Էնդուր աչքըս չէ ցամաքում՝ սըրտիս մէջըն արին մընաց

բնագիր
Էնդուր աչքըս չէ ցամաքում՝ սըրտիս մէջըն արին մընաց

Էնդուր աչքըս չէ ցամաքում՝ սըրտիս մէջըն արին մընաց.
Վունչիչ դարով չըլաւացաւ՝ մըհլամըս հիդ եարին մընաց.
Էշխէմէն հիւանդ պառկեցայ, աչքըս ճանապարհին մընաց.
Յիփ միռայ՝ ի՛ժում տիս էկաւ՝ նազըն բէիղրարին մընաց:

Գարունքվան վախտըն լըցվիլ է. էրա՜նի ձիզ, ծաղկած վա՛րիր,
Թէ բըլբուլին բաղն ղըրգեցիք, մանուշակով լիքըն սա՛րիր,
Բաս ինչի՞ ձէնըն չէ գալիս, սա՛լբու-չինար, էդ ի՞նչ արիր,
Ճուղքըդ բըլբուլին սըպանից՝ կարմիր վարդըն խարին մընաց:

Ալ պուճպուճէն ասաց խաբէ սարումըն ղարիբ բըլբուլին,
Յիփ բըլբուլըն միտըն ածաւ ռեհնով կապած թայիգուլին.
Ով վաղ գընաց, վարդըն քաղից. չասին թէ պէտք է բըլբուլին,
Վա՜յ քու դարին, ղա՛րիբ բըլբուլ, վուր լէշըդ չափարին մընաց:

Խօսքիրըդ քա՜ղցըր-քաղցըր է, լիզուդ շաքար ու նաբաթ է,
Խըմողին վընաս չի անի՝ ձեռիդ բըռնածըն շարբաթ է.
Շաբաթըն օխտն օր ին ասի՝ քու հագածըն նուր բաբաթ է.
Հագիլ իս բեհեզ ծիրանին՝ ծալած ղալամքարին մընաց:

Աշուղի լիզուն բըլբուլ է, օրհնանք ունէ, նալաթ չըկայ.
Շահի մօդ խօսքն անց կու կէնայ, սըպանելու ջալլաթ չըկայ.
Հէքիմ ու դադաստան չըկայ, մէ դըրուստ ադալաթ չըկայ.
Մէ մարդ չըկէր՝ ազատիլ էր, Սայաթ-Նովէն դարին մընաց:


Էս էլ «Դիբա ու ենգիդունիայի» ձէնում. Արութինի ասած. յունիսի սկզբին, քրոնիկոնի 446-ին (1758):

թարգմանություն
Աչքս չի ցամաքում, քանզի սրտիս խորքում արյուն մնաց

Աչքս չի ցամաքում, քանզի սրտիս խորքում արյուն մնաց.
Տառապանքով ոչինչ չանցավ՝ սպեղանիս յարիս մոտ մնաց.
Իր սիրուց հիվանդ պառկեցի, աչքս ճանապարհին մնաց.
Երբ մեռա, նոր այցի եկավ՝ նազը ուխտազանցին մնաց:

Գարնան օրերը բացվել են, երա՜նի ձեզ, ծաղկած հա՛նդեր.
Թե բլբուլին բաղն ղրկեցիք, մանուշակով լիքը սա՛րեր.
Բա ինչո՞ւ ձայնը չի լսվում, նո՛ճի-չինար, էդ ի՞նչ արիր,
Ոստդ բլբուլին ըսպանեց՝ կարմիր վարդը փշին մնաց:

Ալ կակաչը ուզեց խաբել սարերում թշվառ բլբուլին
Երբ բլբուլը միտքը շեղեց ռեհանով փունջ արած վարդին.
Ով շուտ հասավ, վարդը քաղեց, չասեց թե պետք է բլբուլին.
Վա՜յ քո ցավին, թշվա՛ռ բլբուլ, դիակդ չափարին մնաց:

Խոսքերդ քա՜ղցր-քա՜ղցր են, լեզուդ շաքար ու նաբաթ է,
Խմողին վնաս չի անի՝ ձեռքիդ բռնածը շարբաթ է.
Շաբաթը յոթ օր է ասին՝ քո հագածը միշտ նորույթ է,
Հագել ես բեհեզ-ծիրանին՝ ծալած ղալամքարին[1] մնաց:

Աշուղի լեզուն բլբուլ է, օրհնանք ունի, անեծք չկա.[2]
Շահի մոտ խոսքն անց է կենում, նրան սպանող դահիճ չկա.
Դատող ու դատաստան չկա, մի ճիշտ արդարություն չկա.
Մի մարդ չկար, որ ազատեր՝ Սայաթ-Նովեն ցավին մնաց:


  1. ղալամքարի — ընտիր տեսակի տպածո չիթ:
  2. Տողի «մեկնաբանությունը» կտեսնեք Սայաթ-Նովային նվիրված գրեթե բոլոր աշխատություններում, այն առումով, իբր նա միշտ օրհնություն եւ բարին է երգել, այնինչ ուշադիր ընթերցողը բազմաթիվ անեծքի բառեր կգտնի թե՛ հայերեն եւ թե՛ թուրքերեն խաղերում:
    Ինչպես դիպուկ նկատել է Մուշեղ Իշխանը «աշուղի գործով զբաղվողներուն մեծ մասը բանասիրական եւ կենսագրական աշխատանք կը կատարէ յաճախ ծամելով ու ծամծմելով նոյն բաները» (տես՝ Ն.Աղբալյան, «Սայաթ-Նովայի հետ», Պեյրութ, 1966. Մուշեղ Իշխանի առաջաբանը):