Էջ:«Armenia og armenierne.» (Bodil Biørn okt. 1944).pdf/13

Այս էջը սրբագրված է

- 11 -

որովհետև օգնեցիր ինձ և ես կարողացա վճարել վարձս և սնունդ գնել, բայց ավելի երախտապարտ եմ, որ տեսողությունս վերականգնվեց, բայց ամենից շատ նրա համար եմ երախտապարտ, որ ճանաչեցի Հիսուս Քրիստոսին և փրկվեցի»։ Հաճախ ծանր էր այդ բոլոր փախստականների մեջ քայլելը։ Ինչ վերաբերվում է կարիքին, այնքան քիչ բան կար, որ կարող էի անել այն մարդկանց համար, որոնք ապրում էին ստվերում։ Բայց ես ուրախ էի լույսի և արևի ամեն մի ճառագայթի համար, որ գտնում էր իր ճամփան։

Սիրելի նորվեգացի ընկերներիս օգնության շատ շնորհակալություններ հասել են շնորհքի աթոռին։ Ինչքան շատ մայրեր էին շնորհակալ, երբ ընդունեցինք նրանց հիվանդ, թշվառ փոքրիկներին, և երբ նրանք ապաքինվեցին մեր տանը, երջանկացան և ճանաչեցին Հիսուսին։

Լավ էր փախստականների ճամբարից վերադառնալ տուն՝ մեր սիրելի երեխաների մոտ և լսել նրանց բարի գալուստը՝ «Բարի՜ եկաք, մայրի՛կ»․ նրանք ուրախ վազում էին դեպի ինձ։ Ի վերջո, մեր տունն այդ ամբողջ փորձանքի մեջ մի պայծառ վայր էր։ Եթե չունենայի այդ երեխաներին, դժվար կլիներ հանդուրժել այն ամբողջ դառնությունը, որը շրջապատում էր ինձ։

Բավականին մեծ էր տարբերությունն այն բանից հետո, երբ նրանք խնամք և սնունդ էին ստանում։ Մտածում եմ փոքրիկ Ազատուհու մասին, երբ նրա մայրը բերեց նրան մեզ մոտ։ Երկար ժամանակ բուժվում էր և ստիպված էր անկողնում մնալ։ Աստիճանաբար նա ապաքինվեց և կարողացավ ավելի շատ ուտել։ Երկար ժամանակ մեզ հետ մնաց և լիովին ապաքինվեց։ Նա քաղցր աղջնակ էր, կարծես փոքրիկ տան տնտեսուհի լիներ, ուզում էր օգնել մնացած երեխաներին, սովորեց սիրել Փրկչին։ Խելացի փոքրիկ էր, որը շուտով սովորեց աղոթել․ հուզիչ էր լսել, թե ինչպես է աղոթում մեր բոլորի համար իր փոքրիկ անկողնում երեկոյան։ Շատ երգեր և Աստվածաշնչյան հատվածներ անգիր էր սովորել։ Երեխաների հետ կիրակնօրյա դպրոց ունեի և ամեն շաբաթ օր փոքրիկ հանդիպում ունեինք՝ Աստվածաշունչ կարդալու և աղոթելու համար։ Երբ նա ապաքինվեց և վերադարձավ մոր մոտ՝ ճամբար, մեր փոքրիկ վկան դարձավ այնտեղ։ Հուսով եմ՝ նա կհետևի մեր Տեր Հիսուսին և օրհնյալ կյանք կունենա։ Եկեք աղոթենք դրա համար։

Մի գիշեր, երբ Ուրֆայի ճամբարում էի, որոշ կանայք խնդրեցին ինձ այցելել մի աղքատ տուն, որտեղ մի հիվանդ աղջնակ կար։ Մութ, մռայլ սենյակում փոքրիկ հիվանդը պառկած էր ցնցոտիների մեջ։ Հայրը մահացել էր, մյուս կինն էլ թողել-հեռացել էր։ Բացի Մելեքեն, որը հիվանդ էր, տանը 14 և 12 տարեկան աղջիկներ և մի ծեր մորաքույր կային։ Ամենաավագ աղջիկը թափահարեց ուղեպարկերը, բայց այդքան մարդու կերակրելու բավականաչափ բան չկար։ Մորաքույրը ծեր էր և հիվանդ՝ արտահայտված հոդատապով և չէր կարողանում շարժվել։ Հաճելի էր, որ կարող եմ օգնել նրանց և Մելեքեին (հայերեն հրեշտակ է նշանակում) մեր տուն բերել։ Շուտով նա միացավ մեզ և երջանիկ էր մյուս փոքրիկների հետ։ Քաղցր աղջնակ էր, ում սիրում էինք։ Օրհնյա՜լ լինի Աստված իմ նկատմամբ ցուցաբերած բարեգթության համար։ Եթե նա ինձ չուղղորդեր, պահեր և պահպաներ դառնության այս տարիներին, գամված կլինեի իմ թշվառության մեջ։

Աստծո շատ խոսքեր շողացել են աստղերի նման մութ գիշերում, հատկապես սրանք․ «Երբոր ջրերիցն անցնես, ես քեզ հետ եմ, եւ եթէ գետերովը՝ նորանք քեզ չեն ողողիլ. երբոր գնաս կրակի միջովը, չես այրուիլ, եւ բոցը քեզ պիտի չ՛վառէ»։ Եսայիա 43։2։ Նրա խոստումները ի չիք չեն դառնում, նրանք միշտ կատարվում են։ Առանց նրա գթության՝ չէի կարողանա օգնել սոսկալի դառնության և սարսափելի կոտորածների ժամանակ։ Միայն նրա շնորհիվ է այն, ինչ արել եմ այդ հալածյալ ժողովրդի համար։

Օսլո, հոկտեմբեր 1944

Բոդիլ Բյորն