Էջ:«Armenia og armenierne.» (Bodil Biørn okt. 1944).pdf/4

Այս էջը սրբագրված է

- 2 -

Արարատը։ 3-րդ դարի կառույց է, շատ հին է և հետաքրքիր, տեղակայված է Հայաստանի Հանրապետությունում, որտեղ հնարավորություն եմ ունեցել տեսնել այն։ Տղամարդկանց համար մենաստան էլ ունի։ 301 թվականին քրիստոնեությունը դարձավ Հայաստանի պետական կրոնը, այսինքն՝ այն աշխարհի ամենահին քրիստոնեական երկիրն է։ Հայ Մեսրոպը ստեղծեց նրանց այբուբենը, Աստվածաշնչի մի մասն էլ 406 թվականին թարգմանվեց հին հայերեն, իսկ ամբողջ Աստվածաշունչը թարգմանվեց 433 թվականին։

Նրանց ամենաբարձր հոգևոր առաջնորդը կոչվում է կաթողիկոս։ Նրա նստավայրը Էջմիածինն է։ Նրան են ենթարկվում պատրիարքները, արքեպիսկոպոսները և եպիսկոպոսները։ Վերջիններս չեն կարող ամուսնանալ, միայն քահանաները, որոնք բարձրագույն կրթություն չեն ստանում, կարող են մեկ անգամ ամուսնանալ։

Գրիգորի անունով հայկական եկեղեցին կոչվում է Գրիգորյան։ Շատ նման է հունական կաթոլիկ եկեղեցուն, բայց նրանք պահպանել են իրենց Աստվածաշունչը։ Գրիգորիային ենթադրաբար մկրտել են հայերը։

500-700 թվականներին հայկական եկեղեցին իր ծաղկման գագաթնակետին էր, բայց մոտավորապես 700 թվականին այն անցավ արաբների տիրապետության տակ և մյուս քրիստոնեական եկեղեցիների հետ դուրս մղվեց հոգևոր եղբայրությունից։ Ամեն անգամ, երբ հայերն իրենց երկար տառապանքում կարճատև դադար էին ունենում, քրիստոնեության համար պայծառ ժամանակներ էին գալիս։ 850-1070 թվականներին Մեծ Հայքում անկախ թագավորություն էր, իսկ 12-13-րդ դարերում անկախ թագավորություն էր Փոքր Հայաստանում՝ Կիլիկիայում։ Բայց 13-րդ դարում նրանք ընկան թուրքական լծի տակ և հոգևոր խավար տիրեց։ Այնուամենայնիվ, 16-րդ դարում դրությունը լավացավ, երբ նորից կապ հաստատվեց քրիստոնեական երկրների հետ։ Չնայած այդ ամբողջ խավարին, տգիտությանը, տառապանքներին և ճնշումներին՝ քրիստոնեությունը պահպանվեց մինչև այսօր, և նրանք մեծագույն հերոսությամբ հանդուրժեցին ամենասարսափելի հալածանքները։

Ամերիկացիներն առաջինն էին, որ սկսեցին մարդկանց հավատափոխ անել հայերի շրջանում։ Արդեն 1820 թվականին նրանք եկան Կոստանդնուպոլիս, իսկ ավելի ուշ՝ Փոքր Ասիա։ Մասնավորապես թուրքերին պետք է հավատափոխ անեին, բայց մեծ ֆանատիզմի պատճառով, չհաջողեցին, դրա համար էլ անցան հայերին՝ հուսալով նրանց միջոցով հետո թուրքերին դարձնել քրիստոնյա։ Նրանք աշխատում էին հատկապես դպրոցներում, քոլեջներում և վանական դպրոցներում, ինչը մեծ օրհնություն էր։

1894-96 թվականների կոտորածներից հետո ամերիկացիները և գերմանացիները որբանոցներ բացեցին շատ անտուն երեխաների համար, որոնց ծնողներին սպանել էին թուրքերը։ Հատկապես Աբդուլ Համիդը, որին կոչում էին Կարմիր սուլթան, թույլ տվեց, որ հազարավոր քրիստոնյա հայերի սպանեն։ Հատկապես տուժեց Սասունը, որը լեռնային բնակավայր է Մուշի մոտ․ վայրենի հրոսակախմբերը հարձակվեցին խաղաղ բնակչության վրա։

Քրիստոնյաների նկատմամբ այս բոլոր դաժանությունները, ինչպես նաև երեխաների դառնությունն իրենց մոտ բերեցին Նորվեգիայի սրտագին կանանց։ Արքունական կառավարիչ Անկերը խնդրեց անտուն երեխաների համար և 1902 թվականից «Կանանց առաքելության աշխատողներ»-ը սկսեցին աշխատել հայերի համար։ Հայ երեխաներին խնամում էին և՛ Մեզերեի դանիական «Էմաուս» որբանոցում և այլ որբանոցներում․ մի քանի հատ էլ Մուշում կար։ Եվ էլ ինչ ավելի լավ գործ կարելի է լինել, քան անտուն փոքրիկներին օգնելը։ Որբանոցները կարծես պայծառ աստղեր դարձան այդ խավարի մեջ։ Ոչ մի քրիստոնյա ժողովուրդ հոգեպես, ֆիզիկապես և մշակութապես չի տառապել այնքան, որքան հայ ազգը։ Կարող ենք ասել, որ նրանք ամեն ինչ կորցրին, բայց հավատը պահում էր շատերին։

Ես ինքս էլ լսեցի Աստծո կանչը «Կանանց առաքելության աշխատողներ»-ի մի հավաքի ժամանակ, որտեղ խոսում էին հայ երեխաների վիճակի մասին։ Մտադրությանս մասին տեղեկացրի տիկին Անկերին, որն ուրախացավ Հայաստանում նորվեգացի քույր ունենալու մտքից, բայց նրանք բավականաչափ գումար չունեին ինձ այնտեղ ուղարկելու համար։ Դրա համար էլ առաջին տարիներին ինձ հյուրընկալում էր գերմանական «Հյուլֆսբունդ»-ը։ Միայն ավելի ուշ «Կանանց առաքելության աշխատողներ» կազմակերպությունը կարողացավ ինձ ուղարկել այնտեղ, որ սկսեմ աշխատանքս։