Էջ:«Armenia og armenierne.» (Bodil Biørn okt. 1944).pdf/10

Այս էջը սրբագրված է

- 8 -

մեծ իրադարձություն էր, որովհետև երբեք նման բան չէին տեսել նախկինում։ Նրանք ոտաբոբիկ էին նույնիսկ ձմռանը՝ ձյան մեջ։ Շատ ցուրտ էր, քանի որ Լենինականը ծովի մակարդակից մոտ 5000 ոտնաչափ բարձրության վրա էր գտնվում։ Չեմ կարող մոռանալ նաև երեխաների ուրախությունը Սուրբ Ծննդի նախօրեին, երբ նրանք տեսան փայլփլուն տոնածառը և ստացան իրենց փոքրիկ նվերները։ Ես պատմել և գրել եմ մեր երեխաներից մի քանիսի մասին, բայց հիմա ձեզ կպատմեմ միայն մեկի մասին։

Փոքրիկ Հակոբ Արշակյանը ընդամենը 3-4 տարեկան էր, երբ ընդունեցինք մեր որբանոց։ Ծնողները մահացել էին Երևանի մոտ գտնվող մի գյուղում՝ ծայր չքավորության մեջ։ Պապի եղբայրը փոքրիկին մեզ մոտ բերեց շատ վատ վիճակում։ Ոսկորն ու կաշին էր մնացել, այնքան խղճուկ տեսք ուներ, որ չէի կարծում, թե ողջ կմնա։ Բայց Հակոբը զարմանալիորեն ապաքինվեց, գիրացավ, երջանիկ փոքրիկ դարձավ։ Այնքա՜ն ուրախ էի որոշ ժամանակ անց այդ խեղճ երեխային այդքան առողջ ու գոհ տեսնել։ Իհարկե, շատ լավ է խնամել այդպիսի փոքրիկներին․ Հիսուսն էլ ասել է․ «Եւ ով որ մի այսպիսի երեխայ ընդունի իմ անունովը, ինձ է ընդունում»։ Մատթեոս 18, 5։ Ինչպիսի՜ փառահեղ խոստում։

Նաև երկար ուղևորություն ունեցա մի հայ բողոքական քահանայի հետ դեպի 13 հայկական գյուղեր, որ տեսնեի՝ ինչպես են և քարոզեի։ Դառնությունն աննկարագրելիորեն մեծ էր, մի քանի գյուղերում սով էր, միայն խոտ կար ուտելու համար, բայց եթե նույնիսկ հաց ունենային, կկիսեին մեզ հետ, քանի որ հայերը շատ հյուրասեր են։ Մենք սնունդ ունեինք մեզ հետ և մյուսներին էլ էինք հյուրասիրում։ Ավելի ուշ ալյուր և մի քանի տուփ խտացրած կաթ ուղարկեցինք այն մայրերին, որոնք ոչ մի բան չունեին, որ երեխաներին տային, բացի ջրում թրջած մի կտոր չոր հացը։ Սարսափելի էր տեսնել իրենց փոքրիկներով հյուծված մայրերի, ինչպես նաև ամբողջ բնակչությանն այդպիսի թշվառ վիճակում։ Բայց ամենուրեք ուրախությամբ էին լսում Աստծո խոսքը։ Որոշ վայրերում իրոք մեծ հավաքներ էինք ունենում։ Այս գյուղերից միայն 3-4-ում էր, որ վիճակը մի քիչ լավ էր, դրանց թվում էր նաև Իրինդը, որտեղ հանդիպեցի Մուշի իմ շատ ընկերներին։ Լենինականում ապրում էր Մուշից եկած 40 ընտանիք․ այնտեղ ինձ զգում էի, ինչպես տանը։ Օգնականի շատ մեծ կարիք ունեի։ Աշխատանքը շատ էր, իսկ աշխատողները՝ քիչ։

Վերջին տարին տունը վերցրին մեզանից, ստիպված էինք տեղափոխվել ավելի փոքր տուն, որ ամերիկացիներն էին թողել մեզ։ Շատ նեղ և վատ տուն էր, բայց ավելի լավ բան չկար, որ տային մեզ, մենք էլ ուրախ էինք, որ տուն կունենանք։

Երեխաների հետ կիրակնօրյա դպրոց և հավաքներ ունեի։ Շատերը գալիս էին ճանաչելու Հիսուսին, իրենց սիրտը նրան նվիրելու և ուզում էին Հիսուսի քայլերով գնալ։ Այդ վերջին տարվա մեջ հիվանդացա և դժբախտաբար ստիպված էի տուն վերադառնալ։ Երբ հետո ապաքինվեցի, այնքան խոչընդոտ կար մեկնելուս հետ կապված, որ հնարավոր չէր մեկնել։ Չեմ կարող ասել, թե ինչքան էի ցավում, որ չեմ կարող նորից վերադառնալ իմ սիրելի երեխաների մոտ։ Մի հավատացյալ հայ կին որոշ ժամանակ շարունակեց իմ գործը և որոշ երեխաներ հետո գնացին ամերիկյան տներ։