Էջ:Ազգին բարերարի գերեզմանը 04.jpg

Այս էջը հաստատված է


— Ի՞նչ ուտել, ի՞նչ բան,— կը պատասխաներ տկն. Խաչեր, արդեն զզված և անտանելի տոնով,— բոլորը թափեց, վրան գլոխը աղտոտեց։

Օր մըն ալ Մարսուպը ա՛լ անկողնեն վեր չկեցավ, կերպով մը ամիս մը քաշեց և մեռավ։

Այս մահը մեծ տրտմություն չպատճառեց տնեցիներուն, որովհետև Մարսուպի ողջությունը արդեն մահ էր և ավելի վատը։


Գ

Կիրակի օրը թաղումը տեղի պիտի ունենար։ Բազմությունը մեծ էր եկեղեցին։ Պատարագի կիսուն Խաչեր աղան դուրս ելավ եկեղեցիեն և ժամկոչը կանչելով քովը, բարձր և հրամայական տոնով պատվիրեց.

— Գնա՛, մեկ քանի աղքատ մշակներ բեր և այնտեղ, պապուս քով, Մարսուպիս համար գերեզման փորել տուր, և գրպանեն հանելով մեկ արծաթ մեճիտ՝ գլորեց ժամկոչի բուռը։

Ժամկոչը խոնարհեցավ և անմիջապես մեկնեցավ գործի անցնելու։

Մեկ քանի թաղականներ, որ այդտեղ կանգնած կը ծխեին և օրվան քաղաքականության վրա կարծիքներ կը հայտնեին, իրարու երես նայեցան։

Խաչերը եկեղեցի մտավ և գնաց կանգնեցավ դագաղի գլխուն վրա։

— Խաչերը որո՞ւ է հարցուցեր, որ այդպես ինքնագլուխ կարգադրություններ կընե,— հարցուց թաղականներեն մեկը։

— Այդ մասին ես բան մը չեմ գիտեր,— պատասխանեց երկրորդ թաղականը։

— Ի՞նչ, իր չոր գլոխով կը կարծե որ խենթը այստե՞ղ պիտի թաղե, եազմա,— մրմռաց երրորդը։

Թաղականները ժամկոչի տղան կանչեցին և պատվիրեցին, որ մտնա եկեղեցի և կամաց մը Գիրգոր աղային, Պետրոս էֆենտիին և մի քանի ուրիշներու ականջներուն փսփսա, որ էֆենտիները զիրենք դուրսը կը կանչեն կարևոր գործով։ Մեկ քանի րոպե հետո բոլորը, քաղաքի հայ հեղինակությունները,