ Սուրենեն հետո եկող Գողոն Միհրան մարզպանը (572—573), զորքով և պատերազմական մեծ պատրաստությունով եկավ Հայաստան, հատկապես հայերուն պատժելու համար արքունի առանձին հրամանով «Ցորժամ սպանին զՍուրեն մարզպան, ի նմին ամի եկն Վարդան Վշնասպ ոմն, և գործ ինչ ո՜չ գործեաց. եկաց ամ մի և գնաց։ Ապա եկն և Գողոնն Միհրան ի հազարաւ զաւրաց սպառազինաց և փղաւք բազմաւք և ունէր նա ընդ ինքեան սատարս բազումս ի ճամբարէ անթիւ ազգացն, ընդ որ բնակեալն են ընդ լեռնակողմամբ Կովկասու ազգք Հոնաց. և հրաման յարքայէն՝ զի անճետս արասցեն զարս ի յաշխարհէն Հայոց՝ խլել՝ բրել՝ յատակել, անխնայ յերկիր կործանել։

Եւ եկեալ նա, բայց եթէ ուրեք յանմատոյց ամրոցաց ուրեմն մնացեալ ապրեցան մարդիկ։ Եւ կամ թե՝ ուրեք ի հեռագոյն աշխարհս փաստական գնացին։ Բայց սակայն ոչ կարացին բազումք ճողոպրել. քանզի զորս գտանէին, սուր ի վերայ եդեալ սատակէին»[10]։

Խոսրով Անուշիրվանի գործը շարունակեր էր իր հաջորդը՝ Որմիզդ Հայաստանը։

Որմիզդի մահով (590) և Պարսկաստանի մեջ ծագած ներքի խռովություններու պատճառով, փոքր-ինչ մեղմացան Հայաստանի մեջ հարստահարությունները քանի մը տարով։ Մորիկ կայսեր պաշտպանությամբ գահ բարձրացող մանկահասակ Խոսրովը (590—628), որ հայ նախարարներե ոմանց ալ պաշտպանությունը կվայելեր, կարծեք պարտադիր էր Հայաստանը հանգիստ թողելու։ Սակայն Մորիկ, որ վերին աստիճան ատեցող էր հայ նախարարներուն և ժողովուրդին, օգտվելով Խոսրովի վրա ունեցած ազդեցութենեն, Խյոսրովին կդրդեր հալածել հայերուն, իբրև վնասակար ազգ, միևնույն ժամանակ ինքն ալ սաստիկ հալածանք սկսեր էր քաղկեդոնական դավանությունը ընդունել տալու համար. «Հրաման ելանէ դարձեալ ի կայսերէն վերստին այլ՝ քարոզել զժողովն Քաղկեդոնի յամենայն եկեղեցիս Հայաստան երկրի, և միաւորել հաղորդութեամբ ընդ զաւր իւր։ Իսկ մանկունք ուխտի եկեղեցեացն Հայոց փախստական գնացեալ յաւտար երկիր վարէին։ Եւ բազմաց առ ոչինչ համարեալ զհրամանն՝ զտեղի կալան և անշարժ մնացին։ Եւ բազումք հաւանեալ փառասիրությամբ հաղորդեալ միաւորեցան աւրինաւորք։ Բաժանեցաւ ապա և Աթոռ կաթողիկոսութեանն յերկուս. անուն միոյն Մովսէս. Ա միւսոյն՝ Յովհան։ Մովսէս ի պարսից կողմանէ. և Ցովհան՝ յունաց»[11] ։ Մինչև իսկ հակաթոռ մի կաթողիկոս նստեցուց հունական բաժնի Ավան գյուղի մեջ, շատ մոտիկ Դվինի կաթողիկոսարանին։

Տարակույս չիկա, որ դավանաբանական այս հալածանքը սաստիկ երկպառակություններու պատճառ դարձավ, եղբայր եղբոր դեմ ելան, ե ներքին խռովությունները վերջ չունեցան։ Միևնույն ժամանակ Մորիկ պարբերաբար կգործադրեր իր հայաջինջ ծրագիրը, ինչպես որ առաջարկեր էր Խոսրովին, որպեսզի նա ևս նույն ձևով վարվի։ Այս ծրագիրը մեզ հասցուցեր է Սեբեոս, քաղելով Մորիկի առ Խոսրով գրած նամակեն. «Ազգ մի խոտոր և անհնազանդ են, ասէ, կան ի միջի մերում և պղտորեն։ Բայց եկ՝ ասէ, ես զիմս ժողովեմ և ի Թրակէ գումարեմ և դու զքոյդ ժողովէ և հրամայէ յԱրևելս տանել։ Զի եթէ մեռանին թշնամինք մեռանին. և եթէ սպանանեն՝ զթշնամիս սպանանեն. և մեք կեցցուք խաղաղութեամբ: Զի եթէ դոքա յերկրի իւրեանց ինիցին, մեզ հանգչել ոչ լինի»[12] ։

«Ել այնուհետև առնէ խորհուրդ միաբանութե հավանութե ընդ միմեանս թագաւորն Յունաց և թագաւորն Պարսից, և լաւ համարեցան զաշխարհն Հայոց նախ ընդ երկուս ի մէջ իւրեանց բաժանել, զի ասէին՝ թէ ի միջի մերում բնակեալ է այս հզօր և հարուստ թագաւորութի, լաւ է զի այսու եղծանել և խանկարել կարասցուք զայս թագաւորութիս. նախ ընդ երկու բաժանել երկու թագաւորօքս արշակունօք՝ զորս կացուցաք, ապա և ընդ նոսա կրծել ջանասցուք, աղքատացուցանել, ի մէջ մեր ամբառնալ զգլուխս»։

…«Եվ հաստատեցին զայս խորհուրդ, ընդ երկու զաշխարհն բաժանեցին»[13]։

Մորիկ ամենայն հաստատամտությամբ շարունակեց իր հայաջինջ քաղաքականությունը «…և սկսաւ կայսրն հրաման տալ, զի ժողովեսցեն զամենեսեանսն և ի Թրակէ գումարեսցեն. և սաստիկ տագնապէր՝ հրամանն կատարէր»[14]։ Անդադար բանակներ կկազմեր Հայաստանեն հայ նախարարներու գլխավորությամբ և կղրկեր ամեն կողմ։ Սակայն փոխանակ օգտվելու, ավելի վնաս կհասցներ իր շահերուն, որովհետև հայ նախարարներ հաճախ վերահասու լինելով Մորիկի դավադրական դիտավորություններուն կփախչեին պարսից բաժինը և պարսկական արքունիքին անձնատուր կլինեին, որն որ խորագիտորեն կշահագործեր անոնց ույժն ու տրամադրությունները[15]։ Միևնույն ժամանակ պակաս չէին պարսից բաժնեն ալ Հունաստան փախչող նախարարներ, որով Հայաստանը քաոսային վիճակի մը կմատնվեր Պարսկաստանեն Հունաստան, Հունաստանեն Պարսկաստան փախչող նախարարներու պատճառով[16]։

Երկու պետությանց խորամանկ քաղաքականության ձեռքը խաղալիք դարձող հայ նախարարներեն շատերը մահվամբ պատժվեցան կամ պատերազմի դաշտին մեջ, կամ ուղղակի գլխատմամբ և կամ մշտական հալածանքի տակ մաշվելով առանց իրենց անձին կամ հայրենիքին օգուտ մը տալու[17]։

Սակայն Խոսրով համեմատաբար ավելի քաղաքագիտորեն կվարվեր հայոց հետ, քան Մորիկ, և կնախընտրեր ավելի շահագործել, քան իսպառ ոչնչացնել, ուստի պարբերաբար պատվելով և վարձատրելով անոնց որևէ ծառայության համար, Հայաստանի վարչությունն ալ կհանձներ հայերուն։ Հայաստանի մեջ անոնց ձեռքով պարսից արքունիքի շահերը պաշտպանելու և ազդեցությունը մեծացնելու հաստատուն դաշինքով։ Եվ իսկապես, երբ Հայաստանը հայ մարզպաններով կկառավարվեր, հաճախ ներքին խաղաղություն կլիներ գեթ։

Մորիկի անհանգիստ, կռվասեր և նախանձոտ բնավորությունը Բյուզանդիոնի մեջ ալ իրեն թշնամիներ ստեղծեց և հանդեպ մեծամեծներու և ժողովրդյան գործած ոճիրները իր և իրեն ամբողջ գերդաստանի գլխատումով վճարեց 602 թվականին [18] Ինչպես տեսանք այս պատմական ուրվագծեն, Հայաստանը, ներքին և արտաքին զորեղ թշնամիներու քմահաճույքներուն խաղալիք դարձած, երբեմն խաբուսիկ խաղաղության և հանգստության տարիներ անցնելով, երբեմն ալ արյուն ու ավերի, սովի և սրածության ալեկոծաթյուններու կուրծք տալով, բայց միշտ մշտնջենական կորստյան անդունդը գլորվելու վտանգին ենթարկված, հուսահատական վիճակի մը մատնված բոլորելով VI դարաշրջանը, հյուծված ու անբախտացած թևոկոխեց VII դարը։

Հայաստանի համար VII դարը ոչ միայն խաղաղություն չի բերավ, այլև նորանոր քաղաքական ալեկոծություններու ասպարեզ բացավ։ Թեև Մորիկի մահվամբ հուսալի էր, որ հայահալած քաղաքականությունը դադարի թե հունաց և թե պարսից կողմանե, սակայն Խոսրով իր բարերար Մորիկ կայսեր եղերական մահվան վրեժխնդրության պատրվակով բյուզանդական կայսրության հետ վարած պատերազմներով, ոչ միայն երկու մեծ պետության երկիրները մշտատև խառնակություններու մատնեց, այլև այս երկու պետությանց մեջ գտնվող Հայաստանը, սկսած Փոկասի գահակալութենեն (602) մինչև Խոսրովի մահը (628), գրեթե 25 տարի պատերազմական դաշտի վերածեց։ Հպատակության օրենքը կպահանջեր, որ Հայաստանի յուրաքանչյուր բաժինը զինքը հովանավորող պետության շահերը զենքով պաշտպաներ։ Եվ որովհետև բուն Հայաստանի հողին մեջ էր երկու պետությանց սահմանագլուխը, այդ պարզ պատճառով ալ աոաջին անգամ Հայաստանի հողին վրա սկսավ այս հետագա անհուն չարիքներով լեցուն պատերազմը և իմիջիայլոց Հայաստանի համար եղբայրասպան շրջանը հօգուտ հունական կամ պարսկական բանակի։ Թե պարսից և թե հունաց բանակներու մեջ քիչ չէին հայ նախարարական գունդեր, որոնք դեմ առ դեմ կկռվեին՝ իրենց հպատակության պարտքը կամա թե ակամա կատարելու համար։

Փոկասի գահակալութենեն անմիջապես հետո, պարսիկները բանակ դրին Դվինի մեջ։ Հունական զորքերը գումարվեցան Եղվարդի դաշտը, ընդհարումները վերջացան պարսիկներու պարտությունով և Արարատյան նահանգի մեծ մասի ավերումովը։

Հետևյալ տարին պատերազմի դաշտը Շիրակ գավառն էր։ Հունական զորքը համախմբված էր Շիրակավանի (այժմ՝ Պաշ Շեորեկել) մեջ։ Պարսիկները հարձակեցան Գետիկ գյուղի (այժմ Քետիկլեր) մոտերը Ականից դաշտի վրա։ Այս կռվի սարսափը այնքան մեծ էր, որ շրջակա հայ գյուղերու բոլոր բնակչությունը ապաստանեցան Արգինայի բերդին մեջ։

Պարսից զորքը հունաց բանակը ջախջախելեն հետո, դարձան Արգինայի բերդին և շրջակայից մեջ ապաստան գտած հայ գյուղերու վրա, անխնա կոտորեցին, ավերեցին, թալանեցին և երեսուներեք գյուղ ամբողջովին գերի արին (603-ին)։

Մյուս տարին պատերազմի թատերաբեմը եղավ Արածանիի ափերու մոտ Ծաղկոտն գավառը և այսպես ամեն անգամ հաջորդաբար Հայաստանի տարբեր գավառներու մեջ անդադար կնորոգվեր պատերազմը, և տուժողը կլիներ բնիկ հայ ժողովուրդը։ Բասեն գավառի մեջ տեղի ունեցող երկարատև պատերազմները [19] ուղղակի մաշեցին հայ ժողովուրդը, գրեթե, Հայաստանի շատ մը գավառներու մեջ։ Պարսից բանակը, որուն կողմը թեքված էր հաջողությունը, Հայաստանը անասելի ավերումներու և գերեվարություններու ենթարկելե հետո, գնաց ի վերջո շրջապատեց Կարինը (608-ին)։ Քաղաքը գրավելը բավական չի համարելով, վերջիվերջո քաղաքին ամբողջ հայ ազգաբնակչությունն ալ գերի տարին Պարսկաստան, որուն մեջ էր Մորիկի ձեռքով Ավանի մեջ հակաթոռ նստող Հովհան կաթողիկոսը [20]։ Փոկասի գահակալությունը երկար չի տևեց, ինքն ալ սպանվեցավ իր զորավարներու ձեռքով, և տեղը նստավ Հերակլ (610-ին)։ Հակառակ Հերակլի խաղաղասիրական ձգտումներին, իր հաղթանակներով հպարտացած Խոսրովը, խաղաղության համար Հերակլի կողմանե հաշտության ամեն առաջարկ մերժեց կտրականապես և շարունակեց իր պատերազմները և նվաճումները։ Ոչ միայն Մորիկ կայսեր ունեցած դաշինքի համաձայն Բյուզանդիային թողած հայկական հողամասերը վերստին գրավեց, այլև անցնելով Փոքր Ասիայի սահմանները, հասավ մինչև Կոստանդնուպոլսի դռներուն [21]։ Կոստանդնապոլսին սպառնացող այս անակնկալ լուրջ վտանգի պահուն, կայսրության բոլոր դասակարգերը միացած գրեթե սրբազան պատերազմ հայտարարեցին Պարսկաստանի դեմ[22] ։ Հերակլ կայսրը յուր որդվույն՝ Կոստանդինին գահ նստեցնելով՝ ինք ստանձնեց բյուզանդական բանակի ընդհանուր հրամանատարությունը (622-ին) և սկսեց բուռն զորությամբ արշավել հյուսիսեն և հարավեն դեպի Պարսկաստան։ Մոտավորապես ավելի քան հինգ տարի տևեցին Հերակլի սկսած այս պատերազմները։

623-ին Դվին—Նախճվանի ճանապարհով, նաև 625-ին կրկին նորոգվեցավ, 626-ին հաղթությունը թեքվեցավ հունաց կողմը, 627-ին վերջնական հաղթությունը տարավ Հերակլ։ Հաջողություններե հաջողություն անցնելով Հերակլ հասավ մինչև Տիզբոն (627-ին), ամեն ինչ ավերեց, քանդեց, և Խոսրով այս չարաչար պարտություններեն սարսափահար փախստական եղավ հեռավոր ամուր տեղեր, մինչև որ անոր երկարատև պատերազմներու հետևանքով եղած անդարմանելի վնասներու պատճառով կատաղած ժողովուրդը սպաննեց Խոսրովին և տեղը նստեցուց անոր որդին՝ Կավատը (628-ին)[23]։

Կավատ անմիջապես հաշտության բանակցություններու մտավ բյուզանդական արքունիքի հետ մեծամեծ զիջումներով, և խաղաղությունը վերահաստատվեցավ այս երկու մեծ պետություններու մեջ, որով նաև Հայաստանի մեջ, որ ի սկզբանե պարսկական բանակներու, հետո ալ հունական բանակներու ոտնակոխ եղած էր, չարաչար տուժելով։

Կավատի կյանքն ալ երկար չի տևեց, հազիվ վեց ամիս ապրելով մեռավ, այնուհետև Պարսկաստանը ներքին անկարգություններու մատնվեցավ, որով Հայաստանի պարսկական բաժինը գրեթե անտերության մատնվեցավ կամ ավելի ճիշտը՝ յուրաքանչյուր նախարար իր հողամասին անկախ տերը եղան և ինքզինքնին կառավարեցին։ Թեև միևնույն ժամանակ մարզպաններ գոյություն ունեին, սակայն շատ մեղմությամբ կվերաբերվեին այս երևույթին հանդեպ, անշուշտ, հայ լինելուն պատճառով։

Այսպիսով համեմատաբար ավելի խաղաղ կերպարանք ստացավ երկիրը։ Թեև այս խաղաղությունն ալ երկար չէր տևելու, որովհետև, ինչպես պիտի տեսնենք հետո, Հայաստան VII դար ու առաջին քառորդին արյան ճապաղիներու մեջ լողալեն հետո, Խոսրովի պարտությամբ հազիվ 10—15 տարի խաղաղություն չի տեսած, արաբական աշխարհավեր արշավանքներու սարսափները հասան Հայաստան, և ամեն ինչ տակն ու վրա եղավ։

Արաբները իրենց աշխարհակալութան սկսած օրեն մինչև վերջը, քաղաքակրթության և գիտության ամեն մի հրաշալիք քարուքանդ ըրին, առանց տեղը որևէ բարիք բերելու։ Առանց բացառության, բոլոր հպատակ ժողովուրդներու կյանքը դառնացավ։ Արյան հեղեղներ վազեցուցին իրենց անցած տեղերը, գյուղեր և քաղաքներ հիմնահատակ կործանեցին։ Բացի թալաններե և անհամար սպանություններե, անթիվ բնակչություն քշեցին տարին իրենց հետ, որոնք կամ դավանափոխ եղան և կամ չարաչար տանջանքներով մեռան իրենց աքսորավայրերու մեջ։ Իսկ անոնք, որ մնացին իրենց հայրենի հողին վրա, մշտնջենական ողբերով անցուցին իրենց օրերը, անասելի ծանր հարկերու տակ ճնշված, հարստահարված և մարդկային ամեն իրավունքներե զրկված չարքաշ ու խեղճ ապրելով։

Հայաստանի պարսկական մասը <մինչև>[24] վերջնականապես իրենց մեկ նահանգը դարձնելը (հավանորեն 651-ին), արաբները արդեն քանի մը անգամ պարբերաբար հիմնական արշավանքներով արյան մեջ լողացուցեր էին։ Դեռ առաջին անգամ Պարսկաստանի վրա հարձակվելու ժամանակ (686), հայերը իրենց առաջին զոհերը տվին պարսկական բանակի հետ միասին կռվելով՝ ուր կգտնվին Մուշեղ Մամիկոնյանը 3000 զորքով և Գրիգոր Սյունյաց իշխանը՝ 1000 զորքով։ Այս պատերազմին մեջ մեռավ Մուշեղ իր երկու քեռորդիներով, իսկ Գրիգոր Սյունյաց իշխան իր մեկ որդվով [25]։

Պատմագրական հատուկտոր տեղեկություններու համաձայն, մինչև Դվինի առումը, քանի մը անգամ արաբները կոտորեցին ու ավերեցին Հայաստանի հարավային մասերը, իսկ 641 թվականին գրավեցին Դվինը և այնպես կոտորեցին, թալանեցին ապստամբելով արաբներեն, անցան հունաց կողմը, իսկ հույներն ալ մի առ ժամանակ թողին ամեն հալածանք Հայաստանի մեջ և երկրին բախտը հանձնեցին հայերուն, որովհետև թե ներքին սաստիկ կռիվներ սկսեր էին Բյուզանդիոնի մեջ և թե արաբական արշավանքներու լուրջ վտանգը այս անգամ զիրենք ստիպեր էր ռազմական լուրջ կազմակերպության պատրաստություններով զբաղվել։

Թեոդորոսի կուսակցության հունաց կողմը անցնելը խիստ վատ հետևանք ունեցավ Հայաստանի ճակատագրի վրա։ Արաբները վրեժխնդիր եղած, իրենց քով գտնված պատանդները սպանվեցին[26] և Մուհավիեի գահակալությամբ գրեթե վերջացած լինելով ներքին անկարգությունները, վերստին կպատրաստվեին Հայաստանի վրա արշավելու, այս անգամ կրկնակի վրեժխնդրության դաժան որոշումով։ Բյուզանդիոն իր ներքին խռովություններով և արտաքին վտանգներով տարված, բնավ չպիտի կարողանար պաշտպանել Հայաստանը։ Ամենեն ավելի հունամոլ Ներսեսն անգամ համոզվեցավ, որ հունական իշխանությունը խնդրելեն ավելի հուսալի էր արաբացվոց գթության ապավինել և միանգամայն հպատակվել անոնց. ուստի Ներսես նախարարական ժողով գումարելով, որոշեցին դիմել ամիրապետին և Գրիգոր Մամիկոնյանին կառավարիչ նշանակել տալ Հայաստանի վրա (622)[27]։

Մուհավիե սիրով ընդունեց այս առաջարկը, որովհետև ինչ որ զենքի ուժով պիտի գործադրեր, խաղաղ ճանապարհով ինքնին կատարվեցավ և ավելի ընդարձակ սահմաններով, կամավ նվաճվեցան հայեր, քան ինչ որ ունեցեր էին նախկին արշավանքներու ժամանակ։ Եվ որ ավելի գլխավորն է, արաբներու բյուզանդական կայսրության կործանման ծրագրին գործադրության համար պատերազմական ճակատը պիտի փոքրանար և գուցե հայերեն ալ օգնություն պիտի առներ նախկին դաշնագրի պայմանին համեմատ (տես նախորդ էջ՝ 23)՝ բյուզանդական սահմաններեն Հայաստանի վրայով ներս արշավելու համար։

Թեև պատմական տվյալներ չիկան հայերու մասնակցության, այնուամենայնիվ, արաբները Հայաստանի կողմեն միանգամայն ապահով, երկար տարիներ շարունակ հարձակվեցան բյուզանդական կայսրության հարավային սահմաններու վրա և պահ մը հասան մինչև Կոստանդնուպոլսո դռները (672), սակայն պարտված ետ դարձան և դադար տվին պատերազմներու մի քանի տարի ժամանակով՝ նոր բանակ կազմակերպելու և ավելի հարձակումներ գործելու դիտավորությամբ։ Բայց այս անգամ ուրիշ ծրագրով, այսինքն՝ փոխանակ ուրիշ կողմերու, Հայաստանի սահմաններեն պիտի սկսեին բուռն պայքարը։

Մինչև արաբներու վերստին Կայսրության հետ նոր պատերազմի բռնվելը, որ Գրիգոր Մամիկոնյանի մահվան թվականին (682) կհամապատասխանն, մառախլապատ խաղաղություն մը անցավ Հայաստանի վրայեն, մոտավորապես տարիի մը չափ, այսինքն՝ Թեոդորոս Ռշտունիի արաբացվոց կողմը անցնելեն մինչև Գրիգոր Մամիկոնյանի մահը։

Գրիգոր Մամիկոնյանի մահվանեն հետո, փոխվեցավ Հայաստանի ճակատագիրը, անոր տեղ չի փոխարինեց ավելի վարչապետ մի կառավարիչ։ Գրեթե մեկ տարի առաջ ալ մեռած լինելով Մուհավիե, արաբական գահը ձեռքե ձեռք կանցներ մեկ կողմեն, մյուս կողմեն արաբ-բյուզանդական ընդհարումները սկսեր էին բուն Հայաստանի հողին վրա։

Քանի մը անգամ Հայաստանը ձեռքե ձեռք անցավ, այս երկու հզոր ախոյաններու կողմանե ոտնակոխ ընելով Հայաստանն ու հայությունը, մինչև որ վերջնականապես հաղթությունը մնաց արաբներու կողմը, և Հայաստանը մնալով արաբաց տիրապետության տակ (698), առաջին անգամ արաբ ոստիկան նշանակեցին Հայաստանի վրա։

Հայաստան եկող այս առաջին ոստիկանը, Մուհամմեդ-Պինի-Մրվան, աներևակայելի պատուհաս եղավ դժբախտ Հայաստանի գլխին, նմանը չի տեսնված չարիքներ հասցուց բովանդակ հայության, այնպես որ, ժողովուրդը սրտանց երանի կուտար մեռնողներուն, որոնք խաղաղական կենոք մեռան և ազատեցան իրենց քաշած տառապանքներեն[28]։

Մուհամմեդ այս զարհուրելի չարագործությունները վերջացնելեն հետո, հանդարտ խղճով մեկնեցավ Դամասկոս՝ 700 թվականին, հաշիվ տալու համար ամիրապետին, որը նոր ոստիկան նշանակեց Հայաստանի վրա։ Ահա այսպես ալեկոծված ու փոթորկալից օրեր անցնելով բոլորեց VII դարը մարդկային սպանդանոցի վերածված արյունաներկ Հայաստանը։

Թեև ներկա աշխատությանս տեսակետով կփակվի իմ տեսությունս VII դարով, սակայն ընդհանրապես արաբական տիրապետության շրջանին հայ ճարտարապետության և գեղարվեստի զարգացման աստիճանը և արաբական տիրապետության ազդեցությունը բնորոշելու համար, այստեղ ավելորդ չեմ համարեր հետագա ժամանակներու մասին ալ քանի մը խոսք ըսել, մինչև արաբական տիրապետության թուլանալով, հայկական անկախ պետություններու կազմակերպվիլը, որով մի նոր թվական բացվեցավ հայ ճարտարապետության, և գեղարվեստի մի նոր վերածնության։


  1. Եղիշէի պատմութիւն Վարդանանց, Թիֆլիս, 1913, էջ 32
  2. Նույն տեղում։
  3. Ղազարայ Փարպեցոյ պատմութիուն հայոց եւ թուղթ առ Վահան Մամիկոնեան, Թիֆլիս, 1907, էջ 181—182։
  4. Ստեփանոսի Տարօնեցւոյ Ասողկան պատմաթիւն նախապես տիեզերական, Ս. Պետերբուրգ, 1885, էջ 84։
  5. Նույն տեղում։
  6. Պատմութիւն Սեբէոսի եպիսկոպոսի ի Հերակլն, Թիֆլիս, 1912, էջ 40:
  7. Ասողիկ, նշվ. աշխ., էջ 84: Սեբեոս, նշվ. աշխ., էջ 270:
  8. Սոբեոս, նշվ. աշխ., էջ 40-41:
  9. Ասողիկ
  10. Սեբեոս, նշվ. աշխ., էջ 45-46:
  11. Սեբեոս, նշվ. աշխ., էջ 84
  12. Սեբեոս, նշվ. աշխ., էջ 75
  13. Փաւստոսի Բուզանդացւոյ պատմութիւն հայոց, Ս. Պետերբուրգ, 1883, էջ 222։
  14. Սեբեոս, Պատմութիւն, էջ 75—76։
  15. Սեբեոս, նշվ. աշխ., էջ 76։
  16. Սեբեոս, նշվ. աշխ., էջ 79, 80, 86, 108, 110, 111։
  17. Սեբեոս, նշվ. աշխ., էջ 92—93։
  18. Սամուէլի քահանայի Անեցւոյ Հաւաքմունք ի գրոց պատմագրաց, Վաղարշապատ, 1893, էջ 77։
  19. Սեբեոս, նշվ. աշխ., էջ 116—120
  20. Սեբեոս, նշվ. աշխ., էջ 122—123
  21. Սեբեոս, նշվ. աշխ., էջ 142—152
  22. Սեբեոս, նշվ. աշխ., էջ 142—152
  23. Սեբեոս, նշվ. աշխ., էջ 100—102
  24. Այսուհետեև անկյունավոր փակագծերի մեջ վերցրածները՝ հեղինակի բացթողումն է:
  25. Սեբեոս, նշվ. աշխ., էջ 173
  26. Հովհաննես Դրսախանակերտցի նշվ. աշխ., էջ 89։ Սեբերա, նշվ. աշխ., էջ 246։
  27. Սեբեոս, նշվ. աշխ., էջ 285։ Ղեոնդ, նշվ. աշխ., էջ 14։
  28. Ղևոնդ, նշվ. աշխ., գլուխ է։