Էջմիածնի ցավը
Աղբյուր. ԵԼԺ հ6, էջ 266
ծ. ― էջ 615

անմիաբանության պատմությունը, այս պատասխանի մեջն է հայոց եկեղեցու և նրա հետ կապված շատ գործերի ձախորդության գաղտնիքը, և ահա այս դաժան ձայնը այսօր էլ համատարած հայոց եկեղեցիների սգավոր ղողանջների հետ խառը գալիս է բացատրելու հայոց հայրապետի տանջանքն ու թերևս և մահը։

Պատմությունն ասում է, իրականությունը ցույց է տալիս, որ Էջմիածնի մթնոլորտում ամեն գործերի մեջ ամենաուժեղ դրդապատճառը եղել է և է անձնականը։ Այդ մթնոլորտում միշտ էլ անպակաս են եղել մարդիկ, որ առաջնորդել ու առաջնորդվել են միմիայն անձնականով, սակայն միշտ էլ, «հայ ժողովրդի օգտի ու հայոց առաքելական եկեղեցու փառքի» անունով։ Եվ չափ ու սահման չեն ճանաչել այդ մարդիկ երբե՜ք, երբե՜ք, երբե՜ք։

Նույնիսկ պատահել են դեպքեր, երբ կառավարությունը ստիպված է եղել միջամտելու և հարկադրելու, կարգի հրավիրելու այդպիսիներին, որ պատշաճ հարգանք ճանաչեն, կարգ ու կանոն հարգեն իրենց կաթողիկոսի առաջ և չափ դնեն իրենց կրքին, անկարգություններին ու դավադրություններին։

Եվ այս մարդիկը աշխարհքի համար տանջվող ու խաչվող հեզ, խոնարհ, անփառասեր ու բարի Քրիստոսի հետևողներն են, աստծո տաճարի պաշտոնյաներն ու նրա անունը միշտ իրենց շրթունքներին, ավա՜ղ, միայն շրթունքներին։

Մի շքանշանի, մի պատվի, մի պաշտոնի համար կմոռանան և՛ ժողովուրդ, և՛ եկեղեցի, և՛ Քրիստոս, և՛ աստված՛ և չեն քաշվիլ նույնիսկ մարդ սպանելուց։ Չէ՞ որ միայն զենքով չեն մարդ սպանում։

Անձնականը․ դա Էջմիածնի այն հին հիվանդությունն է, այն սոսկալի ախտը, որ այնտեղ վարակում ու ճարակում է անվերջ։ Դա հորինում է մի խելակորույս կռիվ, որի մեջ սպառվում ու չեզոքանում են ամենքի ուժերը, դա ստեղծում է մի խեղդուկ մթնոլորտ, ուր մեռնում են ամեն եռանդ ու ոգևորություն, թունավորում են ամեն բարի ցանկություններ, խեղդվում են ամեն առաքինություններ։ Եվ դա կմաշի ու կսպանի ամեն մարդու, թեկուզ նա լինի Երկաթե։