Էլեգիա (Վահան Տերյան)
ԷԼԵԳԻԱ
Մեռնում է օրը։ Իջավ թափանցիկ
Մութի մանվածը դաշտերի վրա.
Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ,
Անտրտունջ նինջը մահացող օրվա...
Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ
Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում,
Լռին խոկում են երկինք, գետ ու արտ,
Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն...
Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,
Թախիծս խաղաղ անուրջի նման.
Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,
Էլ չեմ տրտնջում վիճակիցս ունայն...
1903