Զվարթնոց, Գագկաշեն/Ճարտարապետ Թորոս Թորամանյան
ՃԱՐՏԱՐԱՊԵՏ
ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆ
Հայ ճարտարապետության խոշորագույն պատմաբան Թորոս Թորամանյանի կյանքն ու գիտական գործունեությունը պատմական հայ ճարտարապետության ուսումնասիրության պատմությունն է։
Մինչև XX դարի սկիզբը հայ արվեստի մասին ընդհանրապես ստեղծված էին շատ թերի և հակասական կարծիքներ, որի հետևանքով պատմական հայ ճարտարապետությունը և նրա ուսումնասիրության հարցը երկար ժամանակ մատնված էր անուշադրության։
Օտարազգի գիտնականների մեծ մասի կողմից պատմական հայ ճարտարապետությունը դիտվում էր որպես ինքնատիպությունից զուրկ, շրջապատող ազգերի ճարտարապետական ոճերի (գերազանցապես բյուզանդական) ընդօրինակություն։
Կային նաև դրական կարծիք հայտնողներ, բացառապես IX—XI դարերի հայ ճարտարապետության մասին, ինչպես, օրինակ, ֆրանսիացի գիտնական Օ. Շուազին։ Սակայն, դժբախտաբար, նրանց կարծիքները, հիմնված չլինելով բավարար փաստական հիմքի վրա, չէին արժանացել պատշաճ ուշադրության։
Այդպիսին էր պատմական հայ ճարտարապետության վերաբերյալ ստեղծված պատկերացումը և նրա ոաումնասիրության վիճակը, երբ անցյալ դարի 90-ական թվականներին առաջին անգամ նրանով հետաքրքրվում է տակավին երիտասարդ Թորոս Թորամանյանը։
⁂
Թորոս Թորամանյանը ծնվել է 1864 թ. Փոքր Հալքի Շապին-Գարահիսար քաղաքում, արհեստավորի ընտանիքում։ Հայրենի քաղաքի ոչ լրիվ միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Թորամանյանը մեկնում է Կոստանդնուպոլիս՝ բարձրագույն կրթություն ստանալու և հատկապես ճարտարապետ դառնալու նպատակով։
Դեռևս պատանի հասակում զրկվելով ծնողներից, Թորամանյանը ստիպված է լինում օրվա ապրուստը հոգալ սեփական ուժերով, ուստի աշխատանքի է մտնում սկզբում քարկոփի, իսկ հետո՝ հյուսնի մոտ, միաժամանակ պատրաստվելով համալսարանական քննություններին։
1888 թ. Թորամանյանին հաջողվում է ընդունվել Պոլսի գեղարվեստի ճեմարանի ճարտարապետական բաժինը, որն ավարտում է 1893 թվականին՝ գերազանց աոաջադիմությամբ։
Հայ ճարտարապետության վերաբերյալ այդ տարիների իր մտորումների մասին հետագայում Թորամանյանը գրում է.
«Կ. Պոլսի գեղարվեստի ճեմարանի ուսանողությանս շրջանեն սկսած, մեծ հետաքրքրությամբ կթղթատեի հատորներ՝ տեսնելու և ուսումնասիրելու համար հին և նոր ճարտարապետական ոճերը։ Դժբախտաբար ոչ մի տեղ չի պատահեցա «Հայկական ճարտարապետություն» խորագրի տակ բացված բաժին մը ոճերու պատմության և ուսումնասիրությանց շարքին մեջ, հետևաբար հայ ոճի մը գոյությունը չէի երևակայեր իսկ»։
Թորամանյանին անհավատալի է թվում հայ ճարտարապետության մասին ստեղծված այդքան բացասական կարծիքի արդարացված լինելը։
Ծանոթ լինելով հայ ժողովրդի պատմական հարուստ անցյալին և քաղաքակրթական դերին, Թորամանյանը չի հուսահատվում և շարունակում է իր որոնումները նաև հետագայում, երբ արդեն ճեմարանի կողմից վկայված նկարիչ–ճարտարապետ էր և զբաղվում էր գործնական ճարտարապետությամբ։ Թեև Թորամանյանի այդ շրջանի մասնագիտական գործունեության մասին տեղեկությունները շատ աղոտ են, սակայն հայտնի է, որ, մինչև Արևելյան Հայաստան գալը, նա նախագծել և կառուցել է մենատներ մեծահարուստների պատվերներով և հասարակական բնույթի շենքեր, սկզբում Պոլսում, իսկ հետո՝ Բուլղարիայում և Ռումինիայում։ Դրանցից մեկի մասին 1897 թ. «Բյուզանդիոն» թերթում[1] պահպանվել է հետևյալ կցկտուր տեղեկությունը. «Գրեթե բոլորովին վերջացավ Վառնայի ազգային վարժարանի քարակերտ շենքը, լուսավոր և օդավետ, որը պատիվ կբերե բնիկ հայության և պոլսական ճարտարապետության ալ, որովհետև անոր ճարտարապետը Պոլսեն գաղթած հայ մե, Թորոս Թորամանյան։ Թաղական խորհուրդը այժմ փութով կաշխատի վարժարանին ներքին կազմակերպությամբը, կուզե շենքին կրթական մասն ալ նյութականին համապատասխան ընծայել»։
Հետագա փաստերը ցույց են տալիս, որ Թորամանյանի իսկական կոչումը միայն նախագծելը և կառուցելը չէր։ Գործնական ճարտարապետության հետ միաժամանակ, նա շարունակում է իր որոնումները պատմական հայ ճարտարապետության տեսության բնագավառում։ Այս անգամ նրան որոշ հույսեր են ներշնչում Հայաստան այցելած օտարազգի գիտնական ճանապարհորդներ՝ Տեքսիեի, Աբիխի, Դյուբուայի և այլոց հաղորդած դրական տպավորությունները հայկական առանձին հուշարձանների ճարտարապետական ոճի ինքնատիպության մասին։
Քանի որ այդ տպավորությունները վերաբերում էին մեծ մասամբ Հայաստանի երբեմնի մայրաքաղաք Անիին, Թորամանյանի մեջ հասունանում է այդ միջնադարյան քաղաքի ճարտարապետական հուշարձանները անձամբ տեսնելու և ուսումնասիրելու ցանկությունը։
Առիթը ներկայանում է, երբ փարիզաբնակ բանասեր Կարապետ Բասմաջյանը հրավիրում է միասին մեկնել Անի՝ պատրաստելու այնտեղի ճարտարապետական հուշարձաններին նվիրված ալբոմ։
Սակայն նախքան Անի գնալը Թորամանյանին վիճակվում է տեսնել ճարտարապետական արվեստի գլուխգործոցներ՝ Հռոմում, Հունաստանում և Եգիպտոսում։ Դրանց տպավորության տակ Թորամանյանը 1903 թվականին գալով Անի, ավելի հստակ է տեսնում ու գնահատում պատմական հայ ճարտարապետության բնորոշ աոանձնահատկությունները։ Իր աոաջին տպավորության մասին նա հետագայում գրում է. «Անակնկալ նորություն էր ինձի համար տեսնել այնքան գեղարվեստական գոհարներով լեցուն անկյուն մը, ուր իբր օազիս արևելքի հնադարյան խավարի մեջ ծլած ու ծաղկած էր...
Զիս հետաքրքրեցին անոր ոչ միայն ինձ գրեթե անծանոթ գեղարվեստի գեղեցիկ ու ներդաշնակ հորինվածներու անհուն հպարտությունը, այլև մեր ներկա գիտության համար ալ նորություն համարվելու չափ շինարարական արվեստի հետաքրքրական մասերը»։
Համեմատելով այդ քաղաքի ճարտարապետության վերաբերյալ գրականության տվյալները տեղում պահպանված հուշարձանների հետ, Թորամանյանը մեծ հակասության է տեսնում իրական և գրական Անիի միջև։ Նախ՝ այդ հուշարձանների չնչին մասն էին մտել գրքերի և ալբոմների մեջ, երկրորդ՝ նրանցում տեղ էին գտել ժամանակագրական ու փաստագրական սխալ տեղեկություններ և երրորդ՝ հուշարձանների չափագրությունները չէին համապատասխանում իրական վիճակին: Վերջին հարցին հետագայում ևս անդրադառնալով, Թորամանյանը գրում է. «Չափերու, ձևերու խոշոր սխալներե զատ նկարված են այնպիսի կտորներ, որոնք բնավ գոյություն չեն ունեցեր տեղին վրա, և ասոր հակառակ անտեսված են այնպիսի հրաշակերտներ, որոնք իրավամբ հիացում պիտի պատճառեին ներկա գիտական ու գեղարվեստական աշխարհին»:
Իրականությունն աղավաղող այդ նկարների ու նկարագրությունների մեջ տեսնելով պատմական հայ ճարտարապետության վերաբերյալ աննպաստ կարծիքների ստեղծման պատճառները, Թորամանյանը որոշում է անձամբ զբաղվել հայկական հուշարձանների չափագրմամբ։
Չնայած իր ձեռնարկումի ճանապարհին հանդիպած անհամար դժվարություններին, նա երբեք չի հուսահատվում և իր հետագա ողջ կյանքը աներկբա նվիրում է հայկական հուշարձանների չափագրմանը և ուսումնասիրմանը՝ միայնակ, առանց պաշտոնական վարձատրության, հույսը դրած բացառապես կողմնակի և պատահական օժանդակությունների վրա։ Բարեբախտաբար այդ ժամանակ ականավոր հայագետ Նիկողայոս Մառն արդեն երկրորդ տարին էր, ինչ վերսկսել էր 1893 թվականին ընդհատած Անիի պեղումները, որը շարունակեց մինչև 1918 թվականը։
Աոաջին իսկ հանդիպումից, հանձին Թորամանյանի, պրոֆ. Մառը տեսնում է մի հմուտ և խորաթափանց մասնագետի, ըստ արժանվույն գնահատում նրա կարողություններն ու նպատակները և սկսած 1904 թվականից արդյունավետ համագործակցում է նրա հետ։ Մառը Թորամանյանին է հանձնարարում Անիում պեղած հուշարձանների չափագրումն ու վերակազմումը, որոնք անխտիր օգտագործում էր Անիի պեղումների վերաբերյալ կարդացած և հրատարակած գիտական հաշվետվություններում։
Մեծ գիտնականի կողմից ցուցաբերված վստահությունը նպաստում է Թորամանյանի գիտական գործունեության ճանաչմանն ու գնահատմանը։ Աստիճանաբար նրա շուրջը ստեղծվում է հետաքրքրության և համակրանքի լայն շրջանակ, երբեմն էլ լինում են դրամական օժանդակություններ։
Ավելորդ չէ նշել, որ Թորամանյանի չափագրությունները հուշարձանների առկա վիճակի սոսկ վերարտադրությունները չէին։ Շինությունների տեղում պահպանված մնացորդները չափագրելուց բացի, նա գծագրի վրա վերականգնում էր հուշարձանի փլված, կամ ձևափոխությունների ժամանակ նոր պատերի տակ ծածկված ու անհետացած մասերը, տալով կիսավեր կամ ամբողջովին փլատակների վերածված հուշարձանների վերակազմության նախագծերը, ինչպես այդ կատարել էր հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկի՝ Զվարթնոց եկեղեցու համար, նախքան Անիում աշխատանքը սկսելը։
Նման չափագրությունների շնորհիվ Թորամանյանի մատիտի տակ պրոֆ. Մառի արտահայտությամբ «շունչ էին առնում» և սկզբնական տեսքն ստանում շատ հուշարձաններ, ինչպես Անիի XI դարի սկզբին կառուցված Մայր եկեղեցին, որն իր որմնամույթերի սլացիկ կերտվածքով և երկկենտրոն կամարներով մեծարժեք նորություն է պատմական հայ ճարտարապետության բազմահարուստ գանձարանում։ Թորամանյանը չափագրում և վերակազմում է 1905 թվականի պեղումներով հայտնաբերված զվարթնոցատիպ գագկաշեն ս. Գրիգոր եկեղեցին և, ինչպես նշում է ինքը, «այդ երկուսի մանրանկարը»՝ աստղաձև հատակագծով եռահարկ Հովվի եկեղեցին։ Այնուհետև չափագրում է նույն դարում կառուցված բազմաբսիդ եկեղեցիներ՝ Փրկիչը և Աբուղամրենց ս. Գրիգորը, X–XI դարերում կառուցված հինգգմբեթանի Առաքելոց եկեղեցին և XII—XIII դդ. նրան կցված հատվող կամարներով նշանավոր գավիթը, նույն ժամանակին պատկանող արտաքին ճոխ զարդաքանդակներով և ներքին որմնանկարներով աչքի ընկնող Լուսավորիչ եկեղեցին և շատ ուրիշներ։
Բացի եկեղեցիներից Թորամանյանը չափագրում և վերակազմում է XI–XIII դարերում կառուցված Անիի պալատների մնացորդները, բաղնիքները, հյուրատները, բրգաշար պարիսպները: Ախուրյան գետի վրա կառուցված կիսավեր կամուրջները և այլն, և այլն։
Թորամանյանը երկար չի մնում Անիում։ Երեք տարի անց նա ընդլայնում է իր գիտական գործունեության շրջանակները և, դուրս գալով Շիրակի դաշտ, ընդգրկում է նաև Արշարունիք և Արագածոտն գավառները։
Այդ վայրերում Թորամանյանը չափագրում և ուսումնասիրում է X—XIV դարերի պատմական մեծարժեք հուշարձաններ՝ Հոռոմոսի, Խծկոնքի և Մարմաշենի վանքերը, ինչպես նաև վաղ քրիստոնեական շրջանի հայկական ճարտարապետության համար անկյունաքարային նշանակություն ունեցող էջմիածնի, Տեկորի, Կարնուտի, Դիրաքլարի, Քասախի, Ավանի, VII դարի՝ Բագարանի, Մաստարայի, Թալինի, Արուճի (Թալիշի) եկեղեցիները։
Չափագրելով պաշտամունքային և աշխարհիկ բնույթի մեծածավալ շենքերը, Թորամանյանն ուշադրություն է դարձնում նաև ժողովրդական տների և բնակարանների պեղումներով հայտնաբերված հազվագյուտ մնացորդների վրա։ Այդ մասին նա գրում է. «Անիի մեջ ամենահասարակ տներու դռանց և օջախներու վրա փորագրված զմայլելի քանդակագործությունները ցույց կուտան, որ այնտեղ իշխաններու և ազնվականներու միայն հատուկ չէր տենչը դեպի գեղարվեստը, ամեն դասակարգի ժողովուրդը վարակված էին անոր սիրով»։ ⁂
Ավելի քան կես դար է անցել այն օրից, երբ ճարտարապետ Թորոս Թորամանյանի ջանքերով շունչ առավ և փլատակներից վեր խոյացավ VII դարի ճարտարապետության գլուխգործոց Զվարթնոց եկեղեցին։
Այդ հուշարձանի գետնահավասար ավերակի վերակազմության նախագիծը Թորամանյանը կազմեց 1904 թվականին, ըստ որի հուշարձանը ներկայացնում է որպես ուղղաձիգ առանցքի շուրջ հետզհետե նվազող ծավալներից կազմված կենտրոնագմբեթ եռաստիճան շինություն։
Թորամանյանի վերակազմությունն անվերապահորեն չընդունվեց։ Այն ունեցավ իր տենդոտ քննադատները։ Սակայն 1905—1906 թթ. Անիում պեղված Զվարթնոցի կրկնօրինակը հանդիսացող գագկաշեն ս. Գրիգոր եկեղեցու ավերակը՝ նրանում գտնված մանրակերտով հանդերձ, և Բանակի կիսավեր տաճարը իրենց փաստական տվյալներով հաստատեցին Թորամանյանի վերակազմության ճշտությունը։
1910 թվականին արդեն «իբրև հասունացած նյութ» Թորամանյանը ձեռնարկում է գրելու Զվարթնոց–Գագկաշեն հուշարձանների մասին «լիակատար» և «մանրամասն» ուսումնասիրություն։
Այդ աշխատանքի ծավալի վերաբերյալ 1912 թ. Գարեգին Հովսեփյանին գրում է. «Սեղանիս վրա թերակատար պատկերներ ունիմ Զվարթնոցի աշխատութենես։ Անոնք հազիվ վերջանան մինչև ապրիլ ամսի վերջը, մտադիր եմ նախապես հրատարակության պատրաստ վիճակի մեջ դնել Զվարթնոցի աշխատությունս, թեև տակավին շատ գործ ունիմ և հազիվ հառաջիկա գարնան կարողանամ հասցնել, մոտ 200 պատկեր պետք է պատրաստվի, որուն շատ քիչը ունիմ առայժմ պատրաստ»[2]։
Թե ինչպիսի խորությամբ և մանրամասնությամբ պետք է մշակվեր Զվարթնոցին նվիրված աշխատությունը, երևում է Թորամանյանի արխիվում ձեռագիր վիճակում պահպանված նախնական ծրագրից։
Ա մաս
1. Զվարթնոցը պատմության մեջ. 2. Զվարթնոց բառի նշանակությունը. 3. Զվարթնոցի շինողը և անոր անձնական նկարագիրը. 4. Հայաստանի քաղաքական կացությունը VII դարուն. 5. Զվարթնոցի շինության և տեղի ընտրության հավանական պատճառները. 6. Զվարթնոցի համբավը և ընդօրինակության ձգտումները հետագային. 7. Զվարթնոցի կործանման հավանական ժամանակը և աստիճանական ավերումը մինչև ամբողջական փլուզումը. 8. Մեր դարուն մեջ Զվարթնոցի տեղի մասին ունեցած ծանոթությունը. 9. Զվարթնոցի ավերակների հայտնագործվելը. 10. Զվարթնոցի պեղման պատճառները, սկզբնավորությունը և շարունակությունը. 11. Զվարթնոցի այժմյան վիճակը. 12. Զվարթնոցը գեղարվեստի պատմության մեջ։
Բ մաս
1. Հայ ճարտարապետության սկզբնական շրջանը հեթանոսական դարում. 2. Հայ ճարտարապետությունը քրիստոնեական շրջանեն մինչև VII դար. 3. Հայ ճարտարապետությունը VII դարուն. 4. Բոլորակ տաճարներու ծագման և զարգացման մասին ընդհանուր տեսություն. 5. Բոլորակ տաճարներու ծագումը Հայաստանի մեջ. մկրտարաններ. 6. Զվարթնոց եկեղեցվո նկարագրությունը ներքուստ և արտաքուստ. 7. Զվարթնոցի շինվածանյութերը և անոնց գործածության կերպարը. 8. Զվարթնոցի ընդհանուր ոճեն շեղումները կրոնական տեսակետով՝ խորանը, մկրտարանը, քահանայից, ժողովրդյան և ապաշխարողաց դասերը։ 9. Հայ ճարտարապետության ընդհանուր ուղղութենեն Զվարթնոցի շեղումը ճարտարապետության տեսակետով. 10. Օտար ներգործություններ Զվարթնոցի վրա. 11. Զվարթնոցի ազդեցությունը իր շրջապատի վրա՝ Հայաստանի մեջ. 12. Զվարթնոցի ազդեցությունը Հայաստանեն դուրս. 13. Զուտ հայկական ինքնուրույնություններու բնորոշումը կրոնական տեսակետով 14. Զուտ հայկական ինքնուրույնությունները ճարտարապետական տեսակետով. 15. Արվեստագիտական քննություն առավելություններու և թերություններու, ժամանակակից գիտական պայմաններու համեմատությամբ. 16. Բաղդատություն նմանօրինակ շենքերու՝ օտար երկրներու մեջ. 17. Բաղդատություն նմանօրինակ շենքերու Հայաստանի մեջ. 18. Զվարթնոցի շուրջ մինչև այժմ եղած գրականությունը հայերի և օտարների կողմեն. 19. Կարծիքներու քննադատություն. 20. Զվարթնոցի հարակից շենքերը և անոնց նկարագրությունը. 21. Զվարթնոցի հարակից շենքերը ճարտարապետական տեսակետով. 22. Հարակից դահլիճը կամ տաճարը, որպես կաթողիկոսարան։
Հրատարակության միջոցներից զուրկ լինելու հետևանքով կատարած բոլոր չափագրություններն ու վերակազմությունները Թորոս Թորամանյանը 1913 թ. տանում է Վիեննա, որտեղ համաձայնություն է կայացվում՝ այդ նյութերի հիման վրա պրոֆ. Ստրժիգովսկու հետ միասին հայ ճարտարապետության վերաբերյալ ուսումնասիրություն գրելու։ Սակայն մի քանի լրացուցիչ հետազոտություններ կատարելու նպատակով, իր հետ տարած ողջ նյութը, այդ թվում Զվարթնոցի և Գագկաշենի չափագրություններն ու վերակազմությունները, թողնելով Ստրժիգովսկու մոտ, Թորամանյանը վերադաոնում է Հայաստան։
Մինչև կրկին Վիեննա գնալը, սկսվում է աոաջին համաշխարհային պատերազմը, և Ստրժիգովսկու մոտ թողած բոլոր չափագրությունները մնում են Վիեննայում։
Թորամանյանը ստիպված է լինում երկրորդ անգամ պատրաստել Զվարթնոցի և Գագկաշենի վերակազմության գծագրերը։ Սակայն հետագա իրադարձությունների հետևանքով զրկվում է դրանցից ևս։ 1918 թ. գաղթերի հետևանքով Թորամանյանը կորցնում է իր արխիվը՝ գրքերը, ձեոագրերը, հուշատետրերը և 1913 թ. հետո կատարած չափագրությունները[3], որոնց թվում նաե Զվարթնոց–Գագկաշեն ուսումնասիրության պատրաստ ձեոագիրը և չափագրություններն ու վերակազմությունները, որ, ըստ նրա հիշատակության, բաղկացած էին «300 չափագիր և լուսանկար պատկերներից և 400 քառածալ էջերից»[4]։
Այդ աշխատանքին Թորամանյանը ձեռնամուխ է լինում արդեն երրորդ անգամ հետևյալ ծրագրով. 1. «Լիակատար նկարագրություն շենքի և հատակագծի. 2. Լիակատար նկարագրություն շինվածանյութերու. 3. Ներկա գիտական պայմաններու համեմատությամբ ճարտարապետության տեսակետով քննություն և բնորոշում առավելությունների և թերությունների. 4. Իր ժամանակակից ընդհանուր ճարտարապետության մեջ ստացած դիրքը և կատարած դերը. 5. ճարտարապետական, գեղարվեստական և կրոնական տեսակետով զուտ հայկական ինքնուրույնությունների որոշումը. 6. Օտար ներգործություններ իր վրա և իր ազդեցությունը օտար երկրների արվեստների վրա. 7. Ներքին և արտաքին առանձնահատուկ ձևերի բնորոշումը կրոնական տեսակետով. 8. ժամանակակից գիտնական օտարազգի ճարտարապետների ոմանց կարծիքները ճարտարապետական և պատմական տեսակետով և անոնց քննադատությունը. 9. Համեմատություն պատմական և ճարտարապետական տեսակետով Հայաստանի և օտար երկրների մեջ կանգնված նմանօրինակ շենքերի. 10. Մեծ և փոքր լուսանկարներ (18X24 և 13X18) և բացատրական չափագրված հատվածանկարներ մոտավորապես 200 օրինակ, որոնց մեջ կլինին ընդհանուր հատակագիծ ամբողջ տեղին և մոտակա շինությունների, նաև եկեղեցվո առանձին հատակագիծը, վերակազմությունը և հատվածականներ։ Այս վերջիններս, եթե հնարավոր լինի, գունավոր տպագրությամբ. 11. Ամբողջ աշխատությունը պիտի բաղկանա մոտավորապես 400 էջերե, պատկերների գրաված էջերով միասին»[5]։
Այդ աշխատանքի ընթացքի մասին նրա նամակներում պահպանված է հետևյալ հիշատակությունը. «Այստեղ ես պարապում եմ հանձն առածս Զվարթնոցի գործով, կամաց-կամաց դասավորում եմ նյութերս, Երևի մի ամիս հետո հազիվ կարողանամ սկսել պատմական և մասամբ նկարագրական մասը։ Չափազանց նեղվում եմ, գրեթե հուսահատության չափ՝ գրքերուս և ձեռագրներուս կորսվելուն պատճառով. գոնե քաղաքումս մի մատենադարան չունենք, որ գտնեմ հարկ եղած անհրաժեշտ հատորներ…
Դժվարությունների աոջև կանգ առնել ես չի գիտեմ, բայց անկարելիին առջև ստիպված գլուխ եմ ծռում։ Այժմ Անի գնալ՝ կնշանակե կյանքը վրա տալ ձրի, իսկ գագկաշեն ս. Գրիգորի չափագրությունը անհրաժեշտ է այս գործիս համար»[6]։
Ըստ երևույթին նրան վիճակված չէր Զվարթնոց— Գագկաշեն ուսումնասիրությունը ավարտել. 1920 թվականին Հայաստանից հեռանում է այդ աշխատանքի մեկենասը, որով Թորամանյանը նյութապես անկարող է դառնում շարունակել մեծ ծախսեր պահանջող ուսումնասիրությունը, իսկ այնուհետև Անին դուրս է մնում նորակազմ Սովետական Հայաստանի տարածքից, և բազմաթիվ այլ հուշարձանների թվում Գագկաշեն տաճարի ավերակների վերաչափագրումը դառնում է անհնարին։
Հուսալով Վիեննայում թողած չափագրությունների հիման վրա գրել հայ արվեստի պատմություն, 1925 թվականին Թորամանյանը դիմում է Ստրժիգովսկուն իր նյութերը ետ ստանալու խնդրանքով։ «…1920 թվականին սկսեր էի մի աշխատություն՝ մի հայ հարուստի օժանդակությամբ. այդ գործս մնաց թերի՝ նույն հարուստին Եվրոպա փոխադրվելուն պատճառով։ Այս աշխատությունս է Զվարթնոց եկեղեցու մանրամասն և ընդարձակ ուսումնասիրությունը։ Այժմ սաստիկ շահագրգռված եմ այդ աշխատանքս ամբողջացնելու մասին։ Այդ է գլխավոր պատճառ, որ խնդրում եմ նյութերս վերադարձնել ինձ, որովհետև վերստին շրջել, հուշարձանները չափագրել և նկարել՝ անկարելի է ինձ համար, ուստի այդ նյութերը ինձ մոտ ունենալով՝ կուզեմ Զվարթնոցի ուսումնասիրության շուրջը խտացնել հայոց ճարտարապետության նկատմամբ իմ տեսություններս՝ մեծ մասամբ հիշողություններով միայն ղեկավարվելով, քանի որ ինը հատ մեծ ու փոքր, տպագրության համար պատրաստ մասնավոր աշխատանքներուս հետ կորցուցի նաև մեծ աշխատությանս համար ունեցած ձեռագիրներս և հուշատետրերս»[7]։
Վերջնականապես զրկվելով տարիների քրտնաջան աշխատանքով կատարած չափագրություններից և վերակազմություններից, հուսահատ, ծերացած ու վշտաբեկ Թորամանյանը հազիվ հասցնում է իրագործել իր վերջին ծրագիրը, այսինքն՝ գրել հայ արվեստի պատմության, սկսած հեթանոսական շրջանից մինչև XV դարը, որի մի զգալի մասը կազմեցին Զվարթնոց-Գագկաշեն ուսումնասիրության համար 1919 թ. գրված գլուխները, առանց չափագիր նկարների։ Իսկ 20-ական թվականներին ծրագրից դուրս Թորամանյանը գրեց Զվարթնոցի հետ անմիջականորեն կապված երկու հոդվածներ՝ «Զվարթնոց եկեղեցու քարերի նշանները» և «Զվարթնոցի մի մասին համար կազմած աշխատությանս նպատակը»։
Այսպիսով Զվարթնոց-Գագկաշեն մենագրությունը նախապես ծրագրված ձևով Թորամանյանը հնարավորություն չունեցավ գրելու։
Վերոհիշյալ գլուխները առաջին անգամ հրատարակվեցին Թորամանյանի ետմահու լույս ընծայված «Նյութեր հայկական ճարտարապետության պատմության» հատորներում հրատարակված 1942 և 1948 թվականներին՝ որոշ կրճատումներով։
Չնայած ճարտարապետական և գեղարվեստական մեծարժեք հուշարձաններ Զվարթնոցի և Գագկաշենի ուսումնասիրման գծով Թորամանյանի կատարած հսկայական ներդրմանը, մինչև օրս հրապարակի վրա չկա մի համահավաք ժողովածու[8], որում տեղ գտնեին այդ հուշարձանների վերաբերյալ մեծ ճարտարապետի բոլոր աշխատությունները, չափագրությունները, լուսանկարները և տարբեր ժամանակներում հայտնած կարծիքներն ու եզրակացությունները։
Նկատի ունենալով այդ հանգամանքը, կազմեցինք սույն հատորյակը, որտեղ ի մի են բերված Զվարթնոցի և Գագկաշենի վերաբերյալ Թորամանյանի աշխատությունները, չափագրությունները, վերակազմությունները (տպագիր և անտիպ), զանազան առիթներով հայտնած կարծիքները, մտքերը, դիտողությունները, որոնք նրա մեծ կորուստների բեկորներն են միայն։ ⁂
Պատմական հայ ճարտարապետության ուսումնասիրման ճանապարհին Թորամանյանը ամենից աոաջ նկատում է, որ ճարտարապետական հուշարձանների դարերի ընթացքում կատարված վերանորոգումները և ձևափոխությունները հաճախ շփոթության տեղիք են տվել նրանց կառուցման ժամանակի որոշման հարցում։
Լավ ճանաչելով հայ ճարտարապետության տարբեր դարերին բնորոշ գծերն ու առանձնահատկությունները, Թորամանյանը բացահայտում է հուշարձանների սկզբնական տեսքը, կրած ձևափոխություններն ու նրանց ժամանակները, հատկապես այն հուշարձանների, որոնք չունեն շինարարական արձանագրություն կամ չեն հիշվում պատմական տեղեկություններում։
Այսպես, օրինակ, ճշտելով բազմաթիվ անգամ ձևափոխությունների ենթարկված և թյուրիմացաբար VIII դարին վերագրված V դարի հուշարձան Տեկորի տաճարի կառուցման թվականը, Թորամանյանը գրում է. «ժամանակի ծանր բեռան տակ մեջքը կորացած, տխուր ու հուսահատ գլուխը ծռած, սակայն օրհասական շունչով իսկ դեռ բան կպատմե հարցասեր այցելուին, զինքը խոսեցնել գիտցողին համար ամեն քար լեզու կդառնա, ամեն խորշ արտասուքի աղբյուր և դառնակսկիծ ողբով կնկարագրե յուր անցյալի վայելչությունը ու զինքը կանգնողերու բարոյական ու նյութական արժանավորությունները»։
Նկատի ունենալով հուշարձանները «խոսեցնելու» Թորամանյանի այդ հմտությունը, պրոֆ. Մառը նրան անվանում է «Հայ ճարտարապետական հուշարձանների լեզվի առաջին ուսուցիչ», իսկ արևելյան արվեստների խոշոր գիտակ պրոֆ. Հ. Ստրժիգովսկին հուշարձանները ուսումնասիրելու Թորամանյանի այդ մեթոդի վերաբերյալ իր «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» մեծարժեք աշխատության մեջ գրում է. «Չպիտի զարմանալ, եթե այստեղ խոսվի շատ բաների մասին, որ մինչև այժմ հայտնի չի եղել։ Դրանով մենք պարտական ենք Թորամանյանին, որն իր երկարամյա փորձով ցույց տվեց մեզ ճանապարհ դեպի հուշարձանները, որոնց վրա մինչ այդ համարյա ուշադրություն չէր դարձվել»։
Իր կատարած չափագրությունների ու եզրակացությունների մի մասը Թորամանյանն ամփոփեց ոչ մեծածավալ, սակայն փաստերով ու եզրակացություններով հարուստ ուսումնասիրություններում, որոնք մեծ մասամբ լույս ընծայվեցին իր ժամանակի պարբերական մամուլում։ Դրանցից գլխավորներն են՝ «Զվարթնոց եկեղեցին», «էջմիածնի տաճարը», «Տեկորի տաճարը», «Գավիթ և ժամատուն հայոց հնագույն եկեղեցիների մեջ», «Նորագույն կարծիքներ հայ ճարտարապետության մասին», «Հայ ճարտարապետության շրջանները», «Անի քաղաք թե ամրոց» և այլն։ Սովետական իշխանության տարիներին Թորամանյանը գրեց Զվարթնոց տաճարի մասին մենագրությունը, «Շինանյութերը և նրանց գործածության կերպը հին Հայաստանում», «Նախաքրիստոնեական հայ ճարտարապետություն», «Մասնավոր ուսումնասիրություն հայոց նախաքրիստոնեական կրոնի և համեմատություններ եկեղեցիների հատակագծերի» և այլն, և այլն։
Իր չափագրություններով և ուսումնասիրություններով Թորամանյանը նախ՝ ցույց տվեց, որ պատմական հայ ճարտարապետությունը իրենից ներկայացնում է զարգացման բարձր աստիճանի հասած, ինքնատիպ արվեստ, չժխտելով ժամանակակից ազգերի արվեստներից կրած մասնակի ազդեցությունների առկայությունը։
Երկրորդ՝ Թորամանյանը բացահայտեց հայ ճարտարապետության զարգացման հիմնական էտապները, նաև նշեց պարբերաբար տեղի ունեցած անկումները, ցույց տալով այդ ընթացքում հայ ճարտարապետության տարածումը դեպի այլ երկրներ՝ հայ ժողովրդի պատմական գաղթերի ուղիներով։
Ուսումնասիրելով նաև հեթանոսական շրջանի հայկական հուշարձանները և դրանցում ևս տեսնելով հայ ժողովրդի հոգեկան ու բարոյական նկարագրի արտացոլումը, Թորամանյանը գրեց. «Թե որչափ հին է հայ ճարտարապետության ծագումը, այդ հայտնի չէ, ես պիտի ըսեմ, որ անչափ հին է, որչափ ինքը՝ հայ ազգը»։
Իր ուսումնասիրություններով ու չափագրություններով պատմական հայ ճարտարապետության ուսումնասիրության գործը գիտական հիմքերի վրա դնելուց բացի, Թորամանյանը եղավ նաև հայերեն լեզվով ճարտարապետական գրականության հիմնադիրը։ Նրա աշխատությունները Բացի իրենց գիտական բարձր արժեքից, գրված են հանրամատչելի, հստակ և պատկերավոր լեզվով, որը արտահայտված է նույնիսկ աշխատությունների խորագրերում։ Այսպես օրինակ՝ կողմերից դեպի կենտրոն հակվող կամարների շնորհիվ առանձնակի հետաքրքրություն ներկայացնող XI դարի հուշարձան Հովվի եկեղեցուն նվիրված հոդվածներին Թորամանյանը տվել է «Թագի մարգարիտը», «Կաթիլ մը հայ գեղարվեստի ծովեն» խորագրերը կամ հեթանոսական տաճարից քրիստոնեական եկեղեցու վերածված և գեղարվեստական ու շինարարական բարձր հատկություններով օժտված Տեկորի տաճարի փլուզման առթիվ նա հրատարակում է հոդված՝ «Մի աստղ, անհետացած հայ գեղարվեստի հորիզոնից» խորագրով։
Թորամանյանի գրվածքների այդ հատկանիշը նկատի ունենալով, գեղարվեստական խոսքի մեծ վարպետ Ավետիք Իսահակյանը գրում է. «Եթե ճարտարապետությունը քարացած երաժշտություն է, ապա Թորոս ճարտարապետը այդ քարացածը վեր է ածել երգի։ Նա մեր հոյակապ հուշարձանների նույնքան հոյակապ երգիչն է»։
Թորամանյանի չափագրություններով և ոաումնասիրություններով ի հայտ բերված նորությունները շուտով արձագանք են գտնում ռուսական և եվրոպական գիտական շրջաններում։ Նրա ներկայացրած փաստերն ու եզրակացություններն աստիճանաբար դուրս են մղում գրականությունից հայ ճարտարապետության վերաբերյալ սխալ և իրականին անհամապատասխան կարծիքներն ու տեսակետները։ Այդ մասին Պետերբուրգի կայսերական ակադեմիայի հնագիտական մասնաժողովի 1912 թվականի տեղեկագրում գրվեց. «ճարտարապետության պատմության մեջ Թորամանյանն առաջ բերեց մի ամբողջ հեղաշրջում։ Մինչև նրա աշխատությունների երևան գալը, եվրոպական գիտությունը չէր ընդունում ինքնուրույն հայ ճարտարապետությունը, որը համարվում էր V—XII դարերի բյուզանդականի նմանողություն։ …Միայն շնորհիվ Թորամանյանի ուսումնասիրությունների, որոնք արևելյան գեղարվեստի պատմության մեջ մի առանձին շրջան են կազմում, եվրոպական գիտությանը ճշտում է իր սխալը, և նրանում բացվում է ինքնուրույն էջ հայ ճարտարապետության համար»։
Այդ հեղաշրջման և եվրոպական գիտության մեջ հայ ճարտարապետության գրաված նոր դիրքերի մասին՝ Հովհաննես Թումանյանի հիշատակությամբ, եվրոպացի նշանավոր գիտնականներից մեկը գրել է. «Մենք ճանապարհ ենք բաց անում Թորամանյանի թնդանոթների համար»։
Պրոֆ. Ստրժիգովսկին, վերանայելով իր նախկին տեսակետները հայ ճարտարապետության մասին, Թորամանյանի չափագրությունների հիման վրա, 1918 թվականին լույս է ընծայում «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» ոաումնասիրությունը, որում, ընդունելով հայ ճարտարապետության ինքնատիպ և բարձր զարգացումը, նա ջանում է ապացուցել նրա ազդեցությունը Եվրոպայի ռոմանագոթական արվեստի հուշարձանների վրա։
Հայ ճարտարապետության ինքնատիպությունը ընդունում են նաև շատ այլ գիտնականներ՝ Շարլ Դիլը, Հանրի Ֆոսիյոնը, Յուրդիս Բալարուշայտիսը, Ալպագո Նովելլոն և ուրիշներ։ Վերջիններս իրենց ոաումնասիրություններով, հայ ճարտարապետության ինքնուրույնությունը ճանաչելուց բացի, նոր փաստեր են տվել Եվրոպայի միջնադարյան ճարտարապետության վրա հայկական ազդեցության վերաբերյալ։
Ավելորդ չենք համարում նշել, որ Եվրոպայի հեղինակավոր գիտնականների սխալ եզրակացությունների հետևանքով հայ ճարտարապետության իսկական մեծությունը անհաղորդ էր մնացել նաև հայ ժողովրդին։
Չափագրելով, ուսումնասիրելով և պատմական հայ ճարտարապետության նշանակությունը նոր, իրական փաստերի հիման վրա վեր բարձրացնելով, Թորամանյանը, Հովհաննես Թումանյանի խոսքերով ասած. «Մեր ազգի մեծությունը ավերակների միջից հանելով, ոչ միայն օտարների, այլև մեր աչքում դարձնում է մեծ ու հարգելի»։
Թորոս Թորամանյանի չափագրությունները և ուսումնասիրությունները, թեև արդեն ունեն կեսդարյա վաղեմություն, սակայն մինչև օրս չեն կորցրել իրենց գիտական թարմությունն ու կարևորությունը։
- ↑ Թերթի թիվը և համարը հայտնի չէ:
- ↑ Թորամանյան Թ., Նամակներ (կազմեց և ծանոթագրեց՝ Նազիկ Թորամանյան), Երևան, 1968, էջ 196։
- ↑ Թորամանյան Թ., Նամակներ, էջ 253, 306—307, 430– 439։
- ↑ Նույն տեղում, էջ 433։
- ↑ Սույն տողերը գրված են մատիտով 1919 թ. (կազմողներ):
- ↑ Թորամանյան Թ., Նամակներ, էջ 255։
- ↑ Նույն տեղում, էջ 306—307։
- ↑ Նկատի չունենք «Սովետական գրող» հրատարակչության կողմից լույս ընծայված փոքրիկ գրքույկը (տե՛ս Թ. Թորամանյան, Զվարթնոց (կազմողներ՝ Նազիկ և Գառնիկ Թորամանյաններ), Երևան, 1978։