Էլեոնորա
ԷԼԵՈՆՈՐԱ
Sub conservatione formae specificae salva
anima[1].
RAYMOND LULLY

Իմ տոհմը հնուց ճանաչված էր իր կրքոտության ու վառ երևակայության շնորհիվ։ Շատերն ինձ խելագար էին կոչում, բայց դեռ հարց է, թե արդյո՞ք խելագարությունը բանականության գերագույն դրսևորումը չէ։ Թերևս այն, ինչ պանծալի է, և այն ամենը, ինչ վեհ է, ծագում են հենց հիվանդագին ուղեղի այն հատուկ վիճակներից, որոնց շնորհիվ իմացությունը վեր է հառնում ի հաշիվ հասարակ գիտակցության։ Ցերեկով երազողներին բացահայտ են շատ բաներ, որոնք մատչելի չեն նրանց, ով երազում է միայն գիշերը։ Մշուշոտ անուրջներում նրանք նշմարում են հավերժի վաղանցիկ պատկերներն ու սարսռալով արթնանում, հիշելով, որ հաղորդակից են եղել մի մեծ գաղտնիքի։ Կցկտուր դրվագներով նրանք յուրացնում են բարու իմաստությունը, բայց ավելի շատ՝ չարիքի ստորին գիտությունը։ Ինչևէ, անղեկ ու անառագաստ, նրանք խրվում են «անճառելի լույսի» անհուն օվկիանոսը, որպեսզի, ինչպես նուբիացի բնախույզը, նորից agressi sunt mare tenebrarum, quid in eo esset exploraturi[2]։

Համարենք ուրեմն, որ ես խելագար եմ։ Համենայն դեպս, ես ընդունում եմ, որ իմ հոգին գտնվել է երկու որոշակի վիճակներում՝ պայծառ ու անվիճելի դատողականության, որը վերաբերում է կյանքիս առաջին շրջանին, և կասկածանքի ու ստվերի, որը հարում է ներկայիս, և իմ կյանքի երկրորդ մեծ փուլի հուշն է կազմում։ Այնպես որ, այն, ինչ կպատմեմ իմ վաղ օրերից, թող ձեզ մոտ կասկած չհարուցի. ավելի ուշ շրջանի պատմությանը հավատացեք այնքան, որքան հարկ գտնեք, կամ բնավ մի հավատացեք, իսկ եթե անկարող եք չհավատալ, ուրեմն լուծեք այդ հանելուկն ինչպես Էդիպ արքան։

Նա, ում ես սիրել էի ջահել օրերիս և ում մասին հիմա հանգիստ ու պարզ գրում եմ այս հուշերը, իմ հանգուցյալ մոր միակ քրոջ միակ դուստրն էր։ Էլեոնորա էր զարմուհուս անունը։ Արևադարձային արևի ներքո մենք, միշտ միասին, ապրում էինք Երփներանգ Ծաղիկների Հովտում։ Պատահական ճամփորդը երբեք չէր հասնում մեր հովտին, որովհետև այն ընկած էր հեռու֊հեռու լեռների գրկում, և նրա ամենից մտերմիկ անկյուններին չէին հասնում նույնիսկ արևի շողերը։ Ոչ մի կածան չէր անցնում այդ հովտով, և մեր երջանիկ կացարանին հասնելու համար պետք էր շատ ու շատ թավ անտառներ անցնել, տրորելով բյուրավոր ծաղիկների անուշ բույրը։ Այդպես, մենակ ու աշխարհից կտրված, ապրում էինք այդ հովտում ես, զարմուհիս և իր մայրը։

Լեռներից այն կողմն ընկած մռայլ երկրից դեպի մեզ էր հոսում մի խորը և նեղ գետ, որն իր հստակությամբ գերազանցում էր ամեն բան, բացի Էլեոնորայի աչքերից։ Գետն անձայն գալարվում էր հովտի միջով և կորչում ստվերոտ մի կիրճում, որը շատ ավելի մռայլ էր, քան ակունքինը։ Մենք այն «Լռության գետ» էինք կոչում, որովհետև նրա հոսքն ինչ֊որ ննջեցնող ուժ ուներ։ Գետը բոլորովին չէր կարկաչում և այնքան սահուն էր, որ նրա մարգարտե խճաքարերը, որոնցով մենք հաճախ զմայլվում էինք, միշտ անշարժ պառկած էին մնում իրենց տեղում, սքանչելի փայլ արձակելով։

Գետի և իր բյուրավոր ջինջ վտակների ափերն ու այն լանջը, որն ափերից իջնում էր դեպի հունը, ինչպես նաև ամբողջ հովիտը մինչև սարալանջերը ծածկված էին կարճ, խիտ և զարմանալիորեն հարթ կանաչ խոտի գորգով, որը համեմուկի բույր ուներ և նախշված էր մանուշակներով, դեղին հրանունկներով, սպիտակ մարգարտածաղիկներով ու արնագույն ասֆոդելներով, որոնց անմահական գեղեցկությունը երկնային փառք ու սեր էր ավետում մեր սրտերին։

Տեղ֊տեղ այդ սքանչելի գորգի միջից բարձրանում էին սլացիկ ծառերի հեքիաթային պուրակները։ Անուրջների ծնունդ հիշեցնող այդ ծառերն աճում էին ոչ թե մոմի պես ձիգ, այլ նազանքով ճկվելով մղվում էին դեպի լույսը, որը կեսօրին թափանցում էր հովիտը։ Նրանց կեղևն արծաթին տվող սևաթույր փայլ ուներ և իր նրբությամբ կգերազանցեր ամեն բան, բացի Էլեոնորայի այտերից։ Եթե չլիներ զմրուխտե սաղարթը, այդ ծառերը կարելի էր նմանեցնել իրենց տիրակալ Արևին երկրպագող սիրիական հսկա վիշապների։

Տասնհինգ տարի ձեռք֊ձեռքի տված թափառում էինք մենք այդ հովտում, մինչև որ սերն այցելեց մեր սրտերը։ Դա պատահեց մի երեկո, երբ դեռ նոր էր լրանում Էլեոնորայի տասնհինգ, իսկ իմ քսան տարին, և մենք, օձաձև ծառերի տակ գրկախառնված, Լռության Գետի ջրերում դիտում էինք մեր արտացոլումը։ Այդ քաղցր օրվա մնացորդը մենք անցկացրինք լռության մեջ և նույնիսկ առավոտյան մեր խոսքերը քիչ էին և երկչոտ։ Գետի ալիքները մեզ էին ավանդել Էրոս աստծուն, և Նա հրկիզել էր մեր մեջ մեր նախնիների կրակոտ ոգին։ Դարերով մեր տոհմերն առանձնացնող կրքերը, ձուլվելով նրանց նույնքան հատուկ անուրջներին, երանության ու վայելքների մոլուցքով պարուրեցին Երփներանգ Ծաղիկների Հովիտը։ Ամեն ինչ հանկարծ փոխվեց։ Ծառերը, որոնք մինչ այդ երբեք չէին ծաղկել, պոռթկացին տարօրինակ աստղաձև ծաղիկների բույլերով։ Զմրուխտե գորգի երանգն ավելի խորացավ, իսկ այնտեղ, որտեղ մեկ առ մեկ թոշնում էին մարգարտածաղիկները, տասնյակներով բացվեցին սուտակագույն ասֆոդելները։ Ամենուր մեր առջև ժայթքում էր կյանքը, և երկայնասրունք հրահավը, որին մենք երբեք չէինք տեսել, ուրիշ ուրախ և շքեղ թռչունների հետ բացել էր մեզ համար իր ալ թևերը։ Գետը լցվել էր արծաթե ու ոսկե ձկներով, իսկ նրա հունում ծնվել էր մի մրմունջ, որը աստիճանաբար բարձրանալով, վերածվեց չքնաղ մի մեղեդու, ավելի գեղեցիկ, քան Էոլյան քնարի երգը, որը աշխարհումս ամեն ինչից քաղցր է, բացի Էլեոնորայի ձայնից։ Նույնիսկ այն հսկա ամպը, որը մենք վաղուց նշմարել էինք Հեսպերիi մոտ, դուրս լողաց, և, օրեցօր իջնելով, թիկնեց լեռների ուսին, ոսկեզօծելով նրանց մինչ այդ մռայլ զանգվածը և ասես հավելրժ ներփակելով մեզ պերճության ու փառքի կախարդական զնդանում։

Էլեոնորան սերովբեի պես գեղեցիկ էր և պարզ էր ու անմեղ, ինչպես այն կարճ կյանքը, որը նա ապրեց ծաղիկների մեջ։ Նա չէր թաքցնում իր սիրտը կիզող կիրքը, և մենք, Երփներանգ Ծաղիկների Հովտում զբոսնելով, միասին խորացանք սիրո գաղտնիքների մեջ, զրուցելով վերջերս մեր շուրջը կատարված փոփոխությունների մասին։

Վերջապես մի օր, աչքերը թաց, խոսելով այն վերջին վշտալի փոփոխության մասին, որին ենթակա են բոլոր մարդիկ, նա այնուհետև չբաժանվեց այդ տխուր մտքից, նորից ու նորից անդրադառնալով նրան մեր զրույցներում, ինչպես որ Շիրազի երգիչն է իր գազելներում անընդհատ կրկնում նույն ազդեցիկ պատկերները։

Նա զգում էր, որ մահն արդեն կնքել էր իր ճակատը, որ, թիթեռնիկի պես, նա անսահման գեղեցիկ էր ստեղծված լոկ մեռնելու համար, բայց, ինչպես մի օր գետի մոտ նա աղջամուղջին ինձ խոստովանեց, գերեզմանի խավարը միայն մի բանով է սարսափեցնում իրեն։ Նրան վշտացնում էր այն միտքը, որ ես, թաղելով նրան Երփներանգ Ծաղիկների Հովտում, հավերժ կլքեմ մեր չքնաղ երկիրը, օտար ու առօրեական մի կնոջ նվիրելով իմ կրքոտ սերը, որն այժմ անբաժանորեն իրեն էր պատկանում։ Այդ լսելով՝ ես առանց հապաղելու ծնկի նետվեցի և, աստծուն ու Էլեոնորային դիմելով, երդվեցի, որ միշտ հավատարիմ կմնամ իր հիշատակին, երբեք իմ կյանքը չեմ կապի երկրածին կնոջ հետ և չեմ դավաճանի այն սուրբ սերը, որը նա ինձ ընծայել էր։ Ես վկայակոչեցի Տիեզերքի Մեծ Տիրակալին և Էլեոնորային, ում տեղն Էլիզիումի սրբերի մեջ է, ենթարկել ինձ զարհուրելի մի պատժի (որն այստեղ չեմ էլ համարձակվում հիշատակել), եթե ես երբևէ ուրանամ իմ սիրո սուրբ ուխտը։ Այս խոսքերից Էլեոնորայի ջինջ աչքերն ավելի պայծառացան, նա հոգոց հանեց, ասես կրծքից մի ծանր բեռ թոթափելով, հետո դողաց ու լաց եղավ, բայց ընդունեց իմ երդումը (քանի որ սոսկ երեխա էր), և հանգիստ սրտով պատրաստվեց մահվան։ Մի քանի օր անց, հանդարտ ու անվրդով մեռնելիս, Էլեոնորան ասաց, որ հանուն այն ամենի, ինչ ես արեցի իր հոգու հանգստության համար, այդ հոգին մահից հետո հսկելու է ինձ, և, եթե դա հնարավոր լինի, կայցելի ինձ գիշերվա երազներում, իսկ եթե դրախտի հոգիներն անկարող են այդ անել, ապա հաճախ կավետի իր մասին իրիկնային զեփյուռի մեղմ շնչով, կամ կլցնի իմ շնչած օդը երկնային բուրվառների անմահական բույրով։ Այս խոսքերով Էլեոնորան բաժանվեց իր արդար կյանքից, սահման դնելով իմ գոյության առաջին փուլին։

Առայժմ իմ շարադրածը բոլորովին ստույգ է ու ճշմարիտ։ Սակայն, հատելով ժամանակի այն պատնեշը, որը նշանավորում է սիրելիիս մահը և իմ գոյության երկրորդ փուլը, ես զգում եմ, որ ուղեղս մթագնում է, և սկսում եմ կասկածի ենթարկել իմ պատմության շարունակությունը։ Ինչևէ, պիտի շարունակեմ. տարիները քարշ էին գալիս իրար ետևից, բայց ես չէի լքում Երփներանգ Ծաղիկների Հովիտը, որտեղ, արդեն երկրորդ անգամ, ամեն ինչ փոխվել էր։ Աստղաձև ծաղիկներն անհետացել ու այլևս չէին երևում, զմրուխտե գորգը խամրել էր, իսկ ասֆոդելներին փոխարինել էին մուգ, համարյա սև մանուշակները, որոնք ցողից ծանրացած միշտ անհանգիստ թրթռում էին։ Կյանքը լքել էր երբեմնի զվարթ կածանները, և չքնաղ հրահավը, իր հետ եկած ուրախ ու պայծառ թռչունների նման, թևերը ծալել ու թողել էր հովիտը։ Ոսկեզօծ ձկները ներքևի մռայլ կիրճով հեռացել էին հովտից ու այլևս չէին վերադառնում։ Գետի քնքուշ օրորը, որը գերազանցում էր Էոլյան քնարի ձայնը և աշխարհում ամեն ինչից քաղցր էր, բացի Էլեոնորայի ձայնից, աստիճանաբար մարել և իր տեղը զիջել էր երբեմնի անդորրին։ Նույնիսկ ահռելի ամպը տեղից պոկվել ու խավարի էր մատնել լեռները, կորչելով Հեսպերի մոտ և իր հետ տանելով Երփներանգ Ծաղիկների Հովտի բազմագույն պերճանքն ու փայլը։

Բայց Էլեոնորայի խոստումը չէր մոռացվել՝ ես լսում էի երկնային բուրվառների սոսափյունը, զգում էի հովիտը պարուրած խունկի բույրը և, մեկ֊մեկ, երբ ծանր բաբախում էր մենակությունից նեղված սիրտս, զեփյուռն ինձ էր հասցնում հեռավոր, քնքուշ մի հոգոց։ Հաճախ գիշերային օդը լցվում էր անորոշ մրմունջներով, իսկ մի անգամ, ավա՜ղ, մի անգամ միայն, իմ մահանման քունն ընդհատվեց եթերային ու անիրական մի համբույրով։

Բայց իմ թափուր սիրտն այդ ամենով չէր հագենում։ Ես սեր էի տենչում, սեր, որը ժամանակին հորդում էր իմ կրծքից։ Հովիտը սկսել էր ճնշել ինձ Էլեոնորայի հետ կապված հուշերով, և ես ընդմիշտ լքեցի այն հանուն աշխարհի սին կյանքի ու բուռն վայելքների։

* * *

Ես հայտնվեցի անծանոթ մի քաղաքում, որտեղ ամեն ինչ ասես ստեղծված էր Երփներանգ Ծաղիկների Հովտի իմ քաղցր անուրջները ջնջելու համար։ Շքեղ արքունիքի պերճանքը, զենքի զրնգոցը, գեղեցկադեմ կանայք գերեցին ու արբեցրին ինձ։ Բայց ես դեռևս հավատարիմ էի իմ երդմանը, և գիշերվա լուռ ժամերին ինձ դեռ հասնում էին Էլեոնորայի ներկայությունը վկայող նշանները։ Հանկարծ ամեն ինչ վերջացավ՝ աչքերս մթնեցին, և ես մնացի մենակ, ինձ պաշարած նողկալի մտքերի ու սոսկալի գայթակղությունների հետ դեմ առ դեմ։ Հեռո՜ւ֊հեռվից, բոլորովին անծանոթ մի երկրից մեր ուրախ արքունիքը, որին ես ծառայում էի, ժամանել էր մի չքնաղ օրիորդ, որի անզուգական գեղեցկությունն իսկույն գերեց իմ դավաճան սիրտը։ Ինքնամոռաց սիրով տարված, ես, առանց տատանման, ծունկի իջա նրա առջև։ Կարո՞ղ էր արդյոք հովտի աղջնակի նկատմամբ տածած իմ զգացումը համեմատել այն տենդոտ կրքի, այն ցնծագին հափշտակվածության հետ, որով իմ ամբողջ հոգին բռնկվել էր աստվածային Էրմենգարդի հանդեպ։ Աննման էր հրեշտակ Էրմենգարդը, և այդ միտքն էլ տեղ չէր թողնում ուրիշների համար։ Կատարյալ էր երկնային Էրմենգարդը, և, սուզվելով նրա հուշարար աչքերի անդունդը, ես մտածում էի միայն նրանց և միայն նրա մասին։

Ես պսակվեցի, ես չվախեցա իմ անեծքից, և նրա դառնությունն ինձ չդիպավ։ Մեկ, միայն մեկ անգամ, գիշերը, պատուհանի միջից, մի թույլ հառաչ լսվեց, և վաղուց մոռացված, բայց ինձ այնքան ծանոթ քաղցր ձայնը շշնջաց.

— Թող քունդ հանգի՜ստ լինի, քանզի Սիրո Ոգին իշխում է ամենուր և ամենից վեր, և, քո սիրտն Էրմենգարդին նվիրելով, դու ազատվում ես, թե ինչու, կիմանաս երկնքում, այն երդումից, որ տվել էիր Էլեոնորային։

  1. Հատուկ միջոցով պահպանելու դեպքում հոգին հարատևում է (լատ.):
  2. Մտնել խավարի ծովը, նրա պարունակությանը հետազոտելու համար (լատ.)։